Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին և այն համարել Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Այս մասին տեղեկացրել է Interfaks.ru-ն: Ալիևի խոսքերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ իրականացնում է տարբեր սադրանքներ՝ ղարաբաղյան հակամարտությունը սրելու համար:
Բայց Փաշինյանի ինչի՞ն են պետք սադրանքները և դրանցով հակամարտությունը սրելը… Թեև նա մի բարի պտուղ չէ, բայց Հայաստանում և Արցախում թերևս բոլորս էլ գիտենք (արտերկրում էլ այդ մասին գիտեն շատերը), որ նա Ադրբեջանի նկատմամբ սադրանքներ իրականացնողը չէ, քանի որ շատ լավ պատկերացնում է այդ սադրանքների ու հնարավոր պատերազմի հետևանքները ոչ միայն իր և իր շրջապատի բարեկեցության, այլև հետագայում իշխանությունը պահպանելու և անվտանգության համար: Երկարականջի կամ բրդոտի սուտն այս դեպքում էլ չկերվավ…
Հարց է առաջանում ` եթե ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի ասածը ճիշտ է, ապա Ադրբեջանն ինչու՞ չի հրապարակել և առ այսօր չի հրապարակում շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացումը փաստող որևէ արբանյակային լուսանկար, որոնք կարող էր ձեռք բերել, ասենք, Իսրայելից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից։ Մի՞ թե ամեն ինչ պարզ չէ։
Այնուհանդերձ, եթե շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի հայտարարությունը նույնիսկ համապատասխանում է իրականությանը, ապա այն կարող է լինել միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պատասխան քայլը շփման գծի մյուս կողմում Ադրբեջանի զինված ուժերի կենտրոնացման, որպեսզի թշնամին իմանա, որ, ի տարբերություն 2016 թ. ապրիլի, մենք նախապես տեղյակ ենք իր քայլերին, կազմուպատրաստ ենք իր հարձակումը հետ մղելու և արժանի պատասխան տալու հարցում: Ի վերջո, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից հրաժարվել է ոչ թե հայկական կողմը, այլ հենց Ադրբեջանը, ինչը հայտնի է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, և այլ պետությունների:
Բարբաջելով ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով Փաշինյանի կողմից տարբեր սադրանքների իրականացման և պաշտոնական Երևանի կողմից պատերազմի նախապատրաստման մասին, Ալիևն այսպիսով ինքն է պատրաստվում սադրանքների և Արցախի ու (կամ) Հայաստանի դեմ պատերազմի, որպեսզի հետո ասի, թե իր նախազգուշացումն իրականություն դարձավ, ու մեղքը գցի հայկական կողմի վրա: Սա մոտավորապես նման է նրան, որ գողն առաջինն է գոռում` գողացան։ Հաշվարկը շատ պարզ է` ում ասես կկասկածեն, բայց ոչ իրեն:
«Հայաստանն ապօրինի բնակեցում է իրականացնում (գրավյալ Լեռնային Ղարաբաղում.- Interfaks.ru): Դա հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին: Այն լիովին հակասում է Ժնևի կոնվենցիային, դա հանցագործություն է: Հանցագործություն է մարդկանց ինչ-որ տեղից բերել և տեղավորել գրավյալ հողերում: Փաշինյանի ռեժիմը դա միտումնավոր է անում: Սա սադրանք է, մեզ սադրանքի են ներքաշում, - ասել է Ալիևն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որի շարադրանքը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում»:
Նախ, ոչ թե գրավյալ, այլ ինքնորոշված, ընդ որում, ըստ հայության միասնական կամքի, Արցախի ինքնորոշումը և անկախությունն անսակարկելի են, Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա բացառված է: Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Արցախում բնակեցում իրականացնելուն, երանի թե դա իրականություն լիներ, լիներ պետական որևէ լուրջ և գործնականում իրականացվող ծրագիր: Ցավոք, ինչպես նախկին իշխանությունները բնակեցում չեն իրականացրել Արցախում, թերացել են Արցախի մասը հանդիսացող ազատագրված տարածքների բնակեցման հարցում, ներկա իշխանություններն առավել ևս չեն զբաղվում այդ հարցով:
Ադրբեջանի նախագահը հավատարիմ մնալով անցյալի և ներկայի իրողությունները կեղծելու իր և իր ղեկավարած երկրի պաշտոնական քարոզչամեքենայի քաղաքականությանը, շեշտել է, թե 2020 թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները նույնպես Երևանի սադրանքի հետևանք են եղել:
«Այն զինված սադրանք էր, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը սկսեց դա,- ասել է Ալիևը:- Այդ մասին արդեն բացահայտ հայտարարել է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան (պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը չի նշել նրա անունը.- Ա.Հ.): Ես այն ժամանակ ասացի, և այսօր էլ ասում եմ. մենք չունենք որևէ ռազմական թիրախ Հայաստանի տարածքում, ցանկության դեպքում կարող էինք մտնել Հայաստանի տարածք, դրա համար ունեինք ռազմական բոլոր հնարավորությունները: Բայց մենք դա չենք արել, քանի որ դա մեր ռազմաքաղաքական հայեցակարգում չկա, քանի դեռ լուրջ սադրանք չի իրականացվել մեր դեմ: Եթե դա արվի, ապա մեզ համար սահմանափակումներ չեն լինի, թող բոլորն իմանան սա: Ոչ մի սահմանափակում: Եթե նրանք անտեսում են միջազգային իրավունքը, ապա մենք ինչու՞ պետք է հավատարիմ մնանք դրան, մենք նույնպես կանտեսենք այն, բայց այդ ամենը նրանց համար վատ կավարտվի»:
Այստեղ են ասել` ախորժակիդ քացախ… Հետաքրքիր է` իսկ Ալիևը մտածե՞լ է, որ մեր համար էլ այլևս չի լինելու որևէ սահմանափակում (ներառյալ` «միջազգային իրավունք» կոչվածը), եթե ինքն ինքնակամ կամ արտերկրի իր տերերի պահանջով դիմի Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ լուրջ սադրանքի: Դրանից հետո մեր տղաները հասնելու են իրեն, խուզելու են բրդերը և միջազգային արենայում աճուրդի հանելով, վաճառելու են «միջազգային հանրություն» կոչվածի վրա: Եթե, իհարկե, ավելի շուտ «Իսկանդեր»-ի նշանառու հարվածից հետո Բաքվի իր պալատից չբարձրանա բրդոտի խորովվող մսի ծուխը:
Մնում է ազգովին շնորհակալ լինենք «բարեգութ» Ալիևից, որ կարողանալով հանդերձ, չեն մտել Հայաստանի տարածք, և որ Ադրբեջանը ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական թիրախներ չունի Հայաստանի տարածքում: Իսկ եթե լուրջ, սա ասում է մի պետության ղեկավար, որը հենց նույն հուլիսյան մարտերի ընթացքում թիրախավորել ու հրետանուց և այլ զինատեսակներից հարվածներ է հասցրել Տավուշի մարզի նույնիսկ բնակավայրերին, քաղաքացիական խաղաղ բնակչությանը:
Որտեղի՞ց են սնվում Ադրբեջանի առաջնորդի ցինիզմը, սուտն ու լկտիությունը, ինչպես է նա համարձակվում դիմել կեղծիքի և սադրանքն ու Տավուշի հատվածում հուլիսյան մարտերը սկսելը վերագրել Հայաստանին, երբ այդ ամենն իրականացնողը հենց ինքը` Ադրբեջանն էր: Պատասխանը շատ պարզ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ցավոք, նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, մեղմ ասած, անհետևողականությունից և անսկզբունքայնությունից: Եթե նրանք Ադրբեջանից միասնաբար պահանջեին կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները` շփման գծում արձանագրող տեխնիկական համապատասխան միջոցների տեղադրման և մնացյալ կետերի իրականացման վերաբերյալ, իսկ չկատարման դեպքում հանդես գային դրա հետևանքների վերաբերյալ քաղաքական համապատասխան հայտարարությամբ, ապա այժմ Ալիևը չէր համարձակվի սադրանքի և հիշյալ մարտերը սկսելու համար մեղադրել Հայաստանին:
Ալիևն այն կարծիքն է հայտնել, որ սահմանին Հայաստանի հուլիսյան սադրանքի պատճառներից մեկն ուսումնասիրել, պարզելն էր, թե ինչպիսին կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իրենց դաշնակիցների արձագանքը: Իսկ ինչու՞։
«Քանի որ նրանք (հայերը.- Interfaks.ru) պատրաստվում են նոր մեծ պատերազմի: Մենք ունենք օպերատիվ հետախուզական տվյալներ: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Գիտենք և պետք է իմանանք: Մեր հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում: Կարող եմ այսքանն ասել, ոչ ավելին,- հավելել է Ադրբեջանի առաջնորդը»:
Իրականում Հայաստանը ՀԱՊԿ արձագանքը ստուգելու նպատակ չի հետապնդել, և դա փաստվում է նրանով, որ ՀՀ իշխանությունները օգնության համար ՀԱՊԿ կանոնադրությամբ, պայմանագրով սահմանված ընթացակարգով չեն դիմել հիշյալ կազմակերպությանը, հետևաբար ՀԱՊԿ արձագանքը ստուգելու մասին խոսք չի կարող լինել: Այսինքն` այստեղ նույնպես երևակվում է Ալիևի սուտը:
Վերը շարադրվածից պարզ է դառնում նաև, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում նոր մեծ պատերազմի: Ադրբեջանն արդեն ամենաբարձր մակարդակով տվել է Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմի նոր փուլի մեկնարկը, որի նպատակն այս անգամ ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է:
Ադրբեջանի նախագահի հիշյալ հայտարարությունից 2 օր հետո` սեպտեմբերի 21-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նույն օրվա առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին միջադեպի արդյունքում զոհվել է զինծառայող Էլշան Մամեդովը: Չբացառենք, որ Էլշան Մամեդովը կարող է զոհված լինել նաև ադրբեջանական բանակում կանոնակարգային հարաբերությունների խախտման պատճառով (այդպիսի դեպքերն ադրբեջանական բանակում հաճախակի են), կամ հուլիսյան մարտերի ժամանակ զոհվելուց հետո կարող էր սառցարանում պահված լինել, որպեսզի իրենց անհրաժեշտ պահին ասպարեզ բերվեր ու ներկայացվեր իբրև ինչ-որ նոր միջադեպի զոհ (ադրբեջանական հայտնի ձեռագիր է): Այնուհանդերձ, եթե իրականում սեպտեմբերի 21-ին ինչ-որ միջադեպ է եղել ու դրա պատճառով է զոհվել Էլշանը, ապա որևէ կասկած չկա, որ այդ միջադեպը եղել է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը:
«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հիշյալ միջադեպի ու դրա հետևանքով Էլշան Մամեդովի զոհվելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հայ-ադրբեջանական պետական սահմանին միջադեպի արդյունքում իրենց զինծառայողի զոհվելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդումներին անմիջապես հաջորդել է Թուրքիայի արձագանքը: Ադրբեջանագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Թուրքիան այլևս անցնում է չափերը, և Հայաստանը պետք է պահանջի Թուրքիայից, որպեսզի դադարեցնի ակնհայտ թշնամանք պարունակող հայտարարություններ տարածել, որն էլ իր հերթին տանում է հայ-ադրբեջանական հակամարտության ավելի սրման: Ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով այսօրվա զոհի մասին հայտարարությունից ընդամենը մեկ ժամ հետո թուրքական «Հաբեր Գլոբալ»? հեռուստաընկերությունը ներկայացնում է ռեպորտաժ այդ դեպքի մասին և ներկայացնում, թե սահմանին իրավիճակը սրվել է հայկական կողմի պատճառով, իսկ քիչ առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն է իր թվիթերյան էջում թվիթ արել։ Նա նախ ցավակցել է այսօրվա ադրբեջանական սադրանքի պատճառով չեզոքացված ադրբեջանական կողմի զինծառայողի ընտանիքին, այնուհետև Հայաստանին կոչ արել «հավաքել խելքը և վերջ տալ ագրեսիաին»»։
Չնայած մեր թշնամիների համակարգված գործողություններին, ցավոք, չենք տեսնում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Արցախի արտգործնախարարության կողմից Ալիևի վերջին հայտարարությունների, Ադրբեջանից ու Թուրքիայից մեզ մեղադրող ելույթների, հրապարակումների և ստեղծված իրավիճակի համարժեք գնահատականը և համապատասխան հայտարարություններն ու գործողությունները, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից առայժմ միայն լռություն է:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, սեպտեմբերի 20-ին ԱԳՆ կայքում զետեղված հրապարակման մեջ նշել է. «Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են»։ Բնականաբար, հարց է առաջանում` դրանք խորապես հիասթափեցնո՞ղ են, թե Ալիևին բնորոշ։ Եթե ՀՀ արտգործնախարարությունն Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող է համարում, փոխանակ նշելու Ադրբեջանի նախագահին դրանց հենց բնորոշ լինելու մասին, նշանակում է, Փաշինյանի հետ միասին ինչ-որ հույսեր է կապել Ալիևի հետ, հույսեր, որոնց չարդարանալը հիմա այս կերպ են խոստովանում:
«Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում»,- այնուհետ նշված է ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Նախ, «հարևան երկրի» փոխարեն, շատ ավելի ճիշտ կլիներ «թշնամի պետության» բնորոշումն օգտագործելը, բայց դե ախր ինչպե՞ս կարելի է, եվրոպական համապատասխան կառույցները, Արևմուտքի գլոբալիստական ուժերը դա թույլ չեն տալիս: Ինչ վերաբերվում է Ալիևի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը, ապա, ինչպես ասում են, խելքներիդ ձյուն գա, Ալիևի հայտարարությունները ոչ թե այդ անկարողության դրսևորումն են, այլ ռազմական սադրանքների կամ պատերազմի տեղեկատվական նախապատրաստություն:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և առկա իրավիճակը սխալ է գնահատել նաև Արցախի արտգործնախարարությունը: Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն»:
Ի տարբերություն ՀՀ և ԱՀ արտգործնախարարությունների, Ալիևի հայտարարությունները ճիշտ է գնահատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան»? խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին ճեպազրույցների ժամանակ նա ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարները, նրանց ռազմական վերնախավը շատ ակտիվ կերպով իրականացնում են ռազմական սադրանքների հնարավոր վերականգնման տեղեկատվական նախապատրաստություն, և հավելել, որ սա դեռ անչափ մեղմ է ասված։
«Այս հայտարարությունները շատ հստակ տեղավորվում են հնարավոր սադրանքներին նախապատրաստվելու տրամաբանության մեջ»,- ասել է Արման Աբովյանը և հիշեցրել, որ անցյալ ամիս Նախիջևանի տարածքում Թուրքիան և Ադրբեջանն անցկացրել են համատեղ լայնածավալ զորավարժություններ։ Պատգամավորը նշել է նաև, որ թուրքական ստորաբաժանումների մի մասը, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, ներառյալ` ռազմական ավիացիա, մնացել է Նախիջևանում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն ընդգծել է արաբական և եվրոպական մամուլում այն հրապարակումների մասին, որոնց համաձայն, Թուրքիան Ադրբեջանում ակտիվորեն տեղակայում է իսլամիստ զինյալներին և ահաբեկիչներին։
«Ադրբեջանի ղեկավարությունն այսօր պատերազմ է հրահրում և այդ ուղղությամբ շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում»,- ասել է Արման Աբովյանը և հավելել, որ այսօր իրավիճակն արմատապես այլ է` Թուրքիան առաջին անգամ չի բացառում ու չի հերքում այդ գործընթացում իր ռազմական ներկայությունը, հակառակը՝ հստակ և ուղիղ հայտարարում է այն մասին, որ մասնակցելու է նախատեսվող գործընթացներին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կարևորել է, որ Հայաստանը, առաջին հերթին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, միջազգային խողովակներով այս հարցը բարձրացնի բոլոր հարթակներում, ինչը, ցավոք, դեռ չենք տեսնում թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնողի, թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Չկա որևէ հայտարարություն նաև այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի ասածը վկայում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստման մասին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ