Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ռուսական շանսոն, հայկական թատրոն

Ռուսական շանսոն, հայկական թատրոն
17.11.2023 | 18:22

Շարունակվում է հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԱՊՀ քաղաքական դրաման:

Ավելին՝ քաղաքական հակասությունները նոր ելևէջներ ու երանգներ են ստանում, դրանցից բխող միջպետական հարաբերություններում ճգնաժամն է՛լ ավելի է խորանում:

Հայաստանը տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով (որոշ դեպքերում տեղին, որոշ դեպքերում էլ անհեթեթ, էմոցիոնալ, անգամ մանկամիտ նեղացկոտությամբ) առաջնորդվելով՝ մերժում է ցանկացած գործնական կոնտակտ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ վերոնշյալ վերպետական կառույցների հետ:

Այս համատեքստում, որպես միջնորդ ու «բարի կամքի դեսպան» Բելոռուսի Բատյան է հանդես գալիս՝ հայկական կողմին «բարեկամաբար» խորհուրդ տալով «չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, լրջորեն դիտարկել հաջորդ քայլերը, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»։

Ի դեպ, եթե մինչ օրս Լուկաշենկոն բացահայտ մեղադրում էր Հայաստանին «ոչ բարեկամական» վարքագծի համար, ապա այս անգամ շատ հանգիստ արձագանքեց Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի հրաժարվելուն:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին չի մասնակցելու Մոսկվայում տեղի ունենալիք՝ ԱՊՀ Անվտանգության Խորհրդի Քարտուղարների հերթական նիստին, բայց և վստահեցնում է, որ «ՀՀ-ն վեկտոր չի փոխում, պարզապես իր հարաբերությունները զարգացնում է տարբեր երկրների հետ։

Եվ առհասարակ՝ 2018-ից սկսած արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն չենք կատարել և դրանից միայն վնաս ենք կրել»։

Վերջինս նաև ինքնավստահ հայտարարում է, որ «մինչ տարեվերջ Հայաստանը պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիր», իհարկե շեշտադրելով, որ դրա համար հարթակ կարող է դառնալ ցանկացած եվրոպական մայրաքաղաք, նույնիսկ Վաշինգտոնը,

բայց ոչ մի անգամ չի հիշատակում Մոսկվան:

Փաստացի՝ Հայաստանը (իրականում չուզելով) շարունակում է մնալ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, բայց և արհամարհում է այդ կառույցների հետ փոխգործակցությունը, այդ համատեքստում էլ այդ կառույցների հանդեպ իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանն օրվա տարբեր ժամերին իրարամերժ հայտարարություններով է հանդես գալիս՝ մե՛կ հակառուսական, երկակի ստանդարտներով, մե՛կ ասում, որ Հայաստանն իր արտաքին վեկտորը չի փոխում:

Իսկ դա առիթ է տալիս ռուսական կողմին, մասնավորապես՝ ԱԳՆ խոսնակ Զախարովային, հեգնանքով ասելու, որ «միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել» և որ «Արևմուտքը գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել նրան Ռուսաստանից»:

Այս հայտարարության առաջին մասով կարելի է համաձայնել վերջինիս հետ, որովհետև դա իրոք այդպես և իրոք դա արկածախնդրություն է:

Իսկ երկրորդ մասով՝ այո՛, ակտիվացել են ռուսական «մտահոգությունները» «եղբայրական դաշնակից» Հայաստանին իրենցից «պոկելու, այլ ճամբարներ ու այլ ուղղություններով տանելու» հարցում:

Այդ իսկ «մտահոգությունների»պատճառով էլ ոխերիմ դաշնակից ու բարեկամ Ռուսաստանը տարբեր տրամաչափի չինովնիկների միջոցով՝ մերթ ընդ մերթ հնչեցնում է իր նեգատիվ դիրքորոշումն ու առայժմ փափուկ ուժի շղարշով, քաղաքական ինտրիգներով հրամցնում ուլտիմատումներ:

Դե իսկ, ըմբոստացած Հայաստանը համառորեն դիմադրում է, միաժամանակ ակնհայտ արհամարհական կեցվածք է դրսևորում, անգամ՝ դեմարշի գնում:

Իսկ թե որքան է ձգվելու դեռևս վերահսկելի անտագոնիզմը՝ դժվար չէ կռահել:

Ռուսական խոսույթից ակնհայտ է, որ ըստ իրենց նախանշած սցենարների՝ փորձելու են իրենց հուզող մի շարք հարցերին իսպառ լուծում տալ մինչ տարեվերջ:

Ակնհայտ է նաև այն, որ այս պահին ՌԴ-ն Ադրբեջանի հետ ունի կոնսենսուս:

Մինչ Բաքվից կհայտարարեն, թե կորցրել են հետաքրքրությունը «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, բայց և Էրդողանը կպահանջի այն, նրան է միանում Ռուսաստանը, որի ԱԳ ներկայացուցիչը հղում կատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետին, կհայտարարի, որ բացառապես ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը պետք է ապահովեն երթևեկության անվտանգությունը։

Սակայն ՌԴ-ն որևէ կերպ հղում չի տալիս, թե ՀՀ սուվերեն տարածք մուտք գործելիս արդյոք պե՞տք է լինեն հայկական մաքսակետեր ու հսկիչ-անձնագրային անցագրակետեր, և արդյոք գործելու՞ են հայկական հարկային և մաքսային օրենսդրությունը:

Մի բան, որն ակնհայտ այդպես պետք է լինի և որ այդ հարցում երկրորդ տարբերակ լինել չի կարող:

Ի դեպ, ՌԴ-ին պետք է հիշեցնել, որ մինչ այդ հայտարարությանը հղում տալը, նրա դրույթներին հավատարիմ լինելու մասին խոսելն ու կոնկրետ Հայաստանին մատնացույց անելը, լավ կլիներ իրենց իսկ կողմից մոռացության չմատնվեր հայտարարության մյուս, ոչ պակաս կարևոր կետերի իրագործումը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց տապալումը, որոնցով այդ հայտարարությունն արդեն իսկ լակմուսի թուղթ է դարձել:

Արցախն օկուպացված է, հայաթափված, խաղապահի գործառույթները չիրականացված, կրկին պատերազմը թույլատրված, «Լաչինի միջանցքն» էլ այլևս գոյություն չունի:

Ըստ այդ հայտարարության՝ վերոնշյալը բացառվելու էր:

Այնպես որ, այս մասով տպավորություն կա, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից և թուրք-ադրբեջանական քաղաքականության շահառու։

Իհարկե, չպետք է զարմանալ:

Սա քաղաքականություն է և վերջ:

Հաղթողներին չեն դատում, իսկ խեղճուկրակներին զոհաբերում են, առաջնորդվում են պետական ու ազգային շահերով, այլ ոչ թե՝ բարեկամ, եղբայր, հարևան, ծանոթ սկզբունքով։

Այդ իսկ պատճառով էլ Իրանի նախագահ Ռաիսին հայտարարում է.

«Մենք շատ ուրախանում ենք, որ երկար տարիներ անց Ղարաբաղը միացավ իր պապենական տարածքին, Ադրբեջանի և Իրանի հարաբերություններն էլ օրեցօր լավանում են»:

Ինչևէ, սպասելի էր:

Նման կոնֆիգուրացիաների պարագայում գերխնդիր է՝ Հայաստանը հիմա էլ չվերածել այլ աշխարհաքաղաքական կենտրոնի պալիգոնի, պլացդարմի կամ ֆորպոստի:

Մանավանդ հիմա, երբ սաբոտաժ անելու իրավունք չունենք, ընդհակառակը՝ սաբոտաժներից, ծուղակներից խուսափելու խնդիր ունենք:

Առավել ևս, երբ արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի պրոցեսում ենք:

Ակնհայտ է՝ հակառուսականության հողի վրա արևմտամետության քարոզն ու Հայաստանի եվրաինտեգրումը մեզ համար ավելի շատ ռիսկեր են ծնում, քան թե անվտանգային երաշխիքներ ստեղծում:

Իհարկե, հարց է նաև, թե առհասարակ Հայաստանն այլ տարբերակ ունի՞, մանավանդ երբ մնացել է միայնակ, չունի դաշնակիցներ ու գործընկերներ, երբ հայ-ռուսական դաշինքը ձախողված է, Ռուսաստանն ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ դաշնակցային հարաբերություններից բխող իր պարտականությունները, երբ

նույնիսկ նախապես վճարված զենքը այդպես էլ չի մատակարարում Հայաստանին:

Այս ամենի հետ մեկտեղ փաստ է՝ Մոսկվան ծայրահեղ խանդով է մոտենում, երբ Հայաստանը փորձում է ինքնուրույնություն դրսևորել, այլընտրանք փնտրել, այլ երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցություն հաստատել:

Բայց և փաստ է, որ հավաքական Արևմուտքի գերնպատակն էլ ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է:

ՈՒ դրա համար ստեղծվել են լավ նախադրյալներ ու բարենպաստ պայմաններ:

Դրա իրագործման համար չի բացառվում, որ հավաքական Արևմուտքը ականջահաճո խոստումներով «օգտագործի» Հայաստանի գործող իշխանությանը, մանավանդ, երբ այսօր Հայաստանն իրական ու անիրական խոստումների ճամփաբաժանում է և ինչպես միշտ հեգեմոնների շահերի բախման կիզակետում:

Ամեն դեպքում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը վտանգավոր է և հղի է լուրջ ու անդառնալի հետևանքներով։

Պատերազմի վերջնարդյունքը, Արցախի հայաթափումն ու կորուստը, Հայաստանի տարածքների օկուպացիան, «միջանցքի» պարտադրանքն ու երկրի առաջ ծառացած արտաքին վտանգները մեզ օրինակ:

Իսկ նոր ռիսկերն ու անցանկալի իրավիճակները բացառելու համար նախ պետք է հասկանանք, որ միջպետական հարաբերություններն ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի քմահաճույքների, ամբիցիաների կամ ցանկությունների հարթությունում չեն:

Մենք պետք է ընդունենք, որ առկա է խորը ճգնաժամ, որ կողմերն ունեն դժվար հարցեր, սուր անկյուններով խնդիրներ, որոնք պետք է հարթել, այլ ոչ թե ավելի սրել:

Մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է ձևավորել երկխոսության օրակարգ, որտեղ կգտնվեն լուծումներ:

Որ Պուտինին հանդիպելուց խուսափելը, ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը, պլանային ծրագրերն արհամարհելը հարցերի լուծում չեն:

Որ այդ կերպ Հայաստանի անվտանգային հարցերը չեն լուծվում, արտաքին սպառնալիքները չեն վերանում, եթե ոչ հակառակը։

Որ մեզ պետք չէ ունենալ Ռուսաստանի պես թշնամի:

Որ նման պահվածքից ոչ մեր հեղինակությունն է բարձրանալու, ոչ էլ անգլիական նավերն են հայկական լեռները բարձրանալու:

Սա աշխարհաքաղաքականություն է պարոնա՛յք, գործող իշխանություններ, ուշքի՛ եկեք, սթափվե՛ք:

Ձեր չորս կողմը նայեք:

Վրաստանին, ՈՒկրաինային տեսեք ու եթե ոչ ձեզ, ապա գոնե մեզ խղճացեք:

Դուք վաղը, մյուս օր «սավառնելու» հնար ունեք, ժողովուրդն է մեղք:

Հասկանում եմ, որ պաթոս-պոպուլիզմով պատահաբար կառավարական շենքերում ծվարած քաղաքական մտքի էվերեստներդ, գեոպոլիտիկայի գիգանտներդ ու կոնսպիրոլոգ գուրուներդ, բայց իրականում՝ դիլետանտ-դեմագոգներդ, ձեզ ամենագետ եք համարում:

Որ դուք ամեն ինչ գիտեք, բոլորիցս լավ գիտեք, խորհուրդների կարիք էլ չունեք:

Ուղղակի չգիտեք, որ դուք շարքային անկենսագիր անցավորներ եք, որոնք երկրին, պատմությանը բան չեն թողնելու, բացի ինչ-որ պիտակից:

Երկիրն է տուժում, ժողովուրդն է մեղք:

Կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն ուսումնասիրեք, կառուցողական եղեք, դիվանագիտություն բանեցրեք:

ՈՒրիշ լծակներ` մենք, դուք չունենք:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4659

Մեկնաբանություններ