Մինչ մոտ քսան տոկոս բաց սահմաններ ունեցող Հայաստանի պատկան մարմինները ուղիներ են փնտրում այլընտրանքային ճանապարհներ ունենալու հարցում, հայտարարություններ ու հույսեր փայփայում, նրանց «մուրազը փորում են թողնում» դրսի գործընկերները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ Մինչդեռ նրան բավականին կոշտ հակադարձել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Ըստ Грузия Online-ի, պաշտոնյան նշել է, որ Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման:
Սա նշանակում է, որ, նախ, Հայաստանի պաշտոնյան հայտարարություններ է անում առանց լուրջ հիմքի, չկա որևէ պայմանավորվածություն և ընդամենը ցանկություն է հայտնում: Իսկ նման ցանկություն կարող են բոլոր քաղաքացիները հայտնել, առանց որևէ պատասխանատվության, ուրեմն ո՞րն է շարքային քաղաքացու և պաշտոնյայի տարբերությունը: Մի՞թե որևէ հայտարարություն անելուց առաջ չպետք է գիտակցել իրենց խոսքերի պատասխանատվության և ազդեցության չափը: Ի՞նչ է նշանակում, թե «հավատում ենք, որ ճանապարհները կբացվեն», ասել է` հանդիպման ժամանակ նրան ասել են` չենք բացելու, բայց դու կարող ես հավատալ այդ երազանքին: Վերջինս էլ նույն այդ երազանքով ու հույսով սնում է մի ողջ ազգի:
Իսկ աշխատանքային և կազմակերպչական թերացում չկա՞ այս նախարարի աշխատանքում, երբ մի բան հայտարարվում է, իսկ հետո նրան պաշտոնապես հերքում են դրսի գործընկերները: Սա նաև անլուրջ մոտեցում է սեփական աշխատանքի և հանրային պատասխանատվության հանդեպ:
Պետք է զգուշացնել այս պաշտոնյային, որ հանրությանը ոչ թե իր հավատալու կամ չհավատալու ծրագրերը ներկայացնի, այլ պայմանավորվածությունների դրական կամ բացասական ելքը: Թե չէ, բացի վերոնշյալից, Վահան Մարտիրոսյանը կհայտնվի ծիծաղելի ու անհեթեթ վիճակում, իսկ դա միայն անձի խնդիր չէ, այլ երկրի, որովհետև դրսում նա Հայաստանն է ներկայացնում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ