38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սերժ Սարգսյանն ու նրա թիմի առանցքային գործիչները հնարավորություն ունեն իրենց անունը ոսկե տառերով գրելու պատմության դասագրքերում

Սերժ Սարգսյանն ու նրա թիմի առանցքային գործիչները հնարավորություն ունեն իրենց անունը ոսկե տառերով գրելու պատմության դասագրքերում
05.02.2013 | 00:44

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի վերընտրության հարցը կանխորոշված է, քանզի առաջադրված թեկնածուներից և ոչ մեկն ի զորու չէ լուրջ մրցակցություն ապահովելու և կասկածի տակ դնելու գործող նախագահի վերընտրության հնարավորությունը: Բացի դրանից, նախորդ հինգ տարիներին նախագահ Սարգսյանին հաջողվել է վերացնել հասարակություն-իշխանություն խզվածքը, ինչի պատճառով էլ իշխանության նկատմամբ հասարակական ծայրահեղ վերաբերմունքը նվազագույնի է հասցված: 2008-ի նախագահական ընտրության շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց իր շուրջը համախմբել արմատական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին և լուրջ գործողություններ իրականացնել: Ներկայումս, արմատական ընտրազանգվածը համախմբված չէ, և նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի կարող այդ ընտրազանգվածի առաջնորդը դառնալ ու նրանց մղել իշխանափոխության գործընթացի:
Պետք է նշել, որ 2012-ի վերջերին, երբ ուրվագծվեց ներկայիս քաղաքական իրավիճակը, վերլուծական շրջանակները սկսեցին քննարկել, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա հինգ տարում: Այս խնդիրը, թերևս, շատ ավելի կարևոր է, քան բուն ընտրական գործընթացը, որտեղ քիչ է անակնկալների հավանականությունը: Նշենք նաև, որ հաջորդ հնգամյակի ընթացքում նախագահ Սարգսյանի գործունեությունը պետք է դիտարկել ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում, այս ամենին հավելելով նաև ժամանակակից տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների համադրությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը հայաստանյան զարգացումներում: Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը հաջորդ հինգ տարում կշարունակի քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալիզացիան և ամրագրումը, խոսքի ազատության և հրապարակային քաղաքականությամբ զբաղվելու խնդիրը դիտարկելով որպես «հանրային առողջության» կարևորագույն արժեք:
Երբ ուսումնասիրում ենք նախկին նախագահների և գործող նախագահի մոտեցումները քաղաքացիական ազատությունների, խոսքի ազատության և հրապարակային քաղաքականության ոլորտներում, ապա տարբերություններն ակնհայտ են: Սերժ Սարգսյանը, ըստ էության, նոր մոտեցումներ սահմանեց` մերժելով նախկինում ձևավորված բռնության և քաղաքական պրեսինգի ավանդույթները: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա լրատվական դաշտում նախագահ Սարգսյանի թիմին հաջողվեց ընդդիմախոսներին հաղթել ոչ թե պետական ռեպրեսիվ ապարատի օգնությամբ, այլ ազատ մրցակցության պայմաններում: Նախագահի ընդդիմախոսները փորձում են շահարկել այն փաստը, որ Բաղրամյան 26-ի ազդեցության ներքո են գտնվում մի շարք տեղեկատվական ռեսուրսներ, մինչդեռ վերջին տարիներին կարելի է նկատել, որ այդ նույն ռեսուրսները հավասարաչափ լուսաբանում են նաև ընդդիմադիր գործիչների և քաղաքական կազմակերպությունների գործունեությունը` իշխանության ընդդիմախոսներին, փաստացիորեն, մղելով քննարկումների և իրենց ճշմարտացիությունը հրապարակայնորեն ապացուցելու դաշտ: Սա էր հիմնական պատճառն այն հանգամանքի, որ արմատական ընտրազանգվածը Հայաստանում զգալիորեն նվազեց, քանզի իշխանության թափանցիկ գործունեությունն ու նախկին իշխանության բռնաճնշումներ գործադրելու սովորույթի վերացումը հանգեցրին նրան, որ հասարակության ծայրահեղ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածը հնարավորություն ստացավ հրապարակային քննարկման ու բանավեճի պայմաններում համապատասխան եզրահանգումներ անելու և իրավիճակը գնահատելու սթափության, այլ ոչ ծայրահեղության պայմաններում:
Նշենք նաև, որ 2008-ին նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը նաև լուրջ նորամուծություն ներդրեց Հայաստանի ներքաղաքական գործընթացներում: Նախագահի ձևավորած նոր կառավարությունն ու կադրային քաղաքականությունը, փաստացիորեն, փոխեցին ներքին քաղաքականության տրամաբանությունը: ՀՀ կառավարությունը սկսեց հանդես գալ ոչ թե որպես սեփական թիմակիցներին պաշտոններով ապահովելու գործիք, այլ որպես տնտեսական քաղաքականության իրականացման, ավելի արդյունավետ տնտեսական մոդելների ներդրման հիմնական ինստիտուտ: Բացի դրանից, նախորդ 5 տարիներին գործադիր իշխանության գործունեությունը մի քանի անգամ բարձրացրեց ՀՀ վարկանիշը միջազգային հարաբերություններում` արևմտյան և նախկին խորհրդային տարածաշրջանում ներկայանալով որպես կայուն և վստահելի գործընկեր: Ամենայն հավանականությամբ, հաջորդ հինգ տարիներին նախագահ Սարգսյանը կփորձի իրագործել «արտահանմանը միտված արդյունաբերական նոր քաղաքականությունը»: Այս մտահղացումը կարող է Հայաստանին մի քանի քայլ առաջ մղել և թույլ տալ վերականգնել արդյունաբերական պոտենցիալը: Այլ ճանապարհ, կարծես, գոյություն չունի:
Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքը նոր փուլ է մտնում, և Սերժ Սարգսյանի համար հակառակորդին խաղաղություն պարտադրելու, ինքնավստահությունից զրկելու միակ միջոցը լինելու է սպառազինությունների ոլորտում հավասարակշռության ապահովումը, ինչի համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ, ապա արդյունաբերական նոր քաղաքականության մոդելն ուղղակի այլընտրանք չունի: Ստացվում է, որ առաջիկա հինգ տարիներին գործադիր իշխանության գերխնդիրը լինելու է տնտեսական այնպիսի միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա ավելացնելու պետական եկամուտներն ու նոր շունչ հաղորդելու գործարար-պետություն-բանակ հարաբերություններին: Սա նաև ցավոտ քաղաքական որոշումների ընդունման և բարձր կամային որակների դրսևորում է պահանջում իշխանությունից, ուստի սրա մասին կարելի է խոսել միայն հետընտրական գործընթացների ավարտից անմիջապես հետո:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այս ոլորտը մի փոքր անկանխատեսելի է` պայմանավորված լինելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներով: Առաջիկա հնգամյակում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները լինելու են արցախյան հիմնահարցի լուծումը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու Արևմուտքի հետ կառուցողական-գործընկերային հարաբերությունների խորացումը: Միևնույն ժամանակ, Իրան-Արևմուտք հարաբերությունների անկանխատեսելի բնույթն ու Թուրքիայի արտաքին քաղաքականության սլաքների հնարավոր կտրուկ փոփոխությունները կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել նախագահ Սարգսյանի համար: ՈՒստի Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում հավասարակշռություն ապահովելուն զուգընթաց նախագահ Սարգսյանը ստիպված է լինելու շատ նուրբ արտաքին քաղաքականություն կառուցելու` պահպանելով հավասարակշռությունը ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Ինչևէ, առաջիկա հնգամյակը Հայաստանի զարգացման համար բեկումնային է լինելու, իսկ Սերժ Սարգսյանն ու նրա թիմի առանցքային գործիչները հնարավորություն ունեն իրենց անունը ոսկե տառերով գրելու պատմության դասագրքերում։


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ