Ինչպե՞ս կզգան իրենց բանկերը Covid 19-ից հետո
24.04.2020 | 01:33
Այսօր շատերս ենք սպասում Covid 19-ով պայմանավորված տնտեսական ակտիվության կտրուկ անկմանը։ Սակայն ինչպե՞ս տնտեսական անկումը կանդրադառնա բանկային համակարգի վրա և ի՞նչ պատկեր է այսօր Հայաստանի բանկային համակարգում ու սա ևս ոչ պակաս կարևոր հարցերից մեկն է։ «Բանկային համակարգը դեռևս մինչև կորոնավիրուսի տարածումը և տնտեսական ազդեցության ի հայտ գալը ուներ կապիտալի և իրացվելիության բավարար մակարդակ, որը թույլ էր տալիս շարունակել բնականոն գործունեությունը նույնիսկ ռիսկերի նյութականացման ներկայիս պայմաններում: Նշենք նաև, որ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական համակարգում ներկայումս տիրող իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է կիրառելու ցանկացած գործիքակազմ՝ ապահովելու հիմնական նպատակ հանդիսացող գների և ֆինանսական կայունությունը»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան վստահեցրին ՀՀ ԿԲ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։
Թե որքանո՞վ կարդարացվի այս լավատեսությունը, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, տնտեսությունը այն գլխավոր օղակն է, որն ուղղակիորեն խթանում է բանկերի զարգացումը։ Ինչևէ։ Պետք է նկատենք, որ շուրջ մեկ ամիս է տնտեսագետները և ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը առաջարկում են կառավարությանը որպեսզի առևտրային բանկերը մի քանի ամսով սառեցնեն վարկային պարտավորությունները սոցիալական որոշ խմբերի ցածր աշխատավարձ ստացող մարդկանց համար։ Այս ֆոնի վրա պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, որ այս կամ այն բանկը գնացել է այդ քայլին։ Սրանից ելնելով` ԿԲ-ից փորձեցինք ճշտել թե որ բանկերն են սառեցրել վարկերի մարման ժամկետները, քանի ամսով և որ հաճախորդների համար։ «Վարկերի գծով մարումների հետաձգման, ժամկետների երկարաձգման կամ այլ պայմանների վերանայման մասով որոշումները բանկերը կայացնում են ինքնուրույն: ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը (նաև Բանկերի միությունը) հայտարարություն են տարածել և ներկայումս փաստացի իրականացնում են վարկերի պայմանների վերանայում այնպես, որ իրավիճակային խնդիրներ ունեցող վարկառուներին հնարավորություն տրվի հաղթահարելու ժամանակավոր դժվարությունները, և դա բացասաբար չանդրադառնա նրանց վարկային պատմության վրա: Վարկերի վերանայումն իրականացվում է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի գծով՝ հիմնականում մարտ-մայիս ամիսների վճարումները հետաձգելու տարբերակով»։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վարկառուների համար, որպեսզի նրանք չզրկվեն իրենց գրավադրված անշարժ գույքից։ «Ընդհանուր առմամբ, բանկերի կողմից ձեռնարկվող թե՛ վարկերի վերանայման, թե՛ նոր վարկերի տրամադրման քայլերը, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող այլ տնտեսական ծրագրերը նպատակ ունեն աջակցելու ստեղծված իրավիճակում դժվարություններ ունեցող վարկառուներին: Ծրագրերն ուղղված են հաճախորդների գործունեության շարունակականության ապահովմանը և հետևաբար վերջիններիս ակտիվների պահպանմանը»,- վստահեցրին ԿԲ-ից։
Նկատենք, որ սրան զուգահեռ գործադիրը հաստատեց ծրագիր, ըստ որի գործարարները կարող են վարկ վերցնել, որի 50% -ը սուբսիդավորելու է պետությունը։ Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում առանց այդ էլ վարկառուների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Արդյո՞ք վարկառուների թվի աճը խնդիրներ չի ստեղծի բանկային համակարգի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հնարավոր խնդիրները նվազագույնին հասցվեն։ «Թե՛ նոր վարկերի տրամադրման, թե՛ գործող վարկերի վերանայման որոշումները բանկերը կայացնում են ինքնուրույն՝ հաշվի առնելով այս գործընթացում ի հայտ եկող ռիսկերը և ներկա տնտեսական իրավիճակը, ուստի վարկառուների հետ կապված հնարավոր խնդիրները գտնվում են բանկերի ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից, տրամադրվող վարկերի աճը, այլ հավասար պայմաններում, կարող է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը, ինչը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով որոշակիորեն դրական ազդեցություն կունենա նաև այլ վարկառուների եկամուտների վերականգնման վրա և կնպաստի նրանց կողմից վարկերի սպասարկման որակի բարելավմանը»,- պարզաբանեցին ԿԲ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ