Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Գլոբալ մտահոգություններ և հանգուցալուծման նոր մոտեցումներ

Գլոբալ մտահոգություններ և  հանգուցալուծման նոր մոտեցումներ
11.05.2012 | 00:00

Համաշխարհային տնտեսության ժամանակակից իրավիճակն անհանգստացնում է` կապված ոչ միայն գլոբալ ֆինանսական ճգնաժամի, այլև վերջինիս անորոշ ապագայի հետ: Այդ խնդիրը մշտապես եղել է միջազգային կազմակերպությունների և առաջատար պետությունների ուշադրության կենտրոնում: Ավելին, այսօր արդեն նման մտահոգությամբ են համակված զարգացող երկրները` գիտակցելով համաշխարհային տնտեսության զարգացման գործում սեփական դերակատարության կարևորությունը:

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում գոյություն ունեցող տարբեր երևույթների ու միտումների փոխկապակցվածությունն ու փոխկախվածությունը, որտեղ տնտեսական տատանումը մի տարածաշրջանում ակնթարթորեն ազդում է Հայաստանի նման երկրների շուկայի բոլոր բաղադրիչների վրա միաժամանակ, հակաճգնաժամային համընդհանուր որոշումների անհրաժեշտությունն է՛լ ավելի է սրվում:

Պետք է խոստովանել, որ արդեն գործող ձևաչափերը, ինչպիսիք են G8-ն ու G20-ը, համաշխարհային տնտեսության խնդիրների լուծման համատեքստում ցուցադրում են իրենց աշխատանքի անարդյունավետությունը: Դրա հետ կապված, Դավոսում կազմակերպվող ամենամյա համաժողովներում վերջին շրջանում ավելի հաճախակի է շոշափվում զարգացող և զարգացած երկրների կողմից իրականացվող ջանքերի համադրման հարցը: Հայաստանի պետական, մասնավոր, հանրային և գիտական շրջանակները հանդես են գալիս նոր` «G-global» հարթակի ստեղծման նախաձեռնության աջակցությամբ` առաջարկելով լայնացնել հակաճգնաժամային միջոցառումների փնտրտուքի շրջանակները: Այն կարող է գոյություն ունենալ, ինչպես էլեկտրոնային-համացանցային Բերտտոն Վուդսը: Որպես նոր ձևաչափի աշխատանքային հարթակ զարգացող աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ առաջարկում են իրենց երկրներում անցկացվող ամենամյա միջազգային տնտեսական ֆորումները (Չինաստան, Բրազիլիա, Ռուսաստան, Ղազախստան): Այսպիսով, «G-global»-ը կարող է դառնալ տարբեր ֆորումների վրա հիմնված միջազգային վիրտուալ բազա: Հայաստանում այս հիմնահարցի քննարկման փուլում հիմնավորվեց նաև մի տեսակետ, համաձայն որի` ավելի նպատակահարմար կլինի ձևավորել ոչ այնքան «G-global», որքան «G-Developing» հարթակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, սկսած անցյալ դարի յոթանասունականներից, գործում է զարգացած երկրների շահերն ու հիմնախնդիրները ներառող Դավոսի համաժողովը, իսկ զարգացող երկրներն այդպես էլ ընդհանուր եզրեր չգտան գլոբալ համագործակցություն ծավալելու հարցում:

ՈՒ մինչ զարգացող երկրները կփորձեն կենտրոնանալ իրենց հուզող ընդհանուր մտահոգությունների վրա և ստեղծել գործակցության ընդունելի ձևաչափ, կարևոր է հաշվի առնել այն առարկայական միտումները, որ շրջապատում են բոլորիս, հետևաբար, ուղղակի ազդեցություն ունեն մարդկության հետագա զարգացման վրա: Իսկ համաշխարհային տնտեսության բազմաբևեռ կառուցվածքին անցումն ուղեկցվում է տարաբնույթ քաղաքական տեղաշարժերով: Ակնհայտ է դառնում, որ գլոբալացման համընդհանուր միտումը որոշակի իմաստով հակակշռում է տարածաշրջանային, ռազմավարական միությունների անընդհատ աճը: Եթե առաջին դեպքում որպես նպաստող գործոններ հանդես են գալիս առևտրի ազատականացումն ու միջազգային կազմակերպությունների կողմից առևտրային արգելքների աստիճանական վերացման ուղղությամբ արվող քայլերը, ապա երկրորդ միտումն ակնհայտորեն ներառում է առանձին երկրների կամ տնտեսության ճյուղերի ընդհանուր շահերի պաշտպանության ու պետական հովանավորչության քաղաքականության տարրեր: Այս իմաստով կարևոր է հաշվի առնել, որ տնտեսական համագործակցության բոլոր չորս հայտնի ձևերն էլ այս կամ այն չափով կրում են համաշխարհային տնտեսության ներսում գոյություն ունեցող հիմնական միտումների ազդեցությունները:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային բազմաթիվ երկրներում կենտրոնացված պլանային համակարգի փլուզումով սկիզբ է դրվել ազդեցության ոլորտների վերաբաշխմանը գերտերությունների միջև: Նորանկախ պետությունների անդամակցությունը միջազգային կազմակերպություններին ոչ միայն նպաստում է վերջիններիս ընձեռած միջոցներով վերացնելու փաստացի մեկուսացումը համաշխարհային շուկայից, այլև, ընդհանուր առմամբ, հիշյալ կառույցներում զարգացող երկրների ավելի մեծ տեսակարար կշռի շնորհիվ ավելացնում այդ պետություններին ի նպաստ կայացվող որոշումների հավանականությունը: Ինչպես զարգացող, այնպես էլ նախկին համայնավարական ուղղվածությամբ, ներկայումս անկախ պետությունների համընդհանուր պահանջով ձևավորվում է համաշխարհային նոր տնտեսակարգ: Այս փուլում հատկապես կարևոր է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր տնտեսակարգը, և ինչպես կհամապատասխանեցվեն դրա կայացման գործում պետական հովանավորչության ու ռազմավարական միությունների խնդիրները:

Հայաստանում տնտեսական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար, ի թիվս այլ հիմնահարցերի, միասնական մոտեցում է անհրաժեշտ ձևավորել նաև բազմաբևեռ աշխարհում համեմատական առավելությունների հիման վրա ազգային տնտեսության ձևավորման թույլատրելի սահմանների ուրվագծման խնդրի առնչությամբ: Ըստ որում, ազգային տնտեսության ձևավորմանն ուղղված ծրագրերում առայժմ որևէ կերպ չի նախատեսվում Հայաստանի հստակ կողմնորոշումը դեպի համաշխարհային տնտեսության այս կամ այն բևեռը: Ավելին, մակրոտնտեսական ծրագրերում լիարժեքորեն հաշվի չեն առնված ժամանակակից զարգացումները, հիմնական միտումներն ու դրանց հնարավոր ազդեցությունները: Արդյունքում, անկախացման առաջին տարիներին ի հայտ եկան որոշակի դժվարություններ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԱՊՀ երկրների Միասնական մաքսային միության անդամակցության միջև ընտրության հարցում, իսկ այժմ նաև` որոշակի առանձնահատկություններով օժտված ԱՊՀ ազատ առևտրի գոտու և Եվրամիության խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու միջև:

Ներկայումս Հայաստանում իրականացվող «երկրորդ սերնդի» տնտեսական բարեփոխումներին արդյունավետություն և համակարգված բնույթ հաղորդելու համար խիստ կարևոր է վերլուծության ենթարկել այդ գործընթացը, մշակել առաջարկներ դրա հետագա կատարելագործման ուղղությամբ՝ շեշտը դնելով երկրի արտաքին տնտեսական կապերի համակարգի ձևավորման վրա, ինչպես նաև կարևորելով ներդրումային միջավայրի առողջացումը: Այս նպատակի իրականացումը ենթադրում է առնվազն հետևյալ հիմնական քայլերը.

l վերլուծել համաշխարհային տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդած երկրների (Չինաստան, Չիլի, Լեհաստան) ղեկավարների և միջազգային առաջատար տնտեսագետների ներկայացրած տեսակետները և ուսմունքները պետության դերի, պետական հովանավորչության, միջազգային առևտրի, ռազմավարական միությունների վերաբերյալ,

l քննարկել գիտական մոտեցումների գործնական կիրառության օրինակներն ու դրանց հետևանքները զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երկրներում,

l բացահայտել համաշխարհային տնտեսության հիմնական միտումները և դրանց հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսական զարգացման վրա,

l գնահատել համաշխարհային տնտեսական համակարգին շուկայական նոր տնտեսությունների մերձեցման գործում պետության ներդրումային քաղաքականության և տնտեսական բարեփոխումների դերը (Հայաստանի օրինակով),

l ներկայացնել տնտեսական համագործակցության և ռազմավարական միությունների ժամանակակից ձևերն ու դրանց կարևորությունը նոր տնտեսակարգի կայացման գործում:

Ի վերջո, պետք է ընդունել, որ համաշխարհային տնտեսական զարգացումների առանցքում ձևավորվող նոր տնտեսակարգն է, պետության տնտեսական քաղաքականությունը՝ արտաքին առևտրական, հովանավորչական, ներդրումային, կառուցվածքային բարեփոխումների տարրերով և այդ քաղաքականության իրագործման մեխանիզմներով: Միաժամանակ, նոր տնտեսակարգին առնչվող տեսական վերլուծություններն ինքնանպատակ չեն կարող լինել. դրանց օգնությամբ հիմնավորվում է հայեցակարգային համալիր նոր մոտեցումը՝ մշակելու հանրապետության առանձնահատկություններից բխող որակապես նոր տնտեսական քաղաքականություն՝ մի կողմից, ներդաշնակելու երկրի տնտեսական առաջնահերթությունները համաշխարհային տնտեսության նոր զարգացումների հետ, մյուս կողմից, օգտագործելու արտաքին տնտեսական կապերի համակարգի հնարավորությունները՝ ներդրումային միջավայրի առողջացման և ազգային տնտեսության ձևավորման ու դրա վերելքի համար: Մասնավորապես, շեշտը դրվում է նոր տնտեսակարգի կայացման գործում ռազմավարական միությունների և պետական հովանավորչության խնդիրների համապատասխանեցման նախադրյալների, արտաքին ներդրումների, արտաքին առևտրի և ազգային համախառն արդյունքի աճի տեմպերի միջև ներքին և արտաքին կապերի բացահայտման, համաշխարհային տնտեսության ներսում գոյություն ունեցող նոր երևույթների և ժամանակակից միտումների պատճառահետևանքային կապերի ներկայացման, ինչպես նաև միջազգային դրամական հարաբերությունների ներկայիս վիճակի գնահատման ու համաշխարհային տնտեսության հետ ապագա հնարավոր փոխազդեցությունների կանխատեսումների վրա:

Այս ամենը, իր հերթին, թույլ է տալիս առաջադրել պետական միջամտության հարկային լծակների կիրառման հստակ մեխանիզմներ՝ ուղղված տնտեսության աշխուժացմանն ու արտահանման կարողության աճին, ներկայացնել համաշխարհային տնտեսության հետ մերձեցման համար կարևորագույն մեխանիզմներից մեկի՝ զարգացող երկրի պետության արտաքին տնտեսական կապերի համակարգի ձևավորման մոդելը: Արդյունքում՝ երկրի համեմատական առավելությունների համակարգված գնահատման հիման վրա ձևակերպվում է ազգային տնտեսության զարգացման ռազմավարական այն հայեցակետը, որը կոչված է դուրս բերելու երկիրը զարգացման նոր մայրուղի:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ