Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Եռակողմ համաձայնագրի 9 կետերում Մինսկի խումբը չի հիշատակվում

Եռակողմ համաձայնագրի 9 կետերում Մինսկի խումբը չի հիշատակվում
25.11.2020 | 09:31

25 տարվա առանց հաջողությունների դիվանագիտությունից հետո սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն անակնկալ ապասառեցվեց: Հայերի ու ադրբեջանցիների 6 շաբաթյա բախումներից հետո Երևանը ստիպված էր հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո ստորագրվեց հրադադարի համաձայնագիր: Հրանոթները լռեցին, բայց ոչինչ կարգավորված չէ: Դիվանագետները նորից գործի անցան՝ արդարացնելու նույն ձևաչափը՝ Մինսկի խումբը, որ անհաջողության էր մատնվել անցյալում՝ գրում է Պյոտր Սմոլյարը Le Monde-ում: Պարադոքսալ էր այլընտրանքը չգոյությունը, որին բախվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, ներառյալ Ֆրանսիան: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծացրեց հեռախոսային շփումները կոնֆլիկտի մասնակիցների հետ՝ Ելիսեյան պալատի տվյալներով՝ 15 զանգ, բայց միայն հրադադար հայտարարելուց հետո Փարիզը վերականգնեց մանևրի տարածքը: Նոյեմբերի 16-ին Էմանուել Մակրոնը մի ժամ բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ի հեռախոսազրույցից հետո: Եռակողմ համաձայնագրի 9 կետերում Մինսկի խումբը չի հիշատակվում, բայց Մոսկվան շտապում էր՝ հաշվի առնելով ադրբեջանական բանակի արագ հարձակումը՝ սիրիացի վարձկանների աջակցությամն: «Մենք չենք կարծում, որ ռուսներն ուրախ են Թուրքիայի Կովկաս մտնելով,-ասել է դիվանագիտական աղբյուրը: -Նրանք հասկանում են, որ Ֆրանսիան ու Մինսկի խումբը կարող են օգնել խուսափելու այդ տետ ա տետից»: Փարիզն ընդգծում է, որ համաձայնագիրը բնավ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի կարգավորմանը: 120 000 հայ փախստականները, որ հեռացել են մարտական գործողությունների վայրերից, պետք է վերադառնալու հնարավորություն ստանան: Թուրքիայի ուղարկած արտասահմանցի վարձկանները՝ մոտ 2000 սիրիացիներ, պետք է տարածաշրջանից հնարավորինս արագ հեռանան: Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար մարզի միջև ծրագրվող տարանցիկ միջանցքի շուրջ ծագում են Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր: Դա ամրապնդում է բնակչության տեսակետը, որ խաղաքարտի վրա հայկական պետականության ամբողջականության հարցն է դրված: Եվս մեկ զգայուն պահ՝ հրադադարի վերահսկողության առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանն արդեն տեղակայել է 2000 զինծառայողների, դրել է դիտակետեր ու ստուգիչ անցակետեր: Բայց ծագում է թուրքական ներկայության հարցը: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, փոխգործակցության շատ լավ փորձին» Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ բացատրել է, որ համաձայնել է համատեղ կենտրոնի ստեղծման գաղափարին՝ բաժանարար գծի երկայնքով անօդաչուների միջոցով տեղեկություն հավաքելու ու վերլուծելու նպատակով:


Ֆրանսիան, որ մի քանի ամիս դատապարտում էր Անկարայի բռնի հարձակումները ճգնաժամային տարբեր գոտիներում, չի կարող դրական գնահատել այդ գաղափարը և դիտարկում է հրադադարի վերահսկողության այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս ազդել գործընթացի վրա: Կառնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը գտնում է, որ անհրաժեշտ է «նորից հայտնագործել Մինսկի խումբը»՝ վերադառնալով 1990-ականներին գոյություն ունեցող համանախագահների ռոտացիայի գաղափարին: Նրա կարծիքով՝ Ֆրանսիան պետք է հրաժարվի իր տեղից: «Վտանգ կա, որ Ռուսաստանն այդ ձևաչափն օգտագործում է, որ իր համաձայնագրին միջազգային լեգիտիմություն հաղորդի, որպեսզի պարզապես կնիք դրվի»՝ նշում է նա: Եթե ձևաչափը պահպանվի, կարևոր է, որ ներառի եվրոպական երկիր կամ եվրոպական արտաքին կապերի ծառայությունը: Այդ երկիրը պետք է հարգանք հարուցի և Հայաստանում, և Ադրբեջանում: Բայց հիմա Բաքուն Ֆրանսիան ընկալում է իբրև հայամետ ձայն, որ զրկում է ազդեցության լծակներից: Հայ հասարակության ընկալումը այլ է, թեպետ Էմանուել Մակրոնը միայն է մատնացույց անում Բաքվի ու Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագաությունը Ֆրանսիային ներկայացնում է «անկողմնակալության պահանջ»: Ազդեցությունը պահպանելու համար խոսք չի կարող լինել որևէ մեկի կողմը անցնելու մասին: Հայերի համար տհաճ գործոն է Թուրքիայի հզորության մեծացումը Կովկասում, որ պատասխանատվություն է կրում 1915-ի ցեղասպանության համար և մինչև այսօր չի ընդունում:


Ելիսեյան պալատը անհանգստացած է նաև տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման համար: Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ այդ հարցով: Կազմակերպության առաջ խնդիր է դրված կարճ ժամկետում առաքելություն ստեղծել, որ պետք է գույքագրի մշակութային նշանակալից արժեքները: Առաքելությունը պետք է մեկնի 2021-ի սկզբին: Աշխատանքը բարդ է լինելու: Ադրբեջանը մեղադրում է հայերին, որ հեռացել են՝ տանելով եկեղեցիների խաչերը, և խոսում է կողոպուտի մասին: Սակայն հայերը ցանկացել են պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը իրենց թշնամիների վրեժխնդրությունից:
Պյոտր Սմոլյար, Le Monde


Հ.Գ. Թոմ դե Վաալը, ռոտացիայի գաղափարը առաջադրելով, ակնհայտորեն նկատի ունի կամ Գերմանիային, կամ Մեծ Բրիտանիային, իսկ դա նշանակելու է, որ Մինսկի խմբում ստեղծվելու է անհավասարակշռություն Ադրբեջանի օգտին, որովհետև 1994-ի զինադադարից հետո ի հայտ եկած կարգավորման ծրագրերում, ու հատկապես Լավրովի պլանում, որտեղ չկային Շուշին ու Մեղրիով ճանապարհ տալը Ադրբեջանին ու Թուրքիային, ռուս խաղաղապահների հայտնությունը տարածաշրջանում, դրսևորվում ու պաշտպանվում էին բացառապես ադրբեջանական շահերը: Ստատուս քվոն գոյություն է ունեցել բացառապես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ջանքերով և տրամաբանական էր, որ Մոսկվան հնարավորն անելու էր հրադադարի համաձայնագրից դուրս թողնելու ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, այլև բուն Մինսկի խմբի ձևաչափը: Իսկ հիմա փորձ է արվում արհեստականորեն հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը՝ մինչև Ադրբեջանը վերադարձնի իր փախստականներին, իրականում, սակայն, Էրդողանը այնտեղ վերաբնակեցնում է իր մոջահեդներին ու թուրքոմաններին՝ հերթական տհաճ անակնկալը մատուցելով իր նկատմամբ միշտ բարյացկամ Պուտինին: Եվ սա այն հարցն է, որտեղ իսկապես ՌԴ նախագահը զգալու է Մինսկի խմբի աջակցությունը՝ խուսափելու Անկարայի հետ տետ ա տետից:
Այսօր Ֆրանսիայի Սենատը կարող է անել իր վճռական քայլը՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հետագա գործընթացներում՝ ճանաչելով Արցախը: Այդ քայլը բնավ Ֆրանսիային չի դարձնում կողմնակալ երկիր՝ Ռուսաստանի համակ կողմնակալության դեմ հանդիման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ