38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
01.11.2011 | 00:00

Ակնհայտ է, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է հստակեցնել, թե, ի վերջո, որոնք են երկրի մրցակցային առավելությունները, որոնց արդյունավետ իրացման համար կպահանջվի կենտրոնացնել առկա մարդկային, ֆինանսական և արտադրական ներուժը:
Բացի տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներից, որոնք վերջին տարիներին հռչակվել են գերակա ոլորտներ, մեր համոզմամբ, կարիք կա առանձնահատուկ ուշադրություն բևեռելու էներգետիկայի և բնական պաշարների կառավարմանը և էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը` էներգամատակարարման հուսալիության ապահովմամբ, էներգախնայողության միջոցառումների ներդրմամբ և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններից մեկը միջուկային նոր էներգաբլոկի կառուցման և գործող ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքներն են, միաժամանակ, չպետք է շրջանցվեն սեփական վերականգնվող էներգապաշարների իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը: Ակնկալվում է, որ ՀՀ 2012 թ. պետական բյուջեի հատկացումների, միջազգային կառույցների և արտերկրի վարկերի հաշվին կշարունակվեն Որոտանի հէկերի համակարգի վերազինման, «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման աշխատանքները: Կմեկնարկեն նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ լարմամբ օդային գծի կառուցման նախապատրաստական ծրագրերի, ինչպես նաև Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարմամբ օդային գծի վերակառուցման աշխատանքները: Հայ-ռուսական համատեղ ծրագրով կիրականացվեն միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար հարկ է հաշվի առնել, որ 2012 թ. նախատեսվում են Արաքս գետի վրա Մեղրու հէկի կառուցման, Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնման նպատակով երրորդ օդային գծի կառուցման աշխատանքների իրականացում, ինչպես նաև ԵՄ ստանդարտներին համահունչ էներգետիկայի բնագավառի ազգային ստանդարտների մշակում, հանրային շենքերում էներգախնայողության խթանումը և փոքր հէկերի ծրագրի իրականացում:
Միայն միջուկային անվտանգության բնագավառում 2012 թ. առաջնահերթ ուղղություններից են միջուկային օրենսդրության, միջուկային ու ռադիացիոն անվտանգության կարգավորման համակարգի զարգացումն ու կատարելագործումը, ուրանի հանքի հնարավոր արդյունահանումը, միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի կայացումը, միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվական համակարգի կատարելագործումը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմի ուժեղացումը, միջուկային նյութի հաշվառման և վերահսկման պետական համակարգի կատարելագործումը, վթարային արդիական կենտրոնի զարգացումը և միջազգային համագործակցության զարգացումը:
Թռչկանի ջրվեժի շուրջ ծայր առած խնդիրները վերստին ապացուցում են, որ էներգետիկայի զարգացումն անհնար է առանց բնապահպանական անվտանգության ապահովման: Ընդ որում, խնդիրները կարգավորվում են ոչ միայն տեղական օրենսդրությամբ, այլև ոլորտին առնչվող միջազգային մի շարք փաստաթղթերով: Իսկ ընդերքի բնական պաշարների բնագավառում 2012 թ. առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն հիմնախնդիրներից են հետախուզված ընդերքի պաշարների տնտեսական գնահատման և հաստատման ապահովումը, oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, դրանց արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման իրականացումն ու ՀՀ oրենքներով uահմանված կարգով երկրաբանական տվյալների թափանցիկության ապահովումը: Չմոռանանք, որ հենց տեղական հումքի վրա պետք է աշխատեն նոր քիմիական հզորությունները, ինչպես նաև խթանվի «Քիմպրոմ» և «Նաիրիտ» ընկերությունների բազայի վրա փոքր և միջին քիմիայի զարգացումը:
Հետևաբար, հատուկ ուշադրություն է պահանջելու նաև բնապահպանության ոլորտը, որի գերակա նպատակներից կարելի է առանձնացնել մթնոլորտի, ջրի, հողի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումն ու կանխարգելումը, բնական պաշարների վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը, ընդերքի և հողերի պահպանության ապահովումը: Միաժամանակ, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարման հետ մեկտեղ, ուշադրության կենտրոնում պետք է պահել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու ջրային պաշարների ազգային ծրագրի իրականացումը: Իր հերթին, համարվելով ազգային հարստության կարևորագույն մաս և կենսապահովման միջոց, ջուրն ինքնին դասվում է Հայաստանի մրցակցային առավելությունների շարքին: ՈՒստի խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքների բարելավման գերակա ուղղություններ պետք է լինեն համակարգերում ջրամատակարարման շարունակականության և ջրի որակի բարելավման ապահովումը, մասնավոր կառավարման ձևերի ամրապնդումը, կատարելագործումը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը, ջրային համակարգերի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, համակարգերի օգտագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը, մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրի կորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի կատարելագործման համալիր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև ընկերությունների ինքնածախսածածկման ապահովման շարունակականությունը:
Այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է շարունակական բնույթ հաղորդել ջրային ոլորտում ներդրումների իրականացմանը` միտված ջրի որակի բարելավմանը, համակարգերի ենթակառուցվածքների պահպանմանն ու վերականգնմանը, ծառայությունների մատուցման էներգատար կառուցվածքների փոփոխմանը, համակարգերում հաշվառելիության համակարգի բարելավմանն ու արդիականացմանը: Մասնավորապես, Համաշխարհային բանկի, Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Ասիական զարգացման բանկի և այլ դոնորների հետ համատեղ ակնկալվում է իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրումային ծրագրեր` հիմնական նպատակ ունենալով ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ապահովելու ջրամատակարարման շարունակականությունը: Պակաս կարևոր չէ նաև ոռոգման հատվածում իրականացնել ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումներ, համակարգի ջրամատակարարող ընկերությունների կողմից չսպասարկվող և ծրագրերում չընդգրկված գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: Եվ սա դեռ ամենը չէ: Առաջնահերթությունների շարքում կարևոր է նպաստել «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս ջրառ» և «Դեբեդ-Աղստև ջրառ» ՓԲԸ-ների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ապահովել Արփա-Սևան թունելի անխափան շահագործման համար Աբու Դաբիի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը, խրախուսել ջրի խնայողությունը, ինչպես նաև աջակցել ջրօգտագործողների ընկերությունների կայացմանը:
Մեր կողմից կառավարությանն առաջարկվել է ոռոգման ջուրն անվճար տրամադրել լեռնային և սահմանամերձ բնակավայրերում բնակվող (առավելապես անապահով) գյուղացիական տնտեսություններին` այն գնահատելով որպես սուբսիդավորման տարատեսակ: Դրա փոխարեն 2012 թ. ընթացքում շարունակվելու է խմելու և ոռոգման համակարգերը շահագործող առևտրային ընկերությունների սուբսիդավորման քաղաքականությունը: Այն պայմանավորված է նաև վերջնական սպառողների համար սուբսիդավորման հասցեագրված քաղաքականության չհստակեցման հանգամանքով:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի իրականացում` հիմնականում նպատակ հետապնդելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, բարձրացնել համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը (այդ թվում` մասնավոր կառավարման միջոցով), ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը: Միաժամանակ շարունակվելու են կարևորագույն հիդրոտեխնիկական կառուցվածքների ամրապնդման ու նորոգման աշխատանքները, ինչը կապահովվի դրանց անվտանգ ու անխափան շահագործումը:
Սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները կարելի է շարունակել նաև այլ բնագավառներում, սակայն առավել էական է գիտակցել, որ ցանկացած ծրագրի իրագործում չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում առկա ռեսուրսներով: Դրանց իրականացման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է արտերկրի հայության մասնագիտական և նյութական ներուժի նպատակային օգտագործմամբ: ՈՒստի առաջնահերթ խնդիր պետք է ձևակերպել Սփյուռքի հետ գործակցության զարգացման հայեցակարգի դրույթների իրականացումն ու այդ բնագավառում քաղաքականության համակարգումը: Գործակցության զարգացման ռազմավարական խնդիրների լուծմանը պետք է նպատակաուղղվեն հայապահպանության խնդիրների լուծմանն աջակցելը` դպրոցի, ընտանիքի, մշակույթի և եկեղեցու միջոցով` հայտնաբերելով և համախմբելով սփյուռքի ներուժը, և այն ներգրավել Հայաստանի տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների լուծմանը։ Հարկ է մշակել նաև հայրենադարձությունը խթանող օրենք ու ծրագրեր, աջակցել հայազորացմանն ու հայադարձությանը: Այս ամենը, իր հերթին, պահանջում է աշխատանքներ սփյուռքի մարդկային, մտավոր, ֆինանսական և կազմակերպական հնարավորությունները հաշվառելու, յուրաքանչյուր համայնքի տվյալների շտեմարան ստեղծելու, համայնքներում զարգացման միտումները հետազոտելու ուղղությամբ աշխատանքների իրականացում: Դրան մեծապես կօժանդակի սփյուռքագիտության ոլորտում մասնագետների պատրաստումը, վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ