Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մտել է մի փուլ, որտեղ չի կարող չլինել ինչպես հաշտարարի, այնպես էլ նրա ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Համառորեն նման գործառույթ է մասնավորապես փորձում ստանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով փորձում է խաղալ միանգամից երկու ջութակի վրա` ակնկալելով քաղել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դիվիդենտներ: Նա այնպես է ոգևորվել այդ հանձնառույթով, որ վերջերս որպես բացասական օրինակ է հիշել Մյունխենի ֆիլհարմոնիայից Վալերի Գերգիևի վտարումը, ՈՒկրաինայում Դոստոևսկու մասին դասախոսությունների արգելումը:
Այս շարքում Էրդողանի կողմից թերևս տեղին կլիներ նաև Կռիլովին ու նրա «ծառայամիտ հիմարը թշնամուց վտանգավոր է» տողը հիշելը, մանավանդ որ, ռուս հայտնի առակագիրն ՈՒկրաինայում արգելանքի տակ է, հանված է դպրոցական ծրագրերից, սակայն, քանի որ Կռիլով ազգանունը, անգամ մոտավորությամբ, նրան կարող էր հիշեցնել 2016-ին Անկարայում ռուս դիվանագետի սպանությունը, վերջինս շրջահայեցորեն շրջանցված է:
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պարագայում տնտեսական առումով այն Թուրքիայի համար առավել քան շահավետ գործընկեր է` ապրանքափոխանակության դիմաց գծագրվող 100 միլիարդ դոլարը շոշափելի գումար է: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական դիվիդենտներին, երբ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով Թուրքիան իրենով է արել Ադրբեջանը, իսկ Վրաստանի տնտեսական օկուպացումը գրեթե կայացած փաստ է, ինչո՞վ խաղարկելի չէ հայկական խաղաքարտը, մանավանդ որ, հայաստանյան իշխանություններն ազգակործան «խաղաղության դարաշրջան» քարոզով երկիրն ինտենսիվորեն մղում են Թուրքիայի գիրկը:
Ստացվում է` հեռանալով Հարավային Կովկասից, Ռուսաստանը ոչ միայն վտանգի տակ է դնում երկրի հարավային դարպասները, այլև տարածաշրջանային իր միակ բնական դաշնակցին: Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ Վլադիմիր Պուտինի հայտնի «մերոնց չենք լքում» արտահայտությունը: Ի՞նչ է, դաշնակիցներին դա չի՞ վերաբերում: Ես հարցս Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ուղղում ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլև որպես անվտանգային համակարգի նույնքան երկարամյա աշխատակից ու գործընկեր:
Հրանտ Եպիսկոպոսյան
ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ,
գեներալ-լեյտենանտ, ԱԱԾ պահեստազորի
սպաների միության համահիմնադիր, խորհրդի նախագահ