Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ (ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ)

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ (ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ)
23.09.2011 | 00:00


(սկիզբը` նախորդ համարում)


Ձեռքբերումների և կորուստների իրական հարաբերակցությունը, թերևս, երբեք ճշգրիտ հնարավոր չի լինի պարզել: Այնուհանդերձ, կարելի է վերլուծել դրանց պատճառներն ու փորձել դասեր քաղել այսօրվա և վաղվա օրվա համար: 2010 թ. արձանագրված գների թռիչքաձև աճը, պարզվում է, բոլորովին էլ նոր երևույթ չէ և բոլորովին էլ աննախադեպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք:
Չմոռանանք, որ 1992 թ. հունվարի 1-ից սկսած գների, հետևաբար՝ առևտրի ազատականացումը հիմք դրեց նախկին տնտեսակարգի հիմնարար քայքայմանը: Արձանագրվեց նախ ռուբլու, իսկ 1993 թ. նոյեմբերին, ազգային դրամանիշի շրջանառության մեջ մտցնելուց հետո, նաև դրամի գերարժեզրկում (հիպերինֆլյացիա): Վերջինս միայն մեկուկես ամսում հասավ 1880 %-ի: Բնակչության գնողունակ պահանջարկի անկման, ազգային եկամտի անհամաչափ բաշխման պատճառով փոքր, միջին և մեծ օբյեկտների, հողի և արտադրական հզորությունների արագացված սեփականաշնորհման արդյունքում տեղի ունեցավ նաև ազգային հարստության անհամաչափ վերաբաշխում: Աստիճանաբար աճեց ստվերային տնտեսության տեսակարար կշիռը: Սպառման ավանդական շուկաների կորստյան պատճառով կրճատվեցին արտահանման տեմպերը, աճեց արտաքին առևտրի բացասական մնացորդը (սալդոն), որը ներկայումս ունի աճի միտում:

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2000 թ. ապրանքների արտահանումը կազմել է 297,5 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 885,1 մլն դոլար: Հետաքրքրական է, որ այդ հարաբերակցությունը, որոշ տարբերությամբ, պահպանվում է նաև այսօր: 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ ներմուծման ծավալները 3,7 անգամ գերազանցել են արտահանման համեստ ծավալները` մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում: Առևտրային հաշվեկշիռը տասը տարի առաջ բացասական էր 587,6 մլն դոլարով, որը կազմում էր ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը: Վերջինս ստեղծում է որոշակի արտաքին կախվածություն, որը տնտեսական լուրջ սպառնալիք է: Տնտեսական անվտանգության տեսանկյունից կարևորվում է նաև անընդհատ աճող արտաքին պարտքի (մոտ 900 մլն դոլար) սպասարկումը, որը կազմում է արտահանման 16 %-ը և հարկերի մուտքերի մոտ 170 %-ը, իսկ դրա բացարձակ մեծությունը՝ ՀՆԱ-ի 45 %-ից ավելին: Այս ցուցանիշը (հարաբերակցությունը) պահպանվում է նաև այսօր, միայն ավելի մեծ թվերով: 2011 թ. օգոստոս ամսվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի: Մտահոգիչ է նաև այն իրողությունը, որ այսօրվա տնտեսական կացությունը լավատեսության քիչ հիմքեր է պարունակում: Արտաքին կախվածությունը կրճատելու համար կարևոր են ՀՆԱ-ի աճի արագ տեմպերը, դրանում արտահանվող հատվածի աստիճանական ավելացումը: Մինչդեռ այսօր հայաստանյան նախկին 750 արդյունաբերական ձեռնարկություններից միայն մեկ-երկու տասնյակն է ինչ-որ բան արտահանում, ընդ որում, արտահանման մեջ (հիմնականում` էներգետիկայում, ոսկերչության և ադամանդագործության ոլորտում, հանքարդյունաբերությունում նվազել է նոր ստեղծվող արժեքը) գնալով աճում է ոչ պետական, մասնավոր ընկերությունների տեսակարար կշիռը: Մի կարևոր իրողություն ևս. ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա, ստեղծվող ՀՆԱ-ի միայն 10 %-ն է արտահանվում ոչ ԱՊՀ անդամ երկրներ, որը վկայում է սպառման արտաքին շուկաներում տեղական արտադրանքի սահմանափակ պահանջարկի, այսինքն՝ ցածր մրցունակության մասին: Արտաքին կախվածության մեկ այլ դրսևորում է նաև պետական բյուջեի խորացող ճեղքվածքի ֆինանսավորման աղբյուրներում արտաքին աղբյուրների տարեցտարի ավելացող տեսակարար կշիռը:
Պարբերաբար զեկուցվող տվյալները՝ ՀՆԱ-ի աճի և աշխատատեղերի ստեղծման մասին, առայժմ որևէ կերպ չեն նպաստում աղքատության վերացմանը կամ դրա կրճատմանը: Այս իրողությունն արդեն չեն կարող անտեսել անգամ միջազգային կազմակերպությունները, որոնք նույնիսկ շահագրգռված չեն դրա տարածմամբ: Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության մեջ է երկրի բնակչության կեսից ավելին, իսկ նրանց 40 %-ն ապրում է աղքատության սահմանագծից ցածր վիճակում, քանի որ 2011 թ. հունվարի 1-ից 32500 դրամի հասցրած նվազագույն աշխատավարձ ստացողների համար անգամ անհասանելի է մնում կենսապահովման նվազագույն զամբյուղը, որը մեր հաշվարկներով կազմում է առնվազն 60-62000 դրամ:
Գործազրկությունը 1991 թ. 1,5-2 %-ից 1995 թ., մեր գնահատմամբ, հասավ աշխատունակ բնակչության 76-77 %-ի, տնտեսության որոշ ճյուղերում կրելով համատարած բնույթ: Պետք է նկատել, որ աշխատուժի, այդ թվում՝ որակյալ, մեծ առաջարկի և քիչ պահանջարկի պայմաններում գործատերն ավելի անարգել կարող է իջեցնել վարձատրությունը, որն էլ բնորոշ է երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին: Ներկայումս պաշտոնապես գրանցված է 200000-ից քիչ գործազուրկ (6,9 %), իրականում նրանց թիվն անցնում է 300000-ից: Հատկանշական է նաև այն իրողությունը, որ, թեև, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերի քանակը հանրապետությունում հասնում է մեկուկես միլիոն մարդու սահմանագծին, այսուհանդերձ, վերջերս անցկացրած մի հարցախույզի արդյունքում պարզվել է, որ իրականում աշխատում է մոտ մեկ միլիոն մարդ: Դա բացատրվում է նրանով, որ մի շարք ձեռնարկություններում աշխատողների ցուցակներում դեռևս կան մարդիկ, ովքեր հույս ունեն, որ երբևէ պարապուրդի մատնված օբյեկտները կարող են և աշխատել: Իսկ նման գրանցվածների մի մասն էլ վաղուց արդեն գտնվում է երկրից դուրս: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն առանձին ուսումնասիրության առարկա է:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ