38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒ՞ր է տանելու այս անտարբերությունը, մինչև շեմդ հասած թշնամանքը»

«ՈՒ՞ր է տանելու այս անտարբերությունը, մինչև շեմդ հասած թշնամանքը»
06.08.2022 | 12:21

Լինել մեռած ու միաժամանակ ձևանալ ողջ՝ տանջալի զգացում է, բայց մենք հիմա, կարծես, բոլորս դրա մեջ ենք:
Ահավոր բան պիտի ասեմ. ողջ երկին է ասես դարձել հնդկական Վարանաս քաղաք՝ մեռածների երկիր, ու սպասում ենք մահվան:
Արտաքինից թվում է՝ բան չի փոխվել մեր սովորույթներում, կենցաղում, կյանքում, մինչդեռ երկիրը, բնականոն կյանքն ու մարդկային շփումները դուրս են եկել ռելսերից:
Երազում տեսած կլինեք այսպիսի վիճակներ, երբ փորձում ես կանչել, բայց ձայնդ դուրս չի գալիս, տառապում ես, տվայտում, որ գոնե մի հնչյուն տեղ հասնի, ուզում ես վազել՝ ոտքերդ չեն շարժվում, թևերդ մեկնում ես, որ գրկես՝ չե՜ն մեկնվում, թուլացած կախվում են: ՈՒզում ես արթնանալ վատ երազից՝ չե՜ս կարողանում, ինչ-որ սև ուժ քաշում ու քաշում է ներքև, ավելի ու ավելի խոր, խոռոչ է, անդունդ է, չես հասկանում, ոտքիդ տակ հողը մի թել կածան է՝ աներևակայելի բարձրությունից կախ, ու դու հազիվ ես պահում հավասարակշռությունդ, որ չգահավիժես: Ձայնդ տեղ չի հասնում, որ օգնություն կանչես, արդեն հստակ գիտակցում ես, որ սա մահն է, որ դու քնած ես ու քնած չես, ուղղակի, արթնանալը չի հաջողվում: Ինքդ ես փորձում օգնել քեզ՝ ձեռքերդ չեն բարձրանում, որ դուրս քաշես քեզ անհուսալի փոսից, ապտակես, կմճտես այտերդ, որ արթնանաս… Չի ստացվում:
Սա հենց մղձավանջն է, այսինքն՝ մեր կյանքը:
Ահա թե ինչու էին համաճարակի օրերին գլոբալիստները համառորեն պնդում, որ աշխարհն այլևս նախկինը չի լինելու: Պատերազմն ու դավված երկին էլ վերադիր եկան՝ մահը կատարյալ դարձնելու:


Ահա թե ինչ է փոխվել, մեր կյանքը դարձել է մղձավանջային երազ:
Մայրս նման դեպքում կասեր՝ չգիտեմ, հողի երեսի՞ն եմ, թե հողի տակ:
Ոչ մի բան այլևս չի ուրախացնում ՝ թեկուզ ոսկե սարեր էլ տան: Չգիտեմ, ե՞ս եմ վարի գնում, թե՞ երկիրը: Մի տեղ բարձրաձայն ասացի, ի զարմանս ինձ, բոլորը միասին ասացին՝ երկիրը… Ավելի տխրեցի, նեղվեցի, չուրախացա, որ վարի գնացողը ես չեմ, այլ՝ երկիրը: է՛լ ավելի վատ, որ՝ երկիրը, չսփոփեցիք: Երկիրը վարի տվողն էլ ենք մենք, բարձրացնողն էլ, մեզանից դուրս ինչ-որ գոյություն չէ երկիրը:


Իսկ ո՞վ է ում սփոփում կամ լսում:
Այս ի՞նչ են ցանել մեզ վրա, ի՞նչ են սրսկել օդում, որ չենք կարողանում մահաբեր քնից արթնանալ, բնազդական թշնամանքը հաղթահարել՝ մեկս մյուսի նկատմամբ:
Թե՞ ի վերուստ ենք այսպես շուտ փչացող իսան:
Միանգամի՞ց ենք որոշել պառակտվել, վրեժխնդիր լինել իրարից:
ՈՒ՞ր է տանելու այս անտարբերությունը, մինչև շեմդ հասած թշնամանքը, ուրիշի տխրությամբ վեր-վեր ցատկելը, ուրախությամբ՝ տխրելը: Այդպես էլ մեռնելու ենք՝ ոչ մեզնից բան հասկացած, ոչ երկրի ապագայից, թե ինչ եղավ կամ ինչ է լինելու:
Վերջերս մեկն ասաց՝ նկատե՞լ ես, էլ երկար չենք զրուցում, չենք նստում և սուրճ չենք խմում, բարևում ենք, անցնում:
Բրոդսկու՝ իմ սիրած բառերով ասացի.
-Я говорю с тобой, и не моя вина, если не слышно…
Դեռ լավ է կատակելու ուժն էլ մնացել է, թե չէ կխենթանայինք:
Բայց կատակն էլ կատակ չէ, եթե իր մեջ հիսուն տոկոս ճշմարտություն չունի, եթե այս ամենի մեջ չես հիշում Տերյանի ցավագին տողը. «Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ պատել, պայծառ Նաիրի»:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 8891

Մեկնաբանություններ