Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Ի՞նչ անենք մերօրյա հեղափոխականներին

Ի՞նչ անենք մերօրյա  հեղափոխականներին
29.11.2013 | 11:12

Հիրավի, ի՞նչ անենք մերօրյա հեղափոխականներին: Խիղճն էլ լավ բան է: Մեր խեղճ ու կրակ իշխանավորներն օր ու գիշեր աշխատում են, որ կարողանան իջեցնել գազազած գները, բարձրացնել չինովնիկների աշխատավարձերը գոնե մի 200 %-ով: Սատանի պես էլ մեր հանրապետությունում ամեն ինչ թարս է. այն, ինչ պետք է բարձրանա, իջնում է, իսկ այն, ինչ պետք է իջնի, բարձրանում է: Լավ, մեր իշխանավորները ո՞ր քարով տան իրենց ոչ այնքան խելոք գլուխները: Հիմա էլ` այս անխիղճ «շանթերը»:

Նոյեմբերի 5-ից սկսած... Ո՛չ, կներեք, 6-ից սկսած... Ես միայն նոյեմբերի 6-ին իմացա, թե ինչ է կատարվել Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին` ռուսաստանյան 1-ին ալիքի «Ժամանակ» ծրագրից: Այժմ ես միայն դիտում եմ Մոսկվայի «Ժամանակ» ծրագիրը, քանի որ մտել եմ Մաքսային միություն: Այո՛: Դիմել և մտել եմ ՄՄ: Չէ՞ որ այն կամավորության սկզբունքով է: Մինչև անգամ Լուկաշենկոն, չպահանջելով Ադրբեջանի համաձայնությունը, միանգամից մակագրեց իմ դիմումի վրա` «ընդունե՛լ»: Ես հիմա ՄՄ-ի լիիրավ անդամ եմ:

Եվ ահա, նոյեմբերի 6-ից, գիշեր ու ցերեկ մտածում եմ, թե ոնց ազատենք մեր խեղճ ու կրակ իշխանություններին այս հեղափոխականներից: Բազմաթիվ տարբերակներ եմ մտածել, բայց դրանցից և ոչ մեկը հուսալի չէ:
Ահա այդ տարբերակները.
1. Մտածեցի` լավ կլինի այդ «շանթերին» դատել և նստեցնել բանտում: Հետո հրաժարվեցի այդ մտքից։ Ինչո՞ւ Արևմուտքի հազար ու մի շուն ու շանգյալի բերանն ընկնել` «Քաղաքական կալանավորներ..., քաղաքական կալանավորներ...»: Միևնույն է, դրանք, ինչպես կասեր Վլադիմիր Իլյիչ Լենինը, պրոֆեսիոնալ հեղափոխականներ են: Կնստեն, դուրս կգան, նորից հեղափոխություն կանեն: Ավելին, կդառնան ԱԺ-ի երեսփոխաններ, ինչպես ժամանակին բոլշևիկները, կամ մեր օրերի Նիկոլ Փաշինյանը, մինչև, ի վերջո, կհաղթեն:
Ո՛չ, նրանց նստեցնել չի կարելի: Բոլորովին պետք չէ, որ նրանք մի քանի տարի հանգիստ նստեն բերդում, հեղափոխական ծրագրեր մշակեն, միաժամանակ ուտեն ժողովրդի քրտինքով ստեղծված հացը:
2. Մտածեցի, որ գուցե կիրառենք մեր վարչապետի առաջարկը (վարչապետ ունենք` աշխարհը չունի): Այդ հեղափոխականներին ուղարկենք արտագնա աշխատանքի, առանց վերադարձի իրավունքի: Այսինքն` այն, ինչ առաջարկում էր Շառլ Ազնավուրը մեր մաֆիոզների համար: Ցավոք, այն չկիրառվեց: Հավանաբար, մեր ազգանվեր իշխանություններին այն ձեռնտու չէր։ Միայն հիմարը կսղոցի այն ճյուղը, որի վրա նստած է:
Մեր իշխանությունները հասկացան, որ արտագաղթը միայն մասամբ իրեն արդարացրեց` հանրապետությունը բավականին հայաթափվեց, բայց հեղափոխականները դրանից չպակասեցին, այլ օր օրի ավելի ու ավելի շատացան:
Ո՛չ: Արտագաղթը հեղափոխականների վերացման հուսալի ճանապարհը չէ։
3. Այ, եթե այս «շանթերը»` մերօրյա հեղափոխականները, նման լինեին Հայ հեղափոխական դաշնակներին, ապա խնդիրն արագ լուծում կստանար:
Նրանցից մեկին, ասենք` Շանթին, նախագահը կնշանակեր Վատիկանի դեսպան: Ո՛չ, ներողություն, սխալվեցի: Վատիկանի դեսպանն անձեռնմխելի է: Ասենք, Չինաստանի դեսպան: Դրանից հետո, անմիջապես, մյուս բոլոր «շանթականները» կդառնային ձեռնասուն:
Ցավոք, մերօրյա հեղափոխականները նման չեն ՀՅԴ-ականներին: Սրանք արտաշեսգեղամյաններ, հայկբաբուխանյաններ և էլի մի տասնյակ յաներ չեն, որ պաշտոնով կաշառվեն: Սրանց պետք է միայն ու միայն վնասազերծել: Բայց ո՞նց։
4. Մտածեցի` գուցե օգտվենք թիվ 1 արծվի առաջարկից: Այս հեղափոխականներին անխտիր այրել խարույկի վրա: Բայց սա էլ շատ ծախսատար է: Հանրապետության բոլոր անտառներն էլ որ կտրենք, չի բավականացնի:
5. Մտածեցի, գուցե հեղափոխության արմատախիլ անելու մասին խորհրդային Kթը-ի արխիվներում որևէ արժեքավոր ցուցում կա: Ճիշտ է, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի խնամու` Դավիթ Շահնազարյանի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ այդ արխիվները հասարակության համար փակ մնացին: Բայց հո՞ Դավիթ Հարությունյանի կամ Գալուստ Սահակյանի համար էլ դրանք փակ չեն: ՈՒրեմն` չկա: ՈՒրեմն` «մերն ուրիշ է»:
6. Վերջը, գցեցի-բռնեցի, եկա այն եզրակացության, որ պետք է մերօրյա հեղափոխականներից ազատվելու «Լավագույն մեխանիզմի» մրցույթ հայտարարել: Ես առաջարկում եմ. մրցույթի ժյուրիի նախագահ նշանակել փորձառու վունդերքինդ Դավիթ Հարությունյանին, անդամներ` մտածել է պետք և ճիշտ ընտրություն կատարել։ Թեկնածուներն այնքա՜ն շատ են։ Համաձայնեք, որ սա շատ ավելի հրատապ է, քան թամանյանական հրապարակի վերակառուցման մրցույթը:


Տարիել ՂԱՋՈՅԱՆ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ