-Պարոն Սարգսյան, օրեր առաջ Վազգեն Մանուկյանը հանդիպման էր հրավիրել հայ մտավորականներին, որոնց թվում նաև Դուք էիք: Ի՞նչ տվեց այդ հանդիպումը, որևէ ելք նախանշվե՞ց մեր երկրի համար, որևէ հույս ծնվե՞ց, թե՞ անորոշությունն ավելի խորացավ:
-Մենք հիմա և՛ հոգեբանորեն, և՛ պետական բոլոր կառույցների առումով կաթվածահար վիճակում ենք: Պետությունը կորցրել է իր դեմքը, ինչը սպառնում է նաև մեր ազգային դիմագծի աղավաղմանը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք: Բազմիցս ասել եմ, որ կարելի է տնտեսությունը վերականգնել, կորցրած տարածքները հետ բերել, բայց կորցրած մարդկային ռեսուրսն այլևս չենք վերադարձնի: Սակայն պիտի հասկանանք, որ նորերը պիտի ծնվեն: Այսինքն՝ ապրողները պարտավորություն ունեն շարունակելու կյանքը նաև մեր հայրենիքի համար նահատակվածների հրամայականով:
-Դե, կյանքը նույնիսկ 1915-ին չի ավարտվել, բայց ո՞ր կետից է շարունակվել. այս է խնդիրը:
-Մենք կարող ենք հետագայում ձեռք բերել ավելի մեծ տարածքներ՝ ի հեճուկս շատերի: Բայց դրա համար անհրաժեշտ են արմատական գործողություններ` շտկելու համար բազմապիսի և բազմաթիվ կոպտագույն սխալներ։ Պարտավոր ենք հզորացնել տնտեսությունը, վերականգնել և արդիականացնել այն, որի համար հոգեբանական գերլարում է պահանջվում, ոգեղեն ուժ և ամրություն: Ես վստահում եմ Վազգեն Մանուկյանին: Վերջին երկու-երեք տարում այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ մասնագետը, փորձառու գործիչը, բանիմաց մարդը բացարձակապես արհամարհված էին: Եվ սա կատարվեց շատ արագ, այնպես, որ չէիր հասցնում կռահել, թե ինչ է կատարվում, և ժողովուրդը շարունակում էր հավատալ իրեն անծանոթ, բայց իր քվեն ստացած նորաթուխ կառավարիչներին: Հապճեպորեն գլխատվեցին բոլոր կարևոր առաջնահերթությունները: Փորձեր կատարվեցին վարկաբեկելու մեր եկեղեցին, աղճատելու կրթությունը, մշակույթը: Դադարեցվեց ազգապահպան և կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ արժեքավոր նախագծերի ֆինանսավորումը, ինչպես, օրինակ, պետական պատվերով գրքերի և պարբերականների հրատարակությունը և այս տեսակ այլ ծրագրերի: Ազգային արժեհամակարգի դեմ արշավն այնքան արագ և անսպասելի ընթացք էր ստացել, որ մարդիկ չէին հասցնում սթափվել: Դա նման էր ռինգում բռնցքամարտիկին անընդհատ հասցվող ուժգին հարվածների, որոնցից մարդը չի հասցնում ուշքի գալ ու պաշտպանվել կամ պատասխան հարված տալ: Եվ այս ամենը հասցրեց ներկայիս ողբերգական, ծայրահեղ վիճակին: Անդրադառնալով մտավորականների հանդիպմանը՝ նշեմ, որ սա առաջին նման հանդիպումն էր և հուսադրող էր: Հուսադրող էր նախ և առաջ նրանով, որ հրավիրված էին ստեղծված իրավիճակով մտահոգ մտավորականներ՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ: Մշակույթի մարդն անհատականություն է, յուրաքանչյուրն իր տեսակն ունի, և այդ ամբողջականությամբ է ձևավորվում երկրի մշակութային դեմքը: Մենք պիտի կարողանանք ստանալ մեկ ընդհանրական դիմապատկեր, բոլորին պիտի հավաքենք մի ընդհանուր կտավի վրա, որտեղ ամեն մեկն իր գույնը, ասել է թե՝ իր անելիքն ունի: Այդ մարդիկ ծարավի և պատրաստակամ են՝ իրենց բոլոր կարողությունները ներդնելու երկրի և հայրենիքի փրկության գործին, միևնույն ժամանակ ցանկանում են հասկանալ անելիքը:
-Այդ հարցը ինքս ինձ տալիս եմ արդեն բավական ժամանակ, ինչպես բոլոր բանական հայերը: Բայց մենք կորցրել ենք մեր ոտքի տակի հողը: Յուրաքանչյուրս փորձում է հասկանալ, թե ինչ է կախված մեզանից, ինչ կարող ենք անել, որ մեկ քայլ առաջ շարժվենք այս դժոխային իրավիճակում: Ինձ հետաքրքրում է՝ այդ հանդիպման ժամանակ ինքներդ Ձեզ համար գտա՞ք այս հարցի պատասխանը: Որևէ մտավորական հասկացա՞վ, թե որն է իր անելիքը: Ես ցանկանում եմ առաջադրանք ստանալ և գործել, բայց չկա այդ առաջադրանքը տվողը:
-Ասեմ՝ այդ առաջադրանքը չկար առաջին հանդիպման ժամանակ և չէր էլ կարող լինել: Ես համարում եմ, որ սա ծանոթություն էր Վազգեն Մանուկյանի ծրագրերին, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի ծանոթությունն էր մտավորականների մտահոգություններին: Ցավոք սրտի, նաև ժամանակն էր սեղմ: Ես այս հանդիպումն ընդունում եմ որպես սկիզբ, մեկնարկ՝ համատեղ ջանքերի ներդրման առումով: Շատ հարցեր կան, որ պիտի քննարկվեն, պարզապես արագ պիտի արվի ամեն ինչ, սակայն, ինչպես ասում են, դանդաղ շտապել՝ հավասարակշռությունը և համբերությունը պահպանելով: Մշակույթի գործիչներից յուրաքանչյուրը նախ և առաջ իր գործը պիտք է անի: Հիմա բոլորս մի կողմ ենք դրել մեր հիմնական անելիքը, որովհետև այս վիճակում հնարավոր չէ մտածել ստեղծագործելու, մասնագիտական ոլորտում ինչ-որ բան անելու մասին: Բոլորս կենտրոնացած ենք մեկ խնդրի վրա, ուզում ենք հասկանալ, թե ինչ է անում իշխանության ղեկին գտնվող այս ոհմակը, հերթական ինչ անակնկալ է մատուցելու մեզ նրանց պարագլուխը: Ոսկեղենիկ հայոց լեզուն այնքան ազնիվ է, որ ես չեմ գտնում այն դիպուկ բնորոշումը, որից կհագենամ դրանց բնորոշելիս: Ասում են՝ դավաճան, ասում են՝ սրիկա, ասում են՝ գործակալ: Բայց այս բոլոր բառերը բավարար չեն, բնության մեջ սա եզակի և բացառիկ տեսակ է, որի բնորոշումը դեռ գտնված չէ, որին հաջողվեց կարճ ժամանակաընթացքում կործանման եզրին հասցնել առանց այն էլ բարդ վիճակը դժվարությամբ հաղթահարող երկիրը: Սա բավական լուրջ վերլուծություն պահանջող խնդիր է: Իսկ այդ վերլուծության համար մենք պիտի «գույքագրենք» մեր հոգևոր-բարոյական աշխարհը: Մեր գրականությունն այս հարցում մեծ անելիք ունի, բայց գրեթե անհնարին է այս պահին գրիչ վերցնել ու գրել: Ինչ գրես, չարություն ու հայհոյանք է դառնալու, որովհետև քեզ սարսափելի դառնացրել ու վիրավորել են: Իսկ ես կարծում եմ, որ եթե գրիչը վերցրիր, չարությունը պարտավոր ես վանել միջիցդ: Սպիտակ թղթի առջև նստելը աղոթարանի նման մի բան է, սրբավայրում, աղոթքներում անթույլատրելի է չարացածությունը, ընթերցողին անհրաժեշտ է հուսադրել, դրական լիցքեր հաղորդել, ոգեշնչել, լավ բան ասել: Միևնույն ժամանակ պետք է ազնիվ լինել նրա հետ: Այս իրավիճակում և պայմաններում դա աներևակայելի ջանքեր է պահանջում, գրեթե անհնար է: Ըստ իս՝ արդյունավետ կլինի, եթե արվեստագետները նորովի խմբեր, համայնքներ ձևավորեն և համատեղ որոշեն իրենց անելիքը: Ինձ, օրինակ, այս օրերին շատ հուզեցին Շուշիի խոնարհված եկեղեցում թավջութակահարի կատարումը, մշակութային մի շարք բարձրաճաշակ և ինքնաբուխ մտահղացումներ, որոնք վկայում են մեր քաղաքակրթական որակների մասին: Սա է մեր ազգային նկարագիրը: Եվ սա անհարիր է այսօրվա համաշխարհային ընթացքին, առավել ևս՝ մեր պետական ընթացքին: Մենք մեր նկարագրով իսկապես քրիստոնեական ազգ ենք, դավանում ենք մարդասիրական բարձր արժեքներ: Եվ այս տեսակին ի հակադրություն՝ մեր կողքին ապրում է քոչվոր վայրենիների մի ցեղախումբ, որն ամենաանմարդկային վերաբերմունքը կարող է ցուցաբերել նույնիսկ գերիների նկատմամբ:
-Մենք դրանում ակնհայտորեն համոզվեցինք գերիների վերադարձի տեսանյութում: Հաշմված, խոշտանգված մեր տղաներին էլ տեսանք, կերած-խմած ադրբեջանցիներին էլ: Եվ ի՞նչ փոխհատուցում ստացավ Ադրբեջանն այդ 44 գերիներին վերադարձնելու դիմաց: ՈՒ ի՞նչ է ակնկալում դեռ չվերադարձվածների դիմաց: Սրանք հարցեր են, որոնց ենթադրյալ պատասխաններն ուղղակի սարսափեցնող են:
-Արդեն ստացան մի փոխհատուցում՝ Ադրբեջանին վերադարձրին հանցագործների: Դրանք ռազմագերիներ չէին, այլ հանցագործ մարդասպաններ, որ խաղաղ պայմաններում մտել էին Քարվաճառ ու ոչ պատերազմական իրավիճակում սպանել խաղաղ բնակիչների և դատապարտվել: Հիմա նրանք, ըստ միջազգային օրենքների, պիտի շարունակեն իրենց պատիժը կրել այնտեղ:
-Ինչպես Սաֆարո՞վը:
-Ինչպես Սաֆարովը: Վախենամ՝ կրկնվի նաև հերոսի կոչում տալու դրվագը:
-Ես այդ հարցում կասկած էլ չունեմ:
-Այսինքն՝ մենք գտնվում ենք այսպիսի աշխարհաքաղաքական վիճակում: Եվ մեզ պետք է ոչ թե մեկ Վազգեն Մանուկյան, այլ մի քանի այդպիսի գործիչներ՝ երկիրը փլատակներից դուրս բերելու համար: Վազգեն Մանուկյանի վիճակը աննախանձելի և շատ ծանր է: Բայց ես ուրախ եմ, որ մեր հանդիպման ժամանակ ակներև էր փոխըմբռնումը, այն, որ գոնե մշակույթի գործիչները պատրաստակամ են մտնելու այն բանակի մեջ, որը կառաջնորդի Վազգեն Մանուկյանը: Մենք պատրաստ ենք ծառայելու մեր հայրենիքին, մեր ժողովրդին, սատարելու ցանկացած նախաձեռնության, որ ի նպաստ մեր երկրի կլինի: Թե ինչ պիտի անենք, սա դեռ քննարկման առարկա է, որովհետև մեկ հանդիպման շրջանակներում այդ հարցերի լուծումը չէր կարող գտնվել: Ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը որոշ հարցեր պարզապես միտումնավոր շրջանցեց և չբարձրաձայնեց՝ չհանրայնացնելու նպատակով, և դա բխում էր անհրաժեշտությունից: Այնուամենայնիվ, ես վստահում եմ նրա փորձառությանը:
-Այսպես կոչված վարչապետի հեռանալն ինչպե՞ս եք պատկերացնում: Ընդամենը պիտի հրաժարական տա ու գնա հանգիստ ապրելու՞, թե՞ պիտի ենթարկվի պատասխանատվության՝ ռազմական հանցագործությունների համար, որոնց օրինակները բազում են այս պատերազմի ընթացքում, իսկ երկրի գերագույն հրամանատարը չի կարող դրանց մեղքը կամ մեղքի զգալի բաժինն իր ուսերին չկրել:
-Վարչապետ կոչվածը սատանայական որակների մի խտացում է, որը երբեք հրաժարական չի տալու կամավոր: Եվ ես ապշում եմ, որ ժողովրդի մեջ կա մի զանգված, որը կուրորեն հավատում է սրան:
-Դե՛ռ հավատում է, որովհետև նրան հավատացողներս քիչ չէինք սկզբում:
-Մենք ականջներով հավատացող ժողովուրդ ենք՝ խոստումների, խոսքի, երդման: Դյուրահավատ՝ նույնիսկ աչքը տեսած ակնհայտ ստախոսության պարագայում: Մենք դժգոհ էինք նախորդներից, որոնց օրոք տեղի էին ունեցել աղաղակող անարդարություններ և հանցանքներ: Եվ դա էլ հասցրեց մի իրավիճակի, երբ մեր ամբողջ անցյալն ու պատմությունը, մեր հոգևոր, մշակութային, ազգային և այլ արժեքներ ժխտող անհայրենիք ուժը հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Մարդիկ պատրաստ էին ցանկացածին ընդունելու, միայն թե ազատվեին նախկիններից:
-Դեռ այն ոգևորության օրերին ես միշտ ասում էի, որ դրանց ստացած 70 և ավելի տոկոս ձայները ոչ թե իրենց հանդեպ վստահության ու սիրո ցուցիչն են, այլ նախկինների հանդեպ ատելության: Գոնե ես և իմ շրջապատի մարդիկ այս դիրքորոշման կրողներն ենք եղել:
-Ցավոք, մենք երեսուն տարում չունեցանք մշակված ազգային, պետական քաղաքականություն, որը պետք է մշակվեր ոլորտ առ ոլորտ, և դրա վրա ձևավորվեր մեր ազգային, պետական քաղաքականությունը: Գլոբալիզացիա՞ն խանգարեց, մեր անպատրաստությու՞նը, մեր անկարողությու՞նը, թե՞ մեկ ուրիշ բան, ես չգիտեմ: Արդյունքում եկավ մեկը, որ չգիտես՝ գործակա՞լ է, հիվա՞նդ է, ի՞նչ է: Հասկանալի չէ, թե ինչ գաղափարներով, ինչ փիլիսոփայությամբ է սնվում, ոգեշնչվում: Հոգեմտավոր խանգարումների աստիճանի ինքնավստահություն ունի: Սրա ձեռքով ուղղակի գլխատվեց մտավորականությունը: Եթե չկա ուղեղը, եթե ուղեղը չի ղեկավարում, ամեն բան վերածվում է քաոսի: Իսկ դրական ուժերը միշտ զիջող են, միշտ համեստ են: Դժվար համախմբվող են նաև: Չար ուժը մոլախոտ է, իսկ մոլախոտը պետք չէ խնամել, մոլախոտը ինքն իրեն բազմանում-տարածվում է: Բացասական ուժերը միշտ գտնում են իրար: Ինչ վերաբերում է այս արարածի հեռանալ-չհեռանալուն, դատվել-չդատվելուն, ես վստահ եմ, որ անշուշտ պիտի լրջագույն քննություն կատարվի, և նա պիտի դատվի: Այն, ինչ կատարվեց, դավաճանություն կոչելը շատ մեղմ է: Դավաճանել կարելի է սկզբունքներին, դավաճանել կարելի է շատ ու շատ արժեքների, բայց սրբապիղծ լինել չի կարելի: Ես նույնիսկ թշնամուս կարող եմ հանդուրժել, բայց դավաճանին՝ երբեք: Սրանք եկել են իշխանության՝ առաջադրելով մի խրտվիլակի՝ որպես ղեկավար, որը հրապարակում ճառ ասելու է բերում Ռոբերտ Աբաջյանի պապ ներկայացող մի ավանտյուրիստի, որը ոչ մի կապ չունի մեր հերոսի հետ: Սա սրբապղծություն է: Այսօրվա ղեկավարությունը ի սկզբանե հիմնված է կեղծիքի և ստի քարոզչության վրա: Սրանց գործած մեղքերը ներման ենթակա չեն: Կարծում եմ, որ սա ազգային արժեքների ոչնչացման միջոցով պետության անվտանգությանը և մեր ազգային ինքնությանը սպառնացող կոնկրետ ծրագիր է: Ես չգիտեմ, թե ի՛նչ հոդվածով կարելի է դատել այս խմբին և նրա առաջնորդին: Միգուցե ի ցույց դնել՝ որպես մարդկային խայտառակության և նողկանքի խորհրդանիշերի: Գոշի դատաստանագրքով մարդուն պատժում են հանցանքին համապատասխան նույնական մոտեցումով: Այս դեպքում կգտնվի՞ համարժեք մոտեցում: Կասկածում եմ: Այս նզովքը, այս խայտառակությունը, որի մեջ մենք ապրում ենք, համեմատելի չէ ոչնչի հետ: Այն սուտը, այն խաբեությունը, որի մեջ մենք ապրում ենք, երկար չի դիմանալու և կպայթի: Եվ դա ակնառու է: Բայց ես ապշում եմ, որ մեր երկրում այս իշխանությանը դեռ հավատացողներ կան:
(շարունակելի)
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ