Ես հեռու կմնամ համամարդկային բազում պատասխաններից ու կնտրեմ միայն մեկը` մենք պետք է հարուստ լինենք, որ կարողանանք բանակը զինել նորագույն զենքերով, տեխնոլոգիաներով, հնարավորինս կարողանանք նաև այդ ամենը արտադրել մեր երկրում, ապահովել պատմականորեն շրջափակման մեջ գտնվող մեր երկրի բնակչության ապրելու իրավունքը, նաև դրանով ստիպենք հարևաններին հարգել մեզ:
Այս գերխնդրի լուծման բանալին մեր երկրի քաղաքացու մոտ է. դա նրա «շարիկներն», են, «բան» ստեղծելու նրա ունակությունն է, որն առավել արդյունավետ կդրսևորվի, եթե կարողանանք գտնել դրանց աշխատանքի գնահատման օբյեկտիվ ցուցանիշները` իսպառ բացառելով կոռուպցիան, ատկատները, թալանը: Վերջին հաշվով գերխնդրի լուծումը հանգում է աշխարհի և մեր իրողությունների վերլուծության հիման վրա ոլորտային նպատակների ճիշտ ձևակերպմանը և դրանց իրացմանը` առավել արդյունավետ շարիկներով օժտված «ճիշտ» մարդուն «ճիշտ» տեղում աշխատանքի նշանակելով: Երևի հենց այսպիսին էլ պետք է լինենք մենք:
Թվում է, թե նպատակը ձևավորելու դժվարություն չկա. նույնիսկ միայն համացանցի միջոցով հնարավոր է վերլուծել առկա իրողությունները և բնաարտադրական, ինտելեկտուալ մեր ռեսուրսների համադրմամբ ձևակերպել խնդիրները: Բայց, պարզվում է, դա էլ չենք կարողանում. ղարաբաղյան պատերազմում մեր պարտության, բազում զոհերի հիմնական պատճառներից մեկը անօդաչու սարքերի անտեսումն էր, այն դեպքում, երբ դրանց անհրաժեշտությունը մի քանի տարի առաջ անընդհատ բարձրաձայնվել է: Բայց պատասխանատուների կողմից դա չի ընկալվել, տեղ չի հասել…ու, ողբերգությունը:
Այս իրողությունը կարող էր դիտվել որպես պատահականություն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա օրինաչափություն է, պայմանավորված սևերի և սպիտակների անժամանակ, արհեստականորեն ուռճացված հակամարտությամբ` մամուլի հրապարակումների անտեսմամբ, հասարակության երկփեղկմամբ: Այն դեպքում, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, իսկ հարևաններից մեկի հետ էլ` պատերազմական իրավիճակում, ինչը պահանջում է թիկունքի առավել հուսալիությունը:
«Իրատես»-ի մի քանի հրապարակումներում շեշտվել էր այն մոտեցումը, որ ներքին լարվածությունը կարելի է լիցքաթափել, եթե թալանի 50 տոկոսը կամովին վերադարձվի, իսկ մյուս 50 տոկոսով, կառավարության աջակցությամբ, «մեղքը խոստովանած» անձը զբաղվի ձեռնարկչատիրական գործունեությամբ: Այսպիսի անցնցում ձեռնարկով բյուջեն կլցվեր, սևերն էլ կհավասարվեին սպիտակներին, տնտեսությունն էլ առաջ կշարժվեր: Հասկանալի է, որ թալանի չափը միտումնավոր նվազեցնելու դեպքում կգործեին այլ պատժամիջոցներ:
Երևի պետք է ընդունենք, որ դեռ պատասխանատու հասարակություն չենք, մեզանից ամեն մեկը ինչ-որ չափով հանցագործ է` թալանը տեսնելով, անարդարությունները տեսնելով, պոպուլիզմով տարվելով և բավարար չափով չպայքարելով: Կարող ենք արդարացումներ փնտրել` կրակում են: Բայց միշտ էլ կրակել են. հիշենք Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» հայտնի կտավը:
Առանձին դիտարկման նյութ է մամուլի հրապարակումներին կառավարության արձագանքի թեման: «Իրատես»-ին թղթակցելու 5 տարվա ընթացքում չեմ կարող նշել կառավարության արձագանքի մի դեպք, թեպետ բարձրացված խնդիրները միլիոնավոր դոլարների մասին էին: Սրանք նաև հենց այն դոլարներն էին, որ գնված անօդաչու սարքերի տեսքով կարող էին հարյուրավոր կյանքեր փրկել: Ցավոք, խնդիրը ոչնչով չեն լուծում նաև կառավարություն ուղարկված դիմումները. դրանց պատասխանները անդեմ են, լղոզված, անիմաստ:
Այս անհեթեթ իրավիճակը պարզաբանելու համար նախարարություններ այցելելը ինձ կանգնեցրեց մի նոր փակուղու առաջ. բաժնի վարիչներից մեկի խոսքն եմ մեջ բերում. «հրահանգել են անտեսել մամուլի հրապարակումները»... Մինչդեռ ցանկացած նախարարություն ունի նվազագույնը 20-30 աշխատակից, որոնք շատ հարմարավետ պայմաններում զբաղվում են տեղեկատվության ամփոփմամբ. կառավարության համապատասխան բաժնի աշխատողները 100-ից ավելի են: ՈՒ՞մ և ինչի՞ն են ծառայում նրանք…
Այս ամենը շեշտում է այն ցավալի իրողությունը, որ կառավարման համակարգը օբյեկտիվորեն, միտումնավոր հրաժարվում է իր քաղաքացիներին լսելուց. իրենք ամեն ինչ գիտեն և որևէ մեկի խորհրդի կարիքը չեն զգում: Այս մոտեցումը ունի իր տնտեսական հիմնավորումը. քաղաքացիներին լսելով, նրանց հետ զրուցելով չինովնիկը կամա թե ակամա բացելու է իր կողմից կատարվելիք աշխատանքների բովանդակությունը, որոնց մեծ մասը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, անիմաստ է, տնտեսական արդյունավետության առումով` անհեթեթ, և միտված է վարկային գումարների, բյուջեի ատկատներին, թալանին: Մինչդեռ դրանք հաստատ կարող էին չլինել, եթե քննարկումներին մասնակցեին անկախ փորձագետները:
Բայց, ճանաչված գիտնական, գիտատար արտադրությունների բազմափորձ, հմուտ կազմակերպիչ Վահան Համազասպյանը այդպես էլ չի արժանանում իր մշակումների կառավարական քննարկումներին: «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի աշխատանքները, որոնց տնտեսական արդյունավետությունը վարչապետերին ուղարկված նախարարների պատասխաններով գնահատվում է տարեկան մեկ մլրդ դոլարի չափով, էկոնոմիկայի նախարարությունում հրաժարվում են մեր մասնակցությամբ քննարկել: Հիմա էլ մի նոր պատճառ. կորոնավիրուսը թույլ չի տալիս: Մինչդեռ օրական, իրենց իսկ հայտարարության համաձայն, տասնյակ շահառուների հետ են հանդիպում:
Հեղափոխական կառավարության գլխավոր տնտեսագետը` էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «ՀՀ զարգացման օրակարգը» քննարկումներում (ՀՀ օրաթերթ, 29.08.2019 թ.) շեշտում է, որ «… 15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած, 2 անգամ ցածր արտադրողականություն ԵԱՏՄ առաջատար պետությունների հետ համեմատած: Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է:… Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է»:
Ո՞վ և ի՞նչ միջոցներով պետք է ապահովեր այդ առաջընթացը…
Նախարարի փաստարկմամբ՝ դա պետք է անեն արտերկրի ներդրողները, միայն թե նրանց պետք է ճանաչելի դարձնել Հայաստանը և «հուշել», որ մեր երկրով կարող են մտնել ԵԱՏՄ շուկա:
Հիանալի է, աշխարհի բիզնեսմեններին կուղարկենք Հայաստանի, ԵԱՏՄ աշխարհագրության միջնակարգ դպրոցի դասագրքերը. ու, խնդրեմ` դոլարների պարկերը շալակած նրանք, իրար հերթ չտալով, կվազեն մեր երկիր: Իսկ մե՞նք, մենք ի՞նչ պետք է անենք… Մենք էլ կհավաքենք հարկերը ու առոք-փառոք, պրակտիկորեն առանց մի կաթիլ քրտինք թափելու, կլցնենք բյուջեն, կապրենք աղավարի: Այսինքն, մենք մեր խնդիրները լուծելով չենք զբաղվի, դրանով կզբաղվեն դրսից եկածները:
Նախկին նախարարն այն կարծիքին էր, որ այսպես վարվելով «մենք առաջնային պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև ԱՆՎՏԱՆԳ, ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղը ամրացնելու համար»:
Ինչպես ասում են, հասանք վերջակետին` խոսքը «անվտանգ, ապահով Հայաստան ունենալու մասին է»: ՈՒ ինչպես հասկացանք, դա պետք է անեն դրսից եկողները` հարստացնելով մեր երկիրը: Այսպիսին է մեր երկրի նախկին գլխավոր ՏՆՏԵՍԱԳԵՏԻ մոտեցումը. և սա մեր երկրի դժբախտությունն է:
Լավ, քանի դար պետք է անցնի, քանի հայ անիմաստ պետք է զոհվի, որ հասկանանք՝ մեր տան անվտանգությունը մենք ենք ապահովելու, մեր տան բարեկեցությունը մենք ենք ստեղծելու, և որ ռեսուրսներ փնտրել պետք չէ, պարոն նախկին նախարար, դրանք ձեր ոտքերի տակ են` հազարավոր հեկտարների հասնող չօգտագործվող վարելահողերն են, 8 մլրդ խմ մակերևութային ոռոգման ջուրն է, որը դուք նվիրաբերում եք մեզ պատերազմ հայտարարած թուրքին ու ադրբեջանցուն, ամեն տարի երկրում ստեղծելով ոռոգման ջրի խնդիրներ ու դրությունը փրկելու համար, ջրազրկում Սևանը, դրանք դեգրադացված, գրեթե անապատի վերածված մեր արոտներն ու խոտհարքներն են, որոնց բարելավման պատրվակով վերցված 60 մլն դոլար վարկի թալանը այդպես էլ չկարողացաք, թե չուզեցիք հայտնաբերել: Մեր անմեղ զոհված ջահելների արյունը պատասխան է պահանջում: Այդ 60 մլն դոլարը 60 անօդաչու սարքեր են… Ո՞Ւմ փորոտիքում են հայտնվել դրանք, և ովքե՞ր են իրական դավաճանները:
Մամուլում պտտվող լուրերի համաձայն, տնտեսությունը զարգացնելու պատրվակով թալանվել է ավելի քան 10 մլրդ դոլար, որով, ժամանակակից զենքերով և տեխնոլոգիաներով կարելի էր զինել մի քանի բանակ: Որտե՞ղ էիք Դուք, պարոն նախկին նախարար, երևի դուք էլ թալանչիների շարքում էիք, այլապես ինչպես բացատրել, երբ ձեզ տեղեկացնում են, որ երկրիդ գիտնականները ստեղծել են բազմամիլիոնանոց դոլարների օգուտ բերող սարքեր, տեխնոլոգիաներ, Դուք հրաժարվում եք նույնիսկ ծանոթանալ դրանց հետ, և ճիշտ եք անում, որովհետև Ձեր ինչի՞ն են պետք տեղի գիտնականներն ու գիտությունը, երբ անձնական շահը գալիս է վարկերի, դրամաշնորհների, բյուջեի ատկատներից, թալանից: Այս ամենը հրապարակայնորեն քննարկելու համար ես Ձեզ (կամ Ձեր աշխատակցին) «Իրատեսի» միջոցով հրավեր էի ուղարկել: Բայց դուք նույնիսկ չպատասխանեցիք։ Չասված բառերը թողնում եմ ընթերցողներին:
Այսօր էլ, գերվտանգ այս օրերին, մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը մենք դարձյալ կապում ենք դրսի ուժերի հետ: Ցավոք, նաև ոչ անքան հստակ, հիմնավոր դիվանագիտական քայլերով: Աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով, մեր կշռի չափը օբյեկտիվորեն գնահատելով, եկեք ազգովի կողմնորոշվենք. ի վիճակի՞ ենք արդյոք մեր ռեսուրսներով դիմակայելու թուրք-ադրբեջանական զինուժին: Եթե ոչ, ապա ո՞րն է այլընտրանքը:
Կյանքը շարունակվում է, ապրել է պետք: Տնտեսությունը զարգացնել է պետք: Մի քանի օր առաջ ունեցանք էկոնոմիկայի նոր նախարար, թեպետ այդպես էլ չհասկացանք, թե հինը որ արժանիքների համար դարձավ նախարար և ո՛ր մեղքերի համար թողեց այդ պաշտոնը: Նույնը կարելի ասել նաև վերջերս փոխված նախարարների մասին: Խոշոր հաշվով մենք քիչ բան գիտեինք նաև մեր վարչապետի աթոռ զբաղեցրած սուբյեկտի մասին... Հռետորական հարց. նա իր նախարարներով մեզ ու՞ր է տանում։ Երեսուն տարվա փորձից ելնելով՝ հավանական կանգառը դժոխքն է։
Մեկ անգամ ևս շեշտեմ. անցյալ տարվա դրությամբ, էկոնոմիկայի նախկին նախարարի հավաստմամբ, մենք «…15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից»: Հասկանալի է, որ այս իրավիճակով, այս մթնոլորտով տնտեսությունը ոչ թե կզարգանա, այլ կշարունակի գահավիժել, բազմապատկելով անկման վերը նշված ցուցանիշը, ու ի հավելումն դրա, մենք սերունդներին կթողնենք նաև ֆիզիկապես անդամահատված երկիր:
Ի՞նչ անել… Հարցնելը հեշտ է, պատասխանելն է դժվար: Բայց չէ՞ որ աշխարհաքաղաքական, բնաարտադրական ավելի վատ պայմաններում գտնվող բազմաթիվ երկրներ գտել են ելքը: ՈՒրեմն, ո՞րն է խնդիրը:
Խնդիրը երևի պետք է փնտրենք մեր մեջ: Առայժմ ուղղակի փաստենք, որ 30 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացանք գտնել մեր երկրի կառավարման ճիշտ ձևը, արդար համակեցության և արարելու մեր համակարգը:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ