Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տեր փնտրելու դարավոր մոլուցքը

Տեր փնտրելու դարավոր մոլուցքը
08.03.2023 | 10:28

Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումը հայ ժողովրդի կյանքում նոր ֆենոմեն չի: Ավելին, դա ունի պատմական ու հոգեբանական խորքային արմատներ, ինչը տարբեր պատմական փուլերում տարբեր կերպ է արտահայտվել, սակայն բովանդակության առումով այն անփոփոխ է:

Հայ ժողովրդի պատմությունը կարելի է դիտարկել որպես արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող խմբերի միջև անզիջում պայքար, ինչը պարբերաբար հանգեցրել է ներազգային թշնամության: Որն է դրա բովանդակային կամ անգամ աշխարհայացքային բացատրությունը: Այս երևույթը փորձենք հասկանալ կոնկրետ մի օրինակի միջոցով: Ավարայրի ճակատամարտը մեր պատմության մեջ ներկայացվում է որպես կրոնական պայքարի արգասիք, այսինքն, պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ անել, սակայն հայ ժողովուրդը, ազնվականների ու շինականների միասնության շնորհիվ, հանուն հավատքի դուրս էին եկել պայքարի: Անգամ պատմությանը թռուցիկ հայացք ձգելը բավական է հասկանալու համար, որ իրականում հայ ժողովուրդն այդ ժամանակ բաժանված էր երկու քաղաքական հատվածի, և Ավարայրի ճակատամարտն իրականում քաղաքացիական պատերազմ էր: Դա հռոմեական ու պարսկական կողմնորոշումներ ունեցողների միջև քաղաքացիական պատերազմ էր, որտեղ կրոնն այն քաղաքական բանաձևն էր, որի միջոցով այդ ջրբաժանը գծվում էր:

Հետագայում նույն պատկերը պարբերաբար կրկնվում է: Այդ ժամանակ Պարսկաստանի ճնշման հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի՝ քաղքեդոնականնների՝ Հռոմի տիրապետության տակ գտնվողները, և հակաքաղքեդոնականների՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվողները: Հետաքրքրական է, որ երբ արաբական արշավանքների հետևանքով Պարսկաստանը փլուզվեց, քաղքեդոնականններն ու հայ հակաքաղքեդոնականները 633 թվականին, Եզր Ա կաթողիկոսի և Բյուզանդիայի հայազգի կայսր Հերակլի հետ, մեկ միասնական հավատի բանաձևի շուրջ եկան համաձայնության՝ Դա ՄԻԱԿԱՄՈՒԹՅԱՆ բանաձևն էր: Խոսքը Հիսուսի երկու բնույթների՝ մարդկային ու աստվածային, հարաբերություններին է վերաբերում, ինչն իրականում քաղաքական նշանակություն ուներ: Չկար Պարսկաստան, չկար նաև արտաքին կողմնորոշումների խնդիր, սակայն, երբ մեր տարածաշրջանում հաստատված արաբները սկսեցին համակարգված քաղաքականություն վարել, իրենց տիրապետության տակ եղած հայերին ստիպեցին տարանջատվել Բյուզանդիայից:

726-ին, Հանհաննես Օձնեցի կաթողիկոսը, Մանազկերտի ժողովում նորից տարանջատվում է քաղքեդոնականներից՝ հռոմեացիներից: Այսինքն, նորից արտաքին կողմնորոշումների խնդիրը դառնում է արդիական, բնականաբար, արտաքին քաղաքական ճնշումների ազդեցությամբ: Առաջ արտաքին կողմնորոշումներն արտահայտվում էին կրոնական միավորումներով ու տարանջատումներով, կրոնական այս, կամ այն դոկտրինի ընդունման միջոցով, հիմա նույն բանը կատարվում է «ժողովրդավարության» ու «ավտորիտարիզմի» մասին դոկտրիններով: Իմաստը միայն քարոզչական է, քաղաքական նպատակներով: Ոչինչ չի փոխվել. ազգային շահ ձևակերպել չկարողանալով, ինչպես առաջ, մենք կրկին տարանջատվում ենք ըստ արտաքին կողմնորոշումների՝ արտաքին պատվերներով, արդյունքներն էլ նմանապես ողբերգական են լինելու:

Հերթական անգամ «դեմոկրատ-քաղքեդոնականների» ու «ավտոկրատ-հակաքաղքեդոնականների» խաղը նորից կրկնելու համար մենք ոչ մի ռեսուրս արդեն չունենք: Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով, մեր գիտակցության միջից հանելով արտաքին կողմնորոշումները, այսինքն, դրսում տեր փնտրելու մոլուցքը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8317

Մեկնաբանություններ