38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Լիբանանի ժամանակ պետական աջակցություն եղավ»

«Լիբանանի ժամանակ  պետական աջակցություն եղավ»
28.07.2012 | 02:07

Երկու շաբաթ է, ինչ լրատվամիջոցներում տարբեր լուրեր են շրջանառվում «Արմավիայի» և սիրիահայության շուրջ։ Նշվում է, որ մարդկանց պարտադրվում են երկկողմանի տոմսեր, մեղադրում են չվերթերի հաճախականությունը չավելացնելու և նման այլ հարցերի մեջ։ Գլուխկոտրուկը որոշեցինք լուծել սիրիահայերի միջոցով։ Մեր զրուցակիցներն են սիրիահայ գործարարներ ՎԻԳԵՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ և ՍԵԴՐԱԿ ՑՈԼԱԿՅԱՆԸ։

-Այստեղ իսկապես խոսում են, որ «Արմավիան» պետք է ավելացնի իր չվերթերը։ Սակայն պետք է նշեմ, որ ավիաընկերությունները չեն կարող թռիչքներն ավելցնել կամ պակսեցնել։ Սա ասում եմ որպես նախկին զբոսաշրջային գործակալության սեփականատեր։ Որպեսզի ավիաընկերությունն ավելացնի թռիչքների քանակը տվյալ դեպքում, ապա պետք է ստանան սիրիական կողմի թույլտվությունը ևս։ Այսինքն, դա վերջին հաշվով, ո՛չ մեր` սիրիական ավիաընկերության, ո՛չ էլ «Արմավիայի» ցանկության հարցն է։ Կարծում եմ` խնդիրն իրենց լուծելուն չէ, քանի որ այն շատ այլ հարցերի հետ է զուգորդվում։ Կա նաև այլ խնդիր. եթե սիրիահայերը գան հոս` Հայաստան, ապա պետությունը կարողանալո՞ւ է ընդունել և պահել այդ ժողովրդին։ Սա դյուրին հարց չէ։ Նշեմ պիտի, որ երկու օր առաջ ներկա էի «Արմավիայի» քաղաքային գրասենյակի առջև կազմակերպված ակցիային` մի խումբ մարդիկ դժգոհում էին, սակայն նրանց մեջ սիրիահայեր պետք է լինեին, բայց նրանց չտեսա։ Գուցե այդ հավաքի մարդիկ շատ են սիրում սիրիահայերին, քան իրենք` սիրիահայերն իրենց, որ նրանց փոխարեն խոսում են։ Բողոքողների մեջ մի ծանոթ տեսա` Հայաստանի քաղաքացի, և հարցրի` ինչո՞ւ համար եք սիրիահայերի կողմից խոսում, երբ իրականում սիրիահայերն այդպիսի դժգոհություն չունեն։ Մի խոսքով, հարցերը շատ են, և վստահ եմ, որ մեր անունից ինչ-որ բան անելուց առաջ պետք է նաև մեր մասին մտածեն։
-Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա Սիրիայում, և արդյո՞ք սիրիահայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան։
-Սիրիայում խնդիրները բարդ են և բախվում են մեծ քաղաքականության։ Ինչ վերաբերում է սիրիահայերիս, ապա իրավիճակը դեռևս այնպիսին չէ, որ իրենց տները, աշխատանքը թողնեն և դուրս պրծած տարբեր երկրներ գնան։ Մի բան մենակ, որ նեղացնում է մեզ, այն է, որ այստեղ մեզ փախստական կկոչեն։ Մենք, Սիրիայի քաղաքացի լինելով, ծառայել ենք նրանց բանակում, օգտվել նրանց իրավունքներից, և այսօր ասել, որ մենք թողել ենք ու փախել, ճիշտ չի հասկացվի` սիրիացիները կնեղանան։
-Դուք թողել եք ձեր տունուտեղը, եկել եք Հայաստա՞ն։
-Ոչ։ Մենք չորս ընտանիքով Հայաստան ենք եկել հարսանիքի մասնակցելու համար։ Հետո էլ ամառային շրջան է, երեխաներն արձակուրդում են, որոշեցինք և՛ հանգստանալ, և՛ այստեղ ստանալ Հայաստանի քաղաքացիություն։
-Ի՞նչ սպասում ունեք Հայաստանի պետությունից։
-Մի քանի տարի առաջ, կարծեմ 2006-ին էր, հիմա լավ չեմ հիշե, Լիբանանի պատերազմի ժամանակ Հայաստանի պետությունն «Արմավիայի» հետ միասին անվճար թռիչքներ կատարեց։ Այսինքն, պետական աջակցություն եղավ։ Անհրաժեշտությունից ելնելով, կարծում եմ, նման մի բան նույնպես պետք է արվի, հակառակ դեպքում, միայնակ ավիաընկերությունը ոչինչ չի կարող անել։
-Ասում են, որ «Արմավիան» պարտադրում է իր ուղևորներին երկկողմանի տոմս գնել և բարձրացնում է տոմսի գները։
-Գիտե՞ք, նման բաներ այստեղ լսեցինք։ Սիրիայի մեջ նման գանգատներ ու խոսակցություններ չկան։ Ո՞նց կարող է ընկերությունն ինձ պարտադրել ուր գնալ և ինչպես գնալ։ Տոմսերի գների անընդհատ բարձրացումներ ևս չեն եղած։ Բայց այլ բան կուզեմ ասել. մինչ այս պատերազմական իրավիճակը «Արմավիան» դադարեցրել էր իր չվերթերը դեպի Սիրիա, քանի որ ուղևորներ չկային, և վերականգնեց պատերազմական գործողությունները սկսվելուց հետո։ Սիրիահայերս շատ բարձր ենք գնահատում այս քայլը։ Մեր ազգային փոխադրողը ծանր պահերին ուղևորներին մենակ չի թողնում։ Հատկապես եթե նկատենք, որ եվրոպական շատ ավիաընկերություններ դադարեցրել են իրենց չվերթերը դեպի Սիրիա` պատերազմական գոտի լինելու պատճառով:

Զրուցեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ