Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
24.06.2011 | 00:00

Էներգետիկայի ոլորտի ներկա վիճակի գնահատականներից մեկը էներգախնայողության մակարդակն է: Իրականացված հետազոտությունները վկայում են, որ էներգախնայողության համակարգերն ուղղակիորեն առնչվում են բնագավառի արդյունավետության աստիճանին: Մասնավորապես, ոլորտի մասնագետների հետ ունեցած մեր հանդիպումների արդյունքում պարզվել է, որ երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի սպառողները մոտ տասը տարի օգտվում են երկսակագնային հաշվիչներից, ինչը հնարավորություն է տալիս խնայելու պիկային և ցերեկային ժամերի թանկ էլեկտրաէներգիան, այն փոխարինելով գիշերվա ժամերի էլեկտրաէներգիայով: Այս միջոցառումը դրական ազդեցություն է ունենում ինչպես սպառողի վրա (ամսական կտրվածքով միջին հաշվով սպառողը խնայում է շուրջ 1500 դրամ), այնպես էլ էլեկտրաէներգետիկական համակարգի: Էլեկտրաէներգետիկական համակարգում էներգախնայողության մեկ այլ միջոցառում է ռեակտիվ հզորության չափիչ սարքերի տեղադրումը, ինչի շուրջ ներկայումս շարունակվում են քննարկումները:

Պետք է նշել, որ էներգախնայողությունը ոչ միայն էլեկտրաէներգետիկական համակարգի խնդիր է, այլև շատ ավելի մեծ լումա այստեղ կարող են ունենալ սպառողները: Հայտնի է, որ ինչքան ցածր է էներգիայի որակը, այնքան դժվար է նրա կառավարումը, հերևաբար և խնայումը: Այս տեսակետից մեծ կարևորություն ունի կոմունալ կենցաղային նպատակներով օգտագործվող ցածր պոտենցիալի ջերմային էներգիայի խնայումը: Այս ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել հանրապետության հանրային շենքերի համար, մասնավորապես կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 100 դպրոցի ջեռուցման համակարգեր, և նրանց մի մասում կատարվել են նաև ջերմամեկուսացման միջոցառումներ: Արդյունքում այդ դպրոցները խնայել են շուրջ 30 տոկոս բնական գազ:
Էներգետիկ համակարգում իրականացված բարեփոխումների, էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցման արդյունքում հաջողվեց նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստների ընդհանուր մեծությունը և ավելացնել գանձումների մակարդակը: Առանձնապես զգալի էր առևտրային կորուստների նվազումը բաշխող ցանցում և փաստացի հաշվառվող կորուստների նվազումը էլեկտրաէներգիա հաղորդող ցանցում` շնորհիվ էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացման համակարգի ներդրման:
2002 թ. ընթացքում էլեկտրաէներգետիկական շուկան գործում էր «միակ գնորդ-վաճառող» կառուցվածքով` ի դեմս «Հայէներգո» ՓԲԸ-ի: Միաժամանակ ստեղծվեց «Հաշվեկշռային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես էլեկտրաէներգետիկական շուկայի հետագա զարգացման համար անհրաժեշտ նոր ինքնուրույն կառույց: Բացի դրանից, սկսվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական աշխատանքները: Սակայն նոր գնորդի ի հայտ գալով, նշված աշխատանքներին զուգահեռ անցկացվեց և ավարտվեց ընկերության մասնավորեցման թվով երրորդ միջազգային մրցույթը: 2002 թ. օգոստոսին ՀՀ կառավարության և «Միդլընդ ռեսորսես հոլդինգ» ընկերության միջև ստորագրված բաժնետոմսերի գնման պայմանագրի համաձայն, 2002 թ. հոկտեմբերին հիշյալ ընկերությունը դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերի միանձնյա սեփականատերը:
Համաձայն ստանձնած պարտավորությունների, ցանցերի նոր սեփականատիրոջ կողմից կատարվեցին ներդրումներ, որոնք բարելավեցին ոլորտի ենթակառուցվածքները, արդիականացվեցին սարքավորումներն ու տեխնիկական զինվածության մակարդակը: Այս ամենը նպաստեց նաև էներգախնայողության աճին և ժամանակին կատարվող վճարումների աճին: Մասնավորապես, գանձումների գծով ցուցանիշը 2001 թվականի 80,8 %-ի դիմաց 2010 թվականին կազմել է 95,9 % (աղյուսակ):
Աղյուսակ 1. Սպառողների առանձին խմբերի գծով գանձումների ցուցանիշները թվականներին %-ով:
Սպառողների խմբերը 2001 2002 2003 2010
Բնակչություն 85,1 89,9 94,3 94,9
Բյուջետային
կազմակերպություններ 75,3 102,4 98,6 96,3
Արդյունաբերություն 81,7 81,1 99,3 95,4
Մյուս սպառողներ 76,4 91,7 95,0 95,5
Ընդամենը գանձումներ 80,8 90,01 95,8 95,9
Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով վերանայվեց էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը` 2004 թ. հոկտեմբեր ամսից կասեցվեց «Հայէներգո» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի մեծածախ գնորդ-վաճառողի լիցենզավորվող գործունեությունը և ներդրվեց արտադրող ընկերությունների ու բաշխող ընկերության միջև առքուվաճառքի ուղիղ պայմանագրերի համակարգը: Արդյունքում զգալիորեն կրճատվեցին էլեկտրաէներգիայի կորուստները, դրանք փաստացի հասցնելով նվազագույնի` 1,29 %-ի (աղյուսակ):
Աղյուսակ 2. Բարձրավոլտ էլեկտրացանցերում արձանագրված էլեկտրաէներգիայի կորուստների դինամիկան 2002-2005 թթ.
2002 2003 2004 2005
5,33 % 4,68 % 3,32 % 1,29 %
Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության հարցում էական նշանակություն ունի նաև արտաքին աղբյուրներից կախվածության աստիճանը, ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում ավանդական, վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների տեսակարար կշիռը և էներգետիկ անվտանգության այլ բաղադրիչներ:
Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության հարցում արտաքին աղբյուրներից կախվածության կրճատման հարցում կարևոր է օգտագործել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող Շենոնի բազմազանության ցուցանիշը` էներգիայի մատակարարման աղբյուր հանդիսացող տարածաշրջանների նկատմամբ` ծագման տարածաշրջանից էներգիայի աղբյուրի ամբողջ ներմուծման մեջ: Արդյունքում փաստացի բազմազանության արժեքի հարաբերությունը համապատասխան փաստացի արժեքին կլինի մոտավորապես երեքի սահմաններում: Հաջորդ քայլը որոշակի առաջնային էներգիայի աղբյուրի բաժինների հարմարեցումն է` բազմապատկելով համապատասխան գործակցով, որը գտնվում է զրոյից մինչև մեկի շրջակայքում: Այս բաժինը համեմատաբար ցածր է, եթե հետաքրքրող տարածաշրջանի (օրինակ, ՏՀԶԿ երկրների) համար ներմուծման կախվածությունը որևէ աղբյուրից համեմատաբար բարձր է և, միևնույն ժամանակ, շատ վաղ է դիվերսիֆիկացված: Նավթի ու գազի դեպքում հետագա շտկումները կարող են ներկայացվել` դասակարգելով ներմուծման աղբյուրները ըստ դրանց ծագման տարածաշրջանների և տեղափոխման տեսակի (խողովակաշար, տանկեր, այլ), որոնք պետք է տեսականորեն կրկնապատկեն համակցության տարբերակները: Գործնականում թվում է, թե նման շտկումն աննշան տարբերություն կտա: Որոշակի երկարաժամկետ սցենարներում ՏՀԶԿ երկրները կարող են ներմուծել նավթ և գազ արտահանող հիմնական տարածաշրջաններից (օրինակ, Ռուսաստանից կամ Մերձավոր Արևելքից) տարբեր եղանակներով (խողովակաշար, տանկեր):
Ներմուծման կախվածության և երկարաժամկետ սոցիալ-քաղաքական կայունության թույլատրելիության առումով դիտարկվող ցուցանիշը հաշվի է առնում երկարաժամկետ քաղաքական կայունության աստիճանը էներգետիկ ռեսուրսի առաջացման տարածաշրջաններում: Ենթադրվում է, որ քաղաքական կայունությունը սեփական տարածաշրջանում (այսինքն` ՏՀԶԿ երկրներում) գործնականում մեծ հիմնախնդիր չէ: Փորձագետներից ոմանք հակված են օգտագործելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մարդկային զարգացման ցուցանիշը որպես երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կայունությունը բնութագրող գործոն: Հավանաբար, սերտ փոխադարձ կապ կարելի է տեսնել երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կայունություն ունեցող երկրների և այն երկրների միջև, որոնք ունեն բարձր գործակից: Գործակիցն ունի մի շարք առավելություններ: Նախ, այն հեղինակավոր ցուցանիշ է, որը կազմվում է բոլոր երկրների համար հարմար սանդղակով, որի արժեքը որոշվում է զրոյի (ամենացածր արժեք) և մեկի (ամենաբարձր արժեք) միջակայքում: Ցուցանիշը ցույց է տալիս այն աստիճանը, մինչև ուր մարդիկ կարող են զարգացնել իրենց ամբողջ ներուժը և վարել գործուն, ստեղծագործ կյանք` իրենց կարիքներին ու նախասիրություններին համապատասխան: Բացի այդ, այս ցուցանիշը պարբերաբար թարմացվում է և հեշտությամբ հասանելի է էլեկտրոնային կայքերում և հրապարակումներում (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տարեկան զեկույցներում): Վերջապես, քաղաքական ռիսկի գործակիցները, որոնք կազմվում են վարկանիշների գնահատում իրականացնող կազմակերպությունների կողմից, չափազանց խոցելի են և հաճախ անկանխատեսելի` քաղաքական ռեժիմների գաղափարական դավանությունների փոփոխությունների պատճառով: Մինչդեռ առաջարկվող գործակիցը լավագույնս բացահայտում է երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կայունությունը երկրում կամ տարածաշրջանում: Բացի այդ, առևտրային վարկանիշային գործակալությունների գնահատականները շատ հաճախ հիմնվում են սեփական փորձագիտական գնահատականների և նախասիրությունների վրա:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ