Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սեպտեմբերյան սինդրոմ

Սեպտեմբերյան սինդրոմ
09.09.2014 | 00:41

Մի քանի օրում Հայաստանը վերադարձավ աշխարհի քաղաքական քարտեզ` վերահաստատելով, որ կա Երևան մայրաքաղաքով պետություն, իրողություն, որ անցյալ սեպտեմբերից ընդունվում էր վերապահումներով` ձևային տեսակետից, բովանդակայինը գերադասելով Կրեմլի հետ պարզել: Նախ` արտաքին գործերի նախարարը մեկնեց Անկարա` մասնակցելու նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալությանը: Նախկինում, հիմք ընդունելով դիվանագիտական հարաբերություններ չլինելը, Երևանը անարձագանք կթողներ հրավերը: Սա քայլ է, որ դեռ չի գնահատվել: Նաև այն պատճառով, որ նախագահ Էրդողանը առաջին պաշտոնական այցով շտապեց Բաքու` կրկնելու հին երգերը, ավելին` հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ դառնալու տարածաշրջանի թելադրող պետություն: Միշտ չէ, որ թուրքական փառաբանված դիվանագիտությունը չի վրիպում: Բոլոր դեպքերում նախագահ Էրդողանն արեց այն, ինչ ասում էր վարչապետ Էրդողանը, և այս հայտարարություններն արձանագրում են, որ Թուրքիան դեռ անցյալ դարի խրամատներում է: Երկրորդ քայլն արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնելով Նյուպորտ` ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Նախկինում Երևանը նախագահի մակարդակով այս գագաթնաժողովներին չի մասնակցել: Սերժ Սարգսյանը Նյուպորտում ասաց. «Հայաստանում լավ գիտեն թե՛ անվտանգության, թե՛ խաղաղության գինը, որոնց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր»: «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ: Երկու տարբերակ կա. կամ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում: Կամ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կամ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»: Մինչ այդ նա հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով փարիզյան հանդիպումը մնում է ուժի մեջ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ կայացավ եռակողմ` Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի ամբողջ տեղեկատվությունը ամփոփվեց Ջոն Քերիի տեսակետների հրապարակման մեջ: Նա բացառեց հակամարտության ռազմական լուծումը և կոչ արեց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության: Քերին, փաստորեն, վերահաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, և ստատուս քվոն կմնա անփոփոխ, հակառակ Ռուսաստանի` շփման գծում լարվածություն ստեղծելու և ռուս խաղաղապահներ տեղակայելու և Թուրքիայի` հակամարտության հաղթահարման նոր ձևաչափ ձևավորելու և այդ ձևաչափում ներգրավվելու ջանքերին: Դա Արևմուտքի տեսակետն է: Նաև` Իրանի:

Ադրբեջանաթուրքական` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն օգտագործելով, հակամարտության կարգավորման մեջ լրացուցիչ շահեկան դիրքեր ստանալու փորձը ձախողվեց: Իհարկե, ՆԱՏՕ-ն ականջալուր չեղավ նաև ՀՀ նախագահի` առողջ բանականությանն ու խաղաղության ձգտումին գերակայություն տալու հորդորին, ինչը միանգամայն բնական է, որովհետև իրականում ՆԱՏՕ-ն այն հարթակը չէ, որտեղ այդ հարցերը լուծվում են, բայց ՆԱՏՕ-ն հենց այն հարթակն է, որտեղ այդ խոսքերը պիտի հնչեին` հաստատելու Հայաստանի անվտանգության ապահովման խնդրի գոյությունը: ՆԱՏՕ-ի վեհաժողովի հռչակագրում վերստին, ինչպես երկու, չորս տարի առաջ արձանագրվեց, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:
«Այս հակամարտությունների գոյությունը մտահոգություն է պատճառում և նվազեցնում է տարածաշրջանի ժողովուրդների ողջ ներուժի բացահայտումը` որպես եվրատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական լինել և ամուր քաղաքական կամք դրսևորելով մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»,- արձանագրվեց հռչակագրում: Նրանք կշարունակեն աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` հիմնվելով տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Իսկ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքներն են տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքը: Հելսինկյան եզրափակիչ ակտը հիշատակելով` ՆԱՏՕ-ն ակնարկում է ժողովուրդների ինքնորոշման իրավո՞ւնքը: Եվ այո, և ոչ: Սա արևմտյան դիվանագիտության կլասիկա է` ստեղծել նախադրյալներ և սպասել իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում ընդհանրական որոշումը կլինի կամ տարածքային ամբողջականության, կամ ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, անխախտ պահելով ուժի չկիրառման սկզբունքի պարտադիր լինելը: Երկակի ստանդա՞րտ է, այո, բայց և գործողությունների ազատություն է տալիս կողմերին: Գո՞հ պիտի լինի Հայաստանը այս արդյունքից: Հայաստանը պիտի արձանագրի, որ հաջորդ քայլերի ժամանակն է, քայլեր, որոնք կստիպեն գերակայություն տալ ազգերի ինքնորոշման իրավունքին: Նյուպորտում քաղաքականությունը ոչ սկսվում, ոչ ավարտվում էր: Ավելի քան դժգոհ պիտի լինի Իլհամ Ալիևը. բանակցությունների վրա ճնշում գործադրելու նրա կոչը անտեսվեց, ռազմատենչ հռետորաբանության շարունակումը նշանակելու է ուղիղ հակառակը Նյուպորտում հնչած «Խաղաղության պատրաստվեք» պոստուլատին: Ավելին, Ալիևը կրկնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, Աֆղանստանի բանակին պաշտպանական նպատակով մի քանի միլիոն եվրո փոխանցելու, Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղին և Բաքվում կառուցված ծովային նավահանգիստն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռները փոխադրելու «հնարավոր ձեռնտու միջանցք» լինելու հին հայտարարությունները և մնաց անարձագանք: Ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևին հաղթանակի տոգաներ հագցնելու գործում վերստին չեն թերանա, բայց այդ «հաղթանակի» իրական արժեքը, թերևս, այն է, որ Ալիևն իր ելույթով ընդամենը հաստատեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը իր ընկալմամբ նշանակում է` ես ամեն ինչ անելու եմ` ունենալու Ղարաբաղն առանց հայերի, և ո՞ւմ էր դա պետք:
Նյուպորտում ընդունվեց տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոփոխող որոշում` Վրաստանում համատեղ ռազմաբազա ստեղծելու մասին: Սա միաժամանակ հարված է թե Ռուսաստանին, որ վերջնականապես կորցնում է Վրաստանը, թե Թուրքիային, որ տարածաշրջանում դադարում է ՆԱՏՕ-ի հենակետ լինել: Այսինքն` ՆԱՏՕ-ն միանգամից ու հստակ պատասխանեց, որ Թուրքիան դաշնակից ու բարեկամ պետություն է, բայց վերջինը չէ: ՈՒ ընդհանրապես Վրաստանից բացի ԱՄՆ-ը տարածաշրջանում ստանում է ևս մեկ դաշնակից` Իրանը: Հենց Նյուպորտի գագաթնաժողովի օրերին հայտնի դարձավ, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնություն է տվել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական գերատեսչության պաշտոնյաների շփումներին: Իրաքի հյուսիսում, քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ու քննարկում «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման դեմ համատեղ քայլերը: Իր անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԱՏՕ-ն կստեղծի արագ արձագանքման ջոկատներ: Սա ևս Նյուպորտի կարևոր որոշումներից է: Իհարկե, Նյուպորտի գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի պատմության մեջ կմնա դաշինքի ռազմաքաղաքական դերի փոփոխության արձանագրումով: ՈՒկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ին վերադարձրին իր նախնական առաքելությունը, որ նա համարյա կորցրել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Արդեն բացահայտ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան տարբեր ձևաչափերով համագործակցությունը ոչ միայն անցյալում է, այլև որոշակի ժամանակահատվածի մեջ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը միմյանց մեջ թշնամիներ են տեսնում, ու դա նշանակում է, որ դաշինքը եզակի պատեհությունն օգտագործելու է եթե ոչ ընդլայնման ¥համենայն դեպս, Վրաստանի ու ՈՒկրաինայի անդամակցությունն այս իրավիճակում հակասում է դաշինքի կանոնադրությանը¤, հաստատ նոր ռազմաբազաների տեղակայման և, որ ավելի կարևոր է, իր քաղաքական ու ռազմական առաքելությունն ընդլայնելու ընդհանրական պահանջարկի հիմնավորվածության ապացույցները խորացնելու վրա: Եվրոպան ՈՒկրաինայից հետո Ռուսաստանից զգուշանալու հիմքեր ունի: Իրականության մեջ այդ հիմքերը շինծու են, որովհետև Մոսկվան ո՛չ Վարշավայի, ո՛չ Վիլնյուսի, ո՛չ Ռիգայի, ո՛չ էլ որևէ այլ պետության վրա հարձակման մտադրություն չունի, բայց երբ Պուտինն ասում է, որ ցանկության դեպքում երկու շաբաթում Կիև կմտնի, Վաշինգտոնը պիտի հիմար լինի, որ առիթը չօգտագործի` անելու այն, ինչ վաղուց ցանկանում էր:
Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Հարավկովկասյան տարածաշրջանի կտրվածքով իր համար ամփոփելիս, Հայաստանը, բացի ղարաբաղյան հիմնահարցից, նախ պետք է իմաստավորի` ինչ հետևանքներ կունենա Վրաստանում դաշինքի ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե, դա տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիք է, որ Ռուսաստանի ներգործությունը հավասարակշռելու նպատակ ունի, բայց դա մխիթարություն է մյուս երկրների, ոչ Հայաստանի համար, որովհետև տարածաշրջանում ՌԴ միակ ռազմաբազան Հայաստանում է, և այդ ռազմաբազան վաղուց արդեն Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիքից Հայաստանը վտանգող գործոն է: Նոր հնարավորություններ են բացվում Իրանի հետ ոչ միայն չկայացող տնտեսական հարաբերությունների խորացման, այլև ռազմական համագործակցության համար: Եթե ոչ այսօր, ե՞րբ է այդ մասին մտածելու և այդ ուղղությամբ քայլերի ժամանակը: Ակնհայտ է, որ Թուրքիան կորցնում է ՆԱՏՕ-ի անդամ լինելու հաղթաթուղթը, Թեհրանը ՆԱՏՕ-ին չի անդամակցի, բայց կարող է դառնալ դաշինքի գործընկեր: Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որի հետ Իրանը քաղաքական խնդիրներ չունի: Բայց և Հայաստանը միակ պետությունն է տարածաշրջանում, որ անարձագանք է թողնում առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու Իրանի առաջարկները: Եթե վերջապես Իրանի նախագահը գա Հայաստան, քննարկումների օրակարգում լիովին հիմնավորված են նոր իրավիճակում ոչ միայն տարածաշրջանի տնտեսական, քաղաքական, այլև ռազմական համագործակցության խնդիրները: Հայաստանը շատ հնարավորություններ չունի` երկու հարևանների հետ դիվանագիտական հարաբերությունների ու հաղորդակցության բացակայությամբ` մյուս երկուսի հետ հարաբերություններին հարկադրված է գերակայություն տալ: Դեպի ՆԱՏՕ ու ԵՄ գնացող Վրաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունները վերահաստատող Իրանի կողքին Հայաստանը չի կարող միայն ռուսական վեկտորին կառչած մնալ: Առավել ևս` այս իրավիճակում: ՈՒկրաինական իրադարձությունները բացահայտ դարձրին այն իրողությունը, որ մինչ այդ էլ հայտնի էր` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի քաղաքական բաժանումն ավարտված չէ: ԽՍՀՄ-ի փլուզումը հարված էր Պոտսդամի կոնֆերանսով հաստատված ստատուս քվոյին, ուժերը վերականգնած Ռուսաստանը և ուժերը չկորցրած Արևմուտքը աշխարհի վերաբաժանման ու սեփական ազդեցության ընդլայնման խնդիր են լուծում: Ոչ միայն Կիևում, ոչ միայն Հարավային Կովկասում, ոչ միայն Միջին Ասիայում, ամբողջ աշխարհում: Հայաստանի խնդիրը հին սխալները կրկնելու ռազմավարությունից հրաժարվելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Վերադարձա՞վ Հայաստանը աշխարհի քաղաքական քարտեզ Երևան մայրաքաղաքով: Արդյունքների տեսակետից` դեռ ոչ, հեռանկարների տեսակետից` գուցե: Քաղաքականության հմայքը շախմատի տախտակը շրջելու և տանուլ տված դիրքում հաղթելու մեջ է:

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ