38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ջո Բայդենի չորս ռազմավարական մարտահրավերները

Ջո Բայդենի չորս ռազմավարական մարտահրավերները
20.01.2021 | 11:34

Երբ 2021-ի հունվարի 20-ին Ջո Բայդենը ստանձնի ԱՄՆ գործադիր իշխանության կառավարման ղեկը, նրա առաջին, անհետաձգելի խնդիրը դառնալու է Covid-19-ի պանդեմիայի սանիտարական, սոցիալական ու տնտեսական հետևանքների դեմ պայքարը: Շատ արագ իրենց կհիշեցնեն արտաքին քաղաքական իմպերատիվները և նա ստիպված կլինի կարևոր ընտրություն կատարել: Ծագելու է ռազմավարական 4 մարտահրավեր՝ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռները ատոմային մարտագլխիկներով, Թայվանի պաշտպանությունը կոմունիստական Չինաստանից, իր կորցրած կայսրությունը վերականգնելու ռուսական երազանքը: Այդ մարտահրավերներին արժանի դիմակայելու համար ԱՄՆ 46-րդ նախագահին պետք է ոչ քիչ խելամտություն, տակտ, լրջություն մանրամասներում, համբերություն՝ հենց այն հատկանիշները, որ պակասում էին նրա նախորդոին՝ գրել է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: 2020-ի դեկտեմբերին Իրանի խորհրդարանը օրենք ընդունեց, որ պարտավորեցնում է կառավարությանը արտադրել ու կուտակել «տարեկան 120 կգ ուրան՝ 20% հարստացումով» և կոչ արեց վերջ դնել ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներին: Երկիրը վերադառնում է ատոմային ռումբի ստեղծման ճանապա՞րհ: 2015-ի հունիսին Իրանը ստորագրեց Վիեննայի համաձայնագիրը, որ նախատեսում էր ապամիջուկայնացում՝ միջազգային պատժամիջոցները հանելու դիմաց, որպեսզի դառնա այն մեծ առևտրական տերությունը, որ եղել է շահի ժամանակ: Բայց հազիվ էր Թրամփը մտել Սպիտակ տուն, ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ Վիեննայի համաձայնագրից, իսկ եվրոպականմ հարավկորեական, ճապոնական ընկերությունները հրաժարվեցին Իրանի հետ առևտրից՝ վախենալով Վաշինգտոնի հատուցումից:


Կրոնապետության անհաշտ դիրքորոշման կողմնակիցները մեղադրում են չափավորական նախագահ Ռուհանիին, որ իրեն հիմարացրին: Նրանք չեն ցանկանում ամերիկացիների հետ նորից խոսել, քանի դեռ չեն պայթեցրել իրենց առաջին ատոմային ռումբը: Կբավականացնի՞ Ջո Բայդենի եռանդն ու խիզախությունը, որ շատ արագ «վիխթարի գործարք» առաջարկի Ռուհանիին, ում իրավասությունների ժամկետն ավարտվում է 2021-ի հունիսի կեսին: Դա կարող է լինել դիվանագիտական գործարք, որը ԱՄՆ պատժամիջոցների դադարեցման փոխարեն, կներառի բոլոր նյարդայնացնող թեմաները՝ միջուկային զենք, բալիստիկա, միջամտություն շիայական առանցքի (Իրաք, Սիրիա, Լիբանան, Եմեն) երկրներում:
Միջազգային ասպարեզում Հյուսիսային Կորեայի վերաինտեգրման ուղղությամբ Դոնալդ Թրամփը մեծ քայլ առաջ է արել՝ այն ուշադրությունը հատկացնելով բռնապետ Կիմ Չեն Ինին, որին նա այդքան ձգտում էր, և նրա հետ ուղիղ բանակցելով: Թեման նույնն էր՝ ինչ Իրանի դեպքում՝ ապամիջուկայնացում՝ տնտեսական ու առևտրական օգուտների դիմաց: Բայց այն ժամանակ Սպիտակ տունը հարցին լուրջ չվերաբերվեց և երկխոսությունը փակուղի մտավ:
Չինաստանը Բայդենի վարչակազմին նույնպիսի անվստահություն է ներշնչում, ինչ Թրամփի: Քլինթոնի ժամանակների (1993-2000) չին-ամերիկյան փոխհամալրումը վերաճել է ռազմավարական, քաղաքական, առևտրական, տեխնոլոգիական ու ֆինանսական մրցակցության: Համեմատական անկման մեջ գտնվող ԱՄՆ-ը չի հետաձգի Պեկինի կոմունիստական բռնապետությունը համաշխարհային գերակայությունից զրկելու հեռանկարը: Այսօր վտանգ կա, որ մայրցամաքային Չինաստանը մի օր կցանկանա ուժով գրավել Թայվան կղզին, որ ժողովրդավարության օրինակ է Ասիայում: Ներխուժման վտանգին թայվանցիները դիմադրելու են, բայց ինչպե՞ս է վարվելու ԱՄՆ-ը: Կա երկմտանք, որ արագ պետք է վերացնել:


Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը միշտ է զուրկ եղել հստակությունից ու ռեալիզմից: Բայդենը ստիպված է լինելու հանդիսավորապես հաստատել իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որ երաշխավորում է ԱՄՆ միջամտությունը հարձակման ենթարկված դաշնակից երկրի փրկության համար: Հենց Լեհաստանն ու Բալթյան երկրները հանգստանան, Վաշինգտոնը ստիպված է լինելու ռեալիստորեն արձանագրել փաստը, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չաշխատեց: Պատրանք է հավատալ, որ ռուսները վաղն ընդունելու են արևմտյան լիբերալ վարչակազմ: Արևմուտքն ապարդյուն ժամանակ է վատնում՝ նրանց մարդու իրավունքների մասին դասախոսություններ կարդալով: Եթե Արևմուտքն ուզում է քայլ առ քայլ նրանց վերադարձնել իր հովանու տակ, դա կարող է արվել առևտրի և դիվանագիտական կոմպրոմիսի միջոցով (Ուկրաինայի ու Վրաստանի ֆինլանդացում, ապառազմականացում, ընդհանուր պայքար իսլամիզմի դեմ և այլն):
Հստակություն և իրատեսություն՝ այս հատկանիշները չէին հերիքում Թրամփին ու Օբամային: Ինչու՞ չդսևորի Բայդենը:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Դե ֆակտո՝ Բայդենի մարտահրավերները շատ ավելի շատ են: Եվ ամենագլխավորը ԱՄՆ-ին համերաշխությունը վերադարձնելն է, ամերիկյան երազանքը, որ ոտնահարվեց, ամերիկյան ժողովրդավարության «արդարացումը» աշխարհի աչքում՝ 2020-ի նոյեմբերի 3-ի ընտրություններին հաջորդած մեղադրանքների, դատավարությունների և 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո: Բայդենը պետք է կանգնեցնի կորոնավարակի տարածումը, ամրապնդի առողջապահական համակարգը, վերականգնի կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամում հայտնված տնտեսությունը, իջեցնի գործազրկության մակարդակը, բարձրացնի կենսամակարդակը: Փաստացի՝ Բայդենի քաղաքական բախտը բերել է՝ նա մեծամասնություն ունի Կոնգրեսի և Համայնքների պալատում, և Սենատում, ինչից 4 տարի զուրկ էր Դոնալդ Թրամփը, և ամեն քայլափոխին չի բախվի օրենսդիր իշխանության արգելքներին: Բայց դա չի նշանակում, որ Հանրապետականները հանձնվելու են և խաղաղ օրեն պարգևեն Դեմոկրատներին ու Բայդենին: Այսօր իր նվազագույնը քառամյա պատմությունն է սկսում ԱՄՆ 46-րդ նախագահը, և աշխարհաքաղաքականության մեջ 2021-ի այս օրը կարող է բեկման ու շրջադարձի օր դառնալ: Հուսանք, որ նաև մեր տարածաշրջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ