ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կորոնավիրուս՝ ԱՀԿ-ն նորից աղետ է գուժում

Կորոնավիրուս՝ ԱՀԿ-ն նորից աղետ է գուժում
18.09.2020 | 11:22

Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը մոտենում է 30 միլիոնին (29,6 միլիոն), մահացել է 935,8 հազար մարդ: Իրավիճակը լուրջ է Հնդկաստանում՝ 5 միլիոն վարակված, որ երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո: 82 000 մարդ մահացել է (երրորդն ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո): Երկու շաբաթ ամեն օր հիվանդանում է 100 000 մարդ: Վիճակագրության աճը Հնդկաստանում սկսվել է սահմանափակումների թուլացումից հետո: Իշխանությունները ասում են, որ դա անհրաժեշտ է տնտեսության վերականգնման համար: Փակ են միայն դպրոցները, քոլեջներն ու կինոթատրոնները: ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն իրավիճակն աշխարհում որակել է սարփափազդու և նախազգուշացրել, որ դա միայն պանդեմիայի սկիզբն է: Նրա խոսքով՝ վտանգավոր է, որ վիրուսի տարածումն արագացել է մոլորակի ամենախիտ բնակեցված մասերում: Օրինակ՝ Հնդկաստանի 5 միլիոն հիվանդներից 1 միլիոնը վարակվել է վերջին 11 օրում:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռայանը հայտարարել է, որ Եվրոպայի ղեկավարները պետք է լավագույնի հույսերից հրաժարվեն ու կոշտ որոշումներ ընդունեն, որոնք թույլ կտան ձմռանը պաշտպանել սոցիալական խոցելի խմբերին բարդություններից: Դանիան վերջերս նորից սահմանափակումներ է մտցրել համաճարակային իրավիճակի վատացման պատճառով՝ կրճատվել են բարերի ու ռեստորանների աշխատաժամերը: Ֆրանսիայում փակվել է 81 դպրոց, երբ ուսումնական տարվա սկզբից հետո 28 ուսումնական հաստատություններում երեխաների Covid-19-ով վարակման դեպքեր գրանցվեցին: 2000 արտադպրոցական ու անհատական պարապմունքներ՝ ֆակուլտատիվներ ու խմբակներ ևս փակվել են: ՙՄենք արդեն ուսանողների վարակման 1200 նոր դեպք ունենք, որ անցյալ շաբաթվանից ավելին է՚՝ ասել է կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն: Ֆրանսիայում օգոստոսից վարակվածության վիճակագրությունը կտրուկ աճում է՝ անցած կիրակի նոր հիվանդների թիվը գերազանցել է 10000-ը: Բորդոյի ու Մարսելի իշխանությունները կարանտինը խստացրել են: Ֆրանսիան Եվրոպայում երկրորդն է ու աշխարհում 12-րդը վարակվածների թվով՝ 433,9 հազար մարդ, մահացել է 31 000-ը (2-րդ ցուցանիշը Եվրոպայում, 7-րդն՝ աշխարհում):


Օրական նոր հակառեկորդ է Չեխիայոմ՝ 1677 վարակված 24 ժամում: Կտրուկ աճել է հոսպիտալացվածների և ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը: Մահվան կորը նույնպես վեր է բարձրացել, ընդհանուր իրավիճակը մոտենում է մարտ-ապրիլի ցուցանիշներին: Անցյալ շաբաթ նոր սահմանափակումներ մտցվեցին, չեխ բժիշկները նախազգուշացնում են, որ արդյունքը կերևա միայն 2-3 շաբաթ անց, իսկ մինչ այդ իրավիճակը դեռ կվատանա: Հիվանդացածների ընդհանուր թիվը 38,9 հազար մարդ է, մահացել է 476-ը:.
ԵՄ 27 երկրների դեսպանները վճռել են անփոփոխ թողնել արտասահմանյան 10 պետությունների ցանկը, որոնց հետո թույլատրված է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը և ՌԴ-ն այդ ցանկում չկան:
BBC


Հ.Գ. Վարակվածների թիվը մեծանում է և Լատինական Ամերիկայում: 5 երկիր աշխարհի առաջին տասնյակում են վարակվածների թվով՝ Բրազիլիան (4,3 միլիոն), Պերուն (738 000), Կոլումբիան (728,5 հազար), Մեքսիկան (676,4 հազար), Արգենտինան (577,3 հազար): Մյանմայի իշխանությունները սկսել են ժամանակավոր հիվանդանոց կառուցել դաշտում, մայրաքաղաք Յանգոնի մերձակայքում: Հիվանդանոցը 500 պացիենտի համար է: Անցյալ շաբաթ իշխանությունները փակել են Յանգոնը, արգելելով դուրս գալ քաղաքից: Դադարեցվել է ներքին ավիահաղորդակցությունը:


Ավստրալիան պատրաստվում է հանել սահմանափակումների մեծ մասը Վիկտորիայում ու մայրաքաղաք Մելբուռնում: Մելբուռնը համարվում էր համաճարակի էպիկենտրոն: Վերջին 14 օրում նոր դեպքերի թիվը 50-ից չի անցել: Ավստրալիայի իշխանությունների կարծիքով՝ դա լավագույն ցուցիչն է կարանտինի թուլացման համար: Աշխատանքի են վերադառնալու շինարարները. գործարանները, արհեստանոցները, նախադպրոցական հաստատությունները: Սրճարաններն ու ռեստորանները նորից կարող են այցելուներ ընդունել, բայց միայն բաց տարածքներում, 50 մարդուց ոչ ավելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ