ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Լուրեր

Լուրեր
29.08.2008 | 00:00

Սաակաշվիլին կգնա մենակ
Վաշինգտոնի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ ի վերջո Արևմուտքն էլ հանգեց այն մտքին, որ Վրաստանի նախագահը պետք է հեռանա, իսկ թե ինչ սցենարով, այս պահին արդեն հստակեցվում է, քանի որ եթե հավատանք պնդումներին, սեպտեմբերի 1-ին Սաակաշվիլուն «թախտից գցելու» գործն արդեն «լմնցած» կլինի։ Թեև արևմտյան որոշ վերլուծաբաններ էլ պնդում են, որ գահընկեցության նույն սցենարը գործելու է նաև Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների նկատմամբ, սակայն մոսկովյան մեր աղբյուրները նման հեռանկարը կատարելապես անիրատեսական են համարում հետևյալ հիմնավորմամբ. Իլհամ Ալիևը հաջողությամբ խաղում է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի դաշտում, ուստի պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան Ադրբեջանում ավելի լավ գործընկեր ունենալու մասին դժվար թե մտածեն։ Նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանին, քանզի ակներև է, որ Սպիտակ տունն ու Կրեմլը գերադասում են Հայաստանում գործ ունենալ հնարավորինս կանխատեսելի նախագահի հետ։ Ինչպես ասում են, վերջիններիս տառապանքն այս հարցում փորձ ունի և թրծվել է Ռոբերտ Քոչարյանի օրինակով, ով անկանխատեսելի էր ցանկացած պարագայում, և որի չվանին հե՛չ լվացք փռել չէր լինում։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Միջանկյալ լուծում
Նախագահական նստավայրի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ եթե հաջողվի անգամ առանց ցնցումների խաղարկել ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանին նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանով «ռակիրովկա» անելու վաղօրոք մշակված սցենարը, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի կադրային գլոբալ քաղաքականության ծիրում սա ընդամենը կարճաժամկետ միջանկյալ լուծում է ենթադրում։ Նույն աղբյուրներն իրազեկում են, որ գոյություն ունի նաև երկարաժամկետ ծրագիր, որի նպատակը Հովիկ Աբրահամյանին, Ռոբերտ Քոչարյանի հանգույն, բարով-խերով թոշակի ուղարկելն է։ Թե ինչ սցենարով գլուխ կգա այս նոր պաշտոնանկությունը, առայժմ պարզ չէ, թեև միակ լուծումը, որ կողմից էլ նայում ես, Ազգային ժողովի լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն են մնում։
Իրենց հերթին հանրապետական վերնախավին մերձ աղբյուրները երեկ մեզ տեղեկացրին, որ ՀՀԿ գործկոմի օրերս կայացած նիստում որոշում է ընդունվել տարածաշրջանային և ներքաղաքական խառնակ զարգացումների այս փուլում առժամանակ սառեցնել ԱԺ նախագահի փոփոխության գործընթացը՝ ներսում և դրսում ավելորդ կրքեր չբորբոքելու միտումով։
Լ. Մ.

Կոռուպցիոն ռիսկեր «Փարոս» համակարգում
«ՈՒզում եմ վստահեցնել, որ հետևողական եմ լինելու կոռուպցիոն ռիսկերը վերացնելու գործում, և այդ առումով բոլորին հստակ հանձնարարականներ են տրված։ Այն աշխատակիցները, ովքեր կփորձեն զարտուղիներ փնտրել, աշխատանքից կազատվեն»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ՝ պատասխանելով մեր հարցին, թե որպես կառույցի ղեկավար իրենց համակարգում կոռուպցիոն ռիսկերը ո՞ր ոլորտներում է ավելի բարձր գնահատում։ «Հիմնականում ընտանեկան նպաստների «Փարոս» համակարգում»,- շարունակեց նախարարը։ Նա նշեց, որ երկու տեղեկատվական բազաների տվյալների համադրության արդյունքում պարզել են, որ 126 հազար նպաստառուներից 20 հազարի ներկայացրած տեղեկանքները չեն համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ նախարարը հիշատակեց, որ «Փարոս» համակարգի աշխատանքները գլխավորապես իրականացվում են ՏԻՄ կառույցների ներսում։ Իսկ այն, որ ՏԻՄ-երի որոշ աշխատակիցների, անգամ պաշտոնյաների բարեկամ-ազգակիցները «Փարոս» համակարգի մեջ են ներգրավված, չժխտեց նաև նախարարը։ Այստեղ են ասել՝ «մանրացել» է մեր ազգը կամ որոշ մասը՝ թասիբազրկվել։ Որքանով կնվազեն «Փարոս» համակարգում կոռուպցիոն ռիսկերը, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ կառավարությունը հաստատեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009 թ. տարեկան ծրագիրը»։ Ըստ նախարարի, դրանով իսկ կփորձեն լուծել հաշմանդամների զբաղվածության խնդիրը։ Նա վստահեցրեց, որ այս պահի դրությամբ լսողական ապարատների և սայլակների սակավության խնդիր չկա։ Ծրագրերը շարունակվելու են, բացի այդ, փորձելու են լուծել մի շատ կարևոր խնդիր՝ աչքի պրոթեզների և ձայնաստեղծ ապարատների ապահովման հարցը։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Առկա են ռիսկեր պարունակող սննդամթերքնե՞ր...
Սահմանի վրա պարտադիր արտոնագրում պահանջող ներկրվող ապրանքների անվանացանկը կրճատվում է 60-70 տոկոսով։ Կառավարության երեկվա նիստից հետո այդ մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ` նշելով. «Սրանով աջակցում ենք բիզնեսին և լրացնում մաքսային ինստիտուցիոնալ բարեփոխումների պահանջը»։ Սակայն նկատենք, որ նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ առաջարկեց ցանկում որոշ լրացումներ մտցնել, բայց չմանրամասնեց։ Նիստից անմիջապես հետո գյուղնախարարից փորձեցինք ճշտել՝ ինչի մասին է խոսքը։ «Ցանկում ներառված են սննդամթերքներ, որոնք որոշակի ռիսկեր են պարունակում։ Գյուղատնտեսության մասով ևս որոշակի ապրանքատեսակներ կան, այդ թվում նաև` թունաքիմիկատներ։ Կցանկանայինք, որ նոր ցանկում թունաքիմիկատներն ընդգրկված լինեին»։ Ինչ խոսք, որ սահմանի վրա ապրանքի արտոնագրման անհրաժեշտությունը, հատկապես սննդամթերքների մասով, անիմաստ չէ։ Իսկ եթե նկատենք, որ խոսքը վերաբերում է թունաքիմիկատներին, ապա առավել ևս։ Բայց չմոռանանք, որ Հայաստանն այս պահին հագեցած մասնագիտական անհրաժեշտ լաբորատորիաներ չունի։ Բոլոր դեպքերում որոշումն ընդունվեց, և, ըստ դրա, փորձեցինք հասկանալ, թե այդ դեպքում ինչպես է լուծվելու գյուղնախարարի բարձրացրած խնդիրը։ «Մենք պայմանավորվել ենք և ըստ դրա առաջարկություններ կներկայացնենք ցանկում փոփոխություններ կատարելու մասին ու կփորձենք ապացուցել, որ գյուղատնտեսության մասով ռիսկային սննդամթերքների, ինչպես նաև թունաքիմիկատների ընդգրկումը նոր ցանկի մեջ բխում է մարդկանց առողջության ապահովման խնդրից։ Մենք մեր ոլորտում ցանկանում ենք ռիսկային սննդամթերքների հետ կապված ներմուծումը կանոնակարգել»,- ասաց Արամայիս Գրիգորյանը։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Նախարարները ևս դպրոց կգնան
Սեպտեմբերի 1-ին ոչ միայն դպրոցականները, այլև նախարարները դպրոց կգնան։ Երեկ վարչապետը հորդորեց նախարարներին՝ շարունակել ձևավորված ավանդույթը՝ սեպտեմբերի 1-ին հանդիպել աշակերտների հետ։ Գուցե և գալիք սերնդի հետ շփումը փոխադարձաբար շահավետ լինի (նախարարներն իրենց մանկությունը հիշեն)։ Սակայն ի՞նչ ավանդույթի մասին է խոսքը, անհասկանալի է, քանի որ նման որոշում, կարելի է ասել, առաջին անգամ է կիրառվելու։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Ո՞ր մեղքի համար
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` Հանրային ռադիոյի տնօրեն և «ԱրմենԱկոբի» համասեփականատեր Արմեն Ամիրյանը ոչ միայն հեռուստաընկերության իր բաժնետոմսերն է վաճառել, այլև ողջ ունեցած-չունեցածը, և մտադիր է մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ (ի դեպ, «ԱրմենԱկոբի» մյուս սեփականատեր Հակոբ Ջամբազյանը, ով հեռուստաընկերությունից զատ եկամտաբեր բիզնեսի այլ աղբյուրներ էլ ունի Հայաստանում, ԱՄՆ-ի քաղաքացի է): Նույն աղբյուրների հավաստմամբ` հայրենիքը լքելու այս որոշումն Ամիրյանը սեփական ցանկությամբ չի կայացրել, այլ պարտադրված, իսկ թե որ մեղքի համար, դժվար է ասել: Համենայն դեպս, ո՛չ սիրուն աչքերի:
Լ. Մ.

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ