Ո՛չ աղջիկները ձեր նեղ փողոցի, ո՛չ մայրդ անգամ, մայրդ հարազատ, չտեսան երբեք ջահելությո՜ւնդ…
08.05.2020 | 00:08
Պատերազմի բոթը հասավ նաև մեր գավառական փոքր բանվորական քաղաք՝ Ալավերդի, որը մինչ այդ ապրում էր իր դժվարին, բայց խաղաղ առօրյայով: Նախքան գերմանա-ֆաշիստական զորքերի հարձակումը շատերն արդեն իսկ, ասես կանխազգալով կամ հիմնվելով թափառող չարագուշակ շշուկների վրա, պահեստավորելու նպատակով, կատարում էին խոշոր գնումներ: Հարևան շրջաններից ու քաղաքներից, հատկապես Թբիլիսիից, մեր քաղաքում հայտնվեցին գնորդներ, որոնք խանութներից կրում-տանում էին ամեն ինչ՝ հագուստեղենից մինչև պարեն ու կենցաղային իրեր՝ լուցկի, ձեթ, օճառ և այլն:
Հայրս բաժանորդագրել էր «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը և ամենայն մանրամասնությամբ կարդում էր այն, հետո կանչում էր ինձ, որ տասնմեկամյա աղջնակ էի, և, ասես, իր ընթերցածի ճշմարտացիությանը վերահամոզվելու համար, հանձնարարում էր բարձրաձայն կարդալ թերթի հատկապես չորրորդ էջը: Իսկ թերթը գրում էր, թե ինչ-որ մի երկրի արտաքին գործերի նախարար հայտարարել է, որ Գերմանիան նախապատրաստվում է հարձակվելու Խորհրդային Միության վրա, ապա հետևում էր այդ տեղեկատվությունը ժխտող ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ չհարձակվելու պայմանագրի վկայակոչմամբ: Մենք հավատացած էինք, որ պատերազմ չի լինելու: Ավա՜ղ: 1941 թվականի հունիսի 22-ի առավոտյան մոսկովյան ռադիոն, Լևիտանի ազդեցիկ ձայնով, գուժեց, որ ֆաշիստական զորքերը՝ ուխտադրժորեն ներխուժել են… Կյանքը մահացավ մեր քաղաքում, իջավ մեծ տխրություն: Քաղաքը թաղվեց լռության, արցունքի և լարված սպասումի մեջ: Տեղական ռադիոն սկսեց ամեն օր հաղորդել շրջանի դատախազ Դոշոյանի հրամանները զորահավաքի վերաբերյալ. զորակոչում էին տասնութ տարին լրացած և դրանից բարձր տարիքի տղամարդկանց, բժիշկների և բուժքույրերի:
Մեր կենսուրախ շենքի բոլոր բնակիչներն արդեն մռայլ ու համր էին, և բավարարվում էին միայն ռազմաճակատում գտնվող ազգակիցների մասին կցկտուր հարց ու պատասխանով: Երկաթուղին անցնում էր մեր բնակելի շենքի առջևով՝ ծեր Դեբեդի հարևանությամբ: Գիշեր-ցերեկ, իրար հաջորդելով, անդադար անցնում էին մարդատար և ապրանքատար գնացքների շարակազմերը: Ապրանքատար փակ վագոնները լի էին զինվորներով, ձիերով, բաց վագոններով տեղափոխում էին տանկեր, հրանոթներ, ինքնաթիռներ, որոնք քողարկված էին անջրանցիկ ծածկոցների տակ, և գտնվում էին ավտոմատավոր զինվորների հսկողության տակ: Մենք՝ երեխաներս, զինվորների նկատմամբ մեր սերն արտահայտում էինք նրանց ուղղությամբ դաշտային ծաղիկների փոքրիկ փնջեր նետելով: Զինվորներն ուրախ բացականչություններով և գոհունակություն արտահայտող շարժումներով էին արձագանքում մեր ինքնատիպ «սիրո խոստովանություններին»:
Մեր ընտանիքից պատերազմ մեկնեցին հայրս, երեք հորեղբայրներս և ավագ հորեղբորս որդին: Մեծ հորեղբայրս վերադարձավ պատերազմից իր հարազատ Ղաչաղան գյուղ և, իր զոհված որդու «տեղը դատարկ չթողնելու» համար, ևս մեկ երեխա ունեցավ: Նրա տասնիննամյա ավագ որդին հերոսաբար կռվեց և զոհվեց Ստալինգրադի մատույցներում: Նրան առնչվող մի դեպք առայսօր տպավորված է հիշողությանս մեջ: Տասներորդ դասարանում Գուրգենը սիրահարվում է իր համադասարանցի Լուսիկին: Վերջինս ամոթից դրդված մերժում է նրա հետ հանդիպումները: Գուրգենը պատահականորեն տեսնում է Լուսիկին աղբյուրի մոտ և, անզոր` ցանկությունը զսպելուն, գրկում ու համբուրում է աղջկան: Լուրը հասնում է Լուսիկի ծնողներին: Աղմուկ-աղաղակ բարձրացնելուց զատ, «անպատվության» դիմաց կատարելապես վրեժխնդիր լինելու մղումով, նրանք դատի են տալիս Գուրգենին: Մի առավոտ նա գյուղից եկավ մեր տուն, հայրիկիս պատմեց եղելությունը և հայտնեց, որ դատը նշանակված է այդ օրը: Հորս հետ գնացին դատարան, որը վճռեց Գուրգենին տուգանել հիսուն ռուբլով…
Ռուբեն հորեղբայրս բարձրահասակ, ուժեղ և աշխատասեր մարդ էր: Գյուղում ոչ ոք չէր կարողանում նրա հետ կոխ բռնել: Անգերազանցելի էր նաև հողագործական աշխատանքներում: Հանդից տուն էր վերադառնում հպարտ ու վաստակած՝ իր հնձած խոտը երկու զույգ եզներով սայլին բարձած, ինքը՝ լծին նստած: Ինձ՝ 9-10 տարեկան երեխայիս, hաճախ է կամին նստեցրել, և ինձ թվում էր, որ եթե նա ցանկանա, ապա լեփ-լեցուն բարձած սայլը մի ձեռքով շուռ կտա: Պատերազմ մեկնեց, երբ ընդամենը քսաներկու տարեկան էր:
Միհրան հորեղբայրս նրա հակապատկերն էր՝ նիհար, բարալիկ: Գերազանցությամբ ավարտեց Կիրովականի մանկավարժական տեխնիկումը և աշխատանքի նշանակվեց հարևան գյուղի դպրոցում: Ավարտելուց հետո եկավ մեր տուն, պատմեց իր հաջողությունների մասին: Նրա մանկավարժ աշխատելու հանգամանքը չափազանց մեծ ուրախություն պարգևեց ավագ եղբորը, և հայրս նրան պայուսակ, գրենական պիտույքներ նվիրեց: Միհրանը վերադարձավ գյուղ՝ նախապատրաստվելու սեպտեմբերի մեկին, սակայն այդ բախտը վիճակված չէր նրան: Պատերազմը սկսվելուց երկու շաբաթ առաջ լրացավ նրա 18-ամյակը: Ռազմաճակատ մեկնելուց առաջ դարձյալ հյուրընկալվեց մեր տանը: Նրանից ստացված միակ և վերջին լուրը մի նամակ էր, որը նա գրել էր Ռոստով քաղաքից:
Այս տողերը ես գրում եմ սրտի մեծ ցավով: Ամեն անգամ նրանց հիշելիս արցունքները խեղդում են կոկորդս: Նրանցից ոչ մեկը չհասցրեց ընտանիք կազմել, որ գոնե մխիթարվեինք նրանց ժառանգներով: Տատս կաթվածահար եղավ վշտից: Անկողնում պառկած, աչքն իր ջահել-ջիվան, աշխատասեր, ծնողների հանդեպ խոր ակնածանքով և հարգանքով լցված հրաշք-որդիների ճանապարհին էր: Այն պահերին, երբ որդիների վերադարձի հանդեպ հավատը լքում էր պապիս, նա զարմանքով էր անդրադառնում իրեն պատուհասած այդ ողբերգական իրողությանը՝ մի՞թե հնարավոր է այդպիսի անարդարություն, ինչպե՞ս կարող է գոնե նրանցից մեկը չվերադառնալ և տեր կանգնել իրենց տուն ու տեղին, հանդ ու հողին, ծխեցնել օջախի ծուխը: Նա հավատում էր, որ իր տան փակ դուռն Աստված կբանա մի օր: Այդպես չի թողնի: Նրանք՝ տատս ու պապս, ավագ հորեղբայրս ու նրա կինը հեռացան այս աշխարհից՝ վիշտը սրտներում, հավատը՝ հոգիներում, աչքները՝ ճամփին…
Հորս նույնպես զորակոչեցին: Նրանց աշխատանքային գումարտակը ծառայում էր Մուղանի դաշտավայրում, որտեղ բնակլիմայական պայմաններն անտանելի էին, որտեղ անասելի տապին գումարվում էր նաև խմելու ջրի բացակայությունը: Գումարտակը փորում և գետնի տակից դուրս էր բերում նավթամուղի խողովակները, քանի որ թշնամին մղվում էր դեպի Բաքվի նավթը, որի նշանակությունը չափազանց մեծ էր հատկապես մեծաքանակ ռազմական տեխնիկան ապահովելու համար:
Մեր համաքաղաքացիներից մեկը մի օր երկտող բերեց հորիցս, որ վիճակը ծանր է, որ բոլորը տառապում են թունավոր փորլուծով, որ շատացել են մահացության դեպքերը, և ոչ ոք, ներառյալ ինքը, այլևս փրկության հույս չունի: Շփոթմունքի մատնված մայրս, այնուամենայնիվ, խուճապի չմատնվեց, այլ անմիջապես դիմեց մեր քաղաքի միակ դեղատան վարիչ Բախշեցյանին, և այդ հրաշալի անձնավորությունը նրան մեծ քանակությամբ «սուֆիդին» դեղ տվեց, որն այդ ժամանակ նոր էր մտցվել շրջանառության մեջ, և պատվիրեց ամեն ջանք գործադրել դրանք արագ տեղ հասցնելու համար: Մայրս հաջողեց նաև ճարել բավականաչափ կոնյակ, որը նույնպես դեղորայքի նշանակություն ուներ: Մայրս այդ ու նաև այլ բաներ տեղավորեց ճամպրուկի մեջ ու գնացք նստեց: Մենք երեք երեխա էինք՝ ես և երկու կրտսեր եղբայրներս, որոնց վստահեց իմ խնամքին: Պատերազմական պայմանները հասունացրել էին բոլորիս:
Աներևակայելի չարչարանք և հերոսություն էր այդ տարիներին գնացք նստելը, որոնք լեփ-լեցուն էին ուղևորներով, զինվորներով, վիրավորներով: ՈՒղեկցորդները պարզապես չէին բացում վագոնների դռները, աստիճաններից ցած էին գլորում մարդկանց, շատերը բեռներով օրեր էին անցկացնում երկաթուղային կայարանում, մինչև հաջողվում էր մի կերպ ներս խցկվել գնացք: Մարդիկ ճարահատյալ կախվում էին վագոնների դռներից, աստիճաններից, ավելի համարձակները բարձրանում էին վագոնների վրա, և այդ կերպ տեղաշարժվում մի վայրից մյուսը՝ իրենց անհետաձգելի հոգսերը հոգալու համար: Բայց շատ կային նաև բարի մարդիկ, որոնք տարեցներին, կանանց և երեխաներին օգնում էին տեղավորվելու գոնե վագոնի աստիճանի վրա: Ինչպես ասում են, մի տնից չէինք, բայց մի հալի էինք. բոլորը մտահոգ, բոլորը տխուր… Բոլորին միավորում էր այն գիտակցությունը, որ հարազատներ ունեն ռազմաճակատներում, և ոչ ոք ավելի արտոնված չէ դիմացինից: Գնացքներում հարկավոր էր նաև աչալուրջ լինել, քանի որ կային գողեր, որոնք թռցնում էին ուղևորների ճամպրուկներն ու պայուսակները և անհետանում հաջորդ կայարանում:
Բարի մարդկանց կամեցողությամբ մայրս գնացք նստեց ու ճամփա ընկավ: Նա ինքն անգամ համոզված չէր, թե կկարողանա՞ արդյոք գտնել հորս, գտնելուց հետո ի՞նչ վիճակում՝ ողջ թե մեռած… Փա՜ռք Աստծու, նա հասավ նպատակին, թեև սարսափելի ծանր վիճակում, բայց գտավ հորս: Դեղորայքն արեց իր բարի գործը: Հայրս բուժվեց, նրա հետ նաև զինակիցներից շատերը: Օրեր անց մայրս վերադարձավ տուն: Նա անսահման ուրախ ու երջանիկ էր, որ տեսել ու բուժել է ամուսնուն, նաև խիստ անհանգիստ և մտահոգ՝ նա իր աչքերով էր տեսել նրանց տառապանքը, իր մաշկի վրա էր զգացել անհաղթահարելի տապը, «համտեսել» ջրհորի անտանելի ջուրը։
Մի օր մեր դասղեկ Ռիմա Վերմիշյանն ասաց, որ դասերից հետո ոչ թե տուն, այլ երկաթուղային կայարան ենք գնալու, որպեսզի դիմավորենք Լենինգրադից բերված մանկատան երեխաներին և օգնենք նրանց տեղավորելուն: Ես վեցերորդ դասարանում էի սովորում: Ցուրտ օր էր, անձրևախառն ձյուն էր տեղում: Երեխաներին ուղեկցում էին միայն կանայք, տղամարդիկ մնացել էին Լենինգրադը պաշտպանելու: Երեխաները տարբեր տարիքի էին՝ երկուսից մինչև տասներեք տարեկան: Բոլորը սարսափելի տխուր, նաև հոգնած էին ՝ երկար ճանապարհից, ոմանք նաև հիվանդացել էին: Երկաթուղու ծանրաբեռնվածության պատճառով երկու ամիս էր տևել մինչև նրանք Լենինգրադից հասել էին Ալավերդի: Մեր դասարանը գործի անցավ: Ոմանք երեխաներին գրկեցին, ոմանք իրերը վերցրին: Ես գիրկս առա մի փոքրիկ երեխայի և քայլելով հասցրի Սանահին գյուղ: Գյուղի մանկապարտեզի շենքն իր ամբողջ գույքով հատկացվել էր մանկատանը: Երեխաները մեզ դիմում էին տյոտյա, մամա, սեստրիչկա գոչելով: Մենք նրանց խղճում և գութով էինք վերաբերվում, քանի որ որբ ու անօգնական էին: Նրանք մի քանի տարի ապրեցին իրենց հատկացված շենքում, որը շատ մոտ էր Սանահինի վանքին՝ բակի լորենիների բույրի ներքո, մեր քաղաքի ղեկավարության և Սանահին գյուղի կոլտնտեսության նախագահի և բնակիչների հոգածության տակ: Դպրոցահասակները սովորում էին Ալավերդու Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցի ռուսական բաժնում: ՈՒսուցիչներն արտակարգ հոգատար և ուշադիր էին նրանց նկատմամբ: Պատերազմի ավարտից մի քանի տարի անց, արդեն մեծացած և հասունացած, նրանք մեկնեցին իրենց հայրենի քաղաքը, իրենց հետ տանելով նաև մեր ֆիզիկայի ուսուցիչ Արամայիս Ղուկասյանին, որը սիրահարվեց և ամուսնացավ լենինգրադցի մանկավարժուհիներից մեկի հետ:
Վիրավոր զինվորների բուժման նպատակով մեր դպրոցի շենքը վերածվեց հոսպիտալի: Կառույցը հարմար էր, քանի որ դուրս էր գործարանային ծխի տարածքից, երկհարկանի երկար շինություն էր և, որ ամենակարևորն է, ապահովված էր ջեռուցման համակարգով, որպիսին բացակայում էր այլ շենքերում: Ի միջի այլոց, նշեմ, որ այդ համակարգն անցկացվել էր դպրոցի տնօրեն Արամ Մացակի Ղազախեցյանի և հայրիկիս՝ տնտեսվար Գարեգին Հարությունի Դավթյանի ջանքերով:
Դպրոցի ղեկավարությունը մեզ հանձնարարեց դպրոցական ամբողջ ունեցվածքը տեղափոխել քաղաքի տարբեր շինություններ: Այժմ էլ աչքերիս առջևով անցնում է մի տեսաժապավեն, որում երկար ու ձիգ ճանապարհով դպրոցի սեղան-նստարանները, գրադարանի գրականությունը, լաբորատորիայի սարքավորումները և այլ ծանր ու թեթև պարագաներ տեղափոխող աշակերտներս ենք: Մենք այնպիսի բարձր պատասխանատվությամբ ենք կատարում մեզ հանձնարարված աշխատանքը, ինչպես լուրջ և հասուն մարդիկ, ասես մանկությունը մեր մեջ սպառել է իրեն: Այդ ամենը տեղավորում ենք քաղաքի տարբեր շենքերում: Կենտրոնականը, որտեղ տեղակայվում են ուսուցչանոցն ու բարձր դասարանները, երաժշտական դպրոցի շենքն է: Մեզ՝ միջին դասարանների աշակերտներիս, տեղավորում են «Պիոներ պալատի» սենյակներում, մեկ այլ հատված՝ գրախանութին կից սենյակներում: Բոլորն ապահովվեցին դասասենյակներով, միայն թե հեռավորությունը կենտրոնական շենքից անհասանելի էր դարձնում զանգի ձայնը: Բայց մեր ուսուցիչները պարտաճանաչորեն դասը վարում էին քառասունհինգ րոպե և ժամանակին հայտնում ընդմիջման մասին՝ ապավինելով իրենց ձեռքի ժամացույցներին: Այդ տարիներին դասագիրք չէր հրատարակվում, օգտագործում էինք հները: Մեր ուսուցիչներ Անիկ Մխոյանը, Ռիմա Վերմիշյանը, Համբարձում Սարգսյանը մեծ դասամիջոցին մեզ համար կարդում էին լրագրերի տեղեկատվությունը ռազմաճակատի իրավիճակի, ռազմական գործողությունների, մեր զինվորների սխրագործությունների մասին, որը մեր մեջ կասկած չէր թողնում մեր հաղթանակի անվերապահության մասին: Բոլոր հոդվածների վերջում շեշտվում էր՝ «Մեր գործն արդար է, հաղթանակը մերն է լինելու»: Հաճախ էին հնչում հայազգի հերոսների անուններ, որը մեզ ավելի էր ոգեշնչում և աներեր դարձնում մեր հավատն առ հաղթանակ: Հնչեղ էին նաև հայ հեղինակների թղթակցությունները ռազմաճակատից, նաև գեղարվեստական ստեղծագործություններ: Իմ մեջ տպավորվել է հատկապես պատերազմի թոհուբոհի մեջ բանաստեղծելու ներշնչանքով տոգորված մարտիկի կերպարը, ինչպիսին, օրինակ, եղել է Դերենիկ Չարխչյանը.
Թե մարտում ընկնեմ, տխուր մի մնա,
Անսեր մի մնա, սիրիր դու մեկին,
Թող ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը՝ թոշնի գարունքին:
Ես հող կդառնամ դաշտում սիզավետ,
Կդառնամ ծաղիկ, անուշ կբուրեմ,
Դու եկ ինձ այցի նոր սիրածիդ հետ,
Քաղիր ինձ, որ քո ձեռքը համբուրեմ:
Համբույրով վերջին կարոտս առնեմ,
Իսկ դու իմ անուշ բույրով արբենաս,
ՈՒ քո ձեռքի մեջ թող ես թառամեմ,
Ախ, կուզեմ դու միշտ անթառամ մնաս:
Նամակ-բանաստեղծությունն ուղարկելուց մի քանի օր անց հեղինակը զոհվում է…
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռազմաճակատի մի յուրատեսակ գոտու էր վերածվել թիկունքը, կազմելով մեկ ընդհանրություն նրա հետ: Մարդիկ ոչ միայն անհանգստանում էին իրենց հարազատների և երկրի ճակատագրով, այլև իրենց կարելիությունների չափով գործնականում ծառայում դեպի հաղթանակ տանող գործին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար», «Մայր Հայրենիքն է կանչում» և այլ կարգախոսներ ամենևին դատարկ կոչեր չէին, որ փակցված էին մեր քաղաքի վարչական և այլև շենքերի վրա, այլ զգոնության հիշեցում աշխատանքային եռանդը և արդյունավետությունը հնարավորինս առավելագույնի հասցնելու մասին: Ավելին, մեր տատիկները ինքնակամ հանում էին ներքնակների բուրդը, թել մանում, տաք գուլպա և ձեռնոց գործում: Մենք հավաքում էինք դրանք, տեղափոխում դպրոց, որտեղ մեր ուսուցիչները ծանրոցներ էին պատրաստում և ուղարկում ռազմաճակատ: Նմանատիպ նախաձեռնությունները և լրացուցիչ միջոցառումները բազմաթիվ և բազմապիսի էին: Յուրաքանչյուրը ցանկանում էր իր նպաստն ու թեկուզ չնչին ներդրումն ու մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանությանը: Այդ ամենը ծանր ու դժվարին պայմաններում, երբ բազմապիսի փորձությունների էին ենթարկվում հենց իրենք, հաղթահարում գոյության համար անհրաժեշտ խոչուխութեր: Գործում էր քարտային համակարգ, որը տևեց մինչև 1957 թվականը: Քարտով էին վաճառվում հացը, յուղը, պանիրը, շաքարը և այլ առաջնային մթերատեսակներ: Մենք երբեք չէինք կշտանում: Քաղցը մեղմելուն օգնության էին հասնում ձավարն ու կարտոֆիլը, որը նույնպես դժվար էր հայթայթել: Հայրս հաճախ էր ասում, որ կարտոֆիլը հացի եղբայրն է: ժողովուրդն ըմբռնում էր իրավիճակի լրջությունը և խոհեմաբար դիմակայում դժվարություններին: Մեր քաղաքի բնակչության համար էական նշանակություն ուներ ապրանքափոխանակությունը, հատկապես մոտակա Պրիվոլնոյե գյուղի հետ, որը փռված էր հարթ տարածքում և հայտնի էր իր արգավանդ հողերով և առողջ ու խոշոր կարտոֆիլով: Բնակչությանը մեծապես նպաստում էր Ալավերդու տեքստիլ-տրիկոտաժի արտելի տնօրեն Աստղիկ Միկոյանը, որը հանրահայտ Արտեմ և Անաստաս Միկոյանների քույրերից մեկն էր: Այդ մեծ ու բարի սրտի տեր կինը կիսաքաղց քաղաքաբնակների համար էժան գներով դուրս էր գրում քաթան, որը վերջիններս փոխանակում էին ցորենով, ձավարով և կարտոֆիլով, և կարողանում մասամբ հագեցնել իրենց քաղցը:
Բոլոր պարագաներում մենք հոգեպես ամուր և ուժեղ էինք:
Վերջապես եկավ բաղձալի օրը: Հաղթանա՛կ: Ամբողջ երկրի, աշխարհի համայն մարդասիրական ուժերի հետ մեկտեղ ցնծության մեջ էր մեր փոքրիկ բանվորական քաղաքը: Վերջապես ավարտվեց այն ահավոր պատերազմը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր արժեցավ, մարդկությանը պատճառեց բյուր վնասներ ու զրկանքներ: Հայ ժողովուրդն ամենայն արժանապատվությամբ հանդես եկավ այդ պատերազմում, որին մասնակցեց ավելի քան վեց հարյուր հազար հայորդի՝ 300 հազարը Հայաստանից, 200 հազարը՝ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարը՝ Սփյուռքից: Վերջինիս հանգանակությունների շնորհիվ կազմավորվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները՝ որպես ընծա Խորհրդային Միությանը: Պատերազմի մասնակից հայկական վեց դիվիզիաների մարտիկների առանձնակի արիությունն ուներ նաև մեկ այլ, խիստ կարևոր դրդապատճառ՝ Ստալիգրադի անկման պարագայում սովետա-թուրքական սահմանին կուտակված թուրքական քսանվեց դիվիզիաների մեր երկիր ներխուժման սպառնալիքը … Ինչևէ: Այդ օրը մեր շենքի կանայք ու երեխաները վազում էին փողոցից փողոց, բակից՝ բակ, տնետուն, բոլորին հաղորդելու երջանիկ իրողության մասին: Ոմանք խենթացած քրքջում էին, ոմանք բարձրաձայն լալիս, ուրիշները ծնկաչոք աղոթում Աստծուն՝ խնդրելով, որ իրենց հարազատները տուն վերադառնան: Մեր շենքի գաղթական Արուսը, որի ամուսինը զոհվել էր, իսկ նրա խնամքի տակ էին մնացել երկու երեխաները, ստիպված զբաղեցրել էր ամուսնու աշխատատեղը գործարանի ձուլարանում, թակում էր ցանկացած պատահական դուռ ու լուսամուտ և ամբողջ կոկորդով գոռում. «Վերջացա՜վ, պատերազմը վերջացա՜վ, դուրս ելեք, բոլորդ դուրս ելե՛ք: Ռադիոն հայտարարեց՝ վե՛ր-ջա՛-ցա՜վ…»:
Ահա, այսպիսին է իմ սիրելի ծննդավայրում Հայրենական մեծ պատերազմի տարիների պատկերը մի քանի դրվագի հիշատակությամբ: Պատերազմ, որը հետագայում յուրովի ուղեկցելու էր ինձ կյանքիս ամբողջ ընթացքում, քանզի կյանքս կապեցի այդ ահեղ պատերազմի բովով անցած Մկրտիչ Սարգսյանի հետ՝ համատեղ ապրելով գրեթե կես դար: Իրապես, պատերազմի մասնակիցների կյանքը բաղկացած է երեք փուլից՝ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Ամուսինս վերջինը համարում էր Աստվածային շնորհ և շահում: Երբ նա զինվորական երկար շինելը հագին, վիրավոր թևը կրծքին, առաջին անգամ մտավ մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետի լսարան, ես հասկացա, որ այդ երիտասարդ և գեղեցկադեմ երիտասարդը, որն արդեն հասուն և կայացած տղամարդու հայացք ուներ, երբեք չի կարողանա մոռացության մատնել պատերազմը: Եվ չսխալվեցի: Նա հեղինակեց պատերազմի մասին իր «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածներ», «Սերժանտ Կարոն», «Զինվորներ և սիրահարներ» և այլ գրքեր: Չսխալվեցի, քանզի այլ կերպ չէր կարող լինել, ինչպես ինքն է 1945 թվականին իր սերնդակիցներին ձոնված «Մեր ջահելությունը» բանաստեղծությամբ ներկայացնում, նրանք ջահելություն չտեսած ջահելներ էին.
Ո՛չ աղջիկները ձեր նեղ փողոցի,
Ո՛չ մայրդ անգամ, մայրդ հարազատ,
Չտեսան երբեք ջահելությո՜ւնդ…
Արար աշխարհի ջահելությունը,
Մահվան բերանից իր մահով փրկած
Ջահելությո՜ւնդ…
Ելենա ԴԱՎԹՅԱՆ
Մեկնաբանություններ