Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը, «Միասնական Ռուսաստանի» գործընկերը, կազինոյի տերն ու կառավարության ընդդիմախոսը

Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը, «Միասնական Ռուսաստանի» գործընկերը, կազինոյի տերն ու կառավարության ընդդիմախոսը
16.06.2020 | 09:47

Միլիոնատեր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում վերապրեց իշխանափոխությունը, պահպանեց բիզնեսը, խմբակցությունը խորհրդարանում, հեռուստաալիքը, և «Միասնականն Ռուսաստանի» գործընկերոջ կարգավիճակը: Բայց 2 տարի անց նրա քաղաքական կուսակցությունը և ընկերությունները հայտնվեցին քրեական գործերի կենտրոնում, իսկ բիզնեսմենը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից: Պայքարը իշխանության և Ծառուկյանի միջև, որ համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, ծավալվում է իշխանության և ընդդիմության տեղեկատվական պատերազմի համապատկերում, մեղադրանքներն են քաղաքական հետապնդումները, փողոցային ակցիաները, նաև ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը: Խուզարկությունը պատգամավորի տանը և 9 ժամյա հարցաքննությունը կիրակի օրը ուղեկցվել են նրա կողմնակիցների բողոքի ակցիաներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել 250 մարդու: Ընդդիմությունը քրեական գործերում տեսնում է իր քննադատության պատասխանը՝ հունիսի սկզբին Գագիկ Ծառուկյանը պահանջել է կառավարության հրաժարականը: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղարը և իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Ծառուկյանը գիտեր նախապատրաստվող մեղադրանքների մասին և բարձրագոչ հայտարարություններ է արել, որ ստեղծի քաղաքական հետապնդումի տպավորություն: Կիրակի օրը ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է մի քանի հանցագործությունների բացահայտման մասին: Առաջինը՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ձայների դիմաց կաշառք բաժանելն է: ԱԱԾ-ն կասկածում է Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ երկրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում՝ 26 մանդատով: Ծառուկյանին առնչվող ընկերությունները մեղադրվում են առանց արտոնագրի աշխատելու, հարկեր չվճարելու, հողատարածքներ յուրացնելու մեջ: Քննիչները պետությանը հասցված ուղղակի վնասի գումարը գնահատում են 30 միլիարդ դրամ (62 միլիոն դոլար): Կողմնակի վնասն ավելի մեծ է:


Գագիկ Ծառուկյանը բոլոր մեղադրանքները հերքում է: Բիզնեսմենը պնդում է, որ քաղաքական հետապնդումների զոհ է և հայտարարում է, որ պայքարելու է մինչև վերջ: Գագիկ Ծառուկյանը էքստրավագանտ կերպար է նույնիսկ հետխորհրդային քաղաքականության համար: Անցյալում պրոֆեսիոնալ արմռեստլեր, նա իրեն համեմատում է Դոնալդ Թրամփի հետ, պահում է առյուծներ և այլ էկզոտիկ գազաններ, ղեկավարում է պոպուլիստական կուսակցություն և դաշնակիցներ է գտնում Մոսկվայում ու Լոնդոնում: Ու միշտ զարգացնում է իր բիզնեսը՝ ավտոսալոններին, հեռուստաալիքին, գարեջրի գործարանին, կազինոյին, և այլ ավանդական բիզնեսներին վերջերս հավելվեց վիթխարի բիտկոին ֆերման: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն «Միասնական Ռուսաստանի» վաղեմի գործընկերն է: Բայց դա ազդեցություն չունեցավ Հայաստանում իշխանափոխության վրա: 2019-ի փետրվարին կուսակցության ներկայացուցիչները փոխգործակցության ու համագործակցության հուշագիր ստորագրեցին: Պետդումայի միասնականների խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը Գագիկ Ծառուկյանին Մոսկվայում ընդունեց 2018-ին: «ՄՌ»-ի ներկայացուցիչների Երևան պատասխան այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ՌԴ իշխող կուսակցությանն անվանեց բազմամյա ու հավատարիմ գործընկեր:


Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդդիմադիր լրագրողի, որ դարձավ հետհեղափոխական Հայաստանի ղեկավարը, Ծառուկյանին կապում է հարաբերությունների երկար պատմություն: Նրանց առաջին բախումը 2004-ին էր, երբ պայթեցվեց Փաշինյանի «Նիվան», լրագրողը մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեց Ծառուկյանին, որ իբր դժգոհ էր հոդվածներից մեկից: Ծառուկյանը հերքեց իր մասնակցությունը միջադեպին: Հաջորդ տասնամյակները նրանք անցկացրել են բարիկադների տարբեր կողմերում՝ Փաշինյանը կոշտ ընդդիմություն էր, Ծառուկյանը զարգացնում էր իր բիզնես-կայսրությունը և մանևրում փոփոխվող վարչակարգերի միջև: Նրա կուսակցությունը կատարում էր հարմար համակարգային ընդդիմության դեր, ինչպես ՌԴ Պետդումայում Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական գործիչները նույն կողմում հայտնվեցին 2018-ին, երբ զանգվածային բողոքների ալիքը Փաշինյանին բերեց իշխանության: Ծառուկյանի խմբակցությունը աջակցություն հայտնեց վարչապետի պաշտոնում նրա թեկնածությանը և առանցքային դեր կատարեց իշխանափոխության մեջ: Նրա կուսակցության անդամները նախարարական պորտֆելներ ստացան ժամանակավոր կառավարության կազմում: Բայց դաշինքը երկար չտևեց՝ մի քանի ամսից Ծառուկյանի խմբակցությունը աջակցություն հայտնեց հակահեղափոխական նախաձեռնությանը և նրա անդամները կորցրին նախարարական պորտֆելները: Բիզնեսմենն ինքը խուսափեց նախորդ վարչակարգի որոշ այլ գործիչների ճակատագրից, որ ենթարկվեցին քրեական հետապնդման: Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկա էր Ծառուկյանի վիթխարի մայնինգ ֆերմայի բացմանը, թեպետ խոստովանեց, որ ամբողջությամբ չի հասկանում կրիպտոարժույթի արտադրության տեխնոլոգիան: Չնայած իր կողմնակիցների մի մասի պահանջին՝ Փաշինյանը չէր շտապում Ծառուկյանի դեմ ելույթ ունենալ: 2018-ի դեկտեմբերի ընտրություններում բիզնեսմենի կուսակցությունը հավաքեց 8% ձայներ, որ նրան 26 մանդատ տվեց ԱԺ-ում: Գագիկ Ծառուկյանը վերադարձավ համակարգային ընդդիմադիրի սովորական դիրքին, որ երբեմն իրեն թույլ է տալիս քննադատել, բայց միշտ գիտի սահմանները:


Երերուն հաշտությունը տևեց տարիուկես ու ավարտվեց անակնկալ՝ հունիսի 5-ին բիզնեսմենը կառավարության գործունեությունը անվանեց ձախողված և պահանջեց հրաժարական: 3 օր անց թերթը, որ խմբագրում է Փաշինյանի կինը, հրապարակեց 1979-ի քրեական գործի նյութերը խմբակային բռնաբարության մասին, որով Ծառուկյանն անցնում էր իբրև մեղադրյալ: Թերթը չէր հիշատակել արդարացնող վճռի մասին և Ծառուկյանի փաստաբանները պատասխան հայց էին ներկայացրել: Երկուշաբթի օրը, Ծառուկյանի տանը խուզարկությունից հետո. ԱԱԾ-ն հրապարակել է երկու տեսանյութ, որտեղ կադրեր են նրա առանձնատնից, տանը կապված կազինոյից, տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներից: Երկուշաբթի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկման միջնորդությունը ներկայացվեց խորհրդարանին: Բիզնեսմենը Ֆեյսբուքում պատասխանեց իր կողմնակիցներին կոչով: «Ինչ է անում իշխանությունը հարցերը լուծելու և բարդ, բայց իրական աշխատանքի փոխարեն: Գնում է ընդդիմմախոսներին վախեցնելու ճանապարհով»՝ գրել էր նա:
BBC


Հ.Գ. Տարօրինակ է, որ BBC-ին «հայտնի չէ» 2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի ոդիսականը, քաղաքականությունից հեռանալն ու վերադառնալը, մինչդեռ դա ԲՀԿ-ի նախագահի քաղաքական կյանքում բնորոշ իրադարձություն էր ու կրկնվող իրավիճակ: Քաղաքագիտության լեզվով սա նշանակում է, որ որևէ կուսակցություն չի կարող լինել ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ինչպես բնորոշել էր Գագիկ Ծառուկյանը իր ԲՀԿ-ն, պետք է որևէ ուղղություն ունենա, կցորդի դերը չի ստացվում: Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազից ստացել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր: Հարցն ընդգրկվել է հունիսի 15-ի հերթական նիստերի օրակարգում։ Ըստ ԱԱԾ-ի հրապարակումների՝ գործը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև ԲՀԿ-ի դեմ է: Տարօրինակ է, որ փորձառու Գագիկ Ծառուկյանը չի հրամայել ոչնչացնել ընտրակաշառքները հաստատող իրեղեն ապացույցները: Դա կարող է դառնալ ճակատագրական «անփութություն»: Այսօր կերևա, թե ինչպես իրենց կպահեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, ՔՊ-ի քվեարկությունը կասկածի տեղիք չի տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ