Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մետաքսի ճանապարհի հին ու նոր «իջևանատերերը»

Մետաքսի ճանապարհի հին ու նոր «իջևանատերերը»
05.09.2014 | 00:26

Կենտրոնական Ասիայի համար անցած ամռան կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, Իսլամ Քարիմովի այցն էր Պեկին։ Այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները դարձան 2013 թ. սեպտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի Տաշքենդ կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերի տրամաբանական շարունակությունը։ Այն ժամանակ երկու երկրները միմյանց ճանաչեցին ռազմավարական գործընկերներ և 31 փաստաթուղթ ստորագրեցին 15 մլն դոլար ընդհանուր գումարի նախագծերի իրականացման վերաբերյալ։ Իսկ այս անգամ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը կոչ արեց ակտիվացնել հարաբերություններն առևտրի ու ներդրումների ոլորտում։ Նախագահ Քարիմովի հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Չինաստանը լիովին խրախուսում է ՈՒզբեկստանում ստեղծվող չինական ձեռնարկություններում ներդրումների ընդլայնումը և ուզբեկական արդյունաբերական համալիրների ստեղծման գործին չինական ներդրողների մասնակցությունը։ Սի Ցզինպինն ընդգծեց, որ Չինաստանն ու ՈՒզբեկստանը պետք է շարունակեն համագործակցությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման ուղղությամբ, ամրապնդեն կապերն էներգետիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության և տրանսպորտի ասպարեզում։ Բացի այդ, անհրաժեշտ է շեշտը դնել Չինաստան-Կենտրոնական Ասիա գազամուղի «D» ճյուղի կառուցման ու շահագործման, ինչպես նաև Չինաստան-Ղրղզստան-ՈՒզբեկստան երկաթուղային նախագծի իրականացման վրա։ Իր կողմից Իսլամ Քարիմովը նշեց, որ ուզբեկական կողմը տրամադրված է է՛լ ավելի խորացնելու սերտ հարաբերությունները Չինաստանի՝ ՈՒզբեկստանի ամենահուսալի գործընկերներից մեկի հետ։ ՈՒզբեկական կողմը ողջունում է չինական ներդրումները և մտադիր է մասնակցել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի ստեղծմանը։ Կողմերը պարտավորվեցին նաև շարունակել համագործակցությունն անվտանգության ոլորտում, պատերազմ հայտարարելով ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, որոշեցին ուժեղացնել համատեղ պայքարը թմրահանցանքների դեմ և դրանով իսկ «ապահովել անդորրն ու կայունությունը երկու երկրներում»։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեցին համատեղ հայտարարություն և առևտրի, տնտեսության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։ Ընդունվեց նաև ռազմավարական գործընկերության զարգացման 2014-18 թթ. ծրագիր, ստորագրվեցին համատեղ հռչակագիր և ավելի քան վեց մլրդ դոլարի համաձայնագրեր։
Կցանկանայի առանձնակի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քարիմովը խոստացել է ակտիվորեն մասնակցել չինական «աշխարհատնտեսական և նույնիսկ աշխարհաքաղաքական նախաձեռնությունների իրացմանը», որոնք մի շարք, հատկապես ռուս փորձագետների կողմից բնութագրվում են իբրև «Չինաստանի ուղղակի էքսպանսիայի գործիքներ»։ Խոսքը Պեկինի կողմից ակտիվորեն առաջ տարվող՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձևավորման, Չինաստան-Կենտրոնական Ասիա գազամուղի «D» ճյուղի, Չինաստան-Ղազախստան-ՈՒզբեկստան երկաթուղու շինարարության ու շահագործման, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի ստեղծման մասին է։ Նկատենք, այս ամենն արժանացել էր Ռուսաստանի «սառը վերաբերմունքին»։ Իսկ հիմա, ինչպես ընդգծում են լրատվամիջոցները, «անկասկած, Քարիմովի այդ հայտարարությունը հստակորեն արտահայտված քաղաքական աստառ ունի, այո, և առհասարակ այցը ցույց տվեց, որ Չինաստանը դառնում է ՈՒզբեկստանի ոչ միայն գլխավոր տնտեսական, այլև գլխավոր քաղաքական գործընկերը»։
Ասենք, այս միտումը նոր չէ ո՛չ Տաշքենդի, ո՛չ էլ ամբողջ Կենտրոնական Ասիայի համար։ Ավելին, իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղադրումից ՈՒզբեկստանի, իսկ ավելի վաղ նաև Ղրղզստանի հրաժարումը մի շարք վերլուծաբանների հիմք տվեց ենթադրելու, որ հիմա Չինաստանը կլրացնի «արևմտյան բացը» այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, այնուամենայնիվ, տարբեր տեղեր են զբաղեցնում տարածաշրջանում. եթե արևմտյան ներդրումները ոչ մի համեմատություն չունեն չինականի հետ, ապա Չինաստանը, առայժմ, պատրաստ չէ լրիվ ծավալով ստանձնելու այն քաղաքական և ռազմական գործառույթները տարածաշրջանում, որ կատարում է Ամերիկան։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ճշմարտությանն ավելի մոտ են այն մասնագետները, ովքեր համարում են, որ ամբողջությամբ վերցրած տարածաշրջանում և մասնավորապես ՈՒզբեկստանում չինական վեկտորն անպայման կուժեղանա, բայց ոչ այնքան ամերիկյան, որքան ռուսական վեկտորի հաշվին։ Ընդ որում, ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ու պաշտպանության ոլորտում։ Եվ այդ գործում չինացիների առաջին հաջողություններն իրենց երկար սպասել չեն տալիս։
Հիշեցնենք, որ Պեկինն արդեն «առանձնաշնորհյալ բարեկամ» ունի ի դեմս Դուշանբեի։ Այսպես, այս տարվա գարնանը ՉԺՀ ազգային պաշտպանության նախարար Չան Վանցզյուանը հայտարարեց, որ Չինաստանը պատրաստ է Տաջիկստանին հարյուր միլիոնավոր դոլարների ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու։ Եվ դա այն դեպքում, որ վերջին տարիներին Չինաստանը Դուշանբեին արդեն 18 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել էր։ Նախարարը հաղորդեց, որ Չինաստանը միշտ կպաշտպանի Տաջիկստանի պետական անկախության ամրապնդման և նրա պաշտպանական հզորության ուժեղացման գործը, ինչպես նաև օգնություն կցուցաբերի ուժային կառույցների հակաահաբեկչական պատրաստության հարցում։ Բացի այդ, Տաջիկստանի կառավարության և չինական ընկերությունների միջև համաձայնագիր ստորագրվեց Տաջիկստանի ազատ տնտեսական գոտում նավթի վերամշակման արտադրական կարողությունների կառուցման ու շահագործման վերաբերյալ, և առաջնահերթ ֆինանսավորում է նախատեսվել (60 մլն դոլար)։ Ի դեպ, նավթամշակման գործարանի կառուցումը մի երկրում, որն էներգակիրների պաշարներ չունի, լուրջ անհանգստություն է առաջ բերել ռուսական լրատվամիջոցներում։ Նրանք այդ պլանները կապում են չինացիների կողմից Կենտրոնական Ասիայով նոր էներգետիկ ուղեգծի կառուցման, մասնավորապես, Չինաստանի կենտրոնասիական գազամուղի չորրորդ ճյուղի (D գիծ) շինարարության հետ։ Գազամուղն ստեղծվում է ՈՒզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ ՉԺՀ-ի միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Այն ժամանակ ռուս փորձագետները հույսեր էին փայփայում, թե այդ ծրագրերը կձախողվեն, քանի որ կենտրոնասիական պետությունները չեն կարողանա խնդիրը «կարգավորել» իրար միջև։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Իսլամ Քարիմովի այցը Պեկին և «D գծի» շուրջ պայմանավորվածությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ այստեղ էլ Ռուսաստանը կարող է թե՛ զուր հույսեր փայփայել, թե՛ շատ շուտով տարածաշրջանում ազդեցության ևս մեկ լծակ կորցնել։
Դա, կարծես, թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ նախադրյալներ ունի։ «Օբյեկտիվների» շարքին են դասվում, իհարկե, Չինաստանի համեմատ Ռուսաստանի սահմանափակ տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև այն, որ Կրեմլի համար ավելի ու ավելի դժվար կլինի իր մտահղացումներն իրականացնել ՈՒկրաինայի հետ դիմակայության և արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ Որոշ գնահատականների համաձայն, պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ռուսաստանի ունակությանը՝ պահպանելու իր ներկայությունը տարածաշրջանում, և վերջին հաշվով հանգեցնել մի շարք կարևոր նախագծերի չեղարկմանը։ Դա արդեն զգացվում է Ղրղզստանում ռուսական ներդրումների դադարեցումից հետո, այդ թվում՝ ջրամբարի ու հէկի շինարարության վերաբերյալ Բիշքեկի համար բաղձալի պայմանավորվածության չեղարկումը։ Հաղորդվում է նաև, որ «Роснефть»-ը, երևում է, կորցրել է «Մանաս» օդանավակայանի հետ կապված ծրագրերի իրականացման հնարավորությունը, որ ռուսական տնտեսության մեջ կանխատեսվող անկումը կարող է առհասարակ զրոյի հավասարեցնել կենտրոնասիական հավակնոտ նախագծերը «Գազպրոմի», «Роснефть»-ի և «Ինտեր ՌԱՕ»-ի մասնակցությամբ։ Դե, իսկ «սուբյեկտիվ նախադրյալները»... Թվում է, էլի մի երկու հայտարարություն, թե Ղազախստանը «պետություն է մի տարածքում, ուր պետություն չի եղել երբեք», կամ էլի մի երկու պահանջ՝ վերադարձնել Հյուսիսային Ղազախստանի «ռուսական պապենական հողերը», և «ռուսամետ» Նազարբաևի համբերությունը ևս կհատնի։
Իսկ Չինաստանը, անկասկած, ի տարբերություն այսօրվա Ռուսաստանի՝ իրավիճակային արձագանքի խնդիրներով, հավակնություններով ու քաղաքականությամբ, իր ռազմավարական ծրագրերով է ապրում։ Նա դանդաղորեն, բայց հաստատապես իրականացնում է դրանք։ Եվ դա ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում բոլորի համար։ Այնպես որ, ինչպես ասում են, չնեղանաք, բայց «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Հատկապես՝ քաղաքականության մեջ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ