Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ո՛Չ, ԵՍ ԹՈՒՐՔ ՉԵՄ

Ո՛Չ, ԵՍ ԹՈՒՐՔ ՉԵՄ
10.09.2010 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Հայր մեր, որ յէրկինս ես…»:
«Ցավդ տանեմ, եթե Աստծո անունն ես տալիս, խաչակնքի՛ր»,- ինքս ինձ եմ ասում, որովհետև չկա մեկը, որին դիմեմ: Եթե նույնիսկ մեկը լիներ, իմ կամ այլ ցեղից, դարձյալ ասելու բան չէի ունենալու: Հայը, երբ մենակ է մնում, ասելու բան չի ունենում, մանավանդ իմ տեսակի հայը, որը ամբողջ կյանքում ապրել է քրդական ասացվածքի տրամաբանությանը հլու (քուրդը դարդ չուներ, կտրեց իր անդամն ու իրեն դարդ մոգոնեց), կամ պոետ Արմեն Մարտիրոսյանի ասածի պես (Եվ ինքն իրեն կտցահարող մի փայտփորիկ, ինքն իրեն այնքան պիտի փնտրի… փորի…): Ի՞նչ ասի: Իր ասելիքը վաղուց ասել-պրծել է. հենց էն օրը, երբ Հայկ Նահապետը Բաբելոնի թագավոր Բելին նետահարեց: Մինչև օրս էլ ասորի տեսնելիս շիկնում եմ ու դեմքս շրջում. նրանց աչքերի մեջ նայելու, հպարտանալու կամ արդարանալու սիրտ չունեմ:
Վիլյամ Սարոյանը «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքը գրեց ու մասամբ իր մեղքը քավեց: Նրա էդ բնավորությունը չեմ սիրում. ամենքի փոխարեն ինքն է ապաշխարում: Երևի կարծում է, որ իր տեղը եթե Աստված մի ասորի աշխարհ բերեր, ասորիների ազգը անհետացումից կփրկվեր: Յոթանասուն հազար մեկը արդեն լուրջ քանակ է և մեղմում է Բելի սպանության համար հայերի մեղավորության բարդույթը: Էս էլ մեր Մեծը. իր դարդն ու ցավը մի կողմ դրած՝ ասորիների անհետացման ողբն է կապել: Ես էլ մի բարի պտուղ չեմ. ինքս տարագիր ու գործազուրկ (որդիս Մոսկվայում բախտ է որոնում, կինս Երևանում պատգամավորներին է դատափետում, իսկ մայրս գյուղում դանդա՜ղ մահանում է)՝ կամ գերմանացի եմ փնտրում, որ մեղքը քավեմ, կամ էլ հրեա, որ մեռելին արցունք թափեմ: Ոչ էն եմ գտնում, ոչ էն. որ կողմը նայում, թուրք եմ տեսնում:
«Ցավդ տանեմ,- ինքս ինձ եմ ասում,- գերմանացին ու հրեան ի՞նչ մեղք ունեն, որ քո աչքերը թուրքի են սովոր»:
Ոչի՜նչ, ժրաջան բելգուհու կատվի փոխարեն կմլավեմ:
-Մոնիկա՜…- կանչում է բրյուսելյան շենքի առաջին հարկում տնավորված բելգուհին:
Բելգիացի կանայք, կանանց այլ հրապույրներին զուգահեռ, երկու գործում անզուգական են: Ոչ մի հայուհի, էլ չեմ ասում թրքուհի կամ հնդկուհի, չի կարող այնքան նազանքով ու հավատով ծաղիկ ջրել ու կատու սանրել, որքան բելգուհիները: Այդ պահին նրանք ասես Աստվածամոր աչքերի մեջ նայելիս լինեն: Եվ նա, ով հանդգնում է խանգարել աշխարհը կործանումից փրկելու այդ արարողակարգը, ակամա դառնում է նրանց ատելության թիրախը:
-Մյաու՜… մյաու,- շենքի չորրորդ հարկից արձագանքում է տարագիր ու գործազուրկ հայը: Կարճ ասած՝ ես:
«Գործազուրկ» բառի վրա ծիծաղս եկավ: Կնոջս ծիծաղն էլ կգար, եթե լսեր:
«Եթե Աստված հայ մարդու բոլոր հատկանիշները, առավելություն թե թերություն, մի բանի մեջ պարպելու ցանկություն ունենա, քեզնից լավ սափոր չի գտնի»: Սա կնոջս կարծիքն է իմ մասին: Չէի ասի՝ սխալ է: Մեկ-երկու հայերեն պատմվածքով կնոջ կյանքը չես համեմի: Գլուխը քարը, գոնե Ազգային ժողովի պատգամավորների «սֆաթը» չտեսներ:
Նայում եմ ցած, իր կատվին փնտրող բելգուհուն և եզրահանգում. «Այս տիկինը վիրավորում է իմ ազգային արժանապատվությունը»: Թե խեղճ բելգուհին ի՞նչ մեղք ունի, որ կինս ինքնաթիռային հինգժամյա հեռավորության վրա ատում է սեփական պատգամավորներին, չգիտեմ: Պատճառը, հավանաբար, Բելգիայի Թագավորության չկամությունն է. երեք օր է՝ տարագրության համար տրվող նպաստը ուշացնում է: Ձգձգում է առանց հիմնավորման, անգթորեն, իմանալով հանդերձ, որ մեկ-երկու օրից ապրիլի 24-ն է, և համայն աշխարհի հայությունը, ներառյալ կինս, լույսի ու գազի վարձերը մուծելուց անմիջապես հետո, բարձրաձայնելու է իր պահանջատիրությունը: Հաստատ թուրքի մատը խառն է՝ քաղցած պահանջատերը, անտարակույս, կուշտ պահանջատերից ավելի ձեռնտու է:
-Մոնիկա՜…
«Մոնիկա» սքանչելի կատուն, թփերի միջից հայտնվելով, ցատկում է տիրուհու գոգը: Երջանիկ աստղի տակ են ծնվել բելգիական կատուները: Մոնիկան, գգվանքներից նվաղած, մռմռում է ու բեղիկներով խտտում տիրուհու ճերմակ ազդրերը:
Նույն հեշտանքին նա կտրվի նաև ապրիլի 24-ին:
-Պարոն, դու թո՞ւրք ես,- ֆրանսերենով հարցրեց տարիքն առած մի տղամարդ:
-Ո՛չ, ես թուրք չեմ,- պատասխանեցի: Թուրք չլինելս հայտնելու չափ ֆրանսերեն գիտեի:
-Կարծեցի թուրք ես,- ասաց տղամարդը:
-Ո՛չ,- ասացի,- ես թուրք չեմ:
Ֆրանսերեն շատ գեղեցիկ է հնչում այդ արտահայտությունը, մանավանդ, բարկացած ֆրանսերենով: Իմ կարճ խելքով՝ հայերենը զայրույթի լեզու չէ: Հայերի զայրույթը կեղծ է հնչում: Դրա համար էլ պապս հայերենով դիմացինին մեծարում էր, թուրքերենով՝ հայհոյում: «Այ հեր օրհնած (բարկացած հայերեն), այ հարամզադե (բարկացած թուրքերեն), ինչո՞ւ ես մեր ջուրը կտրել»: «Այ տնաշեն (բարկացած հայերեն), այ մունդառ քոփակ (բարկացած թուրքերեն), բա թողնեմ ծառերը չորանա՞ն»,- պատասխանում էր ջրագողը:
-Մի բարկացիր,- ասաց տարեց տղամարդը,- եթե թուրք ես, ասա՝ թուրք եմ:
-Ո՛չ, ես թուրք չեմ,- այս անգամ հայերենով գոռացի: Որպեսզի զայրույթս համոզիչ հնչեր, ավելացրի,- թո՛ւ, ես քո…
-Է՜, ինչո՞ւ կհայհոյես,- սփյուռքահայի լեզվով ասաց նա,- հայ ըլլալդ մոռցեր՝ թուրք չըլլալո՞վդ կգոռոզնաս:
Օտար ափերում հայերի ծանոթանալու հազար ձև կա, բայց այս ձևը, խոստովանենք, գրեթե եզակի է: Պարոն Նշանը հայրենակից հայտնաբերելու ցնծության բերկրանք չցուցաբերեց: Նույնիսկ մի պահ թվաց, թե հուսախաբ է: Ոտքից գլուխ ինձ ուսումնասիրեց ու ասաց.
-Հայ ըլլալն ու թուրք չըլլալը տարբեր բաներ են:
Չասացի, որ տարագիր եմ ու գործ եմ փնտրում: Ասացի՝ գրող եմ, ուզում եմ աշխարհը ճանաչել:
-Է՜, ճանչցա՞ր,- ասաց պարոն Նշանը,- ի՞նչ համուհոտ ունի, ի՞նչ գույնի է…
-Անհամուհոտ ու անգույն է,- ասացի,- ինչպես մեր կյանքը:
-Երթանք,- ասաց պարոն Նշանը:
-Ո՞Ւր գնանք,- հարցրի:
-Աշխարհը ճանչնալու,- ասաց:
Երկրագնդի բոլոր ծագերում էլ աշխարհը ճանաչելու ավելի արդյունավետ եղանակ, քան թունդ խմիչքին հյուրընկալվելն է, չկա: Հավանաբար պարոն Նշանն այդ տարրական բանը չգիտեր: Շրջանցեցինք բրյուսելյան գայթակղիչ սրճարաններն ու մի նեղ փողոց մտանք:
-Հոս կը բնակիմ,- ասաց պարոն Նշանը:
-Սիրուն փողոց է,- ասացի:
-Հայրս Փարիզին մեջ ֆրանսացիներու համար կերակուր կեփեր: Անոր ճաշին նախագահ Շառլ դը Գոլ շատ կը հավներ: Հետո քիչ մը խենթցավ հայրս, Փարիզին իր քանի մը պանդոկները ծախեց ու ըսավ. «Հայդե՜, աս քաղաք ուր մարդոց կը խենթցնե»: Այս տունի մեջ ան մարեց:
«Հետաքրքիր մարդիկ են հայերը,- մտածում էի,- աշխարհը ճանաչելու պրպտումներից առաջ միշտ նախնիների եփած կերակուրն են հիշում»:
-Գեղեցիկ տուն է,- ասացի,- ճիշտ այսպիսին կկառուցեմ Երևանում, երբ վերադառնամ:
-Հայրս մարելե առաջ ապսպրեց, որ աշխարհի անցուդարձին մեջ փնտրեմ ու գտնեմ ան մարդուն, ով երեք անգամ, առանց աղավաղումների կարտասանե. «Ո՛չ, ես թուրք չեմ»:
-Մեկ և կես միլիարդ չինացի կա, որ թուրք չեն,- ասացի:
-Ես ալ ադանք բան մը ըսի, բայց ան իր պահանջը կպնդեր: «Ըսողը թող չինացի ըլլա, թող թուրք ըլլա կամ հայ, դուն անոր արտաբերումին նայե: Ըլլալու բան է, որ մեկը ըսի. «Ես իսպանացի եմ, թուրք չեմ», չէ թե. «Ներեցեք, պարոն, թուրք չեմ»: Ադանք արտասանություն չեմ ուզեր»:
-Եվ սակայն ի՞նչ տարբերություն,- ասացի,- եթե իսպանացի է, ուրեմն թուրք չէ:
-Ատոր համար էլ ըսի, որ քիչ մը խենթցեր էր: Հետո, երբ մահվնե ետք անոր գրությունը ընթերցեցի, հասկցա, որ ճիշտ խենթություն մըն է:
-Իմաստը,- ասացի,- իմաստը չեմ հասկանում:
-Հայրիկիս նշած մարդը դուն ես: Դուն երկու անգամ ֆրանսերենով և անգամ մըն ալ հայերենով, առանց աղավաղումներու արտասանեցիր այն, ինչ ան կուզեր: Ես ալ արտաբերումին կը հետևեի… Առաջին անգամ քիչ մը մեղմ ըսիր, հետո հաստատ ըսիր ու ըսածիդ մեջ խռովք լեցուցիր, հետո ալ՝ հայհոյանքով…
-Պարոն Նշան,- ասացի,- հայրիկիդ ուխտն ըմբռնելու համար ինձ մի բաժակ վիսկի է պակասում:
-Մեկ ալ, երկուք ալ,- ասաց պարոն Նշանը:
Մեկ-երկու բաժակ վիսկիով աշխարհն իր քղանցքները չի բացի իմ առաջ, բայց ՀՀ խորհրդարանի պատգամավորների հանդեպ կնոջս ատելությունը հասկանալուն կօգնի: Ոչ էլ բավարար է ըմբռնելու համար, թե ինչ են զգում բելգուհիներն իրենց կատուներին սանրելիս, և ինչ են զգում բելգիական կատուները իրենց տիրուհիների ճերմակ ազդրերը լիզելիս: Անկարևոր մտքերից կարևոր եզրահանգումներ անելու համար օղի է պետք, շատ օղի: Այնքան շատ, որ կինս գազի ու լույսի վճարումներից հետո իրեն լիարժեք պահանջատեր զգա: Այնքան, որ տարագրության համար տրվող նպաստների ձգձգման պատճառները հասկանամ ու պարոն Նշանի հայրիկի խենթությունից գլուխ հանեմ:
-Եթե հայրիկիս թողած գրությունը կարդաս, անոր խենթությունը քո խենթությունը կըլլա…- ասաց պարոն Նշանը և ինձ պարզեց հայ միջնադարյան գրիչների բծախնդրությամբ գրված նամակը:
Ես ևս մեկ բաժակ վիսկի պահանջեցի: Գրությունը կարդալու ընթացքում՝ ևս մի քանի բաժակ: Ավարտելուց հետո ասացի.
-Վիսկի… մեծ բաժակով և առանց սառույցի:
(Այս պատմության ընթերցողներին խորհուրդ եմ տալիս, ընթերցելուց առաջ և հետո, երկուհարյուրգրամանոց բաժակներով ռուսական օղի խմել կամ հայկական թթի օղի):

Նամակ առ զավակս - Նշան
Զաւակս, այս մասին քեզի բնաւ չեմ պատմած, վասնզի չէի ուզէր, որ ապրածս դառն ծուխը դուն ալ շնչէիր. աս պատճառաւ չը կրցայ ապրիլ, այդպես ալ, պարզ մարդու մը կյանքով: Կը կարծէի, թէ ամէն մէկ մարդ իր ցաւի դառնութիւնը պէտք է ապրի: Կը կարծէի, թէ անկարելի է հայ խոհարարի մը ցաւ պատճառել, երբ ան կերակուր կեփէ ֆրանսացիի մը համար, մանաւանդ, երբ ֆրանսացիք բնաւ չեն սիրէ ողբերգութիւններով համեմուած կերակուրներ ճաշակիլ: Հիմա, երբ աս ապրիլս կեանք անուանիլ չեմ ուզէ, դուն պարտաւոր ես գիտնալ ինծի պատահած դէպքի մը մասին, զոր քեզմէ խնամքով թաքցրած եմ շատոնց: Արդ, ես ալ, դուն ալ կապրինք, ֆրանսացիներու համար աղուոր կերակուրներ կ’եփենք՝ թուրքի մը շունի ենք պարտական: Հօրս ու մօրս, հօրեղբայրներուս վախճանը քեզի յայտնի է. եւ արտառոց ոչինչ չկայ աս պատմութիւններուս ետին. թուրքը կը զարնէր, հայն ալ՝ կը զարնուէր, հնգամեայ երեխա մըն ալ իր թաքստոցէն ամէնը կը դիտէր՝ արիւնամած աչօք: ՈՒրեմն, մէկամսեայ թափառումներէն ետք, գետափնեայ քարանձաւի մէջ, զիս օր մը թուրք տղաքը կը յայտնաբերեն: Անոնցմէ մէկը առաջարկ ըրեց. «Աս կեաւուրին չոճուխին գլուխը թիրախ դարձնելն է պատեհ»: ՈՒրիշ մըն ալ կ’ըսէ. «Աւելի հետաքրքրական մահ յօրինած եմ. կեաւուրի չոճուխին գետը նետենք, տեսնինք անոր մահուան ընթացքը՝ ըսկիզբէն վերջ»: Աս գաղափարէն բոլորն ալ ոգեւորուեցան: Անկարելի է յիշել, թէ ի՞նչ կը զգայի, կը մտածեի արդեօ՞ք, որ խեղդուելով պիտի մեռնիմ, բայց ուրախ էի, որ քարերով չզարնեցին: Կրնամ ըսել, որ անարիւն մահը թէ առաւելութիւններ եւ թէ թերութիւններ՝ երկուքն ալ ունի: Ինծի գէտը նետելէ ետք թուրք տղաքը վայրի ճիչերով կը սպասէին՝ ըմբոշխնելու վախճանս: Մէկ ալ, ի՞նչ տեսնիմ, շունը, զոր թուրք տղաքը բերած էին իրենց հետ, նետուեցաւ ջուրը եւ ակռաներով կառչեցաւ տաբատէս, ինծի քարշ տուեց ափ: Թուրք տղաքը հետաքրքրուեցան աս թատրոնով. եւ անոնք նորեն ինծի ջուրը նետեցին, ու շունն ալ նորեն ինծի ափ քարշ տուեց: Երրորդ անգամ ջուրը նետելէն ետք, արդեն հագիս բան մը չէր մնացած. եւ շունն ալ ակռաներով չէր կրնար ինծի բռներ-քարշ տար: Բայց երրորդ անգամն ալ շունը գետը նետուեցաւ: Մահուան այս հանճարեղ ներկայացումը կը կարծեի բնաւ աւարտ չի ունենայ. «Մահ կեաւուրին», «Մահ կեաւուրին»,- կը պոռային, շունն ալ անօգնական կողքովս կը լողար: Ես ալ գրեթէ ուշակորոյս, բայց ետքը կը զգայի, թէ ինչպէս շունի ակռաները կը խրուէին ափերուս մէջ: Թուրք տղաքը կը շարունակէին ափի երկայնքով վազել՝ թերեւս կը վայլէին իմ մահը: Այս անգամ շունը ինծի քարշ տուեց գետի միւս ափ: Աչքերս պահ մը բացեցի ու տեսա, որ շունը ինծի կը նայէ: Գետի միւս ափէն թուրք տղաքը արդէն քարերով զինուած կը սպասէին դաւաճան շունին, որու աղեկտուր ճիչը, ինծի կը թուի, այսօր ալ կը լսեմ՝ քուն թէ արթմնի: Այնպէս որ, զաւակս, եթէ օր մը հանդիպիս մարդու մը, զոր երեք անգամ կրկնէ. «Ո՛չ, ես թուրք չեմ», պատմէ անոր այս շունի մասին եւ իմ կտակած դրամով ամենամսեայ աշխատավարձ սահմանէ անոր համար, եթէ ան յանձն առնէ ամէն օր, իրեն տրուած հարցին, կարեւոր ալ չէ ինչ լեզուով, պատասխանէ. «Ո՛չ, ես թուրք չեմ»:
-Պարոն Նշան,- ասացի,- քեզ խաբել եմ, աշխարհը ճանաչելու համար չէ, որ հայրենիքը թողել եմ:
-Գիտեմ,- ասաց նա,- Բելգիո փողոցները լի են աշխարհը ճանչցող հայերով:
-Ինչո՞ւ,- ասացի,- նրանցից մեկին չառաջարկեցիք այս աշխատանքը:
-Անոնք բոլորն ալ,- ասաց պարոն Նշանը,- կը պոռան՝ հայ եմ… Անոնցմէ ոչ մէկ ըսավ. «Ո՛չ, ես թուրք չեմ»:
Ես աշխատանք ունեցա: Այդպիսի աշխատանք, Աստված վկա, աշխարհում դեռ ոչ մի մարդ արարած չի կատարել: Ամեն առավոտ սափրվում էի, հագնում Սովետ Միությունից ժառանգություն ստացած բրդյա կոստյումը, կապում աներձագիս նվիրած փողկապը և շտապում պարոն Նշանի տուն: Զանգը տալիս էի, ու այդ պահից աշխատանքի մեջ էի:
Պարոն Նշանը դուռը բացում էր և զարմացած դիտում իբր անկոչ հյուրին։ Հենց շեմի վրա հարցնում էր (ֆրանսերենով).
- Թո՞ւրք ես։
Ես սառնասրտորեն պատասխանում էի (ֆրանսերենով).
- Ո՛չ, ես թուրք չեմ։
Պարոն Նշանը, իբր կասկածանքով, ասում էր.
-Թուրքի կնմանիս։
Ես խռովքով կրկնում էի.
-Ո՛չ, ես թուրք չեմ։
Պարոն Նշանը, իբր վիրավորված իմ արտահայտվելու հնչերանգից, ասում էր.
-Է, ինչո՞ւ կբարկանաս, կարծեցի թուրք ես։
Ես զայրույթով, արդեն հայերենով ճչում էի.
-Ո՛չ, ես թուրք չեմ։
Այսքան բան։ Գտած գործ է։ Արարողակարգային այս երկխոսությամբ իմ աշխատանքն ավարտված էր։ Հետո պարոն Նշանի հետ դուրս էինք գալիս պարտեզ, մի-մի բաժակ վիսկի խմում, և նա ծանոթացնում էր իր այգու ծառ ու թփին և անհամար ու հազարագույն ծաղիկներին։ Այգու խնամքով անձամբ ինքն էր զբաղվում։ Մեկ առ մեկ գիտեր, թե որ ծաղիկը երբ պետք է ջրվի, երբ է թոշնում և երբ արթնանում։ Գիտեր նրանց քմահաճույքները, հիվանդությունները և բուժման բոլոր եղանակները։ Ընտանիք չուներ - ամաչեցի հարցուփորձ անել։ Աշխատավարձը բարեխղճորեն վճարում էր՝ նախապես մուծելով պետական բոլոր հարկերը։ Քանի որ աշխատանքի անունն ու բնույթը տարակուսելի էին, ինձ ձևակերպել էր որպես պարտիզպան։ Երբ առաջին աշխատավարձից մի պատկառելի գումար կնոջս ուղարկեցի և տեղեկացրի, որ պարտիզպան եմ աշխատում, նա քահ-քահ ծիծաղեց։ Ասաց. «Այ տղա, դու ծաղկած յասամանի թուփը տանձենուց չես տարբերում, քեզնից ի՞նչ պարտիզպան»։ Հետո հարցրեց. «Չլինի՞ գողություն ես անում»։ «Այ հիմար,- ասացի,- գրողն ու գողը իրար ես խառնել»։ Հետո նա ավելի հեռուն գնաց. «Չլինի՞ զուգարան ես մաքրում»։ «Համը հանում ես,- ասացի,- փող են տալիս` լուռումունջ ծախսիր»։ «Հենց մեր պատգամավորներին եմ տեսնում, փողը աչքիս չի գալիս»,- ասաց։
Հինգ ամիս կանոնավոր աշխատեցի։ Գործատուն ինձնից գոհ էր։ Այնքան հմտացա իմ նոր մասնագիտության մեջ, որ սկսեցի ստեղծագործական մոտեցումներ կիրառել։ Նույն խոսքը կրկնում էի աշխարհի բոլոր լեզուներով։ Հինգ լեզուներով թարգմանությունները ինձ ուղարկեց Բրյուսովի ինստիտուտի իմ դասախոս ընկերը։ Բայց նրա հետաքրքրասիրությունը դուրս չեկավ։ Հարցնում էր. «Քո ինչի՞ն է պետք»։ Ասացի. «Աշխատավարձ եմ ստանում»։ «Գժվե՞լ ես»,- հարցրեց։ Ասացի. «Դեռ չեմ գժվել, բայց կգժվեմ»։ Ասաց. «Հենց գժվես` Երևան արի, էստեղ բոլորն են գժվել»։ Ասացի. «Չէ, էստեղ խելքից դուրս ծաղիկներ կան ու բելգուհիներ, որ առավոտից իրիկուն կատու են սանրում»։ «Էստեղ էլ,- ասաց նա,- խելքից դուրս բաներ շատ կան ու պատգամավորներ, որ գլուխ են արդուկում»։ Ասացի. «Թուրքի շան մասին պատմվածք եմ գրում»։ Ասաց. «Հենց պրծնես, ուղարկիր` կարդամ»։ Խոստացա ուղարկել, եթե պրծնեմ։ Խոստումս, իհարկե, չկատարեցի` մի պարզ պատճառով. այդպիսի պատմվածք ես երբևէ չեմ գրելու։ Փոխարենը, ընկերոջս հինգ հարյուր եվրո փող ուղարկեցի, ասացի. «Ծախսիր, «Թուրքի շան» հոնորարն է, ֆրանսիացիք տվեցին»։
Ամեն ճիշտ բան մի օր սխալ է դուրս գալիս։ Իմ աշխատանքն էլ սխալ դուրս եկավ։ Գիշերը լավ քնեցի ու առավոտ կանուխ պատշգամբ ելա։ Տեսնեմ առաջին հարկի բելգուհին «Մոնիկային» կանչել-պրծել ու արդեն սանրում է։ ՈՒշացած բղավեցի.
-Մյաո՜ւ... մյաո՜ւ...
Բելգուհին իմ աղեկտուր «մյաուից» ցնցվեց, կոպտորեն իր գոգից կատվին թփերի մեջ գցեց ու վեր նայեց։
-Մյաո՜ւ... մյաո՜ւ...- հակադարձեց բելգուհին ու սանրը վեր պարզեց:
Այդ օրը աշխատանքի չներկայացա։ Հաջորդ օրը հագա իմ մաշված ջինսը և մի գունաթափ բաճկոն։ Ճիշտ ժամին պարոն Նշանի տան շեմին էի։ Զանգը տվեցի։ Պարոն Նշանը հագուկապս տեսնելով՝ ապշեց։ ՈՒզեց լեզուն պտտել` դեմն առա.
-Թո՞ւրք ես,- հարցրի։
-Ոչ, ես թուրք չեմ,- պատասխանեց։
-Ոչ մի արտառոց բան չկա,- ասացի,- եթե թուրք ես, ասա` թուրք եմ։
-Ո՛չ, ես թուրք չեմ,- խռովքով ասաց նա։
-Մսագործի հայացք ունես,- ասացի,- դժվար թե թուրք չլինես։
-Ո՛չ, ես թուրք չեմ,- հայերեն գոռաց նա,- հայդե՜... աչքես հեռո՛ւ։
-Պարոն Նշան,- ասացի,- հայրիկիդ փնտրածը դու ես։ Ասա նրան, որ արար աշխարհ ման եկար ու իր ուզածը քո մեջ գտար։ Նա քեզ կլսի։
-Դուն ըսե,- ասաց պարոն Նշանը,- ի՞նչ պիտի ընես։
-Կերթամ աշխարհը ճանչնալու,- սփյուռքահայի լեզվով պատասխանեցի։
-Ճամփեդ բարի թող ըլլա,- ասաց պարոն Նշանը,- հենց ճանչցար, ինծի լուր մը ղրկե։ Աշխարհ ճանչցողներու համար աշխատավարձի կլորիկ գումար մը ունիմ. համա կխորհիմ` ոչ ոք չի տիրանա անոր։
Կարծում եք այսքանով ավարտվե՞ց այս պատմությունը։ Ինչ-որ մեկը` ես, կամ էլ յոթանասուն հազար մեկերորդ ասորին, որ ծնվելու էր Սարոյանի փոխարեն, գնաց ու աշխարհը ճանաչե՞ց. քավ լիցի. ինչ-որ բան, որ ավարտ էր փնտրում, նորից սկսվեց։ Շատ գնացի, քիչ գնացի` այլ ելք չգտա. պարոն Նշանի տված աշխատավարձի մնացորդով մի շիշ վիսկի գնեցի, սկզբում ումպ-ումպ, հետո գլգլոցով ամբողջ շշի պարունակությունը պարպեցի իմ մեջ։ Հետո Բելգիայի Թագավորությունը տակնուվրա արեցի, մի դյութական գետ գտա ու ինձ ջուրը նետեցի։ Ով երբևէ չի խեղդվել, աշխարհը ճանաչելու մասին թող չմտածի։ Խեղդվում ես... խեղդվում ու սպասում, թե ուր որ է մի թուրքի շուն քեզ ափ է հանելու։

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ