Այսօր մի հուզիչ և ուրախալի բան իմացա. Արցախի այս դժնդակ լուրերն առնելով՝ տարիներով մոսկվայաբնակ, գորիսեցի երիտասարդ ամուսիններն իրենց երեխաների հետ շտապել են հայրենի քաղաք՝ ծնողների մոտ գտնվելու:
Ու որոշել՝ այլևս չեն գնա Մոսկվա, այսուհետ ու միշտ կմնան իրենց թոշակառու ծնողների կողքին, չեն լքի նրանց:
Այս համատարած տխրության ու անորոշության մեջ այս մի փոքրիկ լուրն էլ, իրոք, ուրախացրեց:
Սա լավ նախանշան էր՝ Նոյյան տապանի աղավնու պես մի բան:
Չկա մի գորիսեցի, որ չճանաչի այս հայրենասեր զույգին, ճանաչված մանկավարժների ընտանիքից են:
Սա հատուկ գրել եմ, որ ամաչեն նրանք, ովքեր, Արցախը հրթիռակոծվելու առաջին օրից, շտապել են փախչել Սյունիքից…
Այստեղ են ասել՝ սարերը որոտալու տեղ թփերն են որոտացել:
Մեղքի կեսն էլ խուճապահար անող լրահոսն է, սրանց սանձերն էլ որոշակի ձգել է պետք, որ խոսելուց առաջ մի քիչ հեռուն մտածեն, տագնապահար չանեն ինքնիշխան պետության սահմանները պահող մարզերի բնակչությանը:
Չտա Աստված, եթե նույնիսկ Սյունիքում պատերազմից հինգ րոպե պակաս լինի, կամ՝ արդեն պատերազմ,
ու եթե դու ծայրահեղ ծեր, անհուսալի հիվանդ կամ ինն ամսական ժամկետում հղի չես, Նժդեհի ու Անդրանիկի կաթը խմած սյունեցին իրավունք չունի լքելու իր քաղաքներն ու գյուղերը՝ գիշերային գողունի շքերթով:
Կին թե տղամարդ, աշակերտ, թե ուսանող, մանկապարտեզի սան, թե 100-ամյա տարեց՝ բոլորս պիտի մնանք մեր քաջերի կողքին, մարզային ու տեղական իշխանությունների, բանակի ու աշխարհազորի թիկունքն ամուր գրկած, ամեն ինչով սատար, մի կողմ դրած բոլոր տարաձայնություններն ու վիրավորանքները, պաշտպանենք 1918-20-ին աչքի լույսի պես մեզ պահ տրված հերոսական Զանգեզուրը, եթե դրա կարիքը լինի:
Հիշենք նաև 90-ականներին չորս տարի տևած Սյունիքի քաղաքների ու գյուղերի ամենօրյա հրետակոծումներն ու մեր հերոսական կամքը՝ կռվողների թիկունքն ամուր պահելու:
Նա, ով պատրաստ է պատերազմելու, պատերազմ չի էլ լինում:
Զենք պիտի վերցնենք բոլորս, կրակել չիմացողները կարող են ծեր սպարտացու պես ասել.
- Իսկ ես գնում եմ իմ ծեր մարմնով պաշտպանելու երիտասարդներին:
Ու այսպես շարունակ՝ ծերերից, կաղերից սկսած՝ մինչև փափկասուն կանայք, բոլորն էլ մի կարևոր գործ ունեն անելու, նորից ասեմ, Աստված մի արասցե, եթե թշնամին որոշի մեր ալպիական երկինքը ցնցել:
Սուսաննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ հեղինակի