Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Հանձնարարել էր Հայաստանից եկած «քյասիբ» նկարչի «մանր» ծախսերը գրանցել իր հաշվին

Սամվել ՍԵՎԱԴԱ. Հանձնարարել էր Հայաստանից եկած «քյասիբ» նկարչի «մանր» ծախսերը գրանցել իր հաշվին
04.02.2014 | 22:56

-Եկուր, Սամուէլ, եկուր, տեղ մը պիտի երթանք, անանկ տեղ մը, որ շատ պիտի սիրես ու երբեք չպիտի մոռնաս:
Գառզուն էր:
Հեռախոսն անջատեցի ու հյուրանոցում տաքսի պատվիրելով սլացա Մաեստրոյի արվեստանոց:
Դուռը բացեց ու անմիջապես շարժվեցինք դեպի Մոնպառնասի վրա գտնվող նշանավոր մի ռեստորան՝ La Closerie des Lilas անունով, որի մասին միայն լսել էի:
Ներս մտնելուն պես, միջանցքում մեզ մոտեցավ ռեստորանի տերն ու անմիջապես կռանալով համբուրեց Մաեստրոյի ձեռքը:
Որքան անսպասելի էր ինձ համար ռեստորանի տիրոջ վարքը, այնքան էլ հաճելի էր տեսնել, թե ինչ հիացմունք ու ակնածանք են տածում ֆրանսիացիները Գառզուի նկատմամբ:
Բերանս բաց հետևում էի նրանց խոսակցությանը՝ բառ իսկ չհասկանալով:
Ապա տերը մեզ ուղեկցեց ռեստորանի սրահներով, որտեղ հատակից մինչև առաստաղ գծանկարներ էին, լուսանկարներ, ձեռագրեր, նոտաներ, տեղ տեղ էլ յուղաներկով կատարված պատկերներ:
Գառզուն սրբազան ակնածանքով մեկ առ մեկ ցույց էր տալիս ու բացատրում էր, որ դեռ 19-րդ դարի վերջից սկսած այս ռեստորանն են այցելել ու իրենց ժամանակն անցկացրել ֆրանսիական արվեստի բոհեմի մեծերը:
Վան Գոգն ու Գոգենը, Պիկասոն ու Մոդիլյանին, Ժան Պոլ Սարտրն ու Ապոլիները, Սամուէլ Բեքեթն ու Սալվադոր Դալին, Դեբյուսին ու Սեն-Սանսը, Իոնեսկոն ու Ալբերտո Ջակոմետին, Ժոան Միրոն ու Ֆերնան Լեժեն, Մարսել Դյուշանն ու Մորիս Ռավելը, նաև Էռնեստ Հեմինգուեյն ու Հենրի Միլլերը և շատ շատերը, որոնց անունները, իհարկե, հիշում եմ, բայց այլևս անիմաստ է շարունակել, քանի որ արդեն պարզ էր ու հասկանալի, թե ուր եմ ընկել: Չմոռանամ ասել, որ կենտրոնական պատերից մեկին կախված էր Գառզուի (Գառնիկ Զուլումյան) մեծադիր կտավներից մեկը, որը հպարտությամբ մատնացույց արեց ռեստորանի տերը: Գառզուն աչքի տակով հետևում էր, թե ինչ տպավորություն է թողնում այդ ամենը իմ վրա:
Մեր «էքսկուրսիան» բավական երկար տևեց, ու ես չէի կշտանում նայել, դիտել ու շոշափել նրանց մատնահետքերը, անուններ, որոնցով դեռ փոքրուց հիացել եմ, և որոնցով հիանում ու հպարտանում է ողջ մարդկությունը:
Վերջապես մեզ տեղավորեցին ռեստորանի բազմաթիվ խորշերից մեկում, որտեղ ճրագներ էին վառվում սեղանների վերևում: Տպավորությունը ուղղակի անպատմելի էր: Մեզ մատուցեցին ֆրանսիական կարմիր գինի, որպես Apéritif: Մաեստրոն առաջարկեց ձուկ ուտել, և ես, բնականաբար, ընդունեցի առանց երկար մտածելու:
Պատվերն ստանալուց րոպեներ անց մեզ մոտեցան երեք գեղեցկատես մատուցողուհիներ՝ լանջաբաց վերնազգեստներով, որոնց ձեռքներին մեկական հսկա կլոր մատուցարան կար: Դրանցից ամեն մեկի մեջ առատ կանաչ բուսականության մեջ դրված էին մեկական թարմ ձուկ՝ բոլորն էլ տարբեր:
Գեղեցկուհիները խոնարհվեցին մեր սեղանի մոտ, ցուցադրելով ձկները, որպեսզի կարողանանք ընտրություն կատարել, միաժամանակ չմոռանալով ցուցադրել կիսաբաց կրծքերը, որոնցից կիսամութի մեջ լույս էր ծորում: Զավեշտական էր Մաեստրոյի մանրիկ, բաց կապույտ ու ժպտուն աչքերի գողունի հայացքը մեկ նրանց, մեկ էլ իմ կողմը՝ ստուգելու համար տպավորությունս:
Ես, հասկանալի է, գործից հասկացողի բազմանշանակ ժպիտով գլուխս տմբտմբացրի և մատնացույց արեցի ձկներից մեկը, քանի որ Գառզուն էդ արանքում դարձյալ բազմանշանակ շշնջաց. «Ընտրե, Սամուէլ»:
Մատուցողուհիները շորորալով դանդաղ հեռացան՝ իրենց հետ տանելով սկուտեղներով ձկներն ու մեր գողունի հայացքները:
Մեր զրույցը կարմիր գինու շիշը դատարկելու չափ տևեց: Մաեստրոյի նուրբ ու կլորիկ դեմքն արդեն շառագունել էր:
Մատուցողուհիներից մեկը վերադարձավ` իր հետ բերելով ավելի խոր մի սկուտեղ, որտեղ եփված կանաչիների մեջ փառավորապես փռված էր իմ ընտրած ձուկը՝ արդեն համեմունքներով պատրաստված: Մատուցողուհին փորձված շարժումներով կրկին ռևերանս արեց, հնարավորինս թեքելով սկուտեղը, որտեղից ախորժաբեր գոլորշիներ էին բարձրանում, ապա կրկին տարավ իր հետ՝ մեր հայացքների ուղեկցությամբ:
Երրորդ անգամ վերջնականապես վերադարձավ, իր հետ բերելով մեծ ափսեի մեջ արդեն մաքրած, կտրտած ձուկն ու մեկ շիշ սպիտակ գինի:
Փառահեղ հյուրասիրություն էր, ֆրանսիական խոհանոցի, արտակարգ պանիրների ու սալաթների, նաև գեղեցկադեմ մատուցողուհիների ցուցադրական ելույթներով համեմված:
Ես, իհարկե, ջանք չէի խնայում զարմանքս ու հիացմունքս նրբորեն ցուցադրելու համար:
Մոտ երկու ժամ տևեց մեր անմոռանալի ընթրիքը: Վերադարձանք արվեստանոց, որտեղ շարունակեցինք մեր զրույցը: Գառզուն իր գրաֆիկական գործերից մեկը և մեկ ալբոմ մակագրեց ու նվիրեց ինձ: Մեկ առ մեկ ցուցադրում էր իր նոր գործերը:
- Սամուէլ, Փարիզ եկած ես, կնկարե՞ս, թե չէ:
- Չէ, Մաեստրո,-ասացի,- ներկեր չեմ բերել հետս, և ժամանակս էլ չի հերիքում:
-Է, կռնաս ներկեր սալոնէն առնիս, եկուր ցույց տամ քեզի:
Եվ, պատուհանի մոտ տանելով, շարունակեց.
-Ձախ երթաս նէ, առաջին փողոցեն աջ թեքվիր, հոն նկարչական նյութերու սալոն կա, եթե կուզիս...
Հրաժեշտ տվեցի մեծ նկարչին, ապա լիֆտով իջա փողոց և ուղևորվեցի դեպի սալոն:
Երկար, մոտ 40 րոպե շրջեցի խանութում, վերցրեցի ու դրեցի, նայեցի, շոշափեցի Լեֆրանկ ներկերն ու պաստելները, նկարչական թղթերն ու մատիտները, ապա խնամքով ընտրեցի իմ ուզած ներկերն ու նյութերը և մոտեցա դրամարկղին, որտեղ ինձ էր սպասում սալոնի տարեց ու չորուկ տերը:
Դրամապանակը ձեռքիս համբերությամբ սպասեցի, մինչև ֆրանսիացին մանրամասն հաշվեց գնումներս, ապա տպեց չեքը: Վերցրի, տեսա ֆրանկով արժեքը՝ ինձ համար անհասկանալի, խնդրեցի դոլարով վճարել: Պարզվեց՝ 280 դոլարի նյութեր եմ ընտրել: Երեք հատ հարյուր դոլարանոց մեկնեցի նրան: Խանութի տերը ձեռքի ափով ետ հրեց փողն ու, մատը տնկելով լուսամուտի կողմը, խորին ակնածանքով շշնջաց. «Նո, նո, Մաէստղո, Մաէստղո...»:
Պարզվեց, որ Գառզուն, ինձ ճանապարհելուց հետո, զանգել է սալոն և իմանալով, որ ես արդեն այնտեղ եմ ու ընտրում եմ նյութերն ու ներկերը, հանձնարարել է Հայաստանից եկած քյասիբ նկարչի «մանր» ծախսերը գրանցել իր հաշվին:
Վիճելն անօգուտ էր և անհնար: Մնում էր լուռ վերցնել և, հայերեն «մերսի, մերսի» ասելով, հեռանալ: Ինչը որ ես արեցի:
Դա 1997 թվականի ցուրտ աշունն էր:
17 երկար ու ձիգ տարիներ են անցել այդ երջանիկ օրերից:
Հիմա ու միշտ աչքերիս ու սրտիս մեջ պահում եմ լուսավոր ու բարի հանճարի, Ֆրանսիայի Անմահների ակադեմիայի անդամի ու մեր հպարտության պայծառ դեմքերից մեկի հիշատակը:
Լույս իջնի շիրիմիդ, Մաե՛ստրո:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ