Ալֆան և օմեգան
08.05.2020 | 00:40
Իրավիճակը սրվում էր, լարվածությունը՝ մեծանում…
Չթաքցնեմ, վերջերս հեռախոսազրույց ունեցա մի խորհրդավոր անձնավորության հետ իր իսկ նախաձեռնությամբ: Ներկայացավ որպես տիեզերական հաղորդակցությունների միջմոլորակային կազմակերպության դիստրիբյուտոր և խնդրեց կոնֆիդենցիալ հանդիպում: Մեր մեջ ասած, մեծ ջանքեր պահանջվեցին ինձանից անձնական ավտոմեքենայով թիկնազորիս հսկողությունից ճողոպրելու համար, և մենք ուղիղ կեսգիշերին հանդիպեցինք կոնսպիրացված բնակարանում: Բացառիկ նշանակալի, գործնական, փոխշահավետ խոսակցություն ունեցանք, որը տևեց մինչև լուսաբաց: Չմանրամասնեմ, քանզի այն փակ նիստ էր և պարունակում է գաղտնիության տարրեր: Միայն նշեմ, որ առաջիկայում հյուրընկալելու եմ այլմոլորակայինների ներկայացուցչական մի պատվիրակության, որի անդամները պատրաստ են խոշոր ներդրումներ կատարելու մեր երկրում: Մեր իշխանական թիմի աննախադեպ տիեզերագիտական իմացությունն ու կանխատեսումները ցնցել են նրանց: Բանակցային սեղանին քննարկման է դրված հիմնարար և ընթացիկ լայնածավալ հիմնահարցերի մի պատկառելի բազմաբնույթ փաթեթ: Հավանաբար, ձեռք կբերվեն նաև պայմանավորվածություններ իմ և տիկնոջս առաջիկա համատեղ փոխադարձ այցի մասին: «Մեկ ազգ՝ մեկ մոլորակ» պայմանական խորագիրը կրող միջազգային ծրագրի շրջանակներում մեր մոլորակը կներկայացնեմ ես, և պարտավորություն ունեմ ազգային ինքնությունների մերձեցման գործընթացների արագացման, կոռուպցիան վերջնականապես վերացնելու, միջմոլորակային կապերի ամրապնդման, փոխադարձ ապահովական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Հետագայում, կարծում եմ, մեր աշխատանքներին կներգրավվեն նաև Երկիր մոլորակի մի շարք արբանյակներ, ինչպես նաև մոլորակակյաց խոշոր երկրների ղեկավարներ: Մանավանդ, որ նրանցից շատերը, հաշվի առնելով մեր սիրո և համերաշխության թավշի աննախադեպ և ինքնատիպ լինելը, որոշել են բնակարաններ գնել և բնակություն հաստատել մեր երկրում: Իրավունքի գերակայությունը ամրապնդելու՝ հակակշիռների և փոխզիջումների պայմաններում, ինստիտուցիոնալ պատկերացումների շրջանակում և ժողովրդավարության անշրջելիության համատեքստում, մեր օրակարգային առաջնահերթություններից մեկը դարձավ բնակարանային շինարարության հարցի առաջադրումը մեր ընտանիքի և մեր ժողովրդի մեծ բարեկամուհու կողմից, որը նախընտրում է ապրել մեր երկրում: Ճիշտն ասած, էնքան ենք մտերմացել ընտանիքներով, որ մեր տանը նրան մտերմաբար Անժո ենք կոչում, ասում է էստեղից կհեռակառավարեմ երկիրս, չնայած էլ կառավարելու բան չի մնացել՝ ինքնակառավարվող կառույց է: Ես առաջարկել եմ նրան առավել հետաքքրիր մի տարբերակ, որը վստահ եմ, հավանության կարժանանա՝ շնորհիվ իմ միջազգային բարձր հեղինակության: Դա համաշխարհային ղեկավարների ավանաքաղաքն է, որտեղ կկառուցվեն տներ ԱՄՆ նախագահի, Ռուսաստանի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Չինաստանի ղեկավարի, Կանադայի վարչապետի, Քուվեյթի շեյխի, Իրանի այաթոլլայի, մեր քաղաքակիրթ հարևան երկրի կիրթ նախագահի և այլ ղեկավարների, տարբեր կրոնական, աղանդավորական, դավանաբանական ուղղությունների ներկայացուցիչների համար: Մուտքն ազատ է: Ամեն տուն կկառուցվի տվյալ ժողովրդի ազգային ճարտարապետության սկզբունքներով… Հա, մի թղթի վրա նշեմ, որ Սինգապուրի վարչապետին չմոռանամ: Այդ մարդիկ գիտեն ըստ արժանվույն գնահատել հեղափոխական արժեքները: ՈՒ մեր մի ուչասկովիի կառավարման երկիրը կդառնա աշխարհի կենտրոնը, որը չի հավակնի դառնալու Ռիո դե Ժանեյրո, որտեղ սագագողերը երազում են տնային կառավարիչ դառնալ: Սա մեր երկիրն է՝ համաշխարհային մայրաքաղաքով, և վերջ…
Այդ ղեկավարների հակապատկերն են մեր տխրահռչակ մանկուրտները, ովքեր շատ արագ մոռացան ոչ հեռավոր անցյալի համաշխարհային իրադարձությունները, երբ քաղաքներից, գյուղերից ու ստեպներից հավաքված ամբոխը շրջափակեց Պետերբուրգ-Քյոնիգսբերգ-Գյումրի հարավ-կովկասյան երկաթուղին, Մոսկվայի Վնուկովո միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, կաթվածահար արեց միջպետական մայրուղիները և մոլեգնած պահանջեց ցարի և նրա մերձավորների հրաժարականը՝ «Նիկո՛լ, դավաճան, Նիկո՛լ, հեռացի՛ր, հե՜-ռա՜-ցի՜ր» վանկարկելով, և գայլերի ոհմակը ոռնաց իշխանության բռնազավթման մունետիկի անունը՝ «Լե՜-նի՜ն, Լե՜-նի՜ն», և վերջինս խոսեց իր ժողովրդի հետ նրան մատչելի փողոցային լեզվով ու բառապաշարով, ասաց, ձեզ եմ վերադարձնելու այն, ինչը ձերն էր, բայց լանգուլավազները խլել էին ձեզանից, առեք, վայելեք, ձերն է այն ամենը, ինչ տեսնում եք, ինչը կարելի է շոշափել, ինչը քիմիական հոտ և բնական գույն ունի: Այո՜, հիացավ ժողովուրդը, այս հին աշխարհը կքանդենք մենք և տեղը նորը, նորից, նորովի կշինենք, թեկուզ որոտա մեր գլխին կայծա՛կ, հուր երկա՛թ, մենք մինչ ի մահ գերեզման քոնն ենք ու պիտ պոռանք՝ ազատությո՜ւն… բոլոր քաղբանտարկյալներին, կեցցե՛ այլակարծությունը, կորչի՛ բռնատիրությունը և այլն:
Կարճ ժամանակ անց հեղափոխության առաջնորդը դարդից կաթվածահար եղավ՝ նրա առանց այն էլ տկար ուղեղը չդիմացավ լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը, պալատական դավերին ու խրախճանքներին, և նա ընդմիշտ փակեց աչքերը՝ խեղճ ժողովրդի մուրազը փորում թողնելով: Այդ տարվանից սկսած բոլոր Ջանգյուլումներին Գավառի մանկատան երեխաները, զիլինա խաղալիս իրենց դաստիարակների հետ, ցավ ի սիրտ, երգում են՝ Լենին պապին մեռե՛լ է, ջա՛ն, գյուլո՜ւմ ջան, մեզի ավանդ թողե՛լ է, ջա՛ն, գյուլո՜ւմ ջան:
Հեղափոխականների խոստմնազանցությունից խորապես վիրավորված և հիասթափված պոետը Երևանի ուղղիչ տան բանտախցում երկնեց ստիխներ և բալլադներ խելագարված ամբոխների աներևակայելի սխրանքների և իղձերի մասին, թե ինչպես կարող են նրանք, կամքով արի և աշխարհի հրով վառված, ցանկության դեպքում, արևներին նոր տեմպ ու նոր ուղի տալ, եթե ուզեն արեգակներ կշպրտեն երկինքն ի վեր, եթե ուզեն, ընդհակառակը, երկինքներից արեգակներ վար կբերեն… Գրեց, տպեց և, իշխող հեղափոխականները, հավանաբար կասկածելով, որ ծաղրում է իրենց և գործում դավադիրների հանձնարարությամբ, ժողովրդի թշնամու գլուխը կերան: Նրա գրչակից եղբայրը անձնագրին նվիրված բանաստեղծություն հորինեց, ոգևորվեց՝ լեն-լմփոշ շալվարի ջեբից մի այնպիսի գորովանքով հանելով պասպորտը, ինչպես յոթ աղջկա տեր գյորմամիշն է հիանում վերջապես լույս աշխարհ եկած արու զավակի որձությունն ավետող կենսաբանական անձնագրով, դիմեց լիկկայաններում տառաճանաչություն սերտող մարդոց, թե կարդացեք ու նախանձից մեռեք, ես հպարտությամբ հայտարարում եմ, որ ստացել եմ մեր մեծ ու հպարտ, անծայրուծիր երկրի քաղաքացիություն: Խեչոյի կինը տղա է բերել, տղա մի ասի, մի հսկա արու, վեր կենանք գնանք աչքալուսանքի… Շատ չանցած նա ինքնասպան եղավ, չթողեց, որ իր գրչեղբոր նման տանջամահ անելով գլուխն ուտեն: Մահվանից առաջ ցավով խոստովանեց, որ պետությանը ծառայել է ոչ բավարար չափով, և այդ մասին գիտեն համապատասխան ծառայությունները, որ այդ աղետալի ժամանակների և իր մասին հետագայում պատմեն, ինչպես կա՝ ոչ ավելացնեն, ոչ պակասեցնեն չարամտորեն, որ ինքը մի վենետիկյան մավրի բիջ էր, բայց ազնվորեն է սիրել այն երկիրը, որտեղ ապրում էր: Ինքնախոստովանեց, որ ինքը մի խեղճ մարդ էր, նվաղած աչքերը որի, թեև անսովոր թրջվելու, բայց այդ պահին ավելի առատ արցունք էին թափում, քան արաբական ծառերն իրենց բուժարար խեժը, մի մարդ, որ նվաստ հնդիկի նման, իր ձեռքով նետեց մի ճոխ մարգարիտ, որն ավելին արժեր, քան իր քոռուփուչ արած կյանքը, երբ խոհեմաբար չսիրեց իր հայրենիքն ու ժողովրդին, այլ սաստիկ կրքոտ և ուժգին, և կյանքի վերջին ակնթարթներին այդ անանձնական նվիրումը համարեց իր մեծագույն սխալը: Ինքնախոստովանեց: Ինքնամեկուսացավ: Ինքնասպան եղավ՝ մարմնի տարբեր մասերի վրա արձակելով երկու տասնյակից ավելի գնդակներ, որպեսզի վերջնականապես ինքնահամոզվի, որ ինքնակամ սպառել է իր ինքահատկացված ժամանակը:
Իսկ ժամանակները տխուր ու ողբերգական էին: Հնդկական գեղարվեստական բազմասերիանոց կինոնկար, գլխավոր դերում՝ Հնդկաստանի վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ռաջ Կապուր: Բազմաթիվ սիրահարներ սպանվեցին կրքոտ համբույրներից: Վերջում տղան ինքնասպանություն գործեց՝ մերժված և անպատասխան սիրո, մեծ առումով՝ կորսված երազանքների պատճառով: Վիտիկ դանա: Արյունոտ վերջաբան…
Բոլոր հավատավորները հետհեղափոխական շրջանում հայտնվում են տրանզիտ պասաժիրի կարգավիճակում և խարխափում մեծ ակնկալիքների ու ահռելի հիասթափությունների որոգայթներում: Էդպես, երբ հասարակարգի մոտալուտ փլուզման խեր-խաբարը հասավ հեռավոր շրջան, հեղափոխականների ջոկատը գրավեց ռայկոմի շենքը, և առաջին քարտուղարին պատանդ վերցրեց:
Տղերքը ձեռնամուխ եղան իշխանափոխության գործնական քայլերի և որոշեցին ժողովրդի ծոցից ելած դուրգյար Սամոյին նշանակել ռայկոմի քարտուղար: Սամոն հպարտորեն բազմեց առաջին քարտուղարի աթոռին, ու շփոթմունքի՞ց, թե՞ անհավատալին՝ ակնհայտ վայելքի խորտակիչ ալիքից պապանձվեց: Տղերքը դուխ տվին, ասին.
-Դե, հրամայի՛ր, ընկեր առաջին քարտուղար: - Դուխով հրամայի՛ր…
Սամոն այստեղ գլխի ընկավ, որ թեև դուխ ունի, բայց ոչ խելք, ոչ գիտելիք ու ոչ էլ կառավարման փորձ ունի:
-Հրամայում եմ Մոսոյանց գեղում մի ոչխար մորթեն,- իր անելիքը չիմանալուց շփոթված, բայց ինքնահաղթահարման կամային մեծ հատկանիշներ դրսևորելով, հպարտորեն խոսեց նորընտիր առաջին քարտուղարը:
-Բա հետո՞:
-Էլ ի՛նչ՝ հետո: Հետո էլ Սարոյանց գեղում թող միայն կաթ կերած մի գառ մորթեն:
-Այ տա, մի լուրջ հրաման տուր բան հըսկանանք, - նեղսրտեցին հեղափոխության մարտիկները, որոնք լուրջ ու յուղոտ պաշտոնների էին հավակնում:
-Ա՜, դրանից լուրջ էլ ի՞նչ կա էս աշխարհում: Կեր, խմիր, քեֆ արա, աշխարհը խալի է ոտքիդ տակ: Կուզե՞ք, մոզի մորթեք, խաշլամա եփենք,,, Ով աշխատի՝ նա կուտի: Պայքարել ենք, որ ապրենք: Ապրում ենք, որ ուտենք: Դրանից էլ պարզ բա՞ն…
-Այ տա, թարս ես խոսում, նախ ուտում ենք, որ ապրենք, ոչ թե հակառակը, հետո՝ ի՞նչ ոտքի տակի խալի: Մոռացե՞լ ես, թե դու ո՛վ ես: Հրե՛ն, բռոնիռովաննի վիլիսը, շոֆերը մեջը, դռան առաջին քեզ է սպասում:
- Տո լավ է՜,- զարմանքով և ուրախությամբ բացականչեց առաջին քարտուղարը:
-Հա՛, բա՜, վախենաս վիլիսից վեր ընկնե՞ս: Արխային, սա քո քշած ԽՎԶ հեծանիվը չէ:
-Ա՜, բա էլ ու՞մն ենք սպասում: Քելե՛ք:
ՈՒ՝ կքելե՛ր, հա՜յ, կքելե՛ր, հա՜յ, կքելեր, հո՛ւ-հա՛, հո՛ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ… ՈՒ մեկը մյուսին առանց հերթ տալու տիվ ու գիշեր իրար հաջորդեցին բաքոսի և նիրվանայի, հեքիաթային հազար ու մի գիշերների վայելքները: Գինարբուքների և դրանց ընդմիջումների ընթացքում ամեն օր մի նոր պաշտոնյա էր նշանակվում շրջանի առանցքային պոստերին:
Մեր մեջ ասած, ախմախ մարդիկ մի մեծ առավելություն ունեն, դա նրանց վերլուծական մտքի և տրամաբանության իսպառ բացակայությունն է, որը բարձրացնում է նրանց ռիսկայնությունը, և առանց երկար-բարակ մտածելու այս կամ այն նախաձեռնության պատճառահետևանքային հանգամանքների մասին, թիրախը խոցելու նետված վիրավոր ցլի համառ հետևողականությամբ՝ կոտոշները տնկած ձեռնամուխ են լինում իրենց նպատակի իրագործմանը: Մեր Սամոն էդ բախտավորներից էր, ու ոչ մեկի կարծիքը չհարցրեց, բանիմաց խորհրդատուներին անմիջապես հեռացրեց ասպարեզից, որ իրեն չխանգարեն, ու ռայոնի անասնաբույժին, որն իր ջոկատի տղերքից մեկի ազգականն էր, նշանակել տվեց մեր գյուղից վեր մինչ էսօր անտառի փեշին տեղակայված հոգեբուժարանի գլխավոր բժիշկ: Բազազ Արտեմի արտաքինով նորանշանակ գլխավոր բժիշկ Եսային ամբողջ էությամբ նվիրվեց իր գործին, անմիջապես ձեռնամուխ եղավ հիվանդների առողջական վիճակի ուսումնասիրությանը և, նրանց ինվենտարիզացիայի ենթակելուց հետո, վերջիններիս համաներման միջնորդություն ներկայացրեց վերադասին, քանզի համալիր բուժզննությունը պարզեց, որ սպիտակ տան պացիենտներն ավելի խելահաս և առողջ են, քան նրա պատերից դուրս ազատության մեջ թրև եկող շատ ու շատ մարդիկ: Գլխամասային հանձնաժողովը հավանություն տվեց առաջարկին, և սպիտակ շենքը վերածվեց առևտրա-օֆիսային տարածքի, որն իրեն չարդարացրեց հերթական իշխանազավթումից հետո, իբր բնակավայրից հեռու գտնվելու պատճառով: Հետո մեր անասնաբույժը լեզու գտավ ինչ-որ մարդկանց հետ և մի հսկայական վարկ ձեռք գցեց՝ տարածքը հանգստավայրի վերածելու նպատակով ու թռավ՝ պատմական կառույցը թողնելով բախտի քմահաճույքին՝ թալանված ու կիսավեր… Թե ասա, ի՛նչդ էր պակաս, այ բոշա, այ չտես անտեր, եղածով բավարարվեիր ու մարդավարի ապրեիր քո ընտանիքի հետ, քո հայրենիքում՝ հանգիստ ու ապահով… Իսկ սպիտակ տան նախկին բնակիչներին հաճախ կարելի էր տեսնել իրենց տաժանակրության վայրում, որտեղ նրանք այցելում են գոնե տարին մեկ անգամ որպես սրբավայր և աղոթքում առ Աստված իրենց հոգու փրկության և մեղքերի թողության համար: Նրանք ողբում են ավերակվող շենքի հետ անհետացող հիշողությունների համար, երանի տալիս անցած գնացած տարիներին: Բայց այցելուների քանակը տարեցտարի սակավանում է: Նայում են չորս դին՝ ամայություն և ժանգոտված փշալարերի ցանկապատ, ու, ժամանակը սանձելու անզորությունից խենթացած չափարից այս կողմ թռչում են, չափարից այն կողմ են թռչում, չափարից այս կողմ են թռչում, չափարից այն կողմ՝ չկամենալով վերադառնալ իրենց խորթ ու տհաճ իրականություն:
Իսկ այդ բոլոլայի մեջ հայտնված ժողովուրդը բերանը բաց մինչ օրս իրեն տրված խոստումները չի մոռացել, իր մտքումը դեռ պահում է, և սպասում իր երջանկության խորհրդանիշի հետ երանավետ հանդիպմանը: Բայց աշխատանքային ծրագրերը, շրջանի զարգացման մարտավարությունն ու ռազմավարությունը, օրակարգն ու ժամկետները ճշտելու համար Առաջինը նրանց հեռախոսազանգերին այլևս չի պատասխանում՝ կամ զբաղված է… կամ տարածքում է… կամ գտնվում է ռադիոծածկույթից անդին, որտեղ մթան մեջ թափառում են կորսված հույսերի և երազանքների ստվերներն ու ուրվականները… Անկատար անուրջներ: Խաբված կույսեր: Մեռած կամ սին հույսեր: Եվ այլն: Ինչպես կասեր ինքը անձամբ, նորին գերազանցություն Սամոն, որտեղ կտրի կապը՝ ընդու տիրու պապը…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ