Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ԴիջիԹեք-ն ապացուցում է, որ Հայաստանում կա հեռանկար

ԴիջիԹեք-ն ապացուցում է, որ Հայաստանում կա հեռանկար
17.09.2013 | 14:37

«ԴիջիԹեք Էքսպո 2013» համաժողովն այս տարի տեխնոլոգիական հանրությանը կհամախմբի հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Արդեն 9-րդ տարին անցկացվող ցուցահանդեսը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը։ Այն կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ ցուցահանդեսի ծավալների մեծացման հետևանքով այն բաժանվել է մի քանի հատվածի։ Առաջին հարկում հանրությանը կներկայացվեն ինժեներական լուծումները, երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և տարբեր տիպի սարքավորումներ։ Երրորդ հարկը կզբաղեցնեն նորաստեղծ ընկերությունները, խաղային հատվածը։ ՙԱյս բաժանումը այցելուին և՜ ճիշտ ներկայանալու, և՜ ճիշտ ծանոթանալու հնարավորություն է տալիս։ ԴիջիԹեք-ին ենթադրվում է մոտ 130 ընկերության մասնակցություն՝ նախորդ տարվա 120-ի փոխարեն։ Ակնկալվում է, որ այցելուների թիվը նախորդ տարվա 24000-ից այս տարի կաճի մինչև 26000-ի՚,- նշեց Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ ցուցահանդեսը հատկապես հետաքրքիր է իր կից միջոցառումներով։ Մասնավորապես այս տարի առաջին անգամ ԴիջիԹեք-ին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի ԱրմԹեք համաժողովը, որը տեխնոլոգիական հայության համախմբման մեկ այլ ձևաչափ է։ Եվ այս երկու խոշոր միջոցառումների համատեղումը կօգնի է′լ ավելի մեծ արդյունքներ արձանագրելուն։

ԴիջիԹեք-ի այցելուները լուրջ որակական փոփոխություններ կնկատեն ցուցահանդեսում, մասնավորապես, ռոբոտաշինության ոլորտում եթե նախորդ տարի ցուցադրվում էին ընդամենը դպրոցական խմբակներ, ապա այս տարի արդեն մի քանի ընկերություն կցուցադրի տարբեր տիպի ռոբոտներ՝ ուսումնական ռոբոտներ, թռչող անօդաչու սարքեր և այլն։ Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվի նաև «Ռոբոտաշինությունը սկսում է դպրոցում» ծրագիրը։ Այս տարի արդեն պատրաստվել են հանրապետության 55 դպրոցի ռոբոտաշինության խմբակավարները։ Սեպտեմբերից արդեն այդ դպրոցներում խմբակները սկսել են գործել, և ԴիջիԹեք-ի ընթացքում բոլոր խմբակավարներին կտրվեն ռոբոտ-կոնստրուկտորները, որոնցով նրանք հետագայում կաշխատեն։

Ուշագրավ է, որ ԴիջիԹեք-ի հովանավորներն այս տարի արտասահմանում գործող, ինչպես նաև միջազգային ընկերություններ են։ Ցուցահանդեսի պլատինե հովանավորը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, որը նոր է մտնում հայկական շուկա և ինչպես շատ ընկերություններ, հայկական շուկային ներկայանում է ԴիջիԹեք-ի միջոցով։ Ցուցահանդեսի պաշտոնական հովանավորն է միջազգային «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.» ծրագրավորման ընկերությունը, որը, չունենալով ուղղակի շուկա ՀՀ-ում, ստանձնել է պաշտոնական հովանավորությունը՝ հաշվի առնելով ԴիջիԹեք-ի կարևորությունը որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման առանցքային ենթակառուցվածք։ Հովանավորներից է նաև հեռահաղորդակցության ոլորտում արբանյակային տեխնոլոգիաներ արտադրող ռուսական «Սաթիս» ընկերությունը։

Կարեն Վարդանյանը նկատում է, որ ԴիջիԹեք-ն ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է, և նրա այցելուների թիվն այնքան է, որքան Հայաստանում բոլոր ցուցահանդեսների այցելուների ընդհանուր քանակը։ «ԴիջիԹեք-ի այցելուները խորհրդային տարիներին հաշվողական տեխնոլոգիաների, մեքենաշինության բնագավառներում աշխատող մասնագետներն են։ Վերջիններիս մոտ ընտանեկան ավանդույթներն ու ցանկությունները պահպանվում են, և ԴիջիԹեքն այդ մարդկանց՝ տեխնոլոգիական աշխարհի հետ շփվելու և իրենց վերագտնելու հնարավորություն է տալիս։ Ցուցահանդեսում կներկայանան ընկերություններ, որտեղ աշխատողների միջին տարիքը 60-ն անց է։ Սա նշանակում է, որ նրանք Խորհրդային Միության ինժեներներն են, որոնք նոր տեխնոլոգիաներ են սովորել՝ աշխարհով մեկ՝ Սինգապուրից մինչև Սաուդյան Արաբիա, ծառայություն մատուցելով։ Սա ևս կարևոր է՝ ավագ սերնդի ինժեներներին ցույց տալու համար, որ այսօր աշխարհում ինժեներական աշխատանքի այնպիսի պահանջարկ կա, որ եթե մարդն իր մեջ ուժ գտնի ու վերապատրաստվի, ապա կարելի է մասնակցել համաշխարհային ինժեներության աշխատանքի բաժանմանը և լուրջ հաջողությունների հասնել»,- նշեց Կարեն Վարդանյանը։ Նա նաև ընդգծեց այն հանգամանքը, որ ԴիջիԹեք-ի այցելուների մեկ քառորդը երեխաներ են, ովքեր ցուցահանդեսի ընթացքում որոշում են կայացնում՝ ընտրելով իրենց ապագա մասնագիտությունը։ Բացի այդ, նրանք տեսնում են, որ Հայաստանում կա հեռանկար, և իրենց ապագան կապում են սեփական երկրի հետ։ Սա, ըստ Կարեն Վարդանյանի, ռազմավարական առումով ԴիջիԹեք-ի ամենամեծ նշանակությունն է։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ