38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲՀԿ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որից դեմքը պահպանած դուրս գալու միակ ճանապարհը Գագիկ Ծառուկյանի առաջադրումն է

ԲՀԿ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որից դեմքը պահպանած դուրս գալու միակ ճանապարհը Գագիկ Ծառուկյանի առաջադրումն է
02.11.2012 | 13:23

2013 թ. նախագահական ընտրություններին քաղաքական իմաստով շատ քիչ ժամանակ է մնացել, և արդեն իսկ ուրվագծվում է իշխանության և ընդդիմության միջև մրցակցության ձևաչափը: Խոսքը ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր մրցակցության, անգամ` հակամարտության մասին է: Պետք է նշել, որ պառլամենտարիզմի գաղափարը երբեք արմատավորված չի եղել հայ իրականության մեջ, և մեր հասարակությունը խորհրդարանական ընտրություններին և, ընդհանրապես, խորհրդարանին նշանակալի դերակատարություն չի տվել, մինչդեռ նախագահի ընտրության հարցը հասարակական ընկալման մեջ արմատացած է որպես փոփոխությունների հնարավորություն, ինչ-որ տեղ նաև` վերջին շանս: Սա է պատճառը, որ անկախության շրջանում Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են համեմատաբար խաղաղ պայմաններում, ինչը չի կարելի ասել նախագահական ընտրությունների մասին:
ՈՒստի 2013 թ. նախագահական ընտրությունը ևս խոստանում է անցնել բավականին լարված մթնոլորտում, հատկապես երբ հաշվի ենք առնում ԲՀԿ-ականների վերջին շրջանում հրապարակած «անձնական» կարծիքներն ու կուսակցական նիստերի քննարկումների «արտահոսքը»: ՈՒշագրավ է, որ իր բնույթով և էությամբ օլիգարխիկ կուսակցությունը հավակնում է միավորելու ողջ ընդդիմադիր դաշտն ու վճռական պայքար ծավալելու իշխանության դեմ: Հինգ տարի առաջ քչերը կարող էին մտածել, որ Գագիկ Ծառուկյանին «բոմժացումով» սպառնացող արմատական ընդդիմությունը շատ կարճ ժամանակահատվածում կորցնելու է իր դիրքերը և վերածվելու օլիգարխիկ կուսակցության կցորդի, մեծահարուստ դասակարգի ձեռքին նայող մի անհասկանալի խմբավորման:
Ինչևէ, քաղաքականությունը մարդու մտագործունեության այնպիսի ոլորտներից է, որի համար ժամանակն ու տարածությունը կարևորագույն նշանակություն ունեն: ԲՀԿ պատմությանը ծանոթ փորձագետները կհավաստեն, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն իր գործունեությունը սկսեց Առինջ-Աբովյան հատվածից, այնուհետև կարողացավ ծավալվել Հայաստանի ամբողջ տարածքում: 2006-2007-ին բոլորն ունեին այնպիսի տպավորություն , թե ԲՀԿ-ն իշխող հանրապետականի արբանյակն է, իշխանության պահպանման համար անհրաժեշտ իրավաքաղաքական խողովակ, որի միջոցով հնարավոր է լինելու հավասարակշռել իշխանական համակարգը: Փորձագետները կհավաստեն նաև, որ երազանքների շարքից կարող էին լինել այնպիսի կանխատեսումները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն կարող է հանդես գալ հիմնական ընդդիմության դերում, հատկապես այն դեպքում, երբ 2007-2012-ին ԲՀԿ-ն կառավարության մաս է կազմել և լիիրավորեն օգտվել իշխանության կերակրատաշտից:
Չի բացառվում, որ իշխող հանրապետականներն են հրահրել ԲՀԿ-ին` գնալու նման քայլի, ստեղծելով բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Գագիկ Ծառուկյանն ու նրա շրջապատը հայտնվեն գլխապտույտի մեջ և նրանցում ձևավորվի մի պատրանք, թե հնարավոր է հասնել ավելիին` գրավել քաղաքական «Օլիմպոսը»: Պետք է անպայմանորեն հաշվի առնել մի պարզ իրողություն. քաղաքականությունը շահերի համադրման արվեստ է, և միևնույն է` ՀՀԿ-ն ունենալո՞ւ է ընդդիմություն, հարմար չի՞ լինի արդյոք, որ այդ ընդդիմությունը լինի ԲՀԿ-ն, որի վրա ներազդելու բազմաթիվ գործիքներ կան, իսկ ծառուկյանականներն էլ լևոնականների նման հեղափոխականներ չեն: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ Ծառուկյանը, լուրեր տարածելով, թե պատրաստվում է առաջնորդելու ընդդիմությանը, փորձում է սպառնալ, սակարկել նախագահ Սարգսյանի հետ` ավելի հարմարավետ պայմաններում գործելու և հավելյալ մենաշնորհներ ստանալու համար:
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ ԲՀԿ-ն այսօր հավակնում է միավորելու ողջ ընդդիմությանը և վճռական ճակատամարտ տալու: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն այն աստիճանի են սրվել, որ ԲՀԿ-ն պատրաստ է հարված հասցնելու անգամ Գագիկ Ծառուկյանի խնամուն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այսպես, վերջերս ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ այցելում են քրեակատարողական հիմնարկներ և ծանոթանում բանտարկյալների առօրյային` խորհրդարանում ոլորտի հետ կապված լսումներ կազմակերպելու համար: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե պատրաստվում են այցելելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպելու նաև «փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանին: Մինչդեռ մամուլում բազմիցս գրվել է , թե «փուչիկների» գործի անմիջական պատասխանատուները ՀՀԿ հանրահավաքի կազմակերպիչներից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երիտթևի նախագահ Կարեն Ավագյանն են: Բնականաբար, վերջինս ոչ մի արժեք չունի ԲՀԿ-ի համար, և կարելի է նրան թիրախ դարձնել, ինչը չես ասի Հովիկ Աբրահամյանի մասին, ով Ծառուկյանի խնամին է, և որոշ լուրերի համաձայն` նաև ՀՀԿ-ԲՀԿ շփումների գլխավոր պատասխանատուն:
Ստացվում է, որ ԲՀԿ պատգամավորները, փորփրելով «փուչիկների» գործը, ուղղակի հարվածի տակ են դնում Ծառուկյանի խնամի Աբրահամյանին, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլև Գագիկ Ծառուկյանի համար: Եթե Հովիկ Աբրահամյանը վերջնականապես տապալվի ԲՀԿ-ին իշխանության դաշտ հետ բերելու իր ստանձնած պարտավորություններում, ապա կստացվի, որ ՀՀԿ-ԲՀԿ բոլոր կամուրջներն այրված են` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի գործողությունների պատճառով կուսակցությունն այսօր հայտնվել է ծայրահեղ բարդ իրադրության մեջ, և Գագիկ Ծառուկյանը դեմքը պահպանելու խնդիր ունի: Ծառուկյանի ընտրազանգվածին ամիսներ շարունակ հույս է տրվել, որ ԲՀԿ-ն անցնելու է վճռական գործողությունների` ընդդիմությանը միավորելու ճանապարհով փորձելով խափանել Սերժ Սարգսյանի վերընտրությունը: Որպես այս սցենարի չիրականացման գին` ԲՀԿ-ն ակնարկում էր վարչապետի պաշտոնն իրենց հանձնելու գաղափարի մասին, ինչին նախագահ Սարգսյանը չգնաց, քանզի վարչապետի պաշտոնն ու Տիգրան Սարգսյանի անձը նախագահի իշխանության պահպանման գործում առանցքային նշանակություն ունեն:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որից դեմքը պահպանած դուրս գալու միակ ճանապարհը Գագիկ Ծառուկյանի առաջադրումն է` որպես ՀՀ նախագահի թեկնածու, հակառակ դեպքում` ԲՀԿ-ն կկորցնի իր ընտրազանգվածը ճիշտ այնպես, ինչպես դա եղավ ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի պարագայում: Միևնույն ժամանակ, Ծառուկյանն ու նրա շրջապատը չեն կարող չհասկանալ, որ առաջադրումը բացահայտ մարտահրավեր է, որին իշխանությունը պատասխանելու է կոալիցիոն կառավարության կազմում աշխատած նախկին հինգ տարիների «գզրոցները» բացելով, հնարավոր է նաև` տնտեսական մենաշնորհներից զրկելով: Իսկ սա արդեն վտանգավոր է, չափազանց վտանգավոր: Կասկածից վեր է նաև, որ Ծառուկյանի կամ այլ ԲՀԿ-ականի առաջադրման դեպքում ԲՀԿ ղեկավարությունը գիտակցում է նաև այն պարզ իրողությունը, որ տապալվելու է նախընտրական քարոզչությունը, քանզի հայաստանյան քաղաքական ադաթների համաձայն` ընդդիմությունը շահում է, երբ հայհոյում է իշխանության արածն ու չարածը, այս դեպքում` Սերժ Սարգսյանի հինգ տարվա գործունեությունը, որի անմիջական մասնակիցն է եղել նաև ԲՀԿ-ն: Ինչևէ, մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանն ու տեսնել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը պահելու իր և իր կուսակցության դեմքը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ