38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Բիզնեսի ճանապարհային քարտեզ»

«Բիզնեսի ճանապարհային քարտեզ»
06.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

Անցումային տնտեսությունների համար Ղազախստանի ուսանելի դասերի մասին խոսելիս չի կարելի շրջանցել այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին գյուղատնտեսությունն է: Այս երկրի ագրարային քաղաքականությունը, որոշակի առանձնահատկություններով հանդերձ, այնուհանդերձ, առանցքային ուղղություններով կիրառելի է գրեթե բոլոր անցումային տնտեսությունների համար:

ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. ագրարային ինդուստրալացում կամ ֆիզիոկրատների դպրոցի ժամանակակից ուղղություն: Չնայած ժամանակակից շատ տեսությունների և տնտեսական մտքի ուղղությունների օգտակարությանը, չի կորցնում իր արդիականությունը ֆիզիոկրատների միջնադարյան տեսությունը, որոնք կարծում էին, թե առավել արդյունավետ և արտադրողական է աշխատանքը գյուղատնտեսությունում: Այն երկրների կառավարությունները, որոնք բավականաչափ լուրջ չեն վերաբերվում այս ճյուղի զարգացմանը, վաղ թե ուշ պարենային անվտանգության ապահովման հարցերում դառնում են կախյալ երկիր և այլ պետություններից ստիպված են լինում ներկրել ոչ միայն սննդամթերք, այլև բարձր գին վճարել դրա դիմաց (ագֆլացիա):
Ղազախստանի ղեկավարությունն անկախության առաջին տարիներից մշակում և կատարելագործում է գյուղական ձեռնարկատիրության զարգացման համալիր մեթոդները նոր տնտեսավարման պայմանններում և իրացնում գյուղական ինդուստրացման ծրագիրը: Չնայած նախորդ տարում գյուղական տարածքների զարգացման ծրագիրն արդեն ավարտվել է, բայց այդ ընթացքը շարունակվում է արդեն երկրի 2020-ի տարածքային զարգացման ՙԿանխատեսումային աղյուսակ՚-ի շրջանակներում: Մի շարք կետերով զարգացնում են գյուղական ենթակառուցվածքները` ընդլայնելով մուտքը ոռոգման ջրին, միկրովարկավորման ծրագրերին և բնական շնորհներին, կազմակերպում են ուսուցում ձեռնարկատիրական նորարարությունների գծով: Նախագահ Նազարբաևը մտադիր է փոխելու իրավիճակը, շեշտը դնելով զբաղվածության և ոչ թե սպառման վրա, հաշվի առնելով, որ երկրի կողմից տրված միկրովարկերի 100 տոկոսը պետք է ուղղվի մասնավոր գործի կազմակերպմանը: Վերջին 10 տարում զգալիորեն աճել է գյուղատնտեսական հումքի վերամշակումը, ներդրված են նոր տեխնոլոգիաներ ագրոարդյունաբերական համալիրում, ինչը թույլ է տալիս լուծել երկրի պարենային անվտանգության ապահովման խնդիրը: 2014-ին Ղազախստանում կառաջանա ներքին շուկայի 80 տոկոսի պահանջարկի ապահովման հնարավորություն հայրենական սննդամթերքի հաշվին: Արտահանման կարողությունն ագրարային ճյուղում 2015-ին կարող է ավելանալ կրկնակի (4-ից մինչև 8 տոկոս): Նույն ժամանակահատվածում կառավարությունը պլանավորում է ոլորտն ապահովել շինարարական նյութերով: Գյուղատնտեսության ինդուստրալացումն ասոցացվում է, առաջին հերթին, այդ ճյուղի արդյունավետության բարձրացման, մրցունակության աճի հետ: Ըստ կանխատեսումների` գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականությունը 2014-ին կաճի 2 անգամ, 2020-ին` 4 անգամ: Ագրարային ճյուղում կիրականացվի անասնաբուծության զարգացման աննախադեպ ծրագիր: Արդեն 2016-ին մսի արտահանումը կկազմի 60 հազար տոննա, որը համարժեք է 4 մլն տոննա հացահատիկի արտահանմանը: Պետությունն այս նպատակների համար կտրամադրի 130 մլրդ տենգեի վարկային ռեսուրսներ: Դա հնարավորություն կտա ստեղծելու 20 հազարից ավելի աշխատատեղ գյուղերում, կդառնա ավելի քան 100 հազար գյուղացու եկամտի աղբյուր, ինչպես նաև թույլ կտա ավելացնել ցեղական բոլոր տեսակի անասունների գլխաքանակը: Այս ամբողջը կխթանի տարբեր ճյուղերի արտադրության աճը` գյուղատնտեսական մեքենաշինություն, քիմիական և սննդարդյունաբերություն, պարենային արտադրություն, տեխնիկայի վերանորոգում:
ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. տնտեսական զարգացման հիմնական շարժիչը: Ինչպես հայտնի է, փոքր (միկրո) և միջին բիզնեսը (ՓՄԲ) տնտեսության աշխուժացման որոշիչ գործոնն է, հատկապես ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում ներքին շուկայի շարժիչ ուժը, ինչպես նաև հիմնական հարկատուն: Ղազախստանում ՓՄԲ-ի զարգացմանը հատկացվել է մեծ ուշադրություն, տարվում է համապատասխան նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն, սակայն համաշխարհային ցուցանիշների նվաճման համար դեռևս շատ անելիք կա: Եվրախորհրդի երկրներում, օրինակ, վերամշակող արտադրության արտադրանքի շուրջ կեսն արտադրվում է փոքր և միջին ձեռնարկություններում: Եվրոպական երկրներում ՓՄԲ-ն ընդգրկում է ընդհանուր զբաղվածության 50-70 տոկոսը` ապահովելով բյուջեի եկամտի 50-60 տոկոսը: Բնակչության 1000 հոգուն ընկնող փոքր և միջին ձեռնարկությունների քանակը Եվրոպայում կազմում է 45, իսկ ԱՄՆ-ում` 74 միավոր: Ղազախստանում այս ցուցանիշը 2010-ի 1-ին կիսամյակի արդյունքներով հավասար է մոտավորապես 35 միավորի: ՂՀ-ի ՓՄԲ-ի ոլորտում և անհատական ձեռնարկություններում զբաղված է 2 մլն-ից ավելի մարդ, ինչը կազմում է հանրապետության զբաղված բնակչության 25 տոկոսը: Համապատասխանաբար, արտադրանքի արտադրության և եկամտի ընդհանուր ծավալի մեջ ՓՄԲ-ի ներդրումը հարաբերականորեն փոքր է: Բացի դրանից, զարգացած երկրներում ՓՄԲ-ի բաժինը ՀՆԱ-ում 50 տոկոսից ավելի է, իսկ Ղազախստանում, ՂՀ-ի վիճակագրական տվյալներով, այս ցուցանիշը կազմում է 31,2 տոկոսը երկրի ՀՆԱ-ում:
Փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման հետևողական գործողությունները հանդիսանում են Ղազախստանի պետական տնտեսական քաղաքականության առավելություններից մեկը: Ներդրվում է մեծամասշտաբ արդյունաբերական-նորարարական արագացված զարգացման պետական ծրագիր 2010-2014 թվականների համար: Տվյալ ստրատեգիական նախագծի իրականացման մեխանիզմներից մեկն էլ միավորված բյուջետային ծրագիրն է` ՙ2020-ի բիզնեսի ճանապարհային քարտեզը՚: Ենթադրվում է, որ ՓՄԲ-ի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2020-ին կկազմի 40 տոկոս:
ՙ2020-ի բիզնեսի ճանապարհային քարտեզ՚ ծրագիրն ուղղված է փոքր և միջին բիզնեսի առաջընթացի արդյունավետ օգտագործմանը: Տվյալ ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկությունների հաստատուն և հաշվեկշռված աճի ապահովումը, առաջին հերթին, մարզերում և տնտեսության ոչ հումքային հատվածներում, ինչպես նաև գործող և նոր ստեղծվող հաստատուն աշխատատեղերի պահպանումը: Ընդ որում, շեշտը դրվում է ձեռնարկությունների արտահանվող արտադրության խթանման վրա:
ՓՄԲ-ին առևտրային բանկերի կողմից տնտեսության ճյուղերին տրամադրված վարկերի կառուցվածքի վերլուծությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ վերջին տարիներին առևտրի ֆինանսավորման մասնաբաժինը Ղազախստանում, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրներում, առաջնորդողն է` անփոփոխ 45 տոկոս: Ծառայությունների ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 26 տոկոս, արդյունաբերությանը` 10 տոկոս, շինարարությանը` 5,7 տոկոս, գյուղատնտեսությանը` 5,5 տոկոս, տրանսպորտի և կապի մասնաբաժինը միջինը` 3,4 տոկոս:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ