Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մոտենում է ընտրության պահը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մոտենում է ընտրության պահը
03.09.2013 | 11:42

Մեզ հաճախ են փորձում համոզել, որ թույլ ու փոքր երկիր ենք և, որպես այդպիսին, այս դաժան աշխարհում մեր ինքնուրույն ու ինքնաբավ գոյությունն ապահովելու հեռանկար չունենք: Այս տեսակետը բնական հարցադրում է առաջացնում` արդյոք թույլը կարո՞ղ է` եթե ոչ հաղթական, ապա գոնե շահեկան դիրք ձեռք բերել արտաքին ագրեսիվ միջավայրի նկատմամբ: Ավելի ճիշտ` արդյոք հնարավո՞ր է, որ թույլ կողմը կարողանա շահեկան դիրք ընտրելու միջոցով իր համար վերջնական հաղթանակ ապահովել: Ես հասկանում եմ, որ այն օրինակը, որը ստորև կներկայացնեմ, զգացմունքային պատվախնդրության կողմնակիցներից շատերի համար տարօրինակ կամ վիճելի կթվա, սակայն իմ մոտեցումը հիմնված է մեկ փաստարկի վրա` նկարագրվելիք կոնկրետ դեպքում օբյեկտիվ իրավիճակում թույլի դիրքում հայտնված երկիրը կարողացավ մի կողմից նվազագույն վնասը կրել, իսկ մյուսից` դառնալ հաղթող: Խոսքը երկրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմը պարտությամբ լքած, սակայն այդ պատերազմում հաղթած պետությունների ակումբի լիիրավ անդամը դարձած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիայի մասին է: Վերջին աշխարհամարտում Ֆրանսիայի ռազմական մասնակցության պատմությունը շատ կարճ տևեց` ընդամենը մի քանի ամիս: Մի քանի պարտություն կրելուց հետո ֆրանսիական իշխանությունները համաձայնեցին երկրի գերմանական օկուպացիային, իսկ այդ որոշմանը չհամաձայնած քաղաքական ու ռազմական գործիչները լքեցին երկիրն ու տեղափոխվեցին Ֆրանսիայի հյուսիսաֆրիկյան գաղութների տարածք, որտեղ սկսեցին համագործակցել բրիտանացիների, ապա` ամերիկացիների հետ: Վերնախավային այս երկփեղկումը թույլ տվեց, որ երկիրը միաժամանակ երկու պատերազմող ճամբարների հետ կայուն բարեկամական կապեր կառուցի` կոլաբորացիոնիստները` գերմանացիների, իսկ գոլլիստները` հակահիտլերյան դաշինքի պետությունների: Ակնհայտ էր, որ դա ֆրանսիացիների կռիվը չէր` դա կռիվ էր գերմանացիների ու անգլոսաքսերի միջև համաշխարհային տիրապետության համար, և այդ պատերազմը սեփական շահի համար հաղթելու հեռանկարներ ֆրանսիացիները չունեին ու միակ խնդիրը, որ պետք է լուծեին` երկիրն ավերից փրկելն էր ու ապագա հաղթողի կողքին որպես դաշնակից հայտնվելը: Խնդիրը հրաշալի լուծում ստացավ` Ֆրանսիան դուրս եկավ պատերազմից, լեզու գտավ հիմնական պատերազմողների հետ, իսկ վճռորոշ պահին դարձավ հաղթող պետություններից մեկը` անգամ Փարիզի ազատագրումը Լեկլերկի տանկիստների կողմից նման էր գեղեցիկ բեմականացման հատկապես այն պատճառով, որ արդեն պայմանավորվածություն կար գերմանացիների հետ քաղաքն առանց անհարկի կորուստների հանձնելու վերաբերյալ: Շնորհիվ այս պահվածքի Ֆրանսիան ոչ միայն պատերազմի ընթացքում զերծ մնաց ավերածություններից ու մեծ մարդկային զոհերից, այլև հետպատերազմական շրջանում ստացավ համաշխարհային տերության կարգավիճակ: Համեմատության համար նշենք, որ, ակտիվ անմիջական մասնակցություն ունենալով առաջին համաշխարհային պատերազմին, Ֆրանսիան կռիվներում կորցրեց 1.200.000 միայն զինծառայող, իսկ վերը նկարագրված մոտեցման արդյունքում, երկրորդ աշխարհամարտում այդ կորուստները կազմեցին 340.000 մարդ, որից 1250-ը ֆրանսիական կործանված նավատորմում ծառայող նավաստիներն էին, որոնք զոհվեցին բրիտանացիների հարձակման արդյունքում: 1940թ. Ֆրանսիայի բնակչությունը կազմում էր 41.000.000 մարդ, իսկ Հայաստանինը`1.320.000: Ռազմի դաշտում զոհվեցին 200.000 հայ մարտիկներ` Ֆրանսիայի ու Հայաստանի բնակչության և կորուստների այս ահավոր անհամամասնությունը նույնպես որոշակիորեն պայմանավորված է եղել Ֆրանսիայի կատարած քաղաքական ընտրությամբ: Հիմա կրկին մոտենում է այսօրինակ ընտրության պահը:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ