«Ամեն անգամ զարմանում եմ, թե ժողովուրդն ինչպես է հավատում քաղաքական գործիչներին, որոնք բոլորն էլ ստում են»:
Շառլ դը ԳՈԼ
«300-Ի ԿՈՄԻՏԵՆ». ՆՈՐՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵՐ
(մղձավանջի նախերգանքներ)
Ջոն Քոլեմանը դոկտոր է, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների նախկին սպա, ով հանրահռչակեց իր անունը «300-ի կոմիտեն: Համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի հրատարակմամբ: Ահա մեկ դրվագ վերոնշյալ գրքի առաջաբանից. «Անգոլայում որպես քաղաքաբան սպա ծառայելիս հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրելու մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնց բովանդակությունն արտասովոր բացորոշ էր: Տեսածս ինձ համակեց զայրույթով ու վրդովմունքով, և ես ոտք դրի մի ուղի, որից այլևս չթեքվեցի. իմ նպատակը դարձավ ամենքին ցույց տալ, թե ինչ ուժ է վերահսկում և ղեկավարում Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները»: Իսկ մինչ այս համաշխարհային գերագույն թնջուկի լուծմանը նվիրված տիար Ջոնն ահազանգում է. «Պատկերացրեք ազգային ոչ մի սահման չճանաչող և բանկային գործը, ապահովագրությունը, ածխահատությունը, դեղորայքի առևտուրը, նավթարդյունաբերությունն ընդգրկող մի ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ, որի անդամները պատասխանատվություն են կրում բացառապես միայն այդ խմբի անդամների առաջ: Դա 300-ի կոմիտեն է»:
Սա հարգարժան Քոլեմանը գրել է 1991-ի նոյեմբերին: Իհարկե, յուրաքանչյուր քիչ թե շատ գիտակից մեկը կարող է քմծիծաղով երեսը շուռ տալ, այս ամենը համարելով հերթական սադրանք: Սակայն աշխարհում չափից ավելի շատ բաներ են կատարվում, որոնք ուղղակի պարտադրում են խորհել, որ ինչ-որ բան լրջորեն շեղվել է իր բնականոն զարգացումների հունից, որոնք էլ, իրենց հերթին, զարմանալի ներդաշնակ են նոր հայկական եղելություններին։ Չէ՞ որ, իսկապես, ՀՀ-ում բավականին բաներ են «շողուլից» ընկել։
Երևի թե այսպես էլ անենք, տրամադրենք փաստերը և մի դառնագին «թաթալոշ» հասցնենք Երկիր մոլորակը փորձակայանի վերածել կամեցող դժնդակ ուժերին: Անշուշտ, մեր ապտակն ու աքացին հեռակա են, ունեն սրտհովանքի նշանակություն: Բայց չէ՞ որ սա էլ մի բան է, եթե չարիքը կործանել չես զորում, գոնե հավուր պատշաճի արժևորիր այն, թե չէ ակամա դառնում ես դրանց մասնակիցը:
Այսպիսով, կա 300-ի կոմիտե, որն ունի գերագույն մարմին, և այս գերագույնն էլ ահա հարյուր տարի է, ինչ կառավարում է աշխարհը: ՈՒշագրավ է, որ սույն կոմիտեն նենգաբար թաքնվում է զանազան անվանումների ներքո: Օրինակ` «Միջազգային հարաբերությունների խորհուրդ», «Եռակողմ հանձնաժողով», «Հոմեական ակումբ», «Մարշալի գերմանական հիմնադրամ»:
(Կոմիտե՞: «Ղարաբաղ» կոմիտե, «Ազգային զարթոնք» հածանավ և անկախության շոգեքարշ: Բայց թե ինչո՞ւ փլուզվեց հածանավը, և ինչպե՞ս փակուղի ներխուժեց շոգեքարշը, ցայսօր անհայտ է, թերևս անմեկնելի: Գուցե թե հեռակա կարգով, հայտնի է միայն տիար Քոլեման Ջոնին: Կամ անցյալ-ափսոսական «ԼԼ» եղանակով):
Ահավասիկ ինչ է հաղորդում տիար Ջոնը. «ՈՒշադրություն դարձրե՞լ եք, թե թագուհի Եղիսաբեթ 2-րդն ինչպես է կատարում Անգլիայի պառլամենտի բացման արարողությունը: Այնտեղ, ի տես բոլորի, գտնվում է «300-ի կոմիտեի» ղեկավարը: Երբևիցե ականատես եղե՞լ եք ԱՄՆ-ի նախագահի երդմնակալության արարողությանը: Այնտեղ, ի տես բոլորի, գտնվում է «300-ի կոմիտեի» մի ուրիշ անդամ: Ամբողջ խնդիրը լոկ մարդուս ընկալման մեջ է»: Մեր ընկալմամբ` Անգլիայում զարմանահրաշ քաղաքական ավանդույթ կա, գաղափարները, որոնք ունեն պառակտիչ բնույթ, սովորաբար «արտահանվում են» և ագուցվում տարբեր երկրների և ժողովուրդների պարանոցին։ Պատահակա՞ն է արդյոք, որ համաշխարհային հեղափոխությունների տեսական կնքահայր Կառլ Մարքսը տարիներ շարունակ տքնում էր բրիտանական թանգարանի գրադարանում։ Բացի սրանից, բուլտերիեր ցեղատեսակի գազանը, որ ձևով շուն է, բնույթով` հրեշ, հենց Անգլիայի նվերն է մարդկությանը։ Այստեղ նաև դժվար է չհիշել Լոուրենս Արաբացու հայտնի տեսությունը, համաձայն որի, «Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը։ Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար։ ՈՒզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար։
Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ աշխատած դրամի։
Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը։ Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրան»։
Լոուրենսն անգլիական հատուկ ծառայությունների գերգաղտնի և ամենափայլուն գործակալներից է։ Եվ, անշուշտ, ներկայացնում էր Անգլիայի պետական քաղաքականությունը։ Այնուհետև Քոլեմանը ոչ պակաս ցնցող է իր հրապարակումներում. «Մարդկության վերաբերյալ Կոմիտեի կարևոր որոշումներից շատերը, ըստ երևույթին, մշակվում են լեհ արիստոկրատ Ֆելիքս Ձերժինսկու փիլիսոփայության հիման վրա, որը համարում էր, թե մարդիկ զարգացման աստիճանով անասունից մի քիչ են բարձր»: Այո, սիրելի ընթերցող, Ձերժինսկին նույն Ֆելիքս Էդմունդովիչն է, բոլշևիկյան Չեկայի սարսափազդու տիրակալը:
Առհասարակ բազմաթիվ են «պայծառ գլուխները» «300-ի կոմիտեում» և նրա «դուստր ձեռնարկություններում»: Ահա ասպարեզում է Աուրելիո Պեչեին, ով Դևիլում (Ֆրանսիա) կայացած կոնֆերանսի նախագահն է: Կոնֆերանսի գլխավոր նպատակը ԱՄՆ-ում ճարտարվեստական (տեխնոլոգիական) և արդյունաբերական առաջընթացի լուծարումն է: Սույն կոնֆերանսի նյութերի հիման վրա հանրահռչակորեն տխրահռչակ Բժեզինսկին գրում է «Տեխնոտրոնային դարաշրջանը», իսկ Պեչեին` «Անդնդի առաջ» գրքերը: Պեչեին մասնավորապես համոզված է, որ աշխարհն ապագայում ընկնելու է քաոսի մեջ, եթե «չղեկավարվի համաշխարհային միասնական կառավարության կողմից»: Այո՜:
Քիչ առաջ ենք ընթանում, և պարզվում է, որ Բժեզինսկու, Պեչեիի և այլոց դիվային քարոզչության հենքում ուրվագծվում է տխրահռչակ քահանա Մալթուսի «ուսմունքը»։
(Ո՞վ էր Մալթուսը, մի՞թե նրան արժանին չենք մատուցելու): Թոմաս Ռոբերտ Մալթուսը անգլիացի տնտեսագետ էր և քահանա (1766-1843 թթ.): Ավարտում է Քեմբրիջի նշանավոր համալսարանը, ստանում աստվածաբանի գիտական աստիճան: Զբաղվում է քաղաքատնտեսությամբ ու դառնում «գռեհիկ» քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը: Ըստ նրա տեսության` աշխարհի բնակչությունն ունի երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու միտում, իսկ գոյամիջոցներն ավելանում են թվաբանական պրոգրեսիայով: Եվ ահա մարդկությունը քաղցում է ու անգործության մատնվում: Եվ անհրաժեշտություն է ծագում այդ ավելորդ բեռից (այսինքն` ժողովուրդներից) ազատվելու պատերազմների ու համաճարակների միջոցով:
Սույնը կարդալով` չէի կարող չհիշել 1999-ին կայացած մի հանդիպում Երևանում «Թեքեյան» մշակութային միությունում: Բանախոսներն էին օրվա վարչապետ Արմեն Դարբինյանը և բագրատյանական շրջանի տնտեսագիտական «քինդեր-անակնկալներից» մեկը, Հայաստանի բանկերի միության նախագահ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը: (Էսօրվա պես եմ հիշում. նախասրահում բանկետի ճոխ սեղան էր բացված լրագրողներիս համար): Հիշում եմ, որ տիար Եղիազարյանը զվարթ տրամադրությամբ ՀՀ-ի տեղն ու դերը ճշգրտելու համար երկիրն ուղղորդում էր ուշագրավ մի հանգրվան` «Նագրուզկաների խումբը»: Ըստ նրա, 3-րդ աշխարհի երկրների ¥այդ թվում` ԽՍՀՄ նախկին հանրապետություններն ու Հայաստանը) առաջատար, երիտասարդ և տաղանդաշատ ուժերը պետք է որ ուսանեն և աշխատեն քաղաքակիրթ աշխարհում: Եվ բնական է, որ նրանց ճնշող մասը Հայաստան չի վերադառնա, մեր տնտեսությունն ունակ չէ նման բարձրակարգ մասնագետների համար համապատասխան աշխատանքային միջավայր և աշխատավարձ ապահովելու: Իր հերթին վարչապետը, որ սովորության համաձայն ճեմում էր Նապոլեոնի դիրքով ¥այսինքն` ձախ ափը հպած, ողնաշարի ներքևի հատվածում¤, միանգամայն տրամաբանական էր համարում փոքրաքանակ բնակչության գոյությունը սակավառեսուրս երկրում: Ի դեպ, երբ Արմեն Եղիազարյանը հանրապետության էկոնոմիկայի նախարարն էր, Կառավարական տան հյուսիսային դռան առջև Սևանից կորզված թարմ սիգ էր վաճառվում: Դուռը էկոնոմիկայի (կարծեմ նաև` ֆինանսների) նախարարություն էր տանում: Լրագրողիս հարցին, թե ինչ է նշանակում գողացված ձկան ապօրինի վաճառքը, պատասխան հնչեց. բա ինչ եք ուզում, շուկայական հարաբերություններ են: Ընթերցողն անշուշտ կռահեց, ով էր պատասխանի հեղինակը:
Ի դեպ, վերոնշյալ բանկետին չմասնակցեցի: Դա բարոյական տեսանկյունից մեծ «նագրուզկա» կլիներ առողջությանս համար:
ՃԻՇՏ ԺԱՄՆ Է ՍԱՌԸ ԹԵՅԻ ՈՒ ՄԵԿ ԳԱՎԱԹ «ՅԱԹՐՋԻ ՕՂՈՒ». ԴԻՄԱՆԱԼ Է ՊԵՏՔ
«300-ականներն» առհասարակ մի շարք թիրախային թշնամիներ ունեն: Զորօրինակ, նույն Պեչեին, հաճախ թրև գալով «պեչենու բաղերում», շարունակ պնդում է, որ ազգայնականությունը քաղցկեղի ուռուցք է մարդու վրա: Նույնքան «աղետալի են» Պեչեիի համար ազգային պետությունները: Ե՛վ Պեչեիին, և՛ նրա գաղափարական «դոստ» Էրվին Լասոն համոզված էին, որ մարդկության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը արդյունաբերության զարգացումն է: ՈՒշագրավ է, որ այդ տարիներին մեկ այլ կոմիտեական` Հենրի Քիսինջերը, հանդիսանալով «Միջազգային գործերի թագավորական ինստիտուտի» լիազոր ներկայացուցիչ, սերտ կապեր է ունեցել Կրեմլի հետ: Այո՜։
Ազգային պետությունները կամ պետք է ընդունեն «Հռոմեական ակումբի» գլխադասությունը, կամ ապրեն ջունգլիների օրենքներով։
Հե՜յ գիտի, հե՜յ, 3-րդ հանրապետության կայացման խելակորույս ժամանակներ։ Արցախի հերոսամարտը ստիպում էր հանրությանը լեզուն ատամների տակ սեղմած դիմակայել: Սակայն պարզորոշվում էր, որ երկրի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարհուրելի հետևողականությամբ փոշիացվում են: Առաջին նախագահի` արդյունաբերական համակարգը վերահսկող մերձավորագույն շրջապատին հաջողվեց 80 «Կամացու» ճապոնական տրակտորները մետաղի ջարդոնի անվան տակ դուրս բերել հարևան Իրան: «Կամացուների» նման խմբաքանակ չկար ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում: Դա հռչակավոր շինարար, ազգային գործիչ Գեորգի Թաթարյանի նվերն էր Հայաստանին դեռ խորհրդային տարիներին:
Թե ինչ կատարվեց գյուղատնտեսության ոլորտում, հիշելի է հայտնի սրամտությամբ. «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»: Մինչդեռ անցած քսան տարում բազմաթիվ հիշարժան առաջարկություններ են ներկայացվել պատկան մարմիններին: Վերցնենք թեկուզ լուսահիշատակ ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագիրը, արևից էներգիա ստանալու անփոխարինելի հեռանկարը: Մի բան, որ աշխարհի շատ երկրների սևեռուն ուշադրության կենտրոնում էր, միաժամանակ նույնքան սևեռուն անտեսվել և անտեսվում է հայրենի կառավարությունների կողմից: Այսպիսով, քսան տարվա հիմնարար քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնող երկրում ձևավորվել է գերհզոր և հանրության կողմից բացարձակապես անվերահսկելի իշխանատնտեսական մի ամփոփ շրջանակ, երբ 4 միլիարդ դոլար է հանրապետության արտաքին պարտքը: Այո, զուգահեռաբար լայնք-երկայնքով վերահսկելի է հանրությունը։
ՎԵՐՋԱԲԱՆ-ՄԽԻԹԱՐԱՆՔ
Պատվարժան Ջոն Քոլեմանի աշխատությունը, ըստ էության, ահազանգ է համայն մարդկությանը: Չէ՞ որ նման կոմիտեների ձեռամբ են գործում դիվային ուժերը: Բարեբախտաբար, ամեն բան չէ, որ հաջողվում է նրանց: Մասնավորապես, տապալվեց Երկիր մոլորակի բնակչությունը 2000-ին 3 միլիարդ մարդով կրճատելու ծրագիրը: Շունչ քաշելու ժամանակ ունենք, փաստ է։
Այնպես որ, միանում ենք աշխարհացունց ահազանգին: Եղե՛ք աննկուն, դիտեք ֆուտբոլային մարտերը և սպասեք մեր հաջորդ հրապարակմանը, և կանդրադառնանք, թե ինչ անկասելիությամբ են անտես և տեսանելի ուժերն անարգում հայ հասարակությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ