Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արևմուտքը մեզ հաստատ հանգիստ չի թողնի

Արևմուտքը մեզ հաստատ  հանգիստ չի թողնի
19.12.2014 | 00:31

Քիչ օրեր են մնացել մինչև 2015-ի հունվարի 1-ը, երբ Հայաստանը կարծես դառնալու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դեկտեմբերի 4-ին մեր Ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը. նշենք, որ միայն «Ժառանգություն» խմբակցությունը դեմ եղավ դրան։ Դեկտեմբերի 10-ին էլ Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը։ Վե՞րջ։ Բայց հատկապես ի՞նչը վերջ։ Կարելի է ենթադրել, որ առանձնապես դեսուդեն չեն ընկնի նաև Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։ Սակայն առայժմ դժվարությամբ կարելի է հավատալ, թե 2015-ի հունվարի 1-ից մեր երկրի խնդիրները կպակասեն։

Իհարկե, ինչ-որ դրական տեղաշարժ կլինի։ Սակայն ի՞նչ։ Ներռուսական սպեկուլյանտների փորձերը` խաղ անելու ամերիկյան դոլարի ու եվրոյի հանդեպ ռուսական ռուբլու վարուվերումով և փորձելու «հանկարծական կարգով» բարձրացնել բենզինի գները, արդեն հանգեցրել են այն բանին, որ հարցին միջամտել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ու նրա կարգադրությամբ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) օպերատիվ զբաղվում է սպեկուլյանտներով։ Նույն վիճակն է հացի ու հնդկաձավարի գների ասպարեզում. ու նորից ԴՀԾ-ն օպերատիվ ու կոշտ խփում է սպեկուլյանտներին։ Հա՜, բայց դա Ռուսաստանում։ Իսկ Հայաստանո՞ւմ։ Չէ՞ որ մեզանում ևս դրամի փոխարժեքը վարուվերում է ամերիկյան դոլարի ու եվրոյի հանդեպ։ ՈՒ էլի ամբողջ բնակչությունը վախենում է, փաստորեն, բոլոր մթերքների ու ապրանքների կտրուկ թանկացումից։ Եվ ի վերջո` մենք ո՛չ Պուտին ունենք, ո՛չ ԴՀԾ, որ օպերատիվ կարգով կարողանային բռնել առևտրի ցանցերի կոկորդից ու «խելքի բերեին» սպեկուլյանտներին, ովքեր ուզում են ձեռքները տաքացնել ուրիշների գրպանների հաշվին։
Բայց դե, մենք սովորում ենք իրատես լինել։ Նույնիսկ Ազգային ժողովում պայմանագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը, այդ թվում` խորհրդարանային ընդդիմությունից, նշում էր, որ ներկա համաշխարհային պայմաններում ֆիզիկական անվտանգության հանդեպ հոգատարությունը գերիշխում է, և մնացածները երկրորդական գործոն են։ Եվ դա ճիշտ է։ Ո՞Ւմ պետք կլինեն «եվրո+արժեքները», եթե, ասենք, «Իսլամական պետություն» խմբավորումը մտնի Կովկաս, ինչպես սպառնացել են վահաբականները իսրայելական գործակալ Շիմոն Էլիոթի, նույն իր` Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորությամբ։ Իրապես առկա զինված ուժերի այս վարակը կարող են կանգնեցնել և ոչնչացնել միայն Ռուսաստանի ու Իրանի բանակները։ Եվ ահա հայ և ռուս զինվորականները ՀՕՊ միասնական համակարգի վերաբերյալ փաստաթուղթ են մշակել հենց դեկտեմբերին։ Հենց դեկտեմբերին էլ Հայաստանի կառավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարգը։
Իսկ ահա ևս մեկ, ժամանակակից Հայաստանի համար հազվադեպ միտք, որ հնչեց հենց դեկտեմբերին ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ։ Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ավարտին Երևանում լրագրողներին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան։ Նրա ասելով, Հայաստանում, ի տարբերություն բուռն տարածաշրջանի, կա ներքաղաքական կայունություն, այսինքն, այն կարող է գրավիչ լինել հարևան երկրների կապիտալի համար։ «Երբ երկիրը փոքր է, ապա կապիտալների ներդրման ոլորտը բավական նեղ է։ Իսկ եթե հայկական ֆինանսական համակարգում կատարվող ներդրումը նշանակում է, որ այդ կապիտալները հետագայում կարող են ներդրվել ամբողջ եվրասիական տարածությունում, ապա դա մեծ առավելություն է»,- նշեց Վալովայան։ ԵԱՏՄ քննադատներին, ովքեր այս միությունը համեմատում էին Եվրամիության հետ, նա այսպես պատասխանեց. «Մաքսային միության շրջանակներում նրանց մոտ սկսվեցին գինու պատերազմներ, կաթի պատերազմներ, ձիթապտղի պատերազմներ և այլն։ Եվ այս ամենը վկայում է այն մասին, որ ինտեգրումը ինքնազարգացող գործընթաց է, անհնար է ամեն ինչի շուրջ միանգամից պայմանավորվել, դա դժվար է և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով։ Սակայն ամեն անգամ, երբ այս կարգի խնդիր է առաջանում, պետք է նստել և փորձել հասկանալ, թե ինչից է դա առաջացել։ Եթե մենք տեսնենք, որ դա առաջացել է ինչ-որ պայմանավորվածությունների բացակայությունից, ապա դրա շուրջ հարկավոր է պայմանավորվածության գալ։ Ըստ էության, այն իրավիճակները, ինչպիսիք հիմիկվանն են, չեն վկայում ինտեգրման ճգնաժամի մասին, դրանք հետագա ինտեգրման խթան են հաղորդում»։
Ամեն ինչ տրամաբանական է և իրատեսական։ Բայց կան որոշ տագնապահույզ հանգամանքներ։ Հիմա հերթական սահմանային առևտրական լարվածությունն է Ռուսաստանի ու Բելառուսի միջև, և պատճառը ԵՄ անդամ երկրներից մեկից «վերափոխված» ապրանքի հերթական անարգել տարանցումն է Բելառուսի տարածքով, իսկ այդ երկրների վրա տարածվում են Ռուսաստանի պատասխան առևտրական պատժամիջոցները։ Այսինքն, խոսքն այն մասին է, որ Բելառուսի տարածքն օգտագործվում է Եվրամիությունից Ռուսաստան ապրանքների մաքսանենգության համար։ Բելառուսի մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) դեկտեմբերի 8-ին վերականգնեց բելառուսա-ռուսական սահմանը, ու հիմա լրազննում է սահմանը հատող բեռնատարները։ «Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հավաստում է, որ բելառուսական մաքսավորները վերսկսել են իրենց աշխատանքը ՌԴ-ի հետ սահմանում։ Մեր կողմից մաքսային վերահսկողություն չի կատարվում»,- հաղորդել է Ռուսաստանի ԴՄԾ մամուլի ծառայությունը։ Ռուսական գերատեսչությունում հաստատել են, որ դժվարություններ կան բեռնատար ավտոտրանսպորտով ռուս-բելառուսական սահմանը հատելիս։ Հիշեցնենք, նոյեմբերից «Ռուսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է դրել Բելառուսից պարենամթերքի մատակարարումների վրա` ինչպես բուն բելառուսական արտադրության` ՌԴ շուկայի համար, այնպես էլ Եվրամիության արտադրության` Ղազախստանի համար։ Ի պատասխան, Մինսկը «տեղեկատվական պատերազմ» սկսեց Ռուսաստանի դեմ։ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվային մեղադրեց Մաքսային միության համաձայնագրերը խախտելու մեջ, պահանջելով չեղարկել բոլոր սահմանափակումները և սպառնալով պատասխան միջոցներ ձեռնարկել։ «Ռուսսելխոզնադզորը» հանեց բելառուսական մեկ միսկոմբինատից մթերքի մատակարարման սահմանափակումները և իր փորձագետներին Բելառուս ուղարկեց` բելառուսական արտահանող ձեռնարկությունները ստուգելու։ Միաժամանակ Բելառուսի ՆԳՆ-ն և ՄՊԿ-ն ձեռնարկեցին Ռուսաստանից Բելառուս պարենամթերքի մատակարարումները սահմանափակելու մի շարք միջոցներ, թեև, Լուկաշենկոյի խոսքերով ասած, իր համար ծիծաղելի է լսել, թե ռուսական ապրանքները բելառուսականից լավն են։ Սոցցանցերի հաղորդումների համաձայն, Բելառուսի ՄՊԿ-ի աշխատակիցները մանրազնին «քրքրում են» Ռուսաստանից եկող ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեծ հերթեր են գոյանում սահմանում։ Միաժամանակ «Ռուսսելխոզնադզորը» հայտարարել է, թե «Մինսելխոզպրոդի» հետ եղած հակասությունները դեռևս հարթված չեն։ Ռուսական գերատեսչությունում ընդգծել են. «Քանի դեռ վերահսկողության ընթացքը կարգավորված չէ, բելառուսական տարածքից արտահանվող մթերքների սահմանափակումների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող»։
Իսկ ո՞վ է ասել, թե ինչ-որ խաբեբա չի փորձի մեր երկրով որևէ բան անցկացնել։ ԵԱՏՄ-ի առավելություններից մեկն էլ սահմանների «թափանցիկության» ռեժիմն է, ուղևորների ու բեռների հոսքի դյուրացումը։ Եվ Ռուսաստանի հետ Բելառուսի սահմանը «թափանցիկ» է 1999-ի դեկտեմբերի 8-ից։ Իսկ հիմա ԵՄ-ի պատճառով բաներ են կատարվում, որոնք պետք չեն ո՛չ Մինսկին, ո՛չ Մոսկվային։ Այնպես որ, Երևանում էլ արդեն հիմիկվանից պետք է ծանրութեթև անեն և հաշվարկեն թյուրիմացությունների ու թյուրըմբռնումների բոլոր հնարավոր տարբերակները` ոչ ոք երաշխավորված չէ իրավիճակից օգտվելու հանցագործների ցանկությունից։
Բայց սա մեր «գլխին գալիքի» մի մասն է միայն։ Հայաստանն իր տեղն ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարության մեջ, և այդ «խաղացողները» շարունակում են գոնե փորձել ճնշում գործադրել Երևանի վրա։ Նոյեմբերին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթի» անցկացումը, մի շարք արևմտյան երկրների դեսպանների և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպայի գործերի պատասխանատու Դևիդ Լիդինգտոնի ափսոսանքը «Եվրասիական տնտեսական միություն մտնելու կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հովանավորությամբ Երևանում ինչ-որ «Մեծ մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք» ծրագրի մեկնարկը (նույն նոյեմբերին), նոյեմբերի 28-ին Հայաստանի ԱԺ-ում արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի և Հայաստան-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնի փակ հանդիպումը և այլն, հիմք են տալիս համարելու, որ Հայաստանը, չնայած ԱՊՀ ՀԱՊԿ-ին անդամությանը և ԵԱՏՄ-ին միանալուն, մնում է Արևմուտքի ուշադիր վերահսկողության տակ։ Եվ կարծես պատահական չէ, որ դեկտեմբերի 4-ին տարածաշրջան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որը Վրաստանի հետ բանակցությունների ծրագրի սկիզբը դրեց։ Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի (PAUCI) ղեկավար Յան Պեկլոն հեծեծում է երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում, թե, վախ-վախ, «Բրյուսելը շոկի մեջ է Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի որոշման կապակցությամբ»։ Իսկ ինչո՞ւ։ Հապա տեսեք, նույն Հեֆեռնը նորից է փորձել «խցկվել» մեր ներքին գործերի մեջ և օրերս Հայաստանին «խորհուրդ է տվել», այդուամենայնիվ, ընթանալ տխրահռչակ մարդատյաց և աստվածամերժ «անչափահասական իրավունքի» (յուվենալ իրավունք) արմատավորման ուղիով։ Ինչն է զարմացնում Արևմուտքին։ Ահա դեկտեմբերի 12-ին նույն Ապատուրայը հայտարարում է. «Ադրբեջանը Աֆղանստանում խաղաղարար գործողությունների ավարտից հետո էլ ՆԱՏՕ-ի համար կմնա իբրև ռազմավարական նշանակության երկիր»։ Ահա Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն նոյեմբերի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում, փաստորեն, գլխից դուրս գռեհկաբանեց Թուրքիայում 1915-23 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցով։ Ասում են` դրա համար էլ դեկտեմբերի 5-ին շտապ հետ կանչվեց Բուխարեստ։ Ահա «Transparency International» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարուժան Օկտանյանը ահաբեկում է մեր հանրությանը, թե, իբր, կոռուպցիայի մակարդակի տեսակետից` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը ռիսկեր է պարունակում։ Իսկ ի՞նչ է, ԵՄ-ում շա՞տ երկրներ կան, որոնք կոռուպցիայի ռիսկեր չունեն։ Մենք հոգնել ենք ծախու եվրապաշտոնյաներից ու եվրապատգամավորներից, որոնց բերանի ջրերը գնում են Ադրբեջանի փողերի հոտից։ Սա, ի՞նչ է, կոռուպցիա չէ՞։
Մի խոսքով, Արևմուտքը մեզ հաստատ հանգիստ չի թողնի։ Եվ դա էական վտանգ է։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ին Բրյուսելում սկսվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը։ Մեզ տեղեկացրին, որ Երևանը Բրյուսելում քննության է առնելու Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր ձևաչափը։ Դեկտեմբերի 11-ին մեզ մոտ ուղարկեցին սկանդալային հռչակ ստացած` Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչին. երևի եկել էր «համոզելու» Հայաստանի իշխանություններին։ Իսկ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է «Ռազմականացման 2014 թ. համընդհանուր թվացուցիչը» զեկույցը, համաձայն որի, ամենասպառազինված երկրների եռյակում են Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը։ Զեկույցի համաձայն, Հայաստանը մեկ տարվա ընթացքում ռազմականացման աստիճանը 724 բալից հասցրել է 783-ի, ցուցակում զբաղեցնելով երրորդ տեղը։ Կարելի է պատկերացնել, թե այնտեղ ինչ են «մեկնաբանում» այդ տեղեկության շուրջ եվրոպական «զտաբարո» «խաղաղասերները»։ Այնպես որ, կապրենք-կտեսնենք, թե 2015-ի հունվարի 1-ից հետո Հայաստանին ինչերի առջև կկանգնեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, և այդ օրվանից հետո ինչով կսկսի գայթակղել մեր երկրին Արևմուտքը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ