«Արդեն հոգնել ենք մենք այս անիմաստ բախտից,
Դու մինչև երբ, Արա, մանուկ մնաս,-
Եվ մինչև ե՞րբ - այդպես- մահո՛վ հաղթես...»։
Եղիշե ՉԱՐԵՆՑ
ԱՔԼՈՐԸ` ԱՐԱ-ՄԱՆՈՒԿ
(ֆելիետոն-նախավարժանք)
Երկունքը շռնդալից էր, ինչպես մայիսմեկյան շքերթը։ Արա-Մանուկն ուսին առավ Վահագն-Վիշապաքաղի եղանն ու քաղեց վիշապներին։ («Թատերական» հրապարակում ծիրանագույն ծիածանն էր հուրհրում)։ Արա-Մանուկն ազդարարեց վիշապաքաղի սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Հետո ճախրեց մոխրասև կոթողի տանիքն ու ղողանջեց յոթհարյուրամյա կարոտի ծուղրուղուն։ Հուրհրան ծուղրուղուն` գրանիտակոփ տաճարի գագաթից, սխրանքների մղեց արամանուկներին։ (Աքլորը` մեկ-երկու-երեք-չորս փոխարինեց Արա-Մանուկին)։ ՈՒ քաղվեցին վիշապները, որ թունաշունչ էին և դիմակավորված։ Նախ «Նաիրիտը», հետո «Շիրազ» գրախանութը։ Այնուհետև «Ձեթ-օճառ» կոմբինատը։ Որպես վերջնարդյունք էլ անկյուն մղվեցին աղետի գոտին և «Շարական» համույթը։ Աքլորը զլում էր ծուղրուղուն գիշերուզօր, զլում էր ու հնձում, հնձում էր ու կալսում ու դարմանը քամուն էր տալիս։
Արա-Մանուկի աքլորացման այս զվարթ առասպելի հենքում, անշուշտ, կռահեցիք «Ղարաբաղ» կոմիտեի սկիզբն ու զարգացումը։ Ավարտը մի նոր Ավարայրի դռներն է բացում մեր առջև, իսկ Արշակավանն այդպես էլ չի կենդանանում։ (Արշակավա՜նը)։
Բարի, նախաբանը հուզիչ էր, տպավորիչ, հավանաբար, քիչ էլ գրգռիչ։ Զի այն մեր պետականության մանկությունն էր, որ փոխվեց սեռահասունության, հետո հասունությունը բախեց դուռ ու դարպաս և հեռացավ գլխահակ, տղայամտությունն անկախ պետականության կայացման ողն էր ու ամորձին։ Եվ մեր երազանքի նժույգները սիգարշավ հեռացան դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք։ (Որտեղ հաց, էնտեղ էլ կառուցիր ջրաղաց, հողմաղաց և կա՛ց, սուսուփուս և բանիմաց)։ Այս «տառապած ու փառապանծ» միջօրերում, ազգափրկիչ ու երկրապնդիչ ծրագիրն ու ծրարված-սոսնձված գաղտնագրերը պաշտոնապես հորդում են էկրանից ու դավում, դյութում այնքան խնդուն, որ դիվոտում ես ու փորձում ազատ մի վանդակ գտնել գազանանոցում և դրկից բորենու կամ սիրամարգի հետ մեր անկախ կախյալության օրհներգը հյուսել։ («Մեր հայրենիք, թշվառ-անտեր», սա օրհնե՞րգ է, թե՞ դամբանական)։
1996-ի աշունն էր, ոսկեգեղ ու զրնգուն։
Աքլորականչին հաջորդեց գահորսությունը։ (Օ՜, թշվառ Կլավդիոս։)
Հետո եկավ 1998-ի վաղ գարունը, 1999-ի խոր աշունը, հետո պարզվեց, որ սեռահասունության անբուժելի քաոսը մեզ դրդում է անկախ պետականության մեկ տարում ամոքելու պետականազրկության մեկ դարը։ Եվ ծուռ նստենք, շիտակ դնգստենք, առանց խնայելու ծոծրակ ու բերան, պետականազրկության խորհրդային շրջափուլո՞ւմ էինք առավել ինքնիշխան, թե՞ անկախության շիլաշփոթում։ (Ինչ էլ հնչեղ ստացվեց` անկախության շիլաշփոթ, այսինքն, անգամ շիլան շփոթվեց, երբ առկախվեց)։
Եվ ահա թե ինչ է մտորում «Մեգիրա» քաղաքական-էզոթերիկ վիպակում գրող-հրապարակախոս Արծրունը` Պեպանյան. «Այստեղ պետությունն ավարտվում է տան շեմին, որտեղից սկսվում է աղբանոցը»։
Եվ քանզի աղբանոցը ուռճանում-հարստանում-մոլեգնում է, պետականությունը կայանում-կայունանում է որպես գերհաջողակ բիզնես-նախագիծ։
Եվ, ահավասիկ, Եվրասիայի դարպասները հանդիսավոր փառահեղությամբ բացվում են մեր առջև, քիչումիչ «քոնթի գալով»։ Դե, հասկանալի է, յուրաքանչյուր օտար դուռ և դարպաս (ինչպես, զորօրինակ, ծննդատների դռներն ու «ավտոսերվիսների» դարպասները խորհրդային տարիներին) բացվելիս չպիտի ճռռա՜ն ու նյարդդ սղոցեն։ Բնականաբար, այն յուղել է պետք։ Դե, եկեք տեսնենք, թե ինչպես ենք «յուղվում»։
ՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԷՊՈՊԵԱ
(պամֆլետ-միջօրե)
Ալեքսանդր Պրոխանովը ռուս հրապարակագիր է և գրող։ ՈՒնի հակասական գործչի իմիջ։ Արտաքուստ ռուսական օրթոդոքս ազնվականության և խորհրդային բարձրավոլտ մտավորականության միակցություն է։ Ռուսական իրականությունում լուրջ կշիռ ունի։ Նաև հանրահայտ է որպես Եվրասիական միության խանդավառ քարոզիչ։ Եվ նրա հեղհեղուկ, միաժամանակ նրբակերտ քարոզներն ավելի շատ արտաքին լսարանի համար են։ Ահավասիկ մի քանի դրվագ նրա վերջին քարոզից` հատուկ հայկական աշխարհի համար։ «Քրիստոնեական Հայաստանը շրջապատված էր հզոր մուսուլմանական զանգվածներով, ովքեր այսօր բարեկամասեր են, կամ ծայրահեղ դեպքում չեզոք են, սակայն հետագայում, ինչ իմանաս, նրանք չե՞ն սեղմի Հայաստանն իրենց իսլամական մամլիչներում։ Տնտեսությունը շատ է արդիական և՛ այսօր, և՛ վաղը, բայց եթե համաշխարհային հեղափոխության ժամանակը գա, գործին կխառնվեն մետաֆիզիկական ուժերը։ Այսպիսով, Հայաստանը ռազմավարորեն ուղղափառ Ռուսաստանի պահանջը կզգա, և դա տնտեսությունից առավել կարևոր է։ Չնայած ոչ պակաս չափով Հայաստանն անհրաժեշտ կլինի Ռուսաստանին։ Հենց քրիստոնեական շարժառիթներով, քանզի իմ և, առհասարակ, ռուս ուղղափառ մարդկանց պատկերացումներում Հայաստանը միստիկական քրիստոնեության ահռելի ռեսուրս է»։ Մի՞թե սա ահռելի չափերի դեղին քարտ չէ անկախ-կախյալության մեջ դեռևս վերուվար անող հանրապետությանը։ Դեղին քարտ` Կրեմլից։ Որին կհաջորդի կարմիր քարտերի շարանը` ուղղված մեր երկունքին, մեր Արա-Մանուկին և վերջապես մեր հուրհրան ծուղրուղուին։ Իսկ ծուղրուղու կանչելը (ողբամ զքեզ) մեր պետականության մենաշնորհն է։ Ծուղրուղո՜ւ, քսան տարի շարունակ, զի՜լ, զրնգուն և` անփառունակ։ Բարեփոխվում ենք օր օրի, կայունանում ենք տնտեսապես, համակարգային ապտակներ ենք հասցնում աղքատությանը, կոռուպցիային և խաղաղասիրտ թիկունք ենք կանգնում ազգային մեր եկեղեցուն։ Սակայն մեզ սահանկում են միստիկական քամիները և, ահավասիկ, որքան էլ երկրում նվազում է աղքատության նիշը, նույնքան ավելանում է նրանց թվաքանակը։ Զի հայն աղքատ լինել անկարող է, դա հակացուցված է մեր դեռափթիթ ոգուն և դաբաղված մաշկին։ Բայց աննշան մի տարբերությամբ. հայն առաջընթացի խարիսխ է ամենուր` Սինգապուրում և Դանիայում, Հրո երկրում ու Թիֆլիսում, Փարիզում և Բոռնեո կղզում։ Ա՛յ, հենց էստեղ էլ թաղված է միստիկայի բուն էությունը, հանուն մարդկային էվոլյուցիայի, մարքսիզմի օրինաչափությունների և, բնականաբար, ներազգային մեր Աքլորի, հայը պիտի աղքատ, անպաշտպան, հլու և պարտապան լինի միայն սեփական հողի վրա, ամուր կառչած պապենական արմատներից և ձեռքը պարզած հարավ (իրանական լոլիկին), հյուսիս (ռուսական կաղամբին), արևմուտք (խոզահավային գրիպներին) և արևելք (չինական հնոտուն)։
Համա՜ թե քոքվածն ես, ՑՏՉՈՐՌք Պրոխանով։ ՈՒ տես, թե ինչ հոգեշահ բառամթերք ես շուկա հանում. «...ռուս ուղղափառ մարդկանց պատկերացումներում Հայաստանը միստիկական քրիստոնեության ահռելի ռեսուրս է»։ Իհարկե, զի որքան էլ մենք «փոքր ածու» ենք, մեր սիրտը բովանդակ Արևելքի և Արևմուտքի խառնարանն է։ ՈՒ ահա այստեղից էր, որ սրբաշնորհ վեղարի տակ վսեմ հայացքներն Արևմուտք ուղղելով քրիստոնեությունը Եվրոպայի ծայրագավառներ հասցրին առաքելական մեր առաքյալները։
Տիար Պրոխանովին հայտնի է հայ ցեղատեսակի առաքելությունը։ Զորօրինակ, մեր արա-մանուկներն օտար բոստաններում (Բոստոնից Զիմբաբվե) քաղհան են անում, ջրում-բեջարում, փառահեղ բերք են ստանում ու, աչքդ դեռ մի կարգին չթարթած` դառնում են նշանավոր զորական և նշանակալից գործիչ ամենուր` բոստանից մինչև սուզանավի ու տիեզերանավի կերտիչ։
Փա՜ռք Արա-Մանուկին երիցս, զի նրա սերմը ոսկեգեղմ է։ Չափազանցությո՞ւն է, սնափառությո՞ւն։ Բնա՛վ։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակ։ Եվրոպան և Ամերիկան հեղեղվում են կայսրազուրկ Ռուսաստանից թավալվող բանական արարածների անբնական զանգվածներով, խելակորույս, հանդուգն, ադամանդներով գաղտնալցված և սովալլուկ։ Ռուսաստանից ժամանեցին գլխավորապես կորուսյալ ազնվականության, զինվորականության ու բուրժուազիայի մունետիկները։ Հայաստանից հիմնականում յաթաղանից հրաշքով մազապուրծները։ Սակայն ռուսական հետքը «խելքի եկավ» կարծես թե միայն երրորդ սերնդի մեջ։ Հայոց հետցեղասպանության առաջին սերունդն արդեն աշխարհին նվիրեց Ազնավուր, Գորկի, Ադամով...
ԾՈՒՂՐՈՒՂՈ՜Ւ
(սարկաստիկ վերջերգ)
Հոգնե՞լ ու ձանձրացե՞լ ենք այս անիմաստ բախտից։ Կարծես բախտից պիտի որ «խելռենք», զի բանակը մեր ամենազորեղն է տարածաշրջանում, տնտեսության ազատականության առաջին դիրքերում ենք, Հայաստանում և այլուր եկեղեցաշինությունը վերընթաց է ապրում ինչպես երբևէ... Փա՜ռք քեզ, Արա-Մանուկ։
Եվ, ահավասիկ, փառավորվենք և վերանորոգվենք Եվրասիա ընդունվելուց առաջ։ Իսկ որ Եվրասիայի դռները երկու-երեք տարի անց կթակենք ձեռքով, ոտքով, թերևս նաև գլխով, մի՞թե կասկած կա։ Չէ՞ որ ամենազորեղ բանակը գերհզոր բանակային օլիգարխիատ ունի։ Չէ՞ որ մեր տնտեսությունը ոտ ի գլուխ մենաշնորհված է, բաժան-բաժան եղած յոթ-ութ-հարյուր տասնութ ընտանիքի գրպանում, իսկ աղանդավորների գլխաքանակով առաջինն ենք նախ Կովկասում, հետո Ասիայում, վերջում էլ` Եվրասիայում։
Ծուղրուղո՜ւ, մեր աքլորը թառել է եվրասիական դարպասին։ Բախտներս իմաստավորվում է։
Այս վտանգները մի՞թե շահարկեցինք։ Բնա՜վ։ Զի նախընտրական քարոզարշավի «հայտնությունները»` էպոսագետը, քայլարշավողն ու հացադուլիստը, լիուլի բավարար են անկախ պետականության զգացողությունդ վերջնականապես կորցնելու համար։ Բայց դադար տանք ու շունչ քաշենք, զի լուսավոր կետերը բազում են գործող նախագահի ծրագրում։ Զորօրինակ, «Խելամիտ շուկայական կարգավորումը փոխլրացնելու ենք իրական հատվածում պետության արդյունավետ միջամտությամբ»։ Հակառակ պարագայում մեր անկախությունը կվերածվի գերհաջողված բիզնես-նախագծի։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ