ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նավալնու գործը ճոճում է ֆրանս-ռուսական մերձեցումը

Նավալնու գործը ճոճում է ֆրանս-ռուսական մերձեցումը
19.09.2020 | 10:40

Կարո՞ղ է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը նշանավորել «ուղեղի մահը» ֆրանս-ռուսական մերձեցման, որ անցած տարվանից սկսել է Էմանուել Մակրոնը՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: Ռազմավարական սամիթը, որտեղ 2+2 ձևաչափով պիտի հանդիպեին 2 երկրների ԱԳ և ՊՆ նախարարները, բեկանվել է: Ֆրանսիայի նախագահի Մոսկվա այցը առժամանակ մոռացվել է: Քանի որ ֆրանսիական լաբորալտորիան հաստատեց, որ Նավալնին իրոք թունավորվել է նյարդակաթվածահարող «Նովիչոկ« գազով, Էմանուել Մակրոնը փոխեց տոնը Կրեմլի հետ խոսակցությունում: Սկզբում նա թույլ տվեց իր ԱԳ նախարարին հանդես գալ G7-ի կամ ԵՄ-ի շրջանակներում, բայց երկուշաբթի վճռեց այլևս չսպասել և արտահայտվեց նույնքան վճռական, որքան Անգելա Մերկելը, պահանջեով «լույս սփռել» ռուս ընդդիմադիրի մահափորձի վրա: Հեռախոսով նա Վլադիմիր Պուտինից հաշվետվություն պահանջեց, բայց Պուտինը կտրուկ մերժեց: Փարիզում, ինչպես Բեռլինում, Նավալնու գործը, կայծակի հարվածի արդյունք տվեց: Ընդունելով Վլադիմիր Պուտինին 2019-ի ամռանը Բրեգանսոնում՝ շարունակելու համար հարաբերությունների վերբեռնումը, Մակրոնը հույս ուներ հաջողության հասնել այնտեղ, որտեղ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը ձախողվել էին, ինչպես և Բարաք Օբաման: Համենայն դեպս՝ Մակրոնը, որ չի հավատում պատժամիջոցներին և ցանկանում է խոսել բոլորի հետ, գտնում է, որ Ռուսաստանը եվրոպական ընդհանուր անվտանգության կառուցման համար կարևոր երկիր է: Քանի որ իր նախագահոթյան սկզբում Մակրոնը հավատում էր, որ կկարողանա ներգործել Դոնալդ Թրամփի վրա, հույս ուներ, որ փափուկ մեթոդներով կստացվի Ռուսաստանին վերադարձնել դիրքեր, որ ավելի համատեղելի են Արևմուտքի քաղաքականության հետ:

«Փափուկ մեթո՞դ: Ավելի շուտ ինքնաներշնչանք Կութի մեթոդով» ասել է մի դիվանագետ: Մոսկվայի հետ փոխգործակցության ռազմավարական վերականգնման նախաձեռնությունից մեկ տարի անց արդյունքներ չկան: Նորմանդական գործընթացը Ուկրաինայում կանգ է առել, բանակցությունները դադարել են: 2018-ին Անգլիայում ռուս նախկին գործակալ Սկրիպալի ու նրա դստեր «Նովիչոկով» թունավորումից հետո Եվրոպայի սահմանած պատժամիջոցները չխանգարեցին Ռուսաստանին հերթական անգամ օգտագործել արգելված մարտական նյարդակաթվածահարող թույնը հակառակորդի մահափորձի համար: Ոչ կարմիր գորգը Բրեգանսոնում, ոչ Ֆրանսիայի օգնությունը ԵԽԽՎ վերադառնալու մեջ Վլադիմիր Պուտինից նվազագույն զիջում չպոկեցին: Արևմուտքը Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա ազդելու քիչ լծակներ ունի: Անհատական պատժամիջոցները զայրացնում են էլիտաների որոշ ներկայացուցիչների, բայց չեն փոխում Մոսկվայի վարքագիծը: «Ռուսաստանի քաղաքականությունը 2014-ից դարձել է բավականին հերմետիկ՝ ազդել ուրիշների վարքագծի վրա, ստիպել ընդունել սեփական դիրքորոշումներն ու տեսակետները և սահմանափակել արտաքին ազդեցությունը»՝ բացատրում է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ռուսաստանի մասնագետ Տատյանա Կաստուևա-Ժանը: «Կրեմլում զիջումները կամ երկխոսության փորձերը համարում են թուլության խոստովանություն: Վլադիմիր Պուտինը չի ընդունում իրեն ուղղված ձեռքը»՝ ասում է Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին նախարար, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Թոռնիկե Գորդաձեն: Չնայած Նավալնու թունավորման անակնկալ ազդանշանին, Փարիզը մտադիր չէ այդքան արագ հրաժարվել Մոսկվայի հետ մերձեցումից: Ելիսեյան պալատի կուլուարներում ռուսական քաղաքականության որոշ խաղացողներ հնարավոր են համարում, որ որոշ սխալներ են եղել հաշվարկներում: «Մեր սխալն էր, որ մենք նախաձեռնությունը սկսեցինք Բրեգանսոնուն, մինչ այդ Լեհաստան կամ Բալթյան երկրներ չգնալով, որ խոսենք մեր արևելյան գործընկերների հետ»՝ ասում է նրանցից մեկը:

«Մոսկվան գտնում է, որ Արևմուտքը միշտ շահագրգռված է լինելու համագործակցել էներգետիկ ոլորտում, Մերձավոր Արևելքում ու ռազմավարական կայունության համար՝ անկախ քաղաքական իրավիճակից»՝ գտնում է Տատյանա Կաստուևա-Ժանը: Նման փափուկ մեթոդ Էմանուել Մակրոնը վճռել է կիրառել բելառուսական ճգնաժամի նկատմամբ, չնայած Կրեմլի միջամտության սպառնալիքներին: «Բելառուսի հարցում մենք նախևառաջ ուզում ենք խուսափել ուկրաինական սցենարի կրկնությունից: Մենք չենք ցանկանում Ռուսաստանին թիկունք դարձնել՝ խուսափելու համար նրա կողմից սադրանքներից: Պետք չէ փակել աչքերը կատարվողի վրա և ամեն կերպ աջակցել ժողովրդավարական շարժմանը»՝ եզրափակել է բարձրաստիճան մի դիվանագետ:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Նավալնու թունավորման պատմությունը գլուխկոտրուկ է իր օրեցօր բացահայտվող մանրամասներով՝ հատկապես ջրի շշի, որ գտնվել է հյուրանոցից և որի վրա գտնվել են թույնի հետքեր, բայց ամբողջ հյուրանոցում ոչ ոք չի թունավորվել «Նովիչոկից», որ գազ է, ուստի չէր կարող կոնկրետ մի մարդու թիրախավորել: Կամ էլ՝ Նավալնուն թունավորելու մտադրություն ունեցողները պիտի նրան թունավորեին հենց Օմսկում ու ուղարկեին Գերմանիա, որտեղ բացահայտվեր նրանց հանցագործությունը: Նույնիսկ եթե Նավալնին Օմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում մահանար, միևնույն է, հարուցվելու էր քրեական գործ՝ մահվան պատճառները պարզելու: Բոլոր դեպքերում՝ կան բազում հարցեր, որ ունեն պատասխաններ, բայց պատասխանները ոչ ոք չի որոնում, որովհետև Գերմանիան ի սկզբանե կայացրել է թունավորման դատավճիռ, Ֆրանսիայի ու Շվեդիայի անկախ լաբորատորիաները հաստատել են բունդեսվերի լաբորատորիայի եզրակացությունը, իսկ Մերկելն ու Մակրոնը հիմա փաստի առաջ են հայտնվել: Եթե սա դավադրություն ու մահափորձ է, հարց է, թե ու՞մ դեմ: Նավալնու՞, թե՞ Ռուսաստանի: Թե՞ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում փոփոխությունների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ