ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առջևում

Առջևում
12.01.2024 | 20:38

Ֆրուստրացիոն ծանր շրջանը դեռևս շարունակվում է. շփոթահար, ընկճված ու հուսալքված եմ հազարավոր իմ հայրենակիցների պես: ՈՒզում ես անկյուն քաշված՝ խորը ինքնամփոփվել ու լռել, գոնե առժամանակ, մինչև այս պղտոր ու ալեկոծուն ջրերը մի փոքր խաղաղվեն ու հստակվեն: Մինչև հոգիդ կրկին ջանա իրականության հետ բեղուն աղերսներ գտնել:

Բայց՝ չէ՛, ներքին ձայնդ հրամայում է շուտափույթ հավաքել զինքդ, զգաստանալ ու նայել առաջ: Հրամայում է գոտեպնդվել ու անցնել գործի:

Նախ, կանխել է պետք տեղահան եղած մեր ժողովրդի խարխլումն ու ցիրուցանվելը: Դա հնարավոր է անել, միայն թե նման վճռական նպատակ դրվի հայ հանրության առջև: Ազգային ու նմանաշունչ այլ կառույցները պարտավոր են «մարտական թիվ մեկ» պատրաստությամբ արցախահայության հավաքականությունն ապահովել ՀՀ-ում: Գործող պետական կառույցներին ապավինել չարժե, նրանք ավելի հաճախ հակառակվում են մեր համազգային նպատակներին: Հարկ է արհամարհել իշխանական օյինբազներին և նրանց ցայտուն ու ծպտյալ սպասարկուներին, ծնկածներին ու վախլուկներին, հոգով ու մտքով այլասերվածներին, չլսելու տալ նրանց վայրահաչությունը: Լսել նվիրյալներին, խիզախներին ու անընկճելիներին: Ճանաչել երկրի իրավ տերերին ու ձայնակցել նրանց:

Խնդրում եմ իմ հայրենակիցներին՝ մի՛ հեռացեք Հայաստանից, որ Արցախ վերադառնալու հույսն ու հնարավորությունը չկորցնենք վերջնականապես: Որպեսզի հայաստանյան մեր եղբայրների ու քույրերի հետ ուս-ուսի պաշտպանենք մնացյալ հայոց երկիրը հետագա ավիրումից, զորացնենք ու բարեփոխենք հայկական պատկերով: Ներկա պահին մեր անելիքն ու ճակատագիրն այստեղ է: Մենք պետք ենք Հայաստանին՝ սա՛ է անհերքելի ճշմարտությունը: Թշնամին երախը լայն բացած՝ նայում է մեզ. եթե թույլ , ջլատված ու անկամ լինենք, հոշոտելու է բոլորիս, եթե փախչենք, նա մեզ հանգիստ չի տալու անգամ օտար ափերում:

Առջևում, ճիշտ է, ավելի շատ մշուշ ու անորոշություն ենք տեսնում, որ խավարի պես է: Բայց այն անհաղթահարելի չէ: Խավարի մեջ, նախ, պայծառ խոսքեր պիտի հնչեն:

Գուցե հանդուգն երևակայությամբ եմ կանխատեսում, այնու չխուսափեմ ասել՝ հատուցման ու վրեժի ճանապարհով ենք անցնելու: Վերածնության ուղիով ենք ընթանալու առաջ:

Մեր ամենաարդար ու հաղթական մաքառումը դեռ առջևում է:

Աստված պահապան հայ ժողովրդին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ