ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հունական եկեղեցիները սուգ են հայտարարել

Հունական եկեղեցիները սուգ են հայտարարել
26.07.2020 | 10:48

Հուլիսի 24-ին Հունաստանի ուղղափառ եկեղեցիներում հայտարարվել է սգո օր՝ 1934-ից հետո Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազի առիթով: Ամբողջ Հունաստանի ուղղափառ եկեղեցիներում զանգահարությամբ բողոք են արտահայտել, Էլլադայի ուղղափառ եկեղեցու Իերոնիմ երկրորդ արքեպիսկոպոսը նամազը բյուզանդական նախկին գլխավոր տաճարում անվանել է «պղծող վիրավորանք»: «Այսօր ամբողջ քրիստոնեության համար սգո օր է»՝ հայտարարել է Իերոնիմ երկրորդը: AFP-ը հաղորդում է, որ երեկոյան նա Աթենքի Սուրբ Աստվածամայր տաճարում հատուկ պատարագ է անցկացրել: Սգո զանգահարությունը հնչել է ամբողջ Հուանստանում:
Ստամբուլում ուրբաթ առավոտյան Սուրբ Սոֆիայում (որ հիմա պաշտոնապես կոչվում է Այա Սոֆիայի մեծ մզկիթ) նամազին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Euronews-ը հաղորդում է, որ նամազի բոլոր մասնակիցներին բաժանվել է սուլթան Մեհմեդ Ֆաթիհի հրամանի տեքստը՝ սրբավայրը մինչև Ահեղ դատաստանի օրը մուսուլմաններին հանձնելու մասին:


Նամազը Սուրբ Սոֆիայում հնարավոր դարձավ, երբ Պետական խորհուրդը բեկանեց կառավարության 1934-ին ընդունված որոշումը Ստամբուլի Սուբր Սոֆիա տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհելու մասին: Խորհրդի որոշումից անմիջապես հետո Էրդողանը ստորագրեց հրամանագիրը: Տաճարի կարգավիճակի փոփոխության դեմ իրենց բողոքն են հայտնել և Ռուս ուղղափառ եկեղեցին, և Կրեմլը: Իրենց ափսոսանքն են հայտնել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի իշխանութունները: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նույնպես հայտարարեց, որ վշտացած է այդ որոշումից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայի իշխանություններին՝ կոչ արեց պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որ Համաշխարհային ժառանգության ցանկում է իբրև թանգարան: Այնուհանդերձ, տաճարին մզկիթի կարգավիճակ տալու վճիռն ընդունվեց: Կրոնական գործերով թուրքական Diyanet վարչությունը հուլիսի 14-ին հայտարարեց, որ Այա Սոֆիան նախկինի պես այցելուների համար բաց կլինի աղոթքի ժամերից դուրս: Ուղղափառ որմնանկարները նամազի ժամանակ կվարագուրվեն կամ «այլ հարմար միջոցներով» կծածկվեն: Կրեմլում դրանից հետո իրենց գոհունակությունը հայտնեցին Թուրքիայի իշխանություններից, որ տաճարը չի փակվի:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում: 1453-ին Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո սուլթան Մեհմեդ երկրորդը հրամայեց ուղաղփառ տաճարը վերածել մզկիթի: 1934-ին Թուրքիայի ժամանակակից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանագրով մզկիթին տրվեց թանգարանի կարգավիճակ: Նրանից 86 տարի հետո տաճարում նորից նամազ են անում:
RFI


Հ.Գ. Հունաստանն ու Թուրքիան դատապարտել են միմյանց՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մահմեդական աղոթքից հետո: «Դա ոչ թե հզորության, այլ՝ թուլության նշան էր», - հայտարարել է Հունաստանի վարչապետը, ԱԳՆ-էլ պնդել է՝ «21-րդ դարում միջազգային հանրությունը ապշահար հետևում է, թե ինչպես է կրոնական ու ազգայնական մոլեռանդությունն աճում ժամանակակից Թուրքիայում»։
Անկարան հակադարձել է, թե տաճարը գտնվում է իր տարածքում, և որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է միայն իր ժողովրդին։ Իրականում Աթենքը պետք է ոչ թե ապշահար հետևի կամ սգո օր հայտարարի, այլ փակի Հունաստանում գործող մզկիթները՝ վերածելով թանգարանի: Եվ բոլոր այն պետությունները, որ վրդովմունք կամ հետագայում գոհունակություն են հայտնել, իրենց տարածքում պետք է արգելեն մզկիթները, միայն դա կազդի Էրդողանի վրա, ոչ թե անատամ հայտարարությունները, ափսոսանքն ու վիշտը: Ու դա դեռ միայն սկիզբն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 17137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ