Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սֆինքսի հայացքը միշտ հայրենիքին է

Սֆինքսի հայացքը միշտ հայրենիքին է
19.06.2012 | 01:56

2004, Իտալիա, ապրիլ, Տրիեստ: Սքանչելի քաղաք` անմեկնելի հմայքով: Սիրալիր ու բարետես քաղաքապետը հանգամանալից թվերով ու փաստերով հիմնավորում է, որ Տրիեստը Իտալիայի ամենաբարեկեցիկ քաղաքն է` գործազուրկներ չկան, նավահանգիստը գործում է անխափան, բոլոր ձեռնարկություններն աշխատում են օգուտով, գիտակրթական հաստատությունները մրցակցում են Եվրոպայում լավագույնների հետ, հանցագործությունների թվով ամենավերջին տեղում են երկրում, զբոսաշրջիկների թիվը մշտապես գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ապրիր, չեմ ուզում: «Իսկ քաղաքում պրոբլեմ չկա՞» հենց այնպես հնչած հարցին հետևում է հուսահատ պատասխան` կա, անլուծելի, ոչ մի կերպ չենք կարողանում պատճառը պարզել ու կանխել, մեր ողբերգությունն է: Ի՞նչ: Իտալիայում Տրիեստն առաջին տեղում է ինքնասպանների թվով, ամենատարօրինակը` կյանքից հեռանում են ոչ մի պատճառ չունենալով, տարիքային բոլոր խմբերից, տղամարդիկ ու կանայք, անգամ երեխաներ: Քաղաքապետը իսկապես հուսահատ է և պարտաճանաչ նշում է, որ դա է եղել և իր նախորդի հիմնական խնդիրը ու գուցե հաջորդինն էլ լինի: Իսկ քաղաքը իսկապես սքանչելի է: Անգամ Իտալիայի համար, որտեղ զարմանալի է զարմանալը:
1905 թվականի սեպտեմբերին Տրիեստում իր «Դուբլինցիներն» էր ավարտում Ջեյմս Ջոյսը: «Երեկ զբոսանքի էի գնացել Տրիեստի մերձակա մեծ անտառը: Անիծյալ, անտանելի ամառը վերջապես ոչ ևս է, անձրևում է, օդի մեջ սառնություն է զգացվում, և ես մտաբերում եմ իռլանդական հրաշալի կլիման, չծիծաղես: Տանել չեմ կարողանում այս անհեթեթ արևը, որ մարդկանց վերածում է ճարպի: Ես ընտրեցի մեկուսի մի անկյուն և նստեցի ծառերի տակ: Տրիեստի քամին ազատ ճախրում էր ծառերի մեջ, ես վայելում էի հողի ու երկնքի բույրը ու անսպասելի ինձ համար էլ սկսեցի աղոթել...»,-գրել է նա եղբորը` Ստանիսլավ Ջոյսին: Հետո ինչ եղավ` բոլորը գիտեն:
Տրիեստի կենտրոնում էրցհերցոգի տունն է` երկու մուտքով. մեկը` դեպի ցամաք, մեկը` բաց ծով: Այն մուտքի աստիճանահարթակի վրա, որը դուրս է գալիս բաց ծով, եգիպտական սֆինքսի արձանն է: Ոչ պատճենը, իրականը, անցյալ դարասկզբին Գիզայից բերված: Սֆինքսները երկուսն են եղել, երբ արձանները հոգատարությամբ ու հպարտությամբ տեղադրել են, առավոտյան արթնացել են ու տեսել, որ սֆինքսները շրջվել են դեպի Եգիպտոս: Այդպես մի քանի առավոտ: Էրցհերցոգը հրամայել է ծառաներին հսկել գիշերը ու գտնել նրան, ով թեքում է արձանները: Ապարդյուն: Գիշերվա որոշակի ժամի ծառաները քնել են ու երբ արթնացել են` սֆինքսները նորից նայել են հայրենիքի կողմը: Էրցհերցոգն անձամբ է նստել գիշերը աստիճանահարթակին, որ հասկանա առեղծվածը: Ոչ մի առեղծված, գիշերվա մի ժամի նրա առաջ կանգնել է մեծ սֆինքսն ու ասել. «Վերադարձրու որդիներիս տուն, քո երկրում նրանք տխրում են, ու ես կարոտում եմ նրանց»: Էրցհերցոգը, որ կարծում էր` սֆինքսը միշտ է լռում, անդարձ հեռացել է Տրիեստից, նրա դղյակը հիմա թանգարան է: Հետո սֆինքսներից մեկն անհետացել է, մյուսը դեռ կա` թիկունքով դեպի ծովը, դեմքով դեպի Եգիպտոս, գուցե կորած սֆինքսն ուղղակի ինքնասպան է եղել...
2012-ի հունիսի 18-ի երկուշաբթին Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկսեց ամբողջական կազմով: Նշանակված են բոլոր նախարարները, կառավարությունն իր գործունեության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողովին, կհաստատի և կաշխատի արդյունավետ ու տոկուն: Շնորհավորելով հնանշանակ ու նորանշանակ բոլոր նախարարներին` հին-նոր վարչապետի գլխավորությամբ, պիտի ընդունենք, որ ընդլուսնյա աշխարհում նոր ոչինչ չկա: Համարյա:

ՈՒրեմն` արժե՞ր տարեսկզբից ապրել փոփոխությունների հույս-սպառնալիքով, երկար-բարակ ընտրություններ անել, ընտրություններից հետո մի ամիս փոփոխությունների նույն հույս-սպառնալիքով տարուբերվել, որ տարեկեսից վերադառնաս տարեսկզբի ելման կետ:
Ելակետ ընդունենք հունիսի 18-ը և փորձենք հետագա տարբերակները հասկանալ:
Այս կառավարությունը պաշտոնավարում է մինչև նախագահական ընտրություններ, հետո են լինում հիմնական փոփոխությունները, այդ թվում` վարչապետի:
Այս կառավարությունը պաշտոնավարում է մինչև նախագահական ընտրություններ, հետո նախարարների կեսից ավելին կորցնում է պորտֆելները, և վերջապես նոր դեմքեր են հայտնվում, այդ թվում` վարչապետ:
Այս կառավարությունը պաշտոնավարում է մինչև նախագահական ընտրություններ, և հետո ոչինչ չի փոխվում, նույն կազմով, նույն ոգով ու նույն վարչապետով շարունակում է աշխատել:
Երեք տարբերակներն էլ հավանական են, քանի որ իշխող ուժը ՀՀԿ-ն է (ՕԵԿ-ի հետ կոալիցիայով), ամբողջ կառավարությունում անկուսակցական են միայն արտաքին գործերի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, ուստի առավել քան հավանական է, որ նույն նախարարները կշարունակեն պաշտոնավարել` կյանքի կոչելու ՀՀԿ-ի ծրագրերը (մի քիչ էլ ՕԵԿ-ի):
Բնական է, որ նախագահական ընտրությունների ելքից է կախված այս տարբերակներից որևէ մեկի միակ դառնալը: Անբնականը նախագահական ընտրությունների ելքի տարբերակներն են: Խորհրդարանական ընտրությունները դա են վկայում: Այս փաստը վիճարկելու անլուրջ փորձեր կարող են ձեռնարկել Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը (այս շարքը երկար է, անիմաստ` բոլորին թվարկելը), լուրջ փորձեր` Ռոբերտ Քոչարյանը (կամ նրա թեկնածուն), և նա, ով կկարողանա միավորել ընդդիմադիր դաշտը (եթե ընդդիմությունը դեռ չի մոռացել, որ իր նպատակը, գոնե տեսականորեն, իշխանության գալն է): Անլուրջ փորձերը չքննարկենք, լուրջ փորձերի կանխման մեր օրերում ակնհայտ է, որ ձեռքով ջրվեժի ջուրը ոչ կկասեցնես, ոչ հետ կդարձնես: Իհարկե, շատ կարևոր է, թե ում ձեռքն է, հատկապես, եթե դրսում է: Առավել ևս, եթե փոխհատուցումն ավելին է լինելու, քան խաղն արժի: Այս հարթության մեջ սովորաբար շարվում են տարածաշրջանային խնդիրները, և Հայաստանը սկսում է դիտվել աշխարհաքաղաքականից ավելի կարևոր աշխարհագրական դիրքից: Հետո վերադառնում է իր սահմանների մեջ` հարևանների հետ հարաբերություններով: Եվ պրոբլեմներով: Մեկը` Լեռնային Ղարաբաղինը, հրաբուխի նման ննջում-ննջում է, հետո մխում ու անընդհատ սպառնում ժայթքել: Բայց ինչպես Էտնայի շուրջբոլորը հարյուրամյակներով ապրում են նեապոլցիները և չեն բողոքում իրենց հայրենիքից, մենք էլ մեր հրաբուխին վերաբերվում ենք ոնց հայրենիքին: Մնացածը գիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրենց երկրների նախագահները, տեղ-տեղ էլ մենք, որ հրաբխի տերն ենք: Այս հարթության մեջ մենք միշտ փորձում ենք հավասարակշռել հաղթանակներն ու կորուստները` real politik-ի շրջագծում: Իսկ ամենաreal politik-ն այն էր լինելու, որ արդյունաբերությունն աշխատեր, աշխատատեղեր ստեղծվեին, արտագաղթը դադարեր և ոչ թե երեք միլիոնից ներքև, այլ վերև շարժվեինք: ՈՒ, էլի այդ շարքից, մի քանի վաղուց արդեն անհետաձգելի խնդիրներ լուծվեին, բայց դա մեր դեպքը չի դառնում արդեն 10 ու ավելի տարիներ, որովհետև մեր դեպքը մնում է օրվա հացը օրն ուտելը ու վաղվա հացի մասին վաղը մտածելը:
Նախագահական ընտրությունների ելքի մասին խոսելիս պատահաբա՞ր է ուրվագծվում երկրորդ նախագահի կերպարը: Ներսի՞ համար, դրսի՞: Հանո՞ւն: Ընդդե՞մ: Ո՞վ է շահում նրա հետ համեմատությունից: Նրա առաջադրումը շա՞նս է, թե՞ սպառնալիք: Այս և հարակից ևս մի տասնյակ հարցեր պարբերաբար կարևորվում ու կորցնում են կարևորությունը: Իրականում, ինչ էլ ասվի ու չասվի, ինչի մասին բոլորն իմանան ու լռեն կամ խոսեն, պարզ է, որ վերադարձի չօգտագործված հնարավորություն չի լինելու: Օգտագործվելու են բոլոր ռեսուրսները` ներսի, դրսի, բարոյական, վարչական, ֆինանսական, աշխարհաքաղաքական, մարդկային: Եվ` երկուստեք: Իսկ հետևանքը լինելու է այն, որ նախագահական ընտրություններում, բացի գործող նախագահից, մյուս թեկնածուներն ապահովելու են ժողովրդավարության պահանջները: Եթե, իհարկե, ընդդիմությունը չարթնանա լեթարգիական քնից և շարունակի ննջել խորհրդարանական դափնիների վրա` համարելով, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, իսկ անհնարը հնարավոր դարձնելն արկածախնդրություն է, եթե նույնիսկ թիկունքիդ ժողովուրդ ունես:
Այդ դեպքում բոլոր երեք տարբերակներն էլ ոչ միայն իբրև վարկած գոյության իրավունք ունեն, այլև ժամանակի մեջ հիմնավորումներ են ձեռք բերելու, որովհետև ոչինչ ավելի երերուն չէ, քան ինքնահաստատվող իշխանությունը: Իրականում երեք տարբերակներն էլ նույն տարբերակն են ժողովրդի համար, որովհետև ինքն իր հետ մենակ մնացած մարդու ընկերը հայելին է: Չէ, իհարկե, մի քիչ կհետաքրքրվի` ՀՀԿ՞, թե՞ ԲՀԿ, աշխատանք գտնելու համար ո՞ւր խցկվի, ո՞վ ավելի շռայլ կլինի ընտրությունների նախօրեին, ումի՞ց ի՞նչ կարելի է պոկել, ու` վերջ: Քաղաքականության մեջ իր դերը կհամարի սպառված ու կգնա իր հարցերը ինքը լուծելու: Բնականաբար, հացից հետո կմտածի զվարճանքի մասին էլ` խնդրեմ, Վարդան Օսկանյան և «Սիվիլիթաս», ամեն հեռուստաալիքով մի (կամ մի քանի) լացակումած, սեքսացինիկ սերիալներ, մինչև հուլիսի 1-ը` ֆուտբոլ: ՈՒ` այդպես մինչև աշուն, աշնանն ու ձմռանը... ՈՒ` նորից, ու 365, չորս տարին մեկ` 366 օր: Այդպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ կապ ունեին Տրիեստը, Ջոյսի աղոթքն ու խոսող սֆինքսը Հայաստանի նոր կառավարության, անցած խորհրդարանական ու ապագա նախագահական ընտրությունների հետ: Ոչ մի կապ: Եվ, այնուամենայնիվ, սֆինքսը միշտ չէ, որ լռում է, և սֆինքսը դեմքով միշտ դեպի հայրենիքն է ուղղված: Նույնիսկ ինքնասպան եղող սֆինքսը: Եգիպտացիները նրան համարում են աստված, եգիպտագետները` բանալի, որ մի օր բացելու է եգիպտացիների գաղտնիքների դռները: Եվ եթե մենք նրան չենք լսում, դեռ չի նշանակում, որ նա լռում է: Մեր մեջ: Կամ` մեզնից դուրս:

Դիտվել է՝ 7377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ