Հայաստանում տնտեսական կոլապս է: Մեկընդմիշտ պարզ է` տնտեսական կուրսի պատասխանատու կառավարությունը որևէ գործիքակազմ չի կիրառել և չի կիրառելու` ձնագունդը կանգնեցնելու համար: Սպասելու է, թե Ռուսաստանն ինչ է անելու, որ պոչից կախված փորձի իներցիայի ենթարկվել (որպես օրինաչափություն` Ռուսաստանի «վատն» այստեղ շուտ է հասնում, «լավը»` ուշ, կամ երբեք չի հասնում):
Մամուլն օրերս գրեց, թե տնտեսական կուրսի պատասխանատուներից մեկը, ճնշելով բանկերից մեկին, իր դրամներն արագ-արագ դոլարի է վերածել: Այս պայմաններում խոսել ինչ-ինչ սպեկուլյատիվ գերակայությունների մասին, որպես պատճառների պատճառի, պարզապես անմեղսունակություն է, որովհետև առաջին հերթին մեր տնտեսությունն ու բանկային համակարգը պատրաստ չեն դրան` Ռուսաստանից անսահման կախվածության, դիմակայության անհրաժեշտ մեխանիզմների բացակայության, մոնոպոլ տնտեսության, հայտարարված «հավասարության» չկայացման պատճառներով:
Իսկ ամենակարևոր պատճառը տնտեսությունը թողած քաղաքականությամբ ու «մնացյալով» զբաղվելն է, ինչին անչափ մեծ տեղ է հատկացված կառավարության ու նրա ղեկավարի կյանքում: Ներիշխանական ինտրիգները, ոչիշխանականների հերթական «բոյկոտ-բոյկոտ» օպերացիան, խաղ ու խաղիկները, որոնց հետևում հայտնի ու «անհայտ» դեմքեր են կանգնած, ժամանակ չեն թողնում բուն գործով զբաղվելու:
Ընդ որում, ճիշտ պահն է անդրադառնալու այս ամենի հոգևոր կողմին ևս: Տասնաբանյան ասում է` «Մի՛ ցանկացիր», որովհետև հնարավոր է` Աստված իրականացնի քո սրտի ցանկությունը, սակայն «խորքով», քանզի նա «ամենն է ամենում» ու երբեք կիսատ չէ:
Փաստացի, դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից Հովիկ Աբրահամյանի համար «սակրալ» երազանքն իրականության վերածվեց. նա դարձավ վարչապետ, հետո էլ… պարզվեց, որ վարչապետի դառը գլխարկն ահավոր ծանր է, ու այն դեռ գլխին հիմնավոր չդրած` խնդիրների շարքը դարձավ կոլապս, և դեռ անհայտ է` ինչով կավարտվի:
ՈՒ փոխանակ ճիգեր գործադրվեն «ընկած վիճակից» դուրս գալու, փորձ է արվում ապահասցեականացնելու բաժին հասած պատասխանատվությունը` «սպեկուլյանտների» վրա հղում կատարելով, ինչը ոչ միայն լուրջ չէ, այլև հուսահատեցնող է: Եթե չասենք` մի քիչ էլ ծիծաղելի: Եվ ապա` փորձ է արվում այդ պատասխանատվությունն իրեն «ընդունած» քաղաքական ուժերի կողմից արագ թոթափելու` նույնքան արագ ռեժիմով իշխանափոխությամբ, ներքին գործերի «մոնստր» նախարարության ստեղծմամբ, քաղաքական խաղերի նոր դաշտ ապահովելով, երբ անհայտ է, թե վաղն ինչ է լինելու շուկայի, ժողովրդի, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի հետ:
Դառնանք «աշխարհին»: Իսկապես. ինչո՞վ է ավարտվելու սկիզբ առած մեծ քաոսն Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Հասկանալի է մեկ բան. գոնե Արևմուտքը ոտքը գազից չի քաշելու (անչափ շատ ռեսուրս վատնեց` Ռուսաստանին դեֆոլտի առջև կանգնեցնելու համար), ինչը, ըստ էության, պլանավորված չէր։ Կար Ռուսաստանը «գուբերնիաների» բաժանելու ծրագիրը, որը բավականին վաղեմություն ուներ:
Իր հերթին Ռուսաստանը շատ նահանջել չի կարող` «հետևում Մոսկվան» է... և այդպես անխնա «ոչնչանալ» ո՛չ Պուտինը, ո՛չ ռուսական ըմբոստ ոգին թույլ չեն տա... Ի դեպ, Լավրովը որոշակի «հետ-առաջ» արեց այս օրերին, ասելով, թե Դոնբասում Ղրիմ չի լինի, իրենք կողմ են ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, Լուգանսկում, Դոնեցկում ինքնավարություն չեն առաջարկում: Քերին էլ ասաց` Ռուսաստանը կարծես կառուցողական է դառնում:
Հիմա պետք է սպասել հասկանալու համար` սա ժամանակավոր կիսաըմբռնո՞ւմ է, թե՞ հարաբերական «անդորր» մեծ փոթորկից առաջ, որից կարող է օգտվել նաև Հովիկ Արգամիչը` հայոց տնտեսությունն ու «պատվազուրկ» արված դրամը վերականգնելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ