ՇԻՐՄԱՔԱՐԸ` ՍԱԼԱՀԱՏԱԿ, ԽԱՉՔԱՐԸ` ՇԻՆԱՆՅՈՒԹ
Սեբաստիայի հայ բնակչությանը կոտորելով, մնացածին էլ աքսորելով, յաթաղանը մի փոքր բթացավ։ (Գենետիկ խաշնարածը ժամանակին բռնազավթելով Հայկական լեռնաշխարհը մինչև իր թարախապալար ոսկրածուծի վերջին հյուլեն ու մինչև դարչնագույն արյան կաթիլը վերջին պարուրվում էր դժոխային նախանձով, նրա առաջ ամրոցներ էին հառնում և տաճարներ էին խոյանում, խոյակաշեն ու գմբեթազարդ քաղաքներն էին խոչընդոտում սև և կարմիր, բրդատու և մսատու ոչխարահոտի խաղաղ առաջընթացը։ Կոտորել էր պետք, անհրաժեշտ էր ոչնչացնել, և ազատագրել սեփական պարզսիրտ և կենդանամիտ էթնոսի պատմական առաքելությանը խանգարող հայկական ամրոցն ու տաճարը, քաղաքն ու ավանը։ Քանզի դրանք բռնազավթել էին նախնյաց կենսական տարածքները, ուր խոտ էր աճում և մոլախոտ։ Խաշնարածը դիվահարվել ու կանգնել էր խոյակակերտ շենքի դիմաց... Ի՞նչ անել, նահանջն անհնար էր, մնում էր զավթել, հրկիզել և կքանիստ դիրքից միզել Տաճարի բեկորների վրա)։
Սեբաստիան անմարդաբնակ էր։ «Բնակված» էր միայն քաղաքի հայկական գերեզմանատունը։ Գերեզմանատան շիրմաքարերով սալապատվեցին Սեբաստիա սրբատաշ քաղաքի փողոցներն ու մայթերը։
1916-ի նոյեմբերի 3-ին Թալեաթը Մալաթիա քաղաքում էր։ Նա շրջեց քաղաքում, հաշվառեց ամեն բան և հրահանգեց հիմնավորապես վերացնել հայկական հինավուրց հետքերը հայոց քաղաքից։ Կառուցվող թուրքական զորանոցների համար որպես խիստ որակյալ և միանգամայն անվճար շինանյութ ծառայեցին քաղաքի գերեզմանատան հուշակոթողները, տապանաքարերը, խաչքարերը։ Ելուզակային անգութ եռանդով հափշտակվեցին բազմաթիվ ձեռագիր մատյաններ, կիրառական արվեստի անհամար նմուշներ, ոչնչացվեցին և պղծվեցին եկեղեցիների որմնանկարներն ու սրբապատկերները։
Թերևս դրվագենք տիար Արարատ Աղասյանի հեղինակած աշխատությունը, ավելի հստակ պատկերացնելու համար, թե կիրառական արվեստի ինչպիսի նմուշներ ավարառվեցին ու ոչնչացվեցին. «Առանձին խումբ են կազմում ծիսական նպատակներով կամ եկեղեցական կենցաղում ու հանդիսավոր արարողությունների ժամանակ գործածվող ազնիվ մետաղներից` ոսկուց և արծաթից, ինչպես նաև պղնձից պատրաստված սրբազան իրերն ու առարկաները` սափորներ, սկիհներ, մատուցարաններ, մյուռոն օրհնելու կաթսաներ, տարբեր չափեր ու ձևեր ունեցող խաչեր, փղոսկրյա գլխիկներով վարդապետական գավազաններ, երկար կոթերի վրա ամրացված քշոցներ, ջահեր, կանթեղներ, մոմակալներ, խնկամաններ, Ավետարանների արծաթե, երբեմն ոսկեզօծ կողքեր, սրբատուփեր, մասնատուփեր, գոտիներ, ճարմանդներ, սովորական և թանկագին քարերով ագուցված մատանիներ և այլն։ Մեկ այլ խմբի մեջ են մտնում ասեղնագործ կամ ձեռագործ արվեստի նմուշներ` եպիսկոպոսական թագեր, սաղավարտներ, երկերես խաչվառներ, նրբահյուս շուրջառներ, վակասներ, ուրարներ, շապիկներ, վարագույրներ, ծածկոցներ, սփռոցներ, սրբիչներ, վարշամակներ, ժանյակներ և այլն։ Որպես կերպարվեստի ու կիրառական արվեստի առանձին տեսակներ են դիտվում հայկական վանքերում ու եկեղեցիներում եղած որմնանկարներն ու սրբապատկերները, գորգերն ու կարպետները, փայտից պատրաստված քանդակազարդ դռները, գահերը, գրակալները, խաչափայտերը, նվիրական սուրբ մասունքների պահպանակներն ու տապանակները, վանական գերեզմանատներում ու սրբարաններում տեղադրված քանդակագեղ վիմափոր տապանաքարերը, խաչքարերն ու խաչարձանները և այլն»։
ՈՒղղակի մթագնում է ուղեղդ, և հոգիդ վիրավորվում է ալեկոծուն ծովն ընկած մակույկի պես, երբ մտածում ես, թե ի՜նչ անչափելի կերպարվեստային հարստություն են կորզել և ոչնչացրել բորենիասիրտ և վիշապակլան այս նախամարդիկ նախորդ դարերի ընթացքում։
Երիտթուրքական կառավարությունը բուն հայկական հարստությունը ավարառում էր քիչ թե շատ քաղաքակիրթ եղանակով։ Ահա թե ինչ է նշում ձեզ արդեն ծանոթ Ֆայես էլ Ղոսեյնն իր «Հերոսական հայության անցյալից. ջարդերը Հայաստանի մեջ» հուշագրությունում. «Հայերի ոչնչացումից հետո կառավարությունը ձեռքը դրեց նրանց ողջ ունեցվածքի վրա, որը կարողացան գտնել նրանց բնակարաններում և խանութների մեջ։ Ամբողջը ցուցադրեցին եկեղեցիների կամ մեծ բնակարանների մեջ և հանձնախմբեր կազմեցին կազմակերպելու այն իրեղենի վաճառքը, ինչպես որ կվաճառեին վաճառական մեկի գույքը։ Տարբերությամբ միայն, որ այս ունեցվածքի գինը սովորաբար հանձնվում է սեփականատիրոջ ժառանգներին, մինչդեռ հայոց ունեցվածքի գինը փոխանցվում է թուրքական գանձարանը։ Աներևակայելի գներով կայացավ վաճառքը. ոչ պակաս 30 ոսկի արժեցող մի գեղեցիկ գորգ աճուրդի էր դրված 5 ոսկով։ Ինչ վերաբերում է դրամին և զարդեղենին, ապա դրանք... Կ. Պոլիս տարան, անձամբ Թալեաթ փաշային հանձնելու նպատակով»։
Տասնյակ հրապարակումներն անգամ չեն բավարարի ի ցույց դնելու այս զարհուրելի ցեղատեսակի մշակութասպան վայրագությունները միայն նախորդ դարասկզբին։ Իսկ առհասարակ սելջուկա-թուրքական ներկայությունը Հայկական բարձրավանդակում մշակութասպանդի բազմահատոր երևույթ է։ «Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային ժառանգության, ազգային այլակերպումը և յուրացումը շարունակվել են 1923 թվականից հետո` ընդհուպ մինչև մեր օրերը, չնայած որ պատմական ու մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործությունների և հուշարձանների պահպանության պարտավորությունն ամրագրվել է Թուրքիայի Հանրապետության ինչպես նախկին (1924 և 1961 թվականներին ընդունված), այնպես էլ ներկա (1982 թվականից գործող) հիմնական օրենքի` Սահմանադրության մեջ», կարդում ենք Արարատ Աղասյանի գրքում։
Թուրք և Սահմանադրությու՞ն, գենետիկ ավարառուն իր հոգու խորքում սպանդանոց էր կրում, զինվում էր սրբապիղծ արշավների պատմական հիշողությամբ ու լոգանք էր ընդունում անմեղ արյան բյուր լճերում։
ԺԱՆ-ՄԻՇԵԼ ԹԻԵՐԻԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1974-ին ՅՈՒՆԵՍԵԿՕ-ն հրապարակում, քաղաքակիրթ աշխարհին է հրամցնում հետևյալը. 1923-ին ինչ-որ հրաշքով փրկված ու դեռ կանգուն եկեղեցիներից և այլ կրոնական 913 հայկական կառույցներից 464-ը բնաջնջվել են երկրի երեսից, 252-ը ավերակվել են, 197-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեն։ Մի՞թե պարզ չէ, որ Թուրքիայի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն բնավ հեղինակություն չէ։ Հեղինակություն չեն ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ աշխարհի հեղինակավոր այրաց ու տիկնանց ահազանգերը։ Եվ արդեն այսօր մի՞թե դույզն-ինչ կասկած չկա, որ եթե անգամ Մեծ Բրիտանիայի թագաժառանգներն ու ԱՄՆ նախագահը, Վլադիմիր Պուտինն ու ՌԴ-ի ներկա ողջ մշակութային վերնախավը, առհասարակ Երկիր մոլորակի ոչ թյուրքալեզու երկրների խորհրդարանները, համաշխարհային սպորտի, կինոյի, գրականության ու թատրոնի ողջ աստղաբույրը հացադուլի նստի և պահանջի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի Հանրապետությունից դադարեցնել հայկական ինքնության որդան կարմիր և քարագիր հետքերի ոչնչացումը և պղծումը, ոչինչ էլ չի փոխվի։ Թուրք տեսակն ահա արդեն հազար տարի իր ոգեղեն զարթոնքն է ապրում, վերապրում է, հարբում է ինքնաբավ հրճվանքից, կոտորում է, պղծում է, այլակերպում է, աներեր և ամենուր։
1970-ին ֆրանսիացի բժիշկ, արվեստաբան և հայկական միջնադարյան կերպարվեստի ու ճարտարապետության գիտակ Ժան-Միշել Թիերին ականատեսվում է, թե ինչպես է ավերվում Կապուտկողի Սուրբ Հակոբ վանքը, 10-րդ դարի մեծաթիվ որմնանկարներով հանդերձ, ավերվում է մղանով (այսինքն` բուլդոզերով), ավերվում է կից ճանապարհն ընդարձակելու նպատակով։ Նման դեպքերն ու եղելությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություն Թուրքիայի կյանքում ոչ միայն անհամար, այլև առօրեական են։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նման դեպքերում բավարարվում է անդեմ պարսավանքով. թուրքական ոսկին ամենուր ճանապարհներ է հարթում։
«Turkish Daily News» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այս զարհուրելի պետությունը ավարտուն է իր բոլոր մոլագար ոտնձգություններում։ ՈՒնի թուրք արվեստաբանների և նկարիչների մի հոծ բանակ, Ստամբուլում պարբերաբար միջազգային ցուցահանդեսներ է կազմակերպում, հայկական և այլ ազգերի մշակույթի և արվեստի ավանդույթները թուրքացման ենթարկելով։ Իսկ, կներեք, ինչու չանի։ Եվ, բնականաբար, սրանց համար դատարկ և ժամանակավրեպ հնչյուններ են քաղաքակիրթ աշխարհի ահազանգերը, ի մասնավորի գերմանացի ցեղասպանագետ, հայագետ և պատմաբան Տեսսա Հոֆմանի այս անդրադարձը. «...մինչ օրս Թուրքիայում ոչ մի հայկական հուշարձան չի վերանորոգվել առանց փոխելու իր հայկական բնույթը»։
2007-ին Ախթամարի Սբ Խաչ եկեղեցին, անվերապահորեն համաշխարհային արվեստի ճարտարապետա-կերպարվեստային գլուխգործոցներից մեկը, նախ խնամքով վերանորոգվեց, այնուհետև թուրքացվեց։ Հեռացվեցին եկեղեցու զանգն ու վերնախաչը, վերափոխվեց անունը, և հազարամյա գազանը մռլտաց` Ակդամար, այն է` «Սպիտակ երակ»։ Զարմանալի էր թուրքական «Turkish Daily News» օրաթերթի արձագանքը. «Անվանափոխության հետ կապված այս մոլուցքը, եկեղեցու խաչի ու զանգերի նկատմամբ մշակութային և կրոնական այսպիսի անհանդուրժողականությունը պետք է աշխարհում ընկալվեն որպես «մշակութային ցեղասպանություն»։ Չզարմանանք, եթե դա հենց այդպես էլ լինի»։
ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` Ի ՏԵՍ ԱՇԽԱՐՀԻ
Եկեք այսօր խոստովանենք. արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհն ընկալում և ճանաչում է Թուրքիան որպես համաշխարհային քաղաքակրթության մեծագույն հակաքաղաքակրթական պատուհաս։ Որպես արյունարբու պետականություն։ Արյունարբու, այն է` արյամբ հարբող, ահա արդեն 1000 տարի։ Հրեշը վերստին փորձում է ներխուժել Տաճար և հրկիզել այն, խոյակը ոսկետաշ փոխարինել է կամենում մոլախոտով, կամենում է խեղել վեհանիստ խորանը և այն վերածել ոչխարագոմի գորշահոտ դարպասի, ինչպես որ արել է 10 դար շարունակ։ Աշխարհն այնինչ մինչ օրս կամա-ակամա հիանում է թուրքական համաքաղաքակրթությամբ, նկարահանում է «Հրաշալի դար» (նվիրված սուլթան Սուլեյմանին) բազմասերիալը, անզուսպ գովերգելով մինչև ականջի բլթակները նախճիրի մեջ թաղված սուլթանին և այլն։
Մեր խնդիրն այլ է` Թուրքիան հանրահռչակել Երկիր մոլորակում որպես`
ա) ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ԵԿՎՈՐ-ԲՌՆԱԶԱՎԹԻՉ
բ) ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
գ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԴԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՇԱՎԱԽՄԲԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հենց այսօր անհրաժեշտ է աղբյուր առ աղբյուր հետազոտել և հայտնաբերել Թուրքիայի սանձազերծած մշակութային ցեղասպանությունը։ Այնուհետև ֆիլմաշարերով և մի քանի լեզվով դրանք պետք է ներկայացնել համայն մարդկությանը։ Եվ Հայկական աշխարհը Երկիր մոլորակում ի հայտ կգա իր ողջ առաքելական մեծագործությամբ։
Եվ Թուրքիայի Հանրապետությունը կլուսարձակվի իր ողջ դիվային դիմապատկերով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ