Երեկ Մոսկվայում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել է նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նա ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:
Երեկ նաև տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգությամբ են արձանագրում բռնությունների շարունակումը ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ են անում Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստանձնած պարտավորությունները լիովին իրագործելու ուղղությամբ»: Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա, Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում։ Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու ազատազրկվածներին փոխանակելու համար։ Միջնորդները հորդորում են հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ։ «Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահները շարունակում են աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի շուրջ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ։
Ու հիմա մենք բոլորս իրավունք ունենք հարցնելու համանախագահներին, որ մեզնից ավելին գիտեն հակամարտության պատմության մասին ու մեզնից ավելին անելու մանդատ ունեն՝ ինչու՞ այստեղ ու հիմա մնում են իրենց չարաբաստիկ պարիտետային շրջանակներում: Հիմա՝ արդեն պատերազմի ժամանակ, որ կանգ չի առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳ նախարարների, ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հրադադարի պայմանավորվածությունից հետո: Ե՞րբ, եթե ոչ հիմա, նրանք պարտավոր են ոչ միայն հիշել հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմների մասին, այլև՝ հնարավորն ու անհնարն անել կանխելու զոհերն ու ավերածությունները: Ու ինչպե՞ս պիտի հիմա, ըստ համանախագահների պատկերացումների, վարվեն սուբստանտիվ բանակցություններ, երբ բազմաթիվ զոհեր նույնիսկ հողին չեն հանձնվել: Երբ պատերազմը Արցախի տարածքում է, իսկ համանախագահները չեն հիշատակում Արցախի, թեկուզ «այսպես կոչված»՝ ինչպես նախորդ շատ հայտարարություններում են նշել, իշխանություններին, երբ պատերազմի սադրիչը ու շարժիչը Թուրքիան է, ոչ մի խոսք չեն ասում Թուրքիայի իշխանություններին: Թեպետ նախագահ Էրդողանը նորից է պնդում, որ Թուրքիան պիտի դառնա ՄԽ համանախագահ: Կամ՝ չեն անդրադառնում երկրներին, որ պատերազմի ընթացքում ակտիվ զենք են մատակարարում Ադրբեջանին, երկրներին, որ կասեցրել են զենքի վաճառքը Թուրքիային: Ե՞րբ, եթե ոչ հիմա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ գուցե պատճառն այն է, որ ոչ ԵՄ ԱԳ նախարարները, որ հավաքվել էին Լյուքսեմբուրգում, ոչ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ոչ Ռուսաստանը դեռ չեն վճռել, գուցե նույնիսկ չեն էլ մտածել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ: Համեմատության համար՝ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ միայն մեկ մարդու չհաստատված մահափորձի պատճառով, բայց հարյուրավոր սպանված մարդիկ Բրյուսելին չեն հետաքրքրում: Ոչ էլ Ռուսաստանին, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, երբ խփվեց իր ռմբակոծիչը: