«Ես տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական այս երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ո՛չ Լևոն Տերին կպնեմ, ո՛չ էլ Անտեր Լևոնին: Պարզապես հարցադրեմ` արդյոք այսօր կա՞ որևէ քաղաքական ուժ, որ կարողանա հասնել Սարգսյանի հրաժարականին: Ասեմ, որ 100 %-ով նախագահամետ չեմ: Բանական մարդը, մտածող մարդը չի կարող ինքնուրույն կարծիք չունենալ: Այն էլ ասեմ, որ պատերազմի դաշտում ամենաբանական մարդուն անգամ չի թույլատրվում քննարկել հրամանը: Հրամանը օրենք է, որին պետք է ենթարկվել: Բայց, քանի որ այսօր մենք պատերազմի դաշտում չենք, ուստի ինձ իրավունք եմ վերապահում քննադատելու անգամ նախագահին, ինչը պետք է լինի արդարացի և ոչ թունոտ: Բայց, մինչ այդ քննադատությունը, հիշեմ Քրիստոսի հայտնի խոսքը` թող այս կնոջը քարկոծի նա, ով կյանքում մեղք չի գործել: Ինչպես գիտենք, մի քանի րոպե հետո հրապարակն ամայացավ, անբարոյական կնոջը քարկոծող մարդ չմնաց: Ինչո՞ւ: Որովհետև այդ դարաշրջանի մարդն այնքան բարոյական էր, որ հավատում էր Աստծուն, նրա պատժին: Իսկ մեր օրերի՞ մարդը: Եթե Լևոնը հավատար Աստծո պատժին, բնականաբար, քոչարյանական թողտվությունից հետո ոչ միայն քաղաքականություն չէր վերադառնա, այլև ընդհանրապես կհասկանար, որ քաղաքականությունը իր տեղը չէ: Մեր կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանի, որպես քաղաքական գործչի բարոյազրկման վերջին վճիռը կայացրեց Եվրադատարանը: Այսօր այդ ուժը լավ է գիտակցում, որ ինքը Հայաստանի քաղաքական կյանքում ինքնուրույն խաղացող չէ, և անցել են «Լևոն, Լևոն« բացականչությունների ժամանակները, որ ՀԱԿ կոնգլոմերատը լուրջ, բանական մարդու մեջ որևէ հույս չի արթնացնում Հայաստանի քաղաքական դաշտի վերաձևման գործում: Արդեն անկարողության վերածված (հիշեմ երիտասարդ տարիներիս մի դեպք. հեռու 1962-ին, Աբովյան փողոցում, տեղադրված մի կրպակ էի մտել պաստայով գրչի լիցքավորման համար, այստեղ էր նաև 80-ն անց մի ծերուկ. երիտասարդները, թե` բիձա, ո՞նց ես, կարող ե՞ս, նա թե` տղանե՛ր, Աստվածաշունչ կարդացե՞լ եք. չէ` եղավ պատասխանը, ի՞նչ կա. էնտեղ գրված է, որ ծերուկի ցանկությունը եթե ուղղես ապառաժ քարին, ապա այն կտրաքացնի. բայց նա անկարող է) ՀԱԿ-ն արդեն որերորդ անգամ օգնության է կանչում ԲՀԿ-ին, մոռանալով, որ քաղաքական այդ ուժը, քաղաքականության մեջ բիձայի նշած աստվածաշնչյան ծերուկից էլ անկարող է, որքան էլ նյութապես լինի կարող: Ազգային ժողովի վերջին ընտրությունները դա ցույց տվեցին: ԲՀԿ-ի կատարած նյութական ծախսերը համարժեք չէին ստացած ձայների քանակին: Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձի քաղաքական դաշտ բերել Գագիկ Ծառուկյանի կարողությունները, նա հոգու խորքում միշտ փայփայում է նրան որպես միջոց օգտագործելու և վերջում որպես շլակ դեն նետելու քողարկված ցանկությունը: Գագիկ Ծառուկյանն էլ վճռական գործողությունների չի դիմում, որովհետև, որպես օլիգարխ, լավ հասկանում է. լծակներ ունեցող իշխանությունը ցանկացած պահի նրան կարող է «կոմպլեմենտար» Օսկանյանից ավելի վատ օրի գցել: Որքան էլ պրիմիտիվ լինի օրինակս, ուզում եմ հիշել մեր գյուղխորհրդի նախագահներից մեկի` հանգուցյալ Արտաշես Այվազյանի խոսքերը` ուղղված գյուղի մի լավ ջեբկիրի. «Ադա, կեղտդ փորիդ մեջ եռում է, կարծում ես ճրագու է՞: Լավ հասկացիր, օրենքի առաջ առյուծը կատու է»: Քանի որ մեր այսօրվա օլիգարխ առյուծներն օրենքի առաջ կատվի կարգավիճակով են (նկատի ունեմ նրանց ապօրինի հարստանալը, հարկերը չտալը և այլն. ո՞վ է տեսել, որ սեփական ցեմենտի գործարանից «լևի» ցեմենտ ծախեն), ուստի նրանք (կոնկրետ դեպքում` Գագիկ Ծառուկյանը) չեն կարող դուրս գալ նախագահի համար ցանկալի ուղեծրից:
ՈՒստի այսօր Սերժ Սարգսյանի դեմ որևէ այլընտրանք չկա: Այդ այլընտրանքը կարող է լինել նա, ով անցած քսան տարիներին գոնե մեկ անգամ չի հայտնվել ՀՀՇ-ի քաղաքական դաշտում, ով գոնե մեկ անգամ անկեղծորեն խոստովանել է, որ ինքն էլ այս կամ այն չափով մասնակցել է ՀՀՇ-ի թալանին:
Չկա՛:
Ուրեմն չկա նաև Սերժ Սարգսյանի այլընտրանքը:
Հիմա վերադառնամ նախագահին:
Հանրապետության երրորդ նախագահը օրիգինալ մարդ է: Ո՛չ մեծամիտ է, ո՛չ էլ թույն: Անմիջական է, շփվող, մարդամոտ: Այն եզակի անհատն է, ով քսան տարվա ՀՀՇ-ի գնացքով երթևեկելով, իրեն համեմատաբար մաքուր է պահել: Հավատացած եմ, որ գալիք չորս տարում նա օլիգարխիկներին բերելու է իրավական դաշտ, որ ոչ մեկն իրեն օրենքից վեր չի դասելու, որ այսօրվա բարդ քաղաքական իրադարձություններում նա շարունակելու է վահանի դեր տանել ոչ միայն Արևմուտք-Արևելք բարդ հարաբերություններում, այլև օլիգարխները կլինեն կա՛մ օրենքի ներսում, կա՛մ ուղղիչ աշխատանքային գաղութներում, որ գալիք չորս տարում մեր երկրում վերջնականապես կոչնչանա թալանչու հհշածին հոգեբանությունը, որ հայը չի փախչի իր երկրից, և դրսի ցանկացած հայ կնայի դեպի Հայաստան: Ոչ միայն հուսանք և հավատանք, այլև թող Սիրիան դաս լինի մեզ բոլորիս: Հավատանք նաև, որ Սարգսյանի կառավարումով կավարտվի ՀՀՇ-ի էպոխան:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ