Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Լաբիրինթոսի դռանը Արիադնա չի մնացել

Լաբիրինթոսի դռանը Արիադնա չի մնացել
27.02.2015 | 00:15

Մարտի 5-ին ԲՀԿ-ն կհրավիրի 8-րդ՝ արտահերթ համագումար: Փետրվարի 5-ի խորհրդաժողովից մեկ ամիս անց համագումարը կունենա բոլորովին այլ օրակարգ, քան ենթադրում էր խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփող «Տեղեկանքը»: Ամսի 5-ը ԲՀԿ-ի համար խորհրդանշական է դառնում՝ ի՞նչ ճանապարհ անցավ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը փետրվարի 5-ից մարտի 5: Արժի՞ վերաշարադրել՝ իր ու Հայաստանի ապագայի ինչ պայծառ պատկերացումներ ուներ կուսակցությունը, բայց եկավ «գաղջ մթնոլորտը», ու ինքնապարուրվեց կուսակցությունը, որի խոսքը գործ է: Ամբողջ խնդիրը՝ ԲՀԿ-ն ոչ առաջ գնալու տեղ ունի, ոչ հետ: ԱԺ նիստերից ԲՀԿ խմբակցության բացակայությունը չգիտես ինչու անվանվեց բոյկոտ: Բոյկոտ էլ չկար՝ կար խորհրդապահական դադար, բոյկոտ հայտարարելիս պահանջ է ներկայացվում: Միակ պահանջը, որ ներկայացրել է ԲՀԿ-ն, իրեն հանգիստ թողնելն է: Բնականաբար՝ ինքը այդ ընթացքում հանգիստ չի մնալու: Նույնքան խորհրդավոր լռություն է պահպանում և ՀՀԿ-ն, թե ինչ է մտադիր անել հետո՝ չասելով ոչինչ ավելի, քան ասվել է ԳՄ նիստում: Փետրվարի 12-ից սկսված և 17-ին Գագիկ Ծառուկյանի խոսքից հետո կասեցված հորձանքը չհաշված՝ ՀՀԿ-ի լռությունը որքան ԲՀԿ-ի օգտին, նույնքան ԲՀԿ-ի դեմ է: Եթե չեն դատափետում, արդեն լավ է, բայց երբ ոչինչ չեն ասում, արդեն վատ է: Վակուումը լցնելու ճիգ ու ջանքը ՀԱԿ-ին արդյունք չտվեց: Դժգույն մի քննարկում երկրում կառավարման ճգնաժամի մասին, որ եթե սրում էին, սրում էին ՀՀԿ-ականները, իսկ Լևոն Զուրաբյանին մնում էր վերաշարադրել Լևոն Տեր-Պետրոսյանի «ավազակապետության կազմաքանդման» մաշված թեզերը արդի պահանջների ոգով: Որքան Լևոն Զուրաբյանը փորձում էր հիմնավորել կառավարման ճգնաժամի առկայությունը, այնքան հիմնավորում էր ընդդիմության բացակայությունը: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռնարկեց ՀՀ նախագահի իշխանության հերթական վերահաստատման փորձ ու նորից իմպիչմենտ պահանջեց, ի տարբերություն առաջինի, հիմնավորումներում ընդգրկելով նաև այն կետը, որոնք անհիշելի ժամանակներում ՀԱԿ-ն էր ներկայացնում իբրև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հիմք: ՀԱԿ-ը այնքան անդրդվելի մնաց, որ Լևոն Զուրաբյանը շատ զարմացած հարցրեց, թե ինչու է ՀՀԿ-ն իրենց համոզում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Զարմանքը ճարտասանական էր, համարյա հռետորական հարց՝ լյուստրացիոն նպատակներով: Բայց դա հարձակում էր հանուն պաշտպանության, որովհետև անգամ չմտածող մարդու համար հարց է ծագում՝ եթե երկրում այդքան վատ է վիճակը, ծայրեծայր ճգնաժամի մեջ են, ինչո՞ւ ճգնաժամը օրակարգ բերող քաղաքական ուժը չի պահանջում նախագահի հրաժարական: Գուցե հարցն էլ է ճարտասանական՝ լավ իմանալով քվեարկության արդյունքները, բայց այդ դեպքում, նույնքան լավ իմանալով քվեարկության արդյունքները՝ իմաստ ունե՞ր ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը հարց դարձնել ու քննարկել: Եթե երկու դեպքում էլ լուծվում է քարոզչության հարց, ինչո՞ւ է մի դեպքում ՀԱԿ-ը ինքն իր դեմ խաղում: ՀԱԿ-ը խաղաց-խաղաց ու մնաց մենակ, ու հիմա ունի երկու ճանապարհ:

Գնալ մենակի փշոտ ուղիներով ու կրկնել ժամանակին Ազատության հրապարակում արտասանված «Մահվան տեսիլը» առ այն, որ «ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան», բայց հիմա քաղաքական բառապաշարում «կախաղան» ասելով՝ հասկանալ նախագահական՝ մեկ, և երկու՝ նորից առաջնորդվել «Նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» քաղաքագիտական սկզբունքով՝ ԲՀԿ-ի փոխարեն «Նա»-ի տակ ՀՀԿ-ին տեսնելով: Քանի՞ տարի ՀԱԿ-ը «աշխատեց» ԲՀԿ-ին ճիշտ ճամփից «շեղելու» վրա, մի այդքան էլ կաշխատի «շեղվելու» համար, եթե ժամանակ կա, եթե ընդունեն, եթե դրսից համաձայնեն:
ՈՒ քանի դեռ բոլորին անկեղծորեն կամ ոչ էլ անկեղծորեն հուզում է ԲՀԿ-ի ճակատագիրը, կա շատ ավելի դժվար խնդիր՝ ՀՀԿ-ի ճակատագիրը: Սպիտակ ձին նորից սանձած Սերժ Սարգսյանը հաղթականորեն գնալու տեղի խնդիր ունի՝ ո՞ւր գնալ՝ համալրե՞լ երիտասարդ թոշակառուների լեգեոնը ու այնտեղ էլ երկրորդը լինել, թե՞ մնալ փոքր Հայաստանի մեծ քաղաքականության մեջ: Իհարկե՝ երկրորդը, բայց կա «ինչպե՞ս»-ի խնդիրը: Սահմանադրական բարեփոխումների հարցը նորից օրակարգի առաջին կետ բերե՞լ, մթնոլորտը շատ է գաղջ, ապահով չեն ժամանակները, «հասարակական» աջակցության մատյան գնդում վաղուց զորացրվածներն են, որոնց խոսքը թնդում է նախկին եռանդով, բայց հակառակ ներգործությունն է ունենում: Հուսալի հեռանկար չէ: Ապավինել հարյուրմիքանիամյայի ուսերի՞ն, ՀՅԴ-ն էլ երերուն հենարան է, ձեռքը գրպանը տանել է պարտադրում՝ նաև պորտֆելներ հանելու համար: Ապավինել համաժողովրդական աջակցությա՞ն, իսկ ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` նախագահ կլինի՞, չի՞ լինի, վարչապե՞տ կլինի, թե՞ վարչապետը նախագահ կլինի, ժողովրդին նորմալ կյանք է պետք, ու՝ մի քիչ էլ «տեսարաններ»: Երկրորդ հարցը՝ ի՞նչ անել ԲՀԿ-ի հետ: Լավ, ասենք, մանդատը մնաց Գագիկ Ծառուկյանի ծոցագրպանում: Գալուստ Սահակյանը թող ԱԺ կանոնակարգի իր «տարընթերցումների» տակից դուրս գա, ի՞նչն է համարում հարգելի, ի՞նչը՝ ոչ, ե՞րբ է համարում հարգելի, երբ՝ ոչ: Մի կանոնակարգն ի՞նչ է, որ ԱԺ նախագահը չկարողանա բացատրել պարզ, մատչելի ու անհասկանալի բոլորին: Գագիկ Ծառուկյանը չի եկել, չի գալիս ու չի գալու խորհրդարան, բայց հարգելի են նրա բոլոր բացակաները: Գուցե մարդը քաղաքական կլաուստրաֆոբիա ունի: Եթե իրեն թվում է, որ մանդատն անձեռնմխելիություն է, թող թվա: Բայց կա կուսակցություն: Մղել ընդդիմադի՞ր դաշտ ու պահել կառավարելիության շրջանակներո՞ւմ: Անցած տարիներին ու հիմա էլ «կառուցողական» ընդդիմության ստեղծման փորձերը մեկ առ մեկ փուչիկի պես պայթում են, իսկ ընդդիմություն պետք է: Բաժանե՞լ ու վերաբաժանե՞լ Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, անկախ պատգամավորների կամ գործարարների խմբակցության միջև՝ Գուրգեն Արսենյանին էլ դարձնելով խմբակցության ղեկավար՝ ՄԱԿ է, թող ՄԱԿ լինի՝ ինչ տարբերություն՝ ՀԱ՞Կ, ՄԱ՞Կ: Յուրայի՞ն դարձնել, իսկ իր ինչի՞ն են պետք «մի տուն լիքը մանուկները», այն էլ՝ սոված: Պահել է պետք, իսկ պահելը ՀՀԿ-ի հաշվի՞ն է լինելու: Եվ դեռ ՀԱԿ-ն էլ կա, որ պիտի պահվի՝ այս ու այն կողմ չնետվելու համար: Ռոբերտ Քոչարյանը չարդարացրեց առաջին նախագահի բարձր վստահությունը որերորդ անգամ՝ 98-ից սկսած, կարո՞ղ էր, չէ՞, մի բարի գործ անել: Չի անում: ՈՒ ի՞նչ է անում՝ սա էլ մի խնդիր: Գագիկ Ծառուկյանին էլ ազատ նավարկության ուղարկեց ու նավահանգստի դռները փակեց: ԲՀԿ-ն անսպասելի քայլեր է խոստանում, անսպասելի ի՞նչ կարող է անել այլևս կուսակցությունը, որ ամենից շատ ինքն իրեն է զարմացնում, ինքնալուծարումից սկսած մինչև բոլորով միասին Բրյուսել գնալը՝ Երևան-Մոսկվա-Բրյուսել չվերթով ու Դուբայում կանգառով: Գագիկ Ծառուկյանը կհեռանա՞: Կուսակցությունը երեք անհավասար մասերի կբաժանվի ու ամեն նախագահ իր մա՞սը կունենա: Բայց այդ դեպքում՝ ո՞վ է լինելու ռուսամետ քաղաքական ուժը այլևս, հակառակ պարագայում՝ ի՞նչ են անելու ռուսները՝ կորցնելով իշխանության վրա Մայդանի սպառնալիք ստեղծելու փաստարկը՝ ժողովրդին հրապարակներն ու փողոցները լցնելով: ՈՒ դա ավելի կարևոր խնդիր չէ՞, քան ինչ կլինի ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դեռ հանձնարարականների հարցն էլ կա՝ իսկ եթե Հովիկ Աբրահամյանը բացահայտումնե՞ր անի «չարիքի» տիրույթում ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Կամ՝ պարզի Գագիկ Խաչատրյանի ձեռամբ, որ Գագիկ Ծառուկյանը թիվ մեկ հարկատուն է, բայց՝ ստվերային: Անվտանգության խորհուրդն էլ մնաց առանց քարտուղարի: Քրեական գործերի պատվիրատու լինելն ի՞նչ եղավ՝ կա՞ն, չկա՞ն, ո՞վ է զոհը, ո՞վ է պատվիրատուն, ո՞վ է դատավորը: Քանդի՞, թե՞ կծկի կծիկը լաբիրինթոսում, որի դռանը արդեն ոչ մի Արիադնա չի մնացել, բոլորին կենտավրոսները կերել են: Կենտավրոսները ի՞նչ կապ ունեն: Մի կապ կունենան, որ եղել են: Բարդ է վիճակը կրկեսում, որտեղ ծաղրածուներն իրենց հանդիսավար են կարծում, իսկ հանդիսավարները դրսում են: Բայց կա նաև օազիս՝ «Արևմուտքը մեզ կօգնի»՝ Եվրամիությունը գալիս է ու չի գնում, ամերիկացիներն են գալիս-գնում: ՈՒ Ռուսաստանը չի նեղանում, բայց նեղացնում է՝ Պերմյակովին տալու փոխարեն Չիլինգարովին են ուղարկում, գլխավոր դատախազին չեն պատասխանում, փող չեն տալիս: Ծառուկյանին թև էին տալիս, հետո թևերը կտրեցին, հիմա նորից իրենց թևի տակ են առել, թե ինչ եղել է, եղել է: Քաղաքականությունը՝ քեզ, փողերը՝ իրեն, իսկ ե՞րբ են քաղաքականությունն ու փողերը իրարից բաժանվել: Նազարբաևն էլ նորից ինքն իրեն ընտրում է ու չի բացատրում՝ ինչին է պետք արտահերթը նախորդի ու հաջորդի միջև: Իսկ եթե որոշել է պատվավոր նախագահ դառնա՞լ: ԵԱՏՄ-ն ի՞նչ կլինի: Բելառուսում էլ ընտրություններ են գալիս, և Լուկաշենկոն ուզում է նախագահ դառնալ՝ Արևմուտքի հետ հաշտ ու համագործակցության մեջ: ՈՒ կանի: Ռուսաստանի հաշվին: Մերկելի հետ շամպայն խմելուց հետո և Օլանդին ձվածեղ տալով: Բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, որտեղ պետք է կայունություն լինի: ՈՒ կլինի, եթե այդպես էլ չեղան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններ: Իրավատեր Րաֆֆին էլ վերցրեց ու պետական գաղտնիք բացահայտեց՝ եռյակ այլևս գոյություն չունի: Ե՞րբ էր ունեցել: Նեղացել է, որ սխոդկային չի մասնակցել, մասնակցեր՝ ի՞նչ աներ, ի՞նչ ուներ տալու ու ստանալու: Այնքան է նեղացել, որ նորից իրեն տվել է մարզերում բարևելուն: Որ իրավակարգ Լևոնն էլ մի տեղ գտներ՝ գնար, կրկեսում ինչ տարածք կբացվեր ջահելների առաջ, որոնց հանգիստ չի տալիս ժողովրդի սիրտը: Կամ էլ՝ խառնակչություն են անում՝ առանց մեծ ու փոքր, լավ ու վատ, կարելի է ու չի կարելի հաշվի առնելով:
Որքան էլ կարգ ու կանոն կա, որոշակիություն չկա: Հայ քաղաքական կրկեսում բոլորն ունեն իրենց համարները, բոլորը գիտեն բոլորի դերերը ու առավելագույնը, որ ալարելով անում են՝ մեկ-մեկ փոխում են տեղերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Դագանակը ի՞նչ եղավ: Ի՞նչ դագանակ: Համաժողովրդական շարժման բոլոր պոռթկումները իրենց պիկերով ու զրոյական կետերով ճշգրտորեն համընկնում էին Մոսկվայի՝ Երևանի հետ հարցերի «փողոցային» լուծման պիկերին ու զրոյական կետերին: Հայաստանում ամեն ինչ արդեն մոռացվում է, իսկ Մոսկվան շարունակում է ամեն օր վախենալ ու վախեցնել, որ Հայաստանում Մայդան է՝ քաղաքական երկրորդ ուժը նախագահի հրաժարական է պահանջում ու այնքան համառ է պահանջում, որ բոյկոտում է խորհրդարանի նիստերը: ՈՒ խորհրդարանում էլ արդեն քննարկվում է նախագահի հրաժարականի հարցը, և միշտ այդպես է լինում, երբ Վիկտորիա Նուլանդն ինչ-որ տեղ է գնում: Ո՞նց համոզենք, որ նա Մոսկվա գնա:

Դիտվել է՝ 1573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ