38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
28.10.2011 | 00:00

Երկրի զարգացմանը խոչընդոտող առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ տարածքների անհամաչափ զարգացումը: Բոլորովին վերջերս տարածքային ինքնակառավարման համակարգի տասնհինգամյա հոբելյանին կարևորվեց ՏԻՄ դերը կառավարման համակարգի ապակենտրոնացման, համայնքների տնտեսական ու սոցիալական հիմքերի ամրացման և այլ առումներով: Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ հենց տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով է ակնկալվում, կյանքի և աշխատանքի համար ավելի ընդունելի պայմաններ ձևավորելով, լուծել խորհրդային տարիներին (իսկ մի քանիսը նաև` վերջին քսան տարիներին) լքված գյուղերի ու ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցերը, ինչպես նաև նոր լիցք հաղորդել հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացմանը:
Այս առումով խիստ կարևոր է նվազեցնել աղքատության գոյություն ունեցող մակարդակը և կրճատել մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունները, իսկ Հայաստանի մի շարք քաղաքներում անցում կատարել զարգացման տեմպերի արագացման ու ներդրումային ակտիվության խրախուսման` պետության հետ մասնավոր հատվածի համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ` դրանք վերածելով բիզնես-կենտրոնների: Բացի այդ, համայնքների ամրացման խնդրին կարող են նպաստել մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճի ապահովումը, համայնքային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրամատակարարում) գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը, ինչպես նաև տնտեսական զարգացման և մարդկային աղքատության ցուցանիշների հիման վրա մարզային զարգացման ծրագրերի վերանայումը, ինչը հնարավորություն կտա արտացոլելու յուրաքանչյուր մարզին բնորոշ հիմնախնդիրներն ու զարգացման առանձնահատկությունները: Այս ամենն իր հերթին կնպաստի տարածքային զարգացման պլանավորման կատարելագործմանը և հնարավորություն կտա տարբեր մարզերի զարգացման ծրագրերը դարձնելու համադրելի:
Դժվար լուծելի խնդիր է մնում հատկապես հեռավոր բնակավայրերի ենթակառուցվածքներում ներդրումների իրականացումը (այդ թվում` համագործակցելով մասնավոր հատվածի հետ)` նպատակ ունենալով էապես բարելավել գործարարության զարգացման համար անհրաժեշտ պայմանները: Հետևաբար, տարածքային համաչափ զարգացումն ապահովելու նպատակով կարևորվում են համակարգի մշակումն ու ներդրումը, այսինքն` պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին ցանկացած ներդրում իրականացնելիս հստակ հնարավոր կլինի տեսնել դրա արդյունավետությունը տվյալ համայնքի, համայնքների խմբերի, մարզի համար:
Մեր` բազմիցս բարձրաձայնած խնդիրներից է մնում երկրի համայնքների անձնագրավորումը` յուրաքանչյուր մարզի տնտեսական ներուժը, խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծումներ տալու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման արդյունավետ մեթոդաբանություն, մրցունակ և գրավիչ տարածքների զարգացման նպատակային ծրագրեր և ներդնել մարզային զարգացման ծրագրերի իրականացման մոնիթորինգի ու գնահատման համակարգ:
Ինչ վերաբերում է ՏԻՄ տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացմանը, ապա ակնկալվում է, որ նոր ֆինանսական տարում հստակորեն կսահմանազատվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ուսումնասիրություններ կիրականացվեն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի համագործակցության գործունակ մեխանիզմների ներդրումն ապահովող օրենսդրական նախագծերի մշակման ուղղությամբ: Կարևոր է նաև ՏԻՄ-երի մի շարք պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով մշակել համապատասխան կարգեր, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու որակը: Միաժամանակ, համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման և տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացումները մեղմելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել ֆինանսական համահարթեցման նոր համակարգ ներդնելու հիմնավորման համար: Հիշեցնենք, որ այս հարցում, պետբյուջեի սուղ միջոցներից զատ, կարող են ներգրավվել նաև եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրամիության երկրների և միջազգային կազմակերպությունների ու բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային ու վարկային բազմաթիվ միջոցներ:
Այս ամենով հանդերձ, տեղական համայնքների սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքները համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործման, բյուջեների ընդլայնման և վարչարարության բարձրացման ուղղությամբ: Պակաս կարևոր չէ նաև համայնքների համար տեղեկատվական միասնական բանկի, ինչպես նաև համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի ստեղծումը, ինչը հատկապես մեծ նշանակություն ունի համայնքներում կադրային գործ վարելու, ատեստավորումների ու մրցույթների թափանցիկությունն ապահովելու հարցում: Բյուջեների կազմման բնագավառում կարիք կա աստիճանաբար անցնելու ծրագրային բյուջետավորման տարրերի արմատավորմանն ու խորացմանը:
Տարածքների համաչափ զարգացման գործում կարևորվում են հատկապես բնապահպանության ոլորտում ակնկալվող աշխատանքները, ներառյալ մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումը և կանխարգելումը, ինչպես նաև բնական պաշարների պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումն ու ընդերքի և հողերի պահպանության ապահովումը: Կարևոր է հիշել, որ այս ոլորտում հարկ է հետևել ոչ միայն տեղական օրենսդրության պահանջներին, այլև միջազգային համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Տարածքների միջև անխափան հաղորդակցության տեսանկյունից կառավարության իրականացնելիք քաղաքականության հիմնական նպատակը փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումն է` գոյություն ունեցող ճանապարհների (երկաթուղային, ավտոմոբիլային) ամբողջական ու արդյունավետ օգտագործմամբ, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և երկաթուղու շինարարությամբ ու կապի համակարգերի կատարելագործմամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ ծրագրով սպասվում է շարունակել այս տարի արդեն մեկնարկած մոտ 100 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերականգնման և դրանց տեխնիկական հսկողության աշխատանքները: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով մեր երկրում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ներդրումը:
Ի վերջո, տարածքային զարգացման համաչափության ապահովումը մեծապես պայմանավորված է ագրարային հատվածում կառավարության վարած քաղաքականության արդյունավետությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության աշխատունակ զանգվածի կեսից ավելին զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ոլորտը սպասարկող կառույցների, գյուղմթերքների իրացման ու վերամշակման ոլորտների գործունեության մրցունակության բարձրացման, ագրոպարենային ոլորտի կայունացման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման քաղաքականությունը պետք է ուղղված լինի գյուղական տարածքների անհամամասնությունների հաղթահարմանը և ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, սերմնաբուծության և տոհմային գործի համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը, բույսերի առավել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարին, հողերի մելիորատիվ վիճակի բարելավմանը, վարկավորման մատչելիությանը: Միաժամանակ, կարևորվում է երկրի անտառային տնտեսության պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը: Ավելին, ագրարային հատվածի բարեփոխումները պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը.
. պետության և տնտեսավարող սուբյեկտների միջև իրավահարաբերությունների ներդաշնակեցում և այդ նպատակով համապատասխան իրավական դաշտի ձևավորում,
. տեղական արտադրողների շահերի պաշտպանության քաղաքականության իրականացման միջոցով տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր տնտեսական պայմանների ստեղծում և մրցունակության բարձրացում,
. գյուղատնտեսության սպասարկման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացում,
. գիտակրթական, տեղեկատվական ու խորհրդատվական համակարգի կարողությունների ուժեղացում, համակարգի բարելավման մեխանիզմների ներդրում,
. ագրարային արտադրական գործընթացներում արդիական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն:

Եթե այս ամենի հետ մեկտեղ հնարավորություն ընձեռվի միկրոֆինանսավորման և գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման ու նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրության այլ միջոցների արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մթերքների իրացման, մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ավելացման բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման և տնտեսավարողների գործունեության արդյունավետության բարձրացման համար, ապա իրատեսական կարելի է համարել գյուղից դեպի քաղաք շարունակական դարձած ուրբանիզացիայի գործընթացի, ինչպես նաև դրան հաջորդող արտագաղթի կասեցումը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ