Հիմա շատերի անձնական հարաբերությունների հիմքում միայն սպասելիքներն ու շահն ен։
Եթե փարատել է համբերությունը, այլևս սպասելիքներ չունեն, շահ չեն տեսնում, կարելի է նեղացած ձևանալ, «աբիժնիկ» խաղալ, լավագույն դեպքում և կամաց կամաց, գուցեև միանգամից, հեռանալ և վերջ տալ անիմաստ, անօգուտ բարեկամությանը, ընկերությանը։ Եվ կարևոր չէ, թե ինչքան շահավետ են անցյալում եղել այդ հարաբերությունները կամ կարող է հեռանկարային լինեն ապագայում, կարևորը՝ հիմա է, այն, ինչ կա ներկայում։
Նյութական արժեքները նրանց համար միշտ եղել ու մնում են ավելի առաջնային, քան հոգևոր, զգացմունքային, մարդկային արժեքները։
Սիրո, հարգանքի, կարոտի զգացմունքները նահանջում են՝ մուրացկանական ուզողության, զգացմունքների ժլատության, նյութապաշտության ու մարմնական պահանջների առջև։ Ստամոքսային, որովայնային մտածելակերպը վեր է բարձրացել ողջամիտ, մարդկային մտածելակերպից։
Նմանները միշտ մտածում են միայն իրենց մասին, իրենց հոգսերի ու պահանջների մասին, ու երբեք նրանց հետաքրքիր չէ, թե ինչ վիճակում է հակառակ կողմը, որը կարող է իրենցից էլ ավելի ծանր խնդիրների մեջ լինել։ Նրանց հիվանդագին երևակայությունը անընդհատ հուշում է, որ մյուսները ոչ մի հոգս չունեն, երջանիկ լողում են առատության մեջ և այնքան սրիկա են, տմարդի, որ մոռացել են օգնելու, ուրիշների մասին հոգալու, իրենց ամենօրյա պարտականությունների մասին։
Այդպիսի մարդիկ, իրենց պրիմիտիվ ու խղճուկ մտածելակերպով, երբեք չեն հասկանա, որ իսկական, ջերմ ու անկեղծ հարաբերությունները՝ ընկերությունը, բարեկամությունը, կարող են լինել փոխադարձ, այլ ոչ թե միակողմանի ճանապարհի կամ ուրագի պես։
Վահրամ Օհանջանյան
«Թամամ խոսքեր» շարքից