2014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական-վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ:
Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր և բրիգադ: Այդ գործընթացի ժամանակ առաջանում է ինֆորմացիայի արագ փոխանցման անհրաժեշտություն: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով խնայելով ժամանակ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բրիգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը:
Համակարգը հնարավորություն կտա նաև միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ «Locator system»-ը, ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ, որի շնորհիվ դիսպետչերները ստացան մեքենայի արագ և ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն: