Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե մատերիան ու հակամատերիան ունենային միևնույն ծավալը: Եթե ունենային միևնույն ծավալը, դուք ոչինչ չէիք պատկերացնի, որովհետև պարզապես չէիք լինի, ոչինչ չէր լինի, միլիարդավոր տարիներ առաջ մատերիայի ու հակամատերիայի բախումից երկուսն էլ կոչնչանային, եթե հավասար ծավալ ունենային: Մեկ ատոմով գերակշռող մատերիան սկիզբ դրեց տիեզերքին, միլիարդավոր տարիներ հետո պիտի հայտնվեր մարդը. մենք, որ արդեն բոլորովին չենք մտածում, թե ինչ կլիներ, եթե մատերիան ու հակամատերիան հավասարարժեք լինեին: Եթե միլիարդավոր տարիներ առաջ որոշվում էր գոյության ու չգոյության հարցը տիեզերական մասշտաբով, մեր ժամանակներում հարցը նույնքան արդիական է, որոշվում է ինչպես գոյության և չգոյության հարցը: Ընդամենը մեկ ատոմով ավելի մատերիան կյանք տվեց տիեզերքին, բայց չոչնչացրեց հակամատերիան: Եթե ֆիզիկոսները ներեն համեմատության պարզունակության համար` բարին գերակշռեց, բայց բարին չարը չվերացրեց, մեր մեջ մնացին մատերիայի ու հակամատերիայի հետնորդները` լույսի ու խավարի, չարի ու բարու, կյանքի ու մահվան խորհրդանիշներով: Մնացին ու սկսեցին խորհրդանշել մնացած ամեն ինչ:
«Foreign Affairs»-ի լրագրող Մայքլ Մազարը համաշխարհային իրադարձությունները քննարկել է հոգեբանական տեսանկյունից: RAND Corporation հետազոտական կենտրոնը պարզել է, որ 2010-ից ջիհադական խմբավորումները 58 տոկոսով ավելացել են, կրկնապատկվել է զինյալների թիվը, «Ալ Քաիդայի» մասնաճյուղերը եռապատկվել են: Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը համարյա մայրաքաղաք էր հասնում: Նման խմբավորումների աճը միայն դաժանության հետևանք չէ: Տասնամյա հետազոտությունները վկայում են, որ նրանք օգտագործում են մանրակրկիտ մշակված և ակտիվ ներդրվող զոհի հայեցակարգը` խաղալով բնակչության դժգոհության վրա, հատկապես ճգնաժամերի ժամանակ: Օրինակը «Ալ Քաիդան» է: Ամենասկզբից ՈՒսամա բեն Լադենն ընդգծում էր մահմեդականների տանջանքներն ու ստորացումները արևմտյան շահագործողների պատճառով և կոչ էր անում իր հետևորդներին վերականգնել արժանապատվությունն ու աստվածընտրյալ ժողովրդի վեհությունը: Ահաբեկչությունն ի պաշտպանություն իսլամի` գայթակղում է մարդկանց, ովքեր ձգտում են ինքնահաստատվել իրենց պատկանելության և ինքնահարգանքի մեջ: Ահաբեկչական ակտիվության նոր ալիքը մեկուսի միտում չէ և նախանշում է միջազգային անվտանգության նոր դարաշրջանը, որ դառնալու է վիրավորանքների և վիրավորանքների հակադարձումների ժամանակ: Համաշխարհային քաղաքականության շարժիչ ուժերը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև հոգեբանական են: Նոր միտումը երկու հիմնական պատճառ ունի: Առաջին. փոխվել է աշխարհաքաղաքական մրցակցության միջավայրը:
Որոշ միտումներ, ներառյալ միջուկային զենքի զսպիչ ուժը, տնտեսական գլոբալ փոխկապվածությունը, տարածքային նվաճումներից և սահմանների ամրացումից ստացած օգուտի նվազումը, գցել են պրագմատիզմի քաղաքականության արժեքը: Աշխարհաքաղաքական պայքարի բացակայությունը և կոսմոպոլիտիզմի գաղափարները, որ քարոզում են լրատվամիջոցները, խարխլում են ազգային մշակութային արժեքները: Անվտանգության և խաղաղության հիմնական սպառնալիքները ծագում են հասարակությունների ու խմբերի զայրույթից ու դժգոհությունից, նրանք իրենց օտարված ու լքված են զգում քաղաքակիրթ աշխարհից: Ապագայում անվտանգության հիմնական մարտահրավերները կձևավորվեն նվաստացված մարդկանց միջավայրում, ովքեր լի են վճռականությամբ` վերականգնելու իրենց նկատմամբ հարգանքը: Վիրավորանքների ու դժգոհության հիմքով կառուցվող քաղաքականությունը նորություն չէ: Ազգային շահերի հաշվարկները ուժի վրա հենվելով` նույնպես նորություն չեն: Սակայն վիրավորանքների քաղաքականությունը նոր գերակա ուժ է դառնում, որը գործելու է ըստ այն իրողության, թե ազգային առաջնորդները ինչպես են պատկերացնում իրենց շահերը: Որտեղ էլ դրսևորվեն վիրավորանքների քաղաքականության հատկանիշները, կրկնվում է միևնույն պատմությունը: Պատումը ունի մի քանի կենտրոնական թեմաներ: Պատմությունը ներկայացվում է բարի ու չար ուժերի պայքար: Պնդվում է, որ արդար ու ազնիվ ժողովուրդը, ազգը կամ խումբը ինչ-որ ժամանակ մեծ է եղել, բայց նրան ստորացրել են որոգայթներ ու դավադրություններ լարող չարի ուժերը: Նախազգուշացվում է, որ կոսմոպոլիտիզմը խարխլում է այդ ազնիվ ու արդար ժողովրդի արժեքները և խոստացվում է, որ խարիզմատիկ առաջնորդը դուրս է բերելու դժբախտ իրականությունից ու վերադարձնելու է ժողովրդին իր մեծ անցյալը: Այսօրինակ գաղափարներով ժողովրդական շարժումները սովորաբար ծագում են այն հասարակություններում, որտեղ առանձնահատուկ նախադրյալներ կան: Օրինակ, երբ մոդեռնացման գործընթացը սխալ ճանապարհով է գնում և խանգարում է հասարակական առաջընթացին, երբ տեխնոկրատ առաջնորդները սկսում են արևմտյան մոդելով բարեփոխումներ և ձախողվում են, երբ մոդեռնացման կոնկրետ փուլում սրվում են դասակարգային, սոցիալական և կրոնական հակասությունները, երբ երկիրը կամ խումբը պարտվում են կամ իրենց պարտված են համարում: Դժգոհության և վիրավորանքների թեմատիկ պատկերի հիմքում պարադոքս է. վիրավորված և ստորացված խումբը ձգտում է դառնալ այն նույն ակումբի անդամ, որից բողոքում է: Այդ հակասությունը սոսկ հետաքրքիր չէ, հարուցում է ծանր դիլեմաներ երկու կողմի համար էլ: Վիրավորանքների հայեցակարգն այնքան ժամանակ է բախվելու համաշխարհային աշխարհակարգի հետ, քանի դեռ վիրավորանքները ուժեղ են և չեն այրվել` հարուցելով միջազգային ու ներքին անբարենպաստ հակադարձումներ: Նույնիսկ եթե այսօր երկրները իրենց այնպես չեն պահում, ինչպես իրենց նախորդները, աշխարհաքաղաքական մրցակցությունը պահպանվում է և պահպանվելու է երկար: Զրկվելով դժգոհության ու վիրավորանքների դուրսնետման այնպիսի ավանդական մեխանիզմներից, ինչպես պատերազմները, պետությունն ու խմբերը առավել հաճախ են դիմելու թաքնված ագրեսիայի ձևերին` գաղտնի քայլերի, տնտեսական պատերազմների, ահաբեկչության, կիբերհարձակումների և ռեսուրսային պատերազմների տեսքով: Բախումների սրացման դեպքում լրջագույն սխալ է ստորացման քաղաքականությունն ընդունել իբրև սառնասիրտ ու սթափ ռեալիզմ: Առճակատումը միայն հիմնավորում ու հաստատում է դժգոհ արմատականների հավակնությունները:
Շրջանցելով արտաքին դրսևորումները, փորձենք տեսակետը քննարկել մեր իրավիճակում: Մենք վիրավորված ենք պատմությունից, հարևաններից ու դաշնակիցներից, ինքներս մեզնից: Մեր ժամանակի հիմնարար հարցն է` մենք այսպիսին ենք, որովհետև այսպիսի պատմությո՞ւն ենք ունեցել, թե՞ այսպիսի պատմություն ենք ունեցել, որովհետև այսպիսին ենք: Առաջին տարբերակը հարմար է, պատասխան է տալիս բազում հարցերի, բայց անպատասխան է թողնում գլխավոր հարցը` ի՞նչ կարող ենք անել: Երկրորդ տարբերակն ընդունելը տհաճ է, վիրավորում ու բազում հարցեր է հարուցում մեր ազգային նույնականության վերաբերյալ, բայց հստակ պատասխանում է գլխավոր հարցին` փոխվել է պետք: Ես չեմ հավատում այն առասպելին, որ մեր հատվածականությունը, հակահամակարգայնությունը, տարտղնվածությունը, ոչնչին ու ոչ մեկին չդիմադրելու ու չդիմակայելու ունակությունն են դարերի միջով բերել-հասցրել այսօրվան: Եթե նույնիսկ այդպես է, ուրեմն այսօր բերել-հասցրել է այսպիսին, երբ մենք խնդիրներ ունենք բոլորի հետ` մենք վիրավորված ենք պատմությունից, հարևաններից ու դաշնակիցներից, ինքներս մեզնից: Պատմությունը կարո՞ղ էր ուրիշ լինել: Կարող էր: Բայց պատմությունը պայմանական ժամանակ չունի, տարբերակների տեսությունը անմիտ զբաղմունք է, որ ավելի է խորացնելու ընդհանրական ու համարյա անձնական վիրավորվածությունը աշխարհից ու մարդկանցից: Հարևանները կարո՞ղ էին ուրիշ լինել: Ոչ, որովհետև նրանք էլ իրենց պատմությունն ունեն: Դաշնակիցները կարո՞ղ էին այլ վերաբերմունք ունենալ: Ոչ, որովհետև նրանք առաջնորդվում են սեփական շահերով: Մնում ենք մենք: Մենք ու մեր վերաբերմունքը մեր նկատմամբ: Ինչի՞ ենք ծառայեցնում մենք մեր օրինական վիրավորվածությունը: Օգտագործում ենք իբրև մատերիա՞, թե՞ հակամատերիա: Պատմության դեպքում: Հարևանների: Դաշնակիցների: Ինքներս մեր: Պատմության դեպքում ակնհայտ գերիշխում է հակամատերիան. մենք պատմությունը ինքնապաշտպանական զենք ենք դարձրել, որ արդարացնենք մեր ոչ ադեկվատ վարքը: Հարևանների դեպքում մատերիան ու հակամատերիան դեռ մրցակցում են` որոշ դեպքերում մենք արել ենք առավելագույնը ինչ կարող էինք, որոշ դեպքերում չենք անում նվազագույնը, որ կարող ենք: Դաշնակիցների դեպքում կրկնում ենք պատմական սխալները` տրվում ենք լրիվ ու անմնացորդ և պահանջում ենք լրիվ ու անմնացորդ նվիրվածություն դաշնակցային շահին, որը որպես երևույթ հաստատուն գոյություն չէ, ընդամենը հանգրվան է ժամանակի որոշակի հատվածում, երբ երկու կողմերի շահերը համընկնում են: Հակադրության պահից դաշնակցային շահ հասկացությունը դադարում է գոյություն ունենալուց: Մենք դա չենք ընդունում, որովհետև ինքներս փառավոր ոտնահարում ենք մեր ազգային շահը հանուն դաշնակցի շահի: Ինքներս մեր դեպքում մատերիայի ու հակամատերիայի պայքարը միայն ապրիորի է ավարտվում մատերիայի հաղթանակով, ռեալության մեջ հակամատերիան գերիշխում է: Այս պարագայում նույնանում են պետական ու անձնային դրսևորումները: Համարյա նույնանում են: Օլիգարխիկ պետության և օլիգարխիկ պետական համակարգում քաղաքացիների կարգավիճակը գրեթե նույնն է` օլիգարխիկ պետությունը միջազգային ասպարեզում նույն դերն ու կշիռն ունի, ինչ այդ պետության ներսում քաղաքացին` իր շահերի ու իրավունքների պաշտպանվածության տեսակետից: Մենք այս իրողությունը չենք ուզում ընդունել` ապավինելով մեր առանձնահատուկ տեսակին, պատմությանը, պատմական վիրավորանքների տեսությանը և պարզապես ցանկալին իրականի տեղ ընդունելու պատրանքին: Այդպես հարմար է, չի պարտադրում անձնապես փոխվել և համակարգային փոփոխություններ անել պետության մեջ: Այդպես հարմար է նաև ամեն ինչ ինքնահոսի թողնելու և, մեզնից բացի, բոլորին ու ամեն ինչ մեղադրելու տեսակետից:
Փորձեք իրավիճակը գնահատել հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, դաշնակից Ռուսաստանի տեսակետից: Կստանաք բոլորովին այլ պատկեր, բայց նույն եզրակացություններով: Նրանք ևս վիրավորված են պատմությունից, հարևաններից ու դաշնակիցներից, իրենք իրենցից: Նրանք ևս ունեն ազգային նույնականության պարզաբանման խնդիր, որ փորձում են լուծել ուրիշների հաշվին` այդպես հարմար է, փոփոխությունների խնդիր չի պարտադրում և վերստին հաստատում է, որ արդար ու ազնիվ ժողովուրդը, ազգը կամ խումբը, որ ինչ-որ ժամանակ մեծ է եղել, բայց նրան ստորացրել են որոգայթներ ու դավադրություններ լարող չարի ուժերը, պետք է դուրս գա դժբախտ իրականությունից ու վերադարձնի իր մեծ անցյալը: Կոսմոպոլիտիզմը խարխլում է այդ ազնիվ ու արդար ժողովրդի արժեքները, բայց խարիզմատիկ առաջնորդը ժողովրդին փրկելու է: Վերջ: Կայսրությունների վերականգնման ու ժողովրդավարության փոխհարաբերությունը լիովին այս գծակարգում է` բոլոր հետևանքներով, որոնք ձևավորում են մեր կյանքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Բուենոս Այրեսի «Clarin» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հարավային Ամերիկա իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է` հայ ժողովրդի ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, որը նշվելու է 2015-ի ապրիլին: «Արգենտինայից բացի, Սերժ Սարգսյանը լինելու է ՈՒրուգվայում ու Չիլիում: Հայաստանի ղեկավարը Լատինական Ամերիկայի երկրներում իր այցերով ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել պայթյունավտանգ մթնոլորտի վրա, որ ստեղծվել է Կովկասում` Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով»,- գրել է «Clarin»-ը: Հարցազրույցը ֆանտաստիկ լակոնիկ է` ընդգրկելով հանդերձ Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջ գունապնակը` եղած ու չեղած վեկտորներով, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Եվրամիություն: Եվ անգամ` ներքին խնդիրներով` ակնհայտ է, որ ուժեղ ընդդիմության առկայությամբ ՀՀ նախագահն այսքան անպաշտպան չէր լինի արտաքին մարտահրավերների առաջ. վիրավորանքի ու վիրավորանքին հակադարձման ենթատեքստով, մատերիայի ու հակամատերիայի հավերժական պայքարով: Եվ` մատերիայի ենթադրական հաղթանակով: Հուսանք: