Այսօր Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում 500 ընկերություն կա: Այս մասին այսօր հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ 500 ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաներ են առաջարկում աշխարհին, որոնք կարելի է ներդնել և մեր երկրի պաշտպանության ոլորտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Վարդանյանն ասել է, որ կան դիտարկող սարքեր, որոնց միջոցով հնարավոր է ավտոմատ կերպով տեղեկացնել ինքնակառավարվող կրակակետերին, իսկ վերջիններս տրված կոորդինատով կարող են ոչնչացնել հակառակորդին:
Հայաստանում ծրագրավորման ոլորտը բանակին կարող է առաջարկել զինամթերքի և զորքերի շարժը կառավարող ծրագիր: Բացի դրանից, յուրաքանչյուր զինվորի կարելի է հասցնել դիպուկահարի մակարդակի: Օրինակ` զինվորը հեռավոր կետից կարող է հարվածել անգամ բջջային հեռախոսով: Իսկ որքա՞ն է հակառակորդը տիրապետում տեխնոլոգիական միջոցների նման հնարավորություններին: Այս հարցին ի պատասխան Վարդանյանն ասել է, թե հակառակորդն ունի փող և կարող է նման սարքավորումներ գնել, իսկ մենք ունենք խելք և կարող ենք այդ սարքավորումներն ինքներս պատրաստել: