Ալֆան և օմեգան
20.03.2020 | 03:40
Մինչև ատամները գաղափարա-գամփռապես զինված ու աշխարհի լավագույն մարզիչների մոտ պարապած անդիմակ, թափանցիկ անձինք, ձեռքերը ոչ թե բռունցք արած, այլ բաց ափերը վեր տնկած, արիաբար և քաղաքավարի ներխուժեցին ոչ միայն սեփական ժողովրդի, այլև օտարների սրտերն ու հոգիները՝ ի սփյուռս աշխարհի, նվաճեցին որպես ազատ սիրո և անկաշառ համերաշխության տարփալից բոհեմի ասպետներ և ուհիներ, և հայտարարեցին իրենց մարդասիրական-փրկարարական ներկայության մասին այս գաղջ ու վավաշոտ աշխարհում: Էստեղ են ասել, թե լռած զանգ էր կյանքը, ես՝ ավերակ վանքս, էլ աղոթող չունեի, բայց ականջներիդ օղերը շատացրեք ու շարունակությունը ընբռնումով ընդունեք՝ կործանումից անգամ էլ ահ ու դող չունեմ… Այսինքն, ավազակապետությունը երկու տասնամյակ զբաղվել է միայն երկիրը թալանելով ու կործանելով: Հասկացա՞ք…
ՈՒզում եմ մի հատ էլ առողջապահական ոլորտին անդրադառնալ՝ հանուն իմ ազգի ինքնագիտակցության բարձրացման, սակայն մեկ այլ տեսանկյունից: Կազմակերպենք պահպանակների հեղափոխական փառատոն, ենթադրենք. «Իսկ դու օգտվու՞մ ես հայրենական արտադրության պահպանակից» խրոխտ ու պահանջկոտ խորագրով և պլակատները փակցնենք հատկապես ուսումնական հաստատությունների մուտքերի առջև: Դա կտրուկ կկրճատի աբորտների քանակը, կնպաստի կանանց առողջությանը, ազգաբնակչության ծնելության մակարդակի բարձրացմանը: Եթե ամեն բան ընթանա իմ ծրագրով, ապա տասնհինգ տարի հետո մենք կունենանք ավելի քան հինգ միլիոնանոց, հակահարձակողական սպառազինություններով հագեցած աշխարհի լավագույն բանակը…
Ի միջի այլոց, մասթեր քլաս դասընթացներն անհրաժեշտ է սկսել մանկապարտեզային տարիքից, խորացնել սեռական դաստիարակության հիմունքները տարրական դասարաններում, թեման լրջորեն մեկնաբանել դասագրքերում: Թե չէ՝ էս զարգացած դարում եքյա էշ են դառնում ու դեռ ձմեռ պապիկներին են հավատում ու սպասում, թե նոր տարվա գիշերը ինչ նվեր է դնելու իրենց բարձի տակ: Դե, իհարկե, ձեզ արագիլն է բերել, դե, իհարկե, կաղամբի միջից եք դուրս եկել, ու մեծերի էս համատարած խաբեությունը դարեր շարունակ անպատժելի է մնացել: Թյու, ձեր սատանի ծնունդ տիրոջ մերը… Դե արի ու մի ասի, այ կարկատած պահպանակներ, էդ բոյի էլ սուտ կլինի՞, բա հետո ո՞նց եք նայելու էդ անմեղ արարածների աչքերի մեջ, անամոթ վիժվածքներ, էդ անմեղ երեխեքի մարմինները, մոռանում ե՞ք, որ իրենց են պատկանում, կարող են վարվել դրանց հետ՝ ինչպես կամենան, առանց ձեր սատանայական խրատների ու խաբեության, առանց անձնական սեփականության նկատմամբ ձեր լկտի և ինքնահավան ոտնձգությունների:
Ի դեպ, օրերս բավական ուշագրավ առաջարկությամբ հանդես եկավ մեր թիմակիցներից մեկը, որ պասպորտ ստանալիս պարտադիր լինի քաղաքացուհու կուսաթաղանթազրկման վերաբերյալ տեղեկանքի առկայությունը: Հիմա մերոնք աշխատում են սույն օրենքի կիրարկման կարգի վրա: Դա՝ ի միջի այլոց, թեև սա նույնպես բարենպաստ նախաձեռնություն է երկրի տնտեսական զարգացման, օտարերկյա մարդկային ռեսուրսների և այլ ներդրումների ծավալների մեծացման, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի կարգավորման ուղղությամբ: Ինքս անձամբ պատրաստ եմ հիմնելու հայկական պահպանակների արտադրության ընտանեկան բիզնես, որպես օրինակ բազմաթիվ անբանների, որ քամակները բարձրացնեն բազմոցների վրայից, միայն թե հետամնացությունը աշխարհ է բռնել, թեև դա էլ կհաղթահարենք: Ինչու՞ մենք չպետք է ունենանք մեր սեփական արտադրությունը: Դրա եղածն ի՜նչ է, որ դրսից ենք ներկրում: Ինչպես ես եմ նշել բարձր ամբիոնից հնչեցրած իմ ելույթներից մեկում՝ երթանք Լոնդոն, առնենք գ...ն, Եղսո ջան՝ ազգային և համաշխարհային արժեքների լավագույն և օրինակելի համատեղում՝ ազգային հիմքի վրա համամարդկային գաղափարների տեղայնացում: Պատճառն ինձ համար միանշանակ պարզ է՝ ռեժիմի հովանավորությունը վայելող ինչ-որ օլիգարխներ, փոխադարձ հանցավոր համաձայնության գալով շահագրգիռ կողմերի հետ, փողեր են աշխատել մեր ժողովրդի հաշվին և խոչընդոտել տեղական արտադրությանը: Մինչդեռ, աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում, նման հոսքագիծը մեծ գումարներ կբերի: Մենք օրենքի ուժով կպարտադրենք անձնագրի հետ՝ գրպանում, նաև բոլոր տեսակի՝ և աջակողմյան և ձախակողմյան ղեկ ունեցող, թե մարդատար, թե բեռնատար ավտոմեքենաների ապտեչկաներում հայկական արտադրության ապահովիչ-պահպանակների մեկական կոմպլեկտ ունենալը, նա վսյակի պաժառնի սլուչայ (հարկ եղած դեպքի համար): Ահա, խնդրեմ, շրջանառու միջոցների ավելացում, ժողովրդի կենսամակարդակի բարձրացում, ՀՆԱ-ի կտրուկ աճ և աբորտի վրա ծախսվող գումարների խնայողություն և այլն: Էլ ի՛նչ եք ուզում: Համաձայն եմ էդ ծանրությունն էլ ինձ վրա վերցնել: Ջհանդամը, թե ժամանակի հավելյալ կորուստ է դառնալու իմ և ընտանիքիս անդամների վրա: Մեկին կնշանակեմ, մի երկու դրամ փող կտամ, թող էշի պես բանի, բայց արդյունքները շոշափելի կլինեն. նախ, մենք կբարձրացնենք կեղծ ամոթխածության նահապետական քողը իրական ճշմարտությունների վրայից, որը խթան կհանդիսանա առողջ և իրատես սերունդ դաստիարակելուն: Իհարկե՝ Այո, իհարկե՝ կորչի «Ոչը»՝ ուտեք մկան պոչը: Չնայած, ասեմ, ժամանակին մալական Սերգեյը կրծկալի արտադրություն էր դրել ու, ի՛նչ եք կարծում, անվանը կպցրեցին լիֆչիկ մականունը՝ Լիֆչիկ Սերոժ, գործ տվող մատնիչ Բենոյի ավել անունը, ամոթ էլ է ասելը, Ագարկա Բենո էր, էն պլաստինկաների առևտրով զբաղվողի կլիչկեն Պլաստ Մաթոս էր, կարո՞ղ է ինձ էլ Գանդոն Պողոս կոչեն: Չեն կարող: Մեկ առ մեկ, հատիկ-հատիկ կկռտեմ դրանց: Համ էլ թող դա էլ լինի անհատ ձեռներեց բաջանաղիս անունով, ձրիակերը սաղ օրը պարապ վեր ընկած ճանճ է քշում ու ամորձիները քորում, Քուվեյթի շեյխն անգամ իրեն էդպես չի երևակայում…
Գաղափարներ, իհարկե, շատ կան, իրագործել է պետք, անհրաժեշտ է, որ չար ուժերը չխանգարեն… Ինձ չեն հետաքրքրում դրանց կարծիքները, թող էն ժամանակ քննադատեին, թող էն ժամանակ հանդես գային առաջարկություններով, թե չէ հիմա բլբուլ են կտրել՝ մեկը քյաբաբ-խորոված է սիրում, մյուսը՝ ձվածեղ ու բաստուրմա, մեկը մածունը սև է տեսնում, մյուսը՝ սպիտակ, մեկը բլանդինկայի ու նիհարի գիժ է, մյուսը՝ բրյունետկի ու մսոտի… ՈՒ էսպես շարունակ: Ես հո բոլորի ախորժակը չե՞մ բավարարելու: Գնացեք, ձեր ճաշակով ապրեք, ապահովված են բոլոր հնարավորությունները, միայն թե մուրացկանի նման սովորել եք նպաստին և օգնությանը: Այլևս չի լինելու, հաղթահարեք աղքատությունը ձեր չբեր ուղեղներում: Ձեր տունը դուք պիտի կառուցեք, ձեր ընտանիքը դուք պիտի պահեք, ձեր կոմունալ ծախսերը դուք պետք է վճարեք… Հույսը ուրիշների ու պետության վրա չպիտի դնեք:
Լավ, ինչքան ասեմ, որ ձեր գլուխը մտնի՝ վերջ որբի ու մուրացիկի հոգեբանությամբ ապրելակերպին, թախտին նստած բախտը բացվելուն սպասելուն: Եղունգ ունեք՝ գլուխներդ քորեք: Այդ փուլը ևս հայտարարում եմ ավարտված:
Հա, չմոռանամ հիշեցնել, եթե էդ ավագանի կոչված ձախողակ կառույցները, որ իբր ընտրությամբ են ձևավորվել, այլ ոչ նախկին կոռումպացված ռեժիմի նշանակումներով և շարունակելու են նրանց կամակատարը լինել և շրջանցել նոր իշխանությունների՝ ուղղակիորեն մեր քաղաքացու բարեկացությանն ուղղված հանձնարարականները, ապա զգուշացնում եմ, ցրելու եմ բոլոր ավագանիները: Դրանք իրականում պետք է լինեին ծերակույտեր, այսինքն, փորձառու և իմաստուն, սրտացավ ու բանիմաց մարդկանցով ձևավորված, ինչպես եվրոպական և աշխարհի զարգացած շատ երկրներում, հասարակական հիմունքներով ձևավորված, աքսակալների խորհրդատվական ինստիտուտն է: Այսինքն, իբրև թե երկրի մեծամեծերը գործելու են ի շահ մեր ծրագրային նպատակների: Իրականում նրանք հետհեղափոխական շրջանում մեզ միանշանակ խանգարելու և դիտավորությամբ ապակողոմնորոշելու են իրենց չակերտավոր խորհուրդներով՝ իրականացնելու երկրում ապակենտրոնացման և նոր պետականության կայացման մեր որդեգրած քաղաքականությունը: Լուսանցքում եմ պահելու դրանց հավիտենորեն, որ չլպտան ու չծպտան իրենց իմաստություններով մեր անփորձ ու անբասիր երեխեքի դեմ: Մինչև որ զառամախտով տառապող էդ սերունդը բնականոն ընթացքով գնա ու կորչի չար մշուշի պես… Մեզ ավագանիներ ընդհանրապես հարկավոր չեն: Լա՞վ էր, որ նախկին մարզպետն իր կրտսեր եղբորը խորհրդական էր նշանակել: Հողերս քո գլխին էլ, ախպորդ էլ, տված խորհուրդներն էլ պզին գրիր, թե փոքրը մեծին ուղղություն պիտի տա… Ավագանիների ընդունած խայտառակ որոշումների բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որոնց պատճառով պարզապես ոչնչացվել է համայնքը բառիս բուն իմաստով: Թող օրենքի խախտում համարվի: Ոչինչ: Ես համաձայն եմ այդ հարվածն էլ ընդունել ինձ վրա: Մենք օրենքները շրջանցելու ենք նաև այն բարձր գիտակցականությամբ, որ նախկինների ընդունած օրենքների մեծ մասն իրենց հագով է կարված, աշխատատեղերի զգալի մասն իրենց մարդկանց տեղավորելու համար է բացված: Օրենքների մի ծանրակշիռ հատված կաշկանդում է մեր հեղափոխական անբասիր գործունեությունը, և մենք առաջիկայում կանդրադառնանք նաև օրենսգրքում համապատասխան փոփոխություններին՝ իրավիճակային լուծումներ տալով դրանց, կփակենք նախկինների՝ իրենց յուրայինների համար բացած բոլոր նախարարությունները, պետական և մասնավոր ձեռնարկությունները: Երբ որ դրանց թրերը աջուձախ կտրում, խփում էին՝ ինչքան սրտներն ուզեր ու երկրի միակ տղամարդիկ էին, թող էդ ժամանակ մտածեին ժողովրդի մասին ու հիմա թոզ չփչեն ժողովրդի աչքին, թե գիշեր-ցերեկ քուն չունեն, քուն չի գալիս աչքերին ու նրա մասին են մտածում: Իրենց կաշին են ուզում փրկել, ուրիշ ոչինչ: Սրանց օրերն ու ժամերը հաշված են, ու իրենք շատ լավ գիտեն, որ բոլորին լցնելու եմ աղբարկղներն ու կափարիչները սվարկա անեմ…
Լավ հիշեք, և ականջներիդ ևս մեկ օղակ ավելացրեք՝ երեկվա իշխանավորը այսօրվա ընդդիմությունն է, երեկվա ընդդիմությունը՝ այսօրվա իշխանավորը, ու Աստված չանի մեր դիրքերը զիջենք: Առաջինները վերջինը կդառնան, վերջինները՝ առաջինը: Այդ ես եմ ասում՝ Հիսուսի բերանով: Մենք անկուսակցական ու ապաքաղաքական ուժ ենք, եթե կուզեք, նաև համամարդկային աստղաբույլ, ու քանի որ ես եմ այդ համաստեղության ամենապայծառ լուսատուն, ուրեմն, ուշադիր լսեք իմ մարգարեական պատվիրանները՝ ինչպես անքննելի ենթարկվում է չվող թռչունների երամն իր առաջնորդին, որը կարող է նրանց բարեհաջող տեղ հասցնել ու նաև կործանման տանել, կոխել գայլի երախը, որը «կատվի խաղը մկան մահը» փիլիսոփայությամբ, կըռխի նրանց հաճույքով՝ սրտի ուզածի չափ խաղեր տալուց հետո… Մենք խիստ մտահոգ ենք մեր գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, սփյուռքի մեր հայրենակիցների հետ տարվող աշխատանքների վիճակով և նախանձախնդիր ենք օր առաջ ամրապնդելու մեր ազգային ինքնության այդ կարևոր բաղադրիչները, հետևաբար, պատահական թափթփուկներից խուսափելու նպատակով, առայժմ, անորոշ ժամանակով, սառեցնում ենք դրանց գործունեությունը:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ